ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0768/02/11 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0768/02/11 2012 թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2012 թվականի հունվարի 18-ին,
քննարկելով ըստ հայցի Ռուզաննա Դարբինյանի ընդդեմ Արտակ Հերիքյանի` բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2011 թվականի որոշման դեմ Ռուզաննա Դարբինյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռուզաննա Դարբինյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Լենինգրադյան փողոցի 36-րդ շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ` անվավեր ճանաչելով այդ բնակարանի նկատմամբ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանումում թիվ 01-001-4-97 միասնական մատյանի 000042 համարի տակ կատարված Արտակ Հերիքյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հարթենյան) (այսուհետ` Դատարան) 23.06.2011 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.08.2011 թվականի որոշմամբ Ռուզաննա Դարբինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.06.2011 թվականի <<Հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Դարբինյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 82-րդ հոդվածները, 85-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ Ռուզաննա Դարբինյանի հայցադիմումն ընդդատյա չէ Դատարանին, քանի որ Երևանի Լենինգրադյան փողոցի 36-րդ շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ հայցը ենթակա էր հարուցման պատասխանողի բնակության վայրի դատարան, իսկ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը չի կարող նույնացվել հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի հետ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի և 85-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Ռուզաննա Դարբինյանի ներկայացրած պահանջն ընդդատյա է հենց Դատարանին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է <<բեկանել Վերաքննիչ դատարանի 24.08.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել` վերացնել Դատարանի 23.06.2011 թվականի <<Հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշումը>>:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցերը հարուցվում են հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի դատարան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բնակարանը բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքն (շինությունն) է:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` հայցը ենթակա է հարուցման պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան, որպիսի կանոնից բացառություն են կազմում հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցերը, որոնք ենթակա են հարուցման հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի դատարան (բացառիկ ընդդատություն), իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով բնակարանը բնորոշվում է որպես բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածք (շինություն): Այսինքն` բնակարանի (շինության) նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ հայցն ընդդատյա է այդ բնակարանի (շինության) գտնվելու վայրի, այլ ոչ թե պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարանին:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Ռուզաննա Դարբինյանը ներկայացրել է Երևանի Լենինգրադյան փողոցի 36-րդ շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ հայց, որը ենթակա է հարուցման պատասխանողի բնակության վայրի դատարան, քանի որ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը չի կարող նույնացվել հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի հետ:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով բնակարանը բնորոշվում է որպես բնակության համար նախատեսված տարածք (շինություն): Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բացառիկ ընդդատության կանոնը կիրառելի է նաև բնակարանի` որպես շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ հայցի նկատմամբ: Հետևաբար, Ռուզաննա Դարբինյանի ներկայացրած` Երևանի Լենինգրադյան փողոցի 36-րդ շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ հայցն ընդդատյա է Դատարանին:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2011 թվականի <<Հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |