Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1439
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.02.01/3(639) Հոդ.70
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

22 հունվարի 2019 թ.

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ ԳԼԽՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՆՈՐՄԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի և «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխում ընդգրկված նորմերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի «Դատարանի լիազորությունները» վերտառությամբ 41-րդ հոդվածը սահմանում է՝

«1. Դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:

2. Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`

1) որոշումներ կայացնել կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին, օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները.

2) գործը դատական քննության նախապատրաստելու հետ կապված որոշումների ընդունումը.

3) քրեական գործերի քննությունն առաջին ատյանի, վերաքննության և վճռաբեկության կարգով.

4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը.

5) դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը.

6) դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.

7) դատվածությունը հանելու հետ կապված հարցեր լուծելը.

8) օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը:

3. Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»:

Օրենսգրքի ընդունումից հետո հոդվածը փոփոխվել, լրացվել և խմբագրվել է 25.05.06 ՀՕ-91-Ն, 21.02.07 ՀՕ-93-Ն և 28.11.07 ՀՕ-270-Ն օրենքներով:

Օրենսգրքի «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ 49-րդ գլխում ընդգրկված են հետևյալ վերնագրերով հոդվածները՝

Հոդված 427. Դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը և դրանց ի կատար ածումը,

Հոդված 428. Դատարանի որոշումը կատարման հանձնելու կարգադրությունը,

Հոդված 429. Դատական որոշումը ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովումը,

Հոդված 430. Դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծումը,

Հոդված 431. Դատական որոշման կատարման հետաձգումը,

Հոդված 431.1. Տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելը,

Հոդված 432. Պատիժը կրելուց ազատելը հիվանդության պատճառով,

Հոդված 433. Այն դատապարտյալին պատժից ազատելը, որի նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, ինչպես նաև դատական որոշման կատարման հետաձգումը վերացնելը,

Հոդված 434. Պատժից պայմանական վաղակետ ազատելը և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը,

Հոդված 4341. Դատապարտյալի հետախուզումը,

Հոդված 436. Բուժական հիմնարկում գտնվելու ժամանակի հաշվանցումը պատժի ժամկետի մեջ,

Հոդված 437. Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծող դատարանները,

Հոդված 438. Դատական որոշման կատարման հետ կապված հարցերի լուծման կարգը:

Գործի քննության առիթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԱՐԴ/0011/15/18 գործով «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի և այլ իրավական ակտերի համապատասխան դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքը տարածվում է նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռների կատարման փուլում ծագող հարցերի վրա, ինչը նշանակում է, որ դատավճիռների կատարման փուլում ևս անձն իրավունք ունի դիմելու դատարան իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու կամ կանխելու հարցերով, իսկ օրենսդիրն իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան պետք է հստակ սահմանի այդ բողոքները քննելու իրավասու դատարանը (վարչական, թե ընդհանուր իրավասության) և դատավարական անհրաժեշտ ընթացակարգերը և կառուցակարգերը, որպեսզի անձի իրավունքը լինի իրական, այլ ոչ թե պատրանքային:

Ըստ դիմողի՝ տարբեր իրավական ակտերի վերլուծությունից պարզ չի դառնում, թե որ դատարանը պետք է քննության առարկա դարձնի ՔԿՀ պետի որոշումների և գործողությունների դեմ բողոքները՝ վարչական, թե ընդհանուր իրավասության: Բացի դրանից, եթե նման գործերը պետք է քննեն ընդհանուր իրավասության դատարանները, ապա դիմողի կարծիքով հստակ չէ, թե ինչ ժամկետներում, ինչ կարգով, ինչ լիազորություն ունի կամ պետք է ունենա դատարանը քննարկվող որոշումների և գործողությունների դեմ բողոքների վերաբերյալ որոշում կայացնելիս:

Դիմողը գտնում է, որ քրեադատավարական օրենսդրությունը դատական ակտերի կատարման փուլը կանոնակարգող Օրենսգրքի 49-րդ գլխում ընդգրկված նորմերով կարգավորում է բացառապես դատական իշխանության գործունեությունն այն սահմաններում (այն լիազորությունների մասով), որոնք վերաբերում են բացառապես Օրենսգրքի 360-րդ հոդվածին համապատասխան դատավճռում լուծված հարցերին: Դիմողը նշում է, որ գործող քրեական դատավարության օրենսդրությամբ՝ պատժի կատարման հետ կապված բացառապես այն հարցերի առնչությամբ կարող է քրեադատավարական կարգով հարց բարձրացվել և լուծվել, եթե դրա նյութաիրավական հիմքը քրեական օրենսդրությունն է: Դրանից ելնելով՝ դիմողը եզրահանգում է, որ գործող քրեադատավարական օրենսդրությունը չի կարգավորում այնպիսի իրավահարաբերություններ, որոնք թեև առաջանում են մեղադրական դատավճռի կատարման հետ կապված, սակայն չեն վերաբերում այդ դատավճռում լուծված հարցերին, օրինակ, ՔԿՀ պետի կողմից դատապարտյալին տույժի ենթարկելու իրավաչափությունը ստուգելը, քանի որ դրա նյութաիրավական հիմքը քրեական օրենսդրությունը չէ, այլ քրեակատարողական օրենսդրությունն է:

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1215 որոշման դրույթները՝ դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 49-րդ գլխի կանոնները և դրանցից բխող անհրաժեշտ դատավարական գործողությունների կատարման իրավակարգավորումները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին՝ վտանգի տակ դնելով դատապարտյալի իրավունքներն ու օրինական շահերը:

Եզրափակելով, դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 41-րդ հոդվածը և 49-րդ գլխի դրույթներն այնքանով, որքանով չեն նախատեսում դատապարտյալի կողմից ՔԿՀ պետի որոշումների և գործողությունների դեմ բողոք ներկայացնելու ժամկետները, դատավարական կարգը, հիմքերը, պայմանները, այդ բողոքների քննության դատավարական կարգը, վարույթին մասնակցելու իրավունք ունեցող սուբյեկտների կազմը, դատարանի լիազորությունների շրջանակը և դրա հետ կապված այլ հարցեր, հակասում են Սահմանադրության 61, 63, 75 և 79-րդ հոդվածներին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը դատավարական, ինչպես նաև քրեակատարողական օրենսդրության համապարփակ վերլուծության արդյունքում գտնում է, որ օրենսդիրը ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 7, 59, 60, 94 և 97-րդ հոդվածներով սահմանել է, որ պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն օրենքով իրենց վերապահված գործողություններ, որոնցում օրենսդրի կողմից հստակ ամրագրվել է, որ պաշտոնատար անձանց գործողությունների կատարումը կարող է բողոքարկվել դատարան կամ օրենքով նախատեսված այլ մարմին:

Մյուս կողմից՝ պատասխանողը նշում է, որ պատիժը կրելու սահմանված կարգը խախտելու համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել նկատողություն, խիստ նկատողություն, պատժախուց տեղափոխելը մինչև տասնհինգ օր, իսկ անչափահաս դատապարտյալին՝ մինչև տասն օր ժամկետով, որտեղ սահմանված տույժի միջոցները կիրառվում են բացառապես ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով:

Պատասխանողը նշում է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ գործերի առարկայական ընդդատությանն առնչվող 10-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա չեն պատժի կատարման հետ կապված գործերը, մինչդեռ, ՀՀ դատական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ առանձին տեսակների:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերլուծության արդյունքում պատասխանողը գտնում է, որ վերջինս, համակարգային փոխկապակցվածության մեջ գտնվելով վերոգրյալ իրավանորմերի հետ, սահմանել է դատարանի լիազորությունների շրջանակը և ամրագրել դատարանի մի շարք լիազորությունների հետ մեկտեղ դատարանի կողմից օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցերի լուծման լիազորությունը նույնպես (Օրենսգրքի 41-րդ հոդված)՝ այդպիսով ապահովելով պատժի կատարման հետ կապված՝ օրենքով նախատեսված գործերով դատարանի մատչելիության իրավունքի իրացման իրավական երաշխիքը:

Բացի դրանից, պատասխանողը շեշտում է, որ համապատասխան ոլորտում օրենսդիրը հաշվի է առել մի շարք միջազգային ստանդարտներ և հանձնարարականներ:

Ամփոփելով վերոգրյալը՝ պատասխանողը նշում է, որ ընդհանուր առմամբ սահմանված են պատժի կատարման հետ կապված գործերի բողոքարկմամբ պայմանավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի ապահովման և արդար դատաքննության իրավունքների իրացման հայեցակարգային հարցերը, և գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի և «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխում ընդգրկված նորմերը համապատասխանում են Սահմանադրության պահանջներին:

 

3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները

Հաշվի առնելով այն, որ դիմողը վիճարկվող դրույթների համատեքստում բարձրացնում է, ըստ էության, երկու հարց՝ պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող վեճերը լուծող պատշաճ դատարանի որոշման և համապատասխան վեճերի լուծման դատավարական կարգի բացակայության հետ կապված, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը՝

- արդյո՞ք Օրենսգրքի 41-րդ հոդվածի՝ դատարանի լիազորությունները սահմանող դրույթները համապատասխանում են Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության սկզբունքին՝ միաժամանակ ապահովելով պատիժը կրող դատապարտյալի՝ Սահմանադրությամբ նախատեսված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացման հնարավորությունը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում միաժամանակ նշել, որ դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 49-րդ գլխում ներառված նորմերն իր վարույթում գտնվող գործին չեն առնչվում: Այսպես, ԱՐԴ/0011/15/18 գործով բողոքաբերը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից բեկանել, փոփոխել և վերացնել իրեն տույժի ենթարկած ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի որոշումները վերացնելու պահանջը մերժած Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 10.07.2018 թվականի որոշումը: Օրենսգրքի 49-րդ գլխի նորմերը, նախատեսելով դատական որոշումների կատարման կարգը, անմիջականորեն չեն առնչվում քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց գործողությունները (անգործությունը) դատապարտյալի կողմից բողոքարկման հետ կապված հարցերին: Ուստի, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը մասամբ չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, և սույն գործի վարույթը մասնակի` «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխում ընդգրկված նորմերի մասով ենթակա է կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքերով:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին համապատասխան՝ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ յուրաքանչյուր դատապարտյալ, ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Այս իրավունքները վերաբերելի են նաև դատապարտյալի կողմից պատիժը կրելու ընթացքում իր իրավունքների և շահերի դատական պաշտպանությանը: Ավելին, ընդունելով այն հանգամանքը, որ դատապարտյալները գտնվում են ոչ նպաստավոր վիճակում, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, դրանց երաշխավորման անհրաժեշտ միջոցների նախատեսումը պետք է լինեն օրենսդրի հատուկ ուշադրության կիզակետում: Այդ առումով հարկ է նշել նաև, որ մի շարք միջազգային ակտերով նախատեսված են ազատությունից զրկված անձանց դատական պաշտպանության նվազագույն երաշխիքներ:

Մասնավորապես, ՄԱԿ-ի առաջին կոնգրեսի կողմից 1955 թվականի օգոստոսի 30-ին ընդունված՝ «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 36-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա բողոքներով և պահանջներով դիմելու քրեակատարողական մարմիններին, դատական իշխանություններին կամ այլ իրավասու մարմիններին:

Քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածը նախատեսում է դատապարտյալի հիմնական իրավունքների համակարգը, որի կարևորագույն բաղկացուցիչն է «իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ»: Բացի դրանից, Քրեակատարողական օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված՝ օրինականության սկզբունքի համաձայն՝ պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն օրենքով իրենց վերապահված գործողություններ, ընդ որում՝ «Պաշտոնատար անձանց գործողությունների կատարումը կարող է բողոքարկվել դատարան կամ օրենքով նախատեսված այլ մարմին»։

Հստակեցնելով դատապարտյալի դատական պաշտպանության այս հիմնարար իրավունքի իրականացման հնարավորությունները Քրեակատարողական օրենսգրքի 18-րդ հոդվածը նշում է, որ. «Օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանը քննարկում է դատապարտյալի բողոքները՝ պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ»:

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային իրավունքի պահանջներին համահունչ ամրագրում է դատապարտյալի՝ պատժի կրման ընթացքում դատարան դիմելու իրավունքը:

4.2. Դիմողի կողմից բարձրացված հարցադրումների շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության բողոքարկման հետ կապված գործերի ենթակայության և ընդդատության հարցերին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պատշաճ դատարանի որոշման հարցը դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովման կարևորագույն երաշխիքներից է:

Քրեակատարողական օրենսդրությունը, թեև ամրագրում է դատապարտյալի՝ իր իրավունքների խախտումների մասով դատարան բողոք ներկայացնելու իրավունքը, սակայն չի հստակեցնում՝ վարչակա՞ն, թե՞ ընդհանուր իրավասության դատարան կարող է դիմել: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել նաև այլ իրավական ակտերի կարգավորումները:

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի», իսկ նույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի»: Բացառությունների շարքին են դասվում այն դեպքերը, երբ Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից ընտրում է դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների և այլն) գործեր:

4.3. Օրենսգրքի «Առաջին ատյանի դատարաններին ընդդատյա գործերը» վերտառությամբ 44-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննում է բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ:

Համադրելով վերոգրյալ դրույթը՝ Օրենսգրքի 41-րդ հոդվածում ոչ սպառիչ թվարկված դատարանի լիազորությունների հետ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը, ինչպես նաև դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրականացնում է քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործերի (նյութերի) քննության շրջանակներում: Իսկ քրեադատավարական օրենսդրությամբ դատարանի այդ լիազորությունների իրականացման կարգը սահմանված է Օրենսգրքի «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ 49-րդ գլխում, որին համապատասխան՝ դատարանի կողմից լուծման ենթակա հարցերը վերաբերում են, մասնավորապես, դատարանի որոշումը կատարման հանձնելու կարգադրությանը, դատական որոշումը ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովմանը՝ կապված դատական որոշման կատարման հետ, դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծմանը, դատական որոշման կատարման հետաձգմանը, տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելուն, պատիժը կրելուց ազատելուն հիվանդության պատճառով, այն դատապարտյալին պատժից ազատելուն, որի նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, ինչպես նաև դատական որոշման կատարման հետաձգումը վերացնելուն, պատժից պայմանական վաղակետ ազատելուն և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելուն, դատապարտյալի հետախուզմանը, բուժական հիմնարկում գտնվելու ժամանակի հաշվանցմանը պատժի ժամկետի մեջ:

Ինչ վերաբերում է Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին, համաձայն որի՝ դատարանի լիազորությունների շարքին է դասվում նաև «օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը», ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեադատավարական օրենսդրությամբ, այդ թվում՝ այլ օրենքով, այս կամ այն հարցի, գործի կամ նյութի քննությունը կհամարվի դատարանի ընդդատությանը վերապահված, եթե այդ օրենքով այն ուղղակիորեն նախատեսված կլինի որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, վերոհիշյալ կանոնակարգումների համաձայն, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են պատժի կատարման հետ կապված միայն օրենքով նախատեսված գործերը: Այդ պատճառով սահմանադրական օրենքը քրեական մասնագիտացման դատավորին ընդդատյա՝ պատժի կատարման հետ կապված գործերը որոշակիացնելու համար ընտրել է օրենքով հատուկ նախատեսված լինելու կանխատեսելի չափանիշը:

Ներկայիս օրենսդրական կարգավորումների պայմաններում այդպիսին են Օրենսգրքի 49-րդ գլխով սահմանված հարցերը կամ գործերը:

4.4. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Գործերի առարկայական ընդդատությունը» վերտառությամբ 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։ Այս նորմի բովանդակությունից հետևում է, որ պատժի կատարման հետ կապված ոչ մի գործ վարչական դատարանի կողմից քննվել չի կարող: Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված դրույթը չի սահմանում որևէ չափանիշ, որը թույլ կտար հստակեցնել, թե ո՞ր դատարանին են ընդդատյա այդ գործերը, ինչը կարող է հանգեցնել համակարգային անորոշության:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքում ընդդատության հարցերը սահմանելիս օրենսդիրը կիրառել է «պատժի կատարման հետ կապված» հասկացությունը, մինչդեռ Օրենսգրքում խոսվում է դատական որոշումների (այդ թվում՝ դատավճռի) կատարման հետ կապված հարցերի քննության մասին, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այդ հասկացությունների բովանդակությանը:

Օրենսգրքի 429-րդ հոդվածի համաձայն՝ դատական որոշումն ի կատար ածելու փուլն ընդգրկում է դատական որոշումն ի կատար ածելու հանձնելը և դատական որոշումը կատարելը: Այսինքն՝ դատական ակտի կատարման հետ կապված հարաբերություններն Օրենսգրքով սպառիչ ձևով նախատեսված քրեադատավարական հարաբերություններ են: Միաժամանակ, դատական ակտերի կատարումը, որպես կանոն, ենթադրում է այդ ակտերով նախատեսված պատիժների կատարում:

Մյուս կողմից՝ պատիժների կրման ընթացքում կարող են ի հայտ գալ բազմաթիվ իրավահարաբերություններ, որոնք իրենց բնույթով քրեակատարողական հարաբերություններ են, մասնավորապես, Քրեակատարողական օրենսգրքով նախատեսված՝ դատապարտյալին կարգապահական պատասխանատվության ենթարկելը, դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողություններն ու անգործությունը բողոքարկելը և այլն:

Բացի դրանից, պատժի կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն Օրենսգրքով և Քրեակատարողական օրենսգրքով, այլև իրավական այլ ակտերով: Մասնավորապես՝ «Պրոբացիայի մասին» օրենքի 45-րդ հոդվածը պրոբացիայի շահառուի համար, ի թիվս այլնի, նախատեսում է պրոբացիայի ծառայության (որն օրենքով սահմանված կարգով կատարում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները) գործողությունները կամ անգործությունը դատարան բողոքարկելու իրավունք: Բացի դրանից, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայության կողմից կատարվում են նաև քրեական գործերով դատավճիռները՝ գույքի բռնագրավման մասով, ինչը ևս պատժի կատարում է: Նույն օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները:

Այդ առումով, կիրառելով «պատիժների կատարման հետ կապված գործեր» հասկացությունը, օրենսդիրը մի շարք դեպքերում նկատի չի ունեցել պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող բոլոր գործերը: Դա է վկայում նաև այն հանգամանքը, որ Քրեակատարողական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն դատավորները, որոնք օրենքով սահմանված կարգով քննում են պատիժը կատարելու հետ կապված հարցերը, դատապարտյալի իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ ներկայացված բողոքները: Այսինքն՝ որոշակի հարցերին վերաբերող բողոքները հստակ տարանջատված են պատիժը կատարելու հետ կապված հարցերից և դուրս են այդ հասկացության բովանդակությունից:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներից մեկով անդրադարձել է քննարկվող հարցին և դիրքորոշում արտահայտել առ այն, որ «պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի իրավասությանը վերապահված գործողություններն ու որոշումները հանդիսանում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու քրեաիրավական ինստիտուտի գործադրման համար անհրաժեշտ տարրեր, հետևաբար դրանք նույնպես բխում են քրեաիրավական հարաբերություններից, և դրանց դեմ բերված բողոքները ենթակա են քննության քրեաիրավական նորմերի կիրառմամբ: Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ այս դեպքում մասնավոր անձը (դատապարտյալը) վիճարկում է վարչական մարմնի՝ իր շահերին առնչվող որոշման կամ գործողության օրինականությունն ու հիմնավորվածությունը, այնուհանդերձ, տվյալ վեճը չի կարող համարվել հանրային իրավահարաբերություններից բխող այնպիսի վեճ, որի լուծումն ընդդատյա է վարչական դատարանին» (2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշում):

Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոնշյալ դիրքորոշումը ձևավորվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորման բացակայության պայմաններում և օբյեկտիվորեն չէր կարող արտացոլել քննարկվող խնդրին վերաբերող իրավական բոլոր նորմերի համալիր վերլուծության արդյունքները:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի հետ համադրության մեջ Վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է ընկալել այն իմաստով, որ վարչական դատարանին ընդդատյա չեն հանրային հարաբերություններից բխող այն գործերը, որոնց քննության իրավասությունն օրենքով հատուկ վերապահված է այլ դատարանի:

Այս համատեքստում հարկ է նաև ընդգծել, որ համանման մոտեցմամբ վարչական դատարանը քննում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված մի շարք՝ դատապարտյալի իրավունքներից գրեթե չտարբերվող իրավունքների ենթադրյալ խախտումների հետ կապված գործերը:

4.5. Սահմանադրական դատարանն իր՝ 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշմամբ անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին՝ նշել է. «իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի»:

Մի շարք այլ որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) համատեքստում, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, Սահմանադրական դատարանը գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:

Այս առումով վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությամբ նախատեսված որոշակիության սկզբունքին, և ընդհանուր իրավասության դատարանի՝ Օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները հստակ են և կանխատեսելի:

4.6. Դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները սահմանադրական այն հիմնարար իրավունքներից են, որոնց իրացմամբ երաշխավորվում են սահմանադրական մի շարք այլ իրավունքների հարգումն ու պաշտպանությունը, ուստի «անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (ՍԴՈ-1249):

Հարկ է նշել, որ, ինչպես դատական պաշտպանության, այնպես էլ մյուս հիմնարար իրավունքների պատշաճ իրացման նկատառումներից ելնելով, Սահմանադրությամբ նախատեսվել է նաև հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրման պահանջ նախատեսող դրույթ, համաձայն որի՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Հիմնական իրավունքի կենսագործումն առավել իրական և արդյունավետ է դառնում բոլոր այն դեպքերում, երբ օրենսդրությամբ առկա են այդ իրավունքի իրացման համապատասխան կառուցակարգեր և ընթացակարգեր, դրանք հստակ են և որոշակի:

Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, որ դատարանի հստակեցման պարագայում, հարց է առաջանում, թե ինչ դատավարական կարգով պետք է առաջնորդվել դատապարտյալի կողմից ՔԿՀ պետի որոշումների դատական կարգով բողոքարկումները քննելիս, Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերոհիշյալ հարցերի կարգավորման իրավասությունը վերապահված է օրենսդրին, որի կողմից առաջարկվող լուծումները կարող են առնչություն չունենալ սույն գործով վիճարկվող դրույթների հետ: Մասնավորապես, պատժի կրման ընթացքում դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանության վերաբերյալ իրավակարգավորումները կարող են նախատեսվել ինչպես վարչական դատավարության, այնպես էլ քրեական դատավարության կամ այլ օրենսդրության շրջանակներում:

Սահմանադրական դատարանը նաև նշում է, որ մինչև Ազգային ժողովի կողմից սույն որոշմամբ արտահայտված առկա համակարգային իրավական անորոշության հաղթահարումը, քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, քանի դեռ պատժի կատարման հետ կապված կոնկրետ գործի, նյութի կամ հարցի քննության իրավասությունն օրենքով հստակ վերապահված չէ քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանին:

Միաժամանակ, Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝ դատապարտյալի բողոքները քննելու դատարանի լիազորության բացակայությունը չի կարող փոխհատուցվել Օրենսգրքի 49-րդ գլխով նախատեսված ընդհանուր ընթացակարգերի կիրառմամբ, քանի որ դրանցով չեն լուծվում մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ տարածքային ընդդատության, բողոքի քննության ժամկետների, կարգի առանձնահատկությունների, ապացուցման բեռի բաշխման, ինչպես նաև կայացվելիք դատական ակտի բովանդակության և դրա բողոքարկման հետ կապված խնդիրները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60, 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի և «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխում ընդգրկված նորմերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը, մասնակի՝ «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխում ընդգրկված նորմերի մասով, կարճել:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ հոդվածի 8-րդ կետում նշված «օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը» դատարանի այն լիազորություններն են, որոնք քրեադատավարական օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված են որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություններ:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

22 հունվարի 2019 թվականի

ՍԴՈ-1439