ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՔՐԴ1/0057/01/08 |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ՝ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ՝ |
Ս. Օհանյանի | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. ԹադևոսՅԱՆԻ | ||
Ա. Պողոսյանի | ||
քարտուղարությամբ՝ |
Մ. ՊետրոսՅԱՆԻ | |
մասնակցությամբ՝ |
| |
պաշտպան |
Ղ. Պապոյանի |
2017 թվականի օգոստոսի 21-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2009 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ Վաղինակ Աբրահամի Տեր-Սարգսյանի պաշտպան Ղ.Պապոյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2000 թվականի հոկտեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետության (այսուհետ՝ նաև ՂՀ) Կոստանայ քաղաքի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ ՂՀ քրեական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և կատարվել նախաքննություն։
2004 թվականի հունիսի 21-ի որոշմամբ Վաղինակ Տեր-Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՂՀ քրեական օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» կետերով։ Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
2006 թվականի հունիսի 21-ին որոշում է կայացվել Վ.Տեր-Սարգսյանին նոր մեղադրանք առաջադրելու մասին, և նա ներգրավվել է որպես մեղադրյալ ՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով և 96-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով։
Նկատի ունենալով, որ Վ.Տեր-Սարգսյանը ՀՀ քաղաքացի է, նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն։ Միևնույն ժամանակ Կոստանայի մարզային դատարանի՝ 2006 թվականի մայիսի 29-ի դատավճռով նույն քրեական գործով ՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով, 96-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով մեղավոր է ճանաչվել Բաբկեն Ռազմիկի Սարգսյանը, ում նկատմամբ հանցանքների համակցությամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 17 տարի ժամկետով։
1.1. Հայաստանի Հանրապետությանը փոխանցված՝ Վ.Տեր-Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը 2008 թվականի հուլիսի 8-ին վարույթ է ընդունվել Վաղարշապատի քննչական բաժնում։ 2008 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ Վ.Տեր-Սարգսյանի արարքը համապատասխանեցվել է ՀՀ օրենսդրությանը, և նա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Նույն օրվա որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2008 թվականի օգոստոսի 15-ին մեղադրյալ Վ.Տեր-Սարգսյանի գտնվելու վայրը պարզ չլինելու պատճառով քրեական գործի վարույթը կասեցվել է։
2008 թվականի օգոստոսի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների կողմից Վ.Տեր-Սարգսյանը հայտնաբերվել է, նույն օրը վերսկսվել է գործով նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով Վ.Տեր-Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասը վերացվել է ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու պատճառաբանությամբ, և 2008 թվականի սեպտեմբերի 10-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։
2008 թվականի հոկտեմբերի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
2. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2009 թվականի հունիսի 19-ի դատավճռով Վաղինակ Տեր-Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 14 (տասնչորս) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով նշանակված պատժին հաշվակցվել է Վ.Տեր-Սարգսյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը` 5 ամիս 28 օրը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի 6 (վեց) ամիս 2 (երկու) օր ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով 2008 թվականի օգոստոսի 21-ից։
3. Վ.Տեր-Սարգսյանի պաշտպան Ղ.Պապոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2009 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 19-ի դատավճիռը։
4. Վ.Տեր-Սարգսյանի պաշտպան Ղ.Պապոյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ վերադարձվել է։
5. Վ.Տեր-Սարգսյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 27866/10) գործով վճիռ է կայացրել, որով ճանաչվել է Վ.Տեր-Սարգսյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը։
6. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 27-ի` Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` Վ.Տեր-Սարգսյանի պաշտպան Ղ.Պապոյանը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի նոյեմբերի 12-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։
Վ.Տեր-Սարգսյանի պաշտպան Ղ.Պապոյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2017 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցել է Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի նոյեմբերի 12-ի որոշման վերանայման վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանի դատավճռով Վ.Տեր-Սարգսյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված այն արարքի համար, որ «նա 2000թ. հոկտեմբերի 7-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Ղազախստանի Հանրապետության Կոստանայ քաղաքի Կարիբեկով փողոցի 345 շենքում տեղակայված «Իվա» սրճարանում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր ընկեր Բաբկեն Միսակյանի հետ միասին վիճաբանության մեջ է մտել Սամվել Մկրտչյանի հետ, որի ընթացքում Բաբկեն Միսակյանը և Վ.Տեր-Սարգսյանն ապօրինաբար Սամվել Մկրտչյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ եղած դանակներով հարվածներ են հասցրել վերջինիս կենսականորեն կարևոր օրգանի` կրծքավանդակի շրջանին և սպանել նրան» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 84-92)։
7.1. Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում, հարցաքննվել է տուժողի իրավահաջորդ Ջ.Գարեգինյանը։ Վկաներ Գ.Թորոսյանը, Օ.Դենիսովան, Վ.Հովհաննիսյանը, Գ.Անդրեասյանը, Վ.Կիմինը, Լ.Տուրբաբինը, Ե.Բաղդասարյանը, Կ.Հովհաննիսյանը դատարան չեն ներկայացել, սակայն ուղարկել են նոտարական կարգով վավերացված դիմումներ` հայտնելով, որ ֆինանսական, աշխատանքային, ընտանեկան հանգամանքների պատճառով չեն կարող ներկայանալ դատարան և խնդրում են հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները, որոնք պնդում են (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 146-150, 190-192)։ Առաջին ատյանի դատարանի կողմից վերջիններիս, ինչպես նաև վկաներ Խ.Հովհաննիսյանի, Ա.Օստոպենկոյի, Ա.Գարյաևի՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները հրապարակվել են դատաքննության ընթացքում (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 224-226)։
7.2. Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է հետևյալ ապացույցները. տուժողի իրավահաջորդ Ջ.Գարեգինյանի, վկաներ Խ.Հովհաննիսյանի, Կ.Հովհաննիսյանի, Գ.Թորոսյանի, Օ.Դենիսովայի, Վ.Հովհաննիսյանի, Գ.Անդրեասյանի, Ա.Օստոպենկոյի, Ա.Գարյաևի, Վ.Կիմինի, Լ.Տուրբաբինի, Ե.Բաղդասարյանի, դատաբժիշկ Վ.Գալկինի ցուցմունքները, դիակի դատաբժշկական փորձաքննության, ֆիզիկոտեխնիկական փորձաքննության եզրակացությունները, դեպքի վայրի զննության արձանագրությունները, տուժող Ս.Մկրտչյանի հագուստների առգրավման և զննության արձանագրությունները, շնորհանդեսի նկարահանման երկու տեսաերիզները, դեպքի վայրի զննության և դատաբժշկական փորձաքննության իրականացման ընթացքում դիակի զննման նկարահանումներ կատարելու տեսաերիզները, ինչպես նաև «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի 76.1-րդ հոդվածի ուժով հաշվի առնված` Ղազախստանի Հանրապետության Կոստանայի մարզային դատարանի` 2006 թվականի մայիսի 25-ի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, այդ գործի դատաքննության ընթացքում դատաբժշկական փորձագետ Վ.Գալկինի պարզաբանումները (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 276-281)։
8. Վերաքննիչ դատարանում ևս գործի դատաքննությունն անցել է վկաներ Գ.Թորոսյանի, Օ.Դենիսովայի, Վ.Հովհաննիսյանի, Գ.Անդրեասյանի, Ա.Օստոպենկոյի, Ա.Գարյաևի, Վ.Կիմինի, Լ.Տուրբաբինի, Ե.Բաղդասարյանի, Կ.Հովհաննիսյանի, Խ.Հովհաննիսյանի բացակայությամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 357-364)։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը փաստել է, որ Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը հանդիսանում է նոր հանգամանք Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը վերանայելու համար։
Շարադրելով և վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոքաբերը նշել է, որ Եվրոպական դատարանն արձանագրել է Վ.Տեր.Սարգսյանի արդար դատաքննության իրավունքի խախտում` իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորություն չունենալու, ինչպես նաև ապացույց հանդիսացող տեսաերիզները չհետազոտելու արդյունքում մրցակցության սկզբունքի հիման վրա այդ ապացույցը մեկնաբանելու հնարավորությունից զրկված լինելու առումով։
Մեջբերելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման մասին Եվրոպական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոք բերած անձը եզրահանգել է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի նոյեմբերի 12-ի որոշման վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 19-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2009 թվականի օգոստոսի 31-ի որոշումը ենթակա են բեկանման, ինչը հնարավորություն կտա վերացնել Վ.Տեր-Սարգսյանի վերաբերյալ գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքների խախտումները։
10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 19-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2009 թվականի օգոստոսի 31-ի որոշումը, և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյոք Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման արձանագրման փաստը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը վերանայելու հիմք է։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։
Նույն օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
(…)
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
(…)։
2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։
(…)»։
Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս mutatis mutandis, ի թիվս այլոց, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշումները)։
13. Այսպես՝ Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Վ.Տեր-Սարգսյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համատեղ՝ կապված իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորությունից զրկված լինելու հետ, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ կապված գործով ապացույց հանդիսացող տեսաերիզներն Առաջին ատյանի դատարանի կողմից չհետազոտելու հետ։
13.1. Մասնավորապես՝ անդրադառնալով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված` իր դեմ ցուցմունք տվող վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքին և վերահաստատելով դրա առնչությամբ իր նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում փաստել է. «(…) [Կոնվենցիայի] 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված երաշխիքներն այդ դրույթի 1-ին կետով սահմանված՝ արդար դատաքննության իրավունքի հատուկ ասպեկտներ են (…)։
(…) [Բ]ոլոր ապացույցները սովորաբար պետք է ներկայացվեն դռնբաց դատական քննության ժամանակ մեղադրյալի ներկայությամբ՝մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ փաստարկներ ներկայացնելու հնարավորությունն ապահովելու համար։ Այս սկզբունքից բացառություններ կան, սակայն դրանք չպետք է խախտեն պաշտպանության կողմի իրավունքները. որպես կանոն, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի վկայի՝իր դեմ տված ցուցմունքը վիճարկելու կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու՝վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում (…)։
(…) Ալ-Խավաջայի և Թահերիի գործի 119-147-րդ պարբերություններում Մեծ պալատը հստակեցրել է այն սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այն դեպքում, երբ վկան դռնբաց դատական քննությանը չի ներկայանում։ Այդ սկզբունքները կարող են ամփոփ ներկայացվել հետևյալ կերպ՝
i) Դատարանը նախապատրաստական փուլում նախ պետք է քննի այն հարցը, թե արդյոք հիմնավոր պատճառ կա չներկայացած վկայի տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելու համար՝ հաշվի առնելով, որ վկաները պետք է, որպես կանոն, ցուցմունք տան դատական քննության ժամանակ, և որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց ներկայանալն ապահովելու համար.
ii) չներկայանալու ամենահաճախ հանդիպող պատճառներն են, օրինակ, ինչպես Ալ-Խավաջայի և Թահերիի գործում, վկայի մահը կամ վախը վրեժխնդրությունից։ Այնուամենայնիվ, վկան դատական քննությանը կարող է չներկայանալ նաև օրինական պատճառներով.
iii) եթե վկան չի հարցաքննվել դատավարության նախորդ փուլերում, ապա դատական քննության ժամանակ դատարանում ցուցմունք տալու փոխարեն վկայի՝ նախկինում տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելը պետք է հանդիսանա ծայրահեղ միջոց.
iv) չներկայացած վկաների՝ նախկինում տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելն անբարենպաստ հետևանքներ է առաջացնում ամբաստանյալի համար, որը, ըստ էության, քրեական դատավարության ընթացքում պետք է արդյունավետ հնարավորություն ունենա իր դեմ ներկայացված ապացույցների թույլատրելիությունը վիճարկելու։ Մասնավորապես, նա պետք է կարողանա ստուգել վկայի ներկայացրած ապացույցների ճշմարտացիությունը և հավաստիությունը՝ դրանք վկայի ներկայությամբ բանավոր քննելու միջոցով՝ վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ վարույթի հետագա փուլերում.
v) «միակ կամ վճռորոշ ցուցմունքի սկզբունքի» համաձայն՝ այն դեպքում, երբ ամբաստանյալը դատապարտվում է բացառապես կամ հիմնականում այն վկաների տված ցուցմունքների հիման վրա, որոնց մեղադրյալը չի կարող հարցաքննել դատավարության փուլերից որևէ մեկում, նրա պաշտպանության իրավունքներն անհիմն կերպով սահմանափակվում են.
vi) այս համատեքստում «վճռորոշ» բառը պետք է նշանակի միայն այնպիսի նշանակության կամ կարևորության ցուցմունք, որը կարող է որոշել գործի ելքը։ Եթե վկայի չստուգված ցուցմունքը հիմնավորվում է այլ հաստատված ապացույցներով, ապա դրա վճռորոշ լինելու հանգամանքը գնահատելը կախված կլինի հիմնավորող ապացույցների նշանակությունից. որքան հավաստի են մեղավորությունը հաստատող մյուս ապացույցները, այնքան քիչ հավանական է, որ չներկայացած վկայի ցուցմունքը կհամարվի վճռորոշ.
vii) այնուամենայնիվ, քանի որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է մեկնաբանվի դատաքննության արդարացիության ընդհանուր ուսումնասիրության համատեքստում, միակ կամ վճռորոշ ցուցմունքի սկզբունքը չպետք է կիրառվի ոչ ճկուն եղանակով.
viii) մասնավորապես, եթե ուրիշի խոսքի վրա հիմնված ցուցմունքը միակ կամ վճռորոշ ապացույցն է ամբաստանյալի դեմ, ապա այն որպես ապացույց ճանաչելն ինքնըստինքյան չի հանգեցնի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման։ Միևնույն ժամանակ, եթե դատապարտման համար միակ կամ վճռորոշ հիմք են չներկայացած վկաների ցուցմունքները, ապա Դատարանը պետք է դատական քննության առարկան առավել հանգամանորեն ուսումնասիրի։ Պայմանավորված այն վտանգներով, որոնք կարող են առաջանալ՝ այդպիսի ցուցմունքները որպես ապացույց ճանաչելու հետևանքով, դա շատ կարևոր գործոն կհանդիսանա հավասարակշռությունն ապահովելու հարցում, և դրա համար անհրաժեշտ կլինեն հակակշռող բավարար գործոններ, այդ թվում՝ հուսալի ընթացակարգային երաշխիքներ։ Յուրաքանչյուր դեպքում հարցն այն է, թե արդյոք առկա են բավարար հակակշռող գործոններ, այդ թվում՝ միջոցներ, որոնք թույլ կտան արդարացի և պատշաճ ձևով գնահատել այդ ցուցմունքների հավաստիությունը՝ դրանք որպես ապացույց ճանաչելու համար։ Սա թույլ կտա, որ անձը դատապարտվի այդպիսի ցուցմունքների հիման վրա միայն այն դեպքում, երբ դրանք բավականաչափ հավաստի լինեն՝ հաշվի առնելով գործի համար դրանց կարևորությունը
(…) [Եվրոպական դատարանը նշում է, որ] վկայի չներկայանալու համար հիմնավոր պատճառի բացակայությունը չի կարող ինքնին վկայել դատաքննության արդարացի չլինելու մասին, թեև ընդհանուր արդարացիությունը գնահատելիս այն ամեն դեպքում կարևոր գործոն է հավասարակշռությունը որոշելու համար և կարող է որոշիչ դեր ունենալ 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում արձանագրելու հարցում։ Ավելին, հաշվի առնելով, որ Դատարանի խնդիրն է պարզել՝ արդյոք դատաքննությունն ընդհանուր առմամբ արդարացի է եղել, այն պետք է ուսումնասիրի ոչ միայն բավարար հակակշռող գործոնների առկայությունն այն գործերում, որոնցում չներկայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է հանդիսացել դիմումատուին դատապարտելու համար, ինչպես նաև այն գործերում, որոնցում այն չի կարողացել հստակ պարզել՝ արդյոք խնդրո առարկա ցուցմունքը միակը և վճռորոշն է եղել, սակայն, այնուհանդերձ, համոզվել է, որ այն կարևոր նշանակություն է ունեցել, և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է, սահմանափակել է պաշտպանության կողմի հնարավորությունները։ Հակակշռող գործոնների՝ դատաքննությունն արդար համարելու համար անհրաժեշտ շրջանակը կախված է չներկայացած վկայի ցուցմունքի նշանակությունից։ Որքան կարևոր նշանակություն ունենա այդ ցուցմունքը, այնքան ավելի կարևոր նշանակություն պետք է ունենան հակակշռող գործոնները, որպեսզի դատաքննությունն ընդհանուր առմամբ համարվի արդարացի (…)» (տե՛ս Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 44-47-րդ կետերը)։
14. Վերոգրյալ սկզբունքները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանը վերլուծության առարկա է դարձրել այդ չափանիշների՝ ներպետական դատարանների կողմից պահպանված լինելու հարցը։
14.1. Մասնավորապես՝ անդրադառնալով այն խնդրին, թե արդյոք վկաների՝ դատական քննությանը չներկայանալու համար եղել են հիմնավոր պատճառներ, Եվրոպական դատարանը նշել է. «(…) [Դ]իմումատուն Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտվել է Ղազախստանի Հանրապետության տարածքում սպանություն կատարելու համար, որտեղ քրեական գործի նախաքննությունը կատարվել է առանց դիմումատուի մասնակցության։ (…) [Տ]ասնմեկ վկաներից ոչ մեկը չի ներկայացել դիմումատուի դատական քննությանը։
(…) Դատարանը համոզիչ չի համարում այն, որ [ֆինանսական միջոցների բացակայության, ընտանեկան և աշխատանքային հանգամանքների հետ կապված պատճառներով չներկայանալը] կարող էր հիմնավոր պատճառաբանություն լինել այդ վկաներին չհարցաքննելու և նրանց ցուցմունքները որպես ապացույց ճանաչելու համար։ Մասնավորապես, այն փաստը, որ ներպետական դատարանները չեն կարողացել պարզել տվյալ վկայի գտնվելու վայրը կամ այն փաստը, որ վկան բացակայել է այն երկրից, որտեղ իրականացվել է գործով վարույթը, ինքնին բավարար չեն համարվել՝ բավարարելու համար 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի պահանջները, որոնց համաձայն՝ Պայմանավորվող պետությունները պետք է դրական քայլեր ձեռնարկեն՝ մեղադրյալին հնարավորություն ընձեռելով հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության (…)։ Այդ քայլերը Պայմանավորվող պետությունների կողմից կատարման ենթակա այն պարտավորությունների մաս են կազմում, որոնք ուղղված են 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից արդյունավետորեն օգտվելու հնարավորությունն ապահովելուն (…)։ Հակառակ դեպքում` վկայի չներկայանալը պետք է վերագրել ներպետական իշխանություններին (…)։
(…) Դատարանը համոզված չէ, որ բոլոր հնարավոր միջոցները կարելի է համարել ձեռնարկված՝ վկաներ Խ.Հ.-ի, Կ.Հ.-ի, Գ.Թ.-ի, Օ.Դ.-ի, Վ.Հ.-ի, Գ.Ա.-ի, Ա.Օ.-ի, Ա.Գ.-ի, Վ.Կ.-ի, Լ.Տ.-ի և Ե.Բ.-ի ներկայանալն ապահովելու համար։ Առաջին ատյանի դատարանը կարող էր հիմնվել միջազգային իրավական օգնության վրա՝ 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիային համապատասխան (…), որի մասնակից են և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ղազախստանի Հանրապետությունը։ Ավելին, Հայաստանի Հանրապետության դատարանները հեշտությամբ ընդունել են ութ վկաների կողմից ներկայացված հայտարարություններում նշված պատճառները, այսինքն՝ այն, որ նրանք չեն կարողացել ներկայանալ դիմումատուի վերաբերյալ գործով դատական քննությանը ֆինանսական միջոցների բացակայության, ընտանեկան կամ աշխատանքային հանգամանքների հետ կապված պատճառներով՝ առանց նույնիսկ քննելու նրանց ճանապարհի և կեցության ծախսերը հատուցելու հնարավորությունը, որը նախատեսվում է վերոնշյալ Մինսկի կոնվենցիայով (…)։ Այսպիսով, չի կարելի ասել, որ վկաներ Խ.Հ.-ին, Կ.Հ.-ին, Գ.Թ.-ին, Օ.Դ.-ին, Վ.Հ.-ին, Գ.Ա.-ին, Ա.Օ.-ին, Ա.Գ.-ին, Վ.Կ.-ին, Լ.Տ.-ին և Ե.Բ.-ին չհարցաքննելու համար հիմնավոր պատճառներ են եղել (…)» (տե՛ս Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 48-49-րդ, 51-րդ կետերը)։
14.2. Անդրադառնալով չներկայացած վկայի ցուցմունքը «միակը և վճռորոշը» լինելու հարցին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է.«(…) [Դ]իմումատուի մեղավորությունը հիմնավորելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտորեն հղում է կատարել չներկայացած տասնմեկ վկաների ցուցմունքներին (…)։Կասկած չի հարուցում այն, որ (…) այդ ցուցմունքները միակ ապացույցը չեն եղել, որի վրա հիմնվելով՝ առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռը (…)։Դատարանն այդ պատճառով պետք է պարզի՝ արդյոք չներկայացած վկաների ցուցմունքները «վճռորոշ» են եղել դիմումատուի դատապարտման համար (…)։
(…) Դատարանն այս առնչությամբ նշում է, որ մեղավորությունը հաստատող լրացուցիչ ապացույցները, որոնք առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել դիմումատուին դատապարտելիս, ներառում են տուժողի իրավահաջորդի՝ առաջին ատյանի դատարանում տված ցուցմունքները, դիմումատուի հանցակցի վերաբերյալ Կոստանայի մարզային դատարանի 2006 թվականի մայիսի 29-ի դատավճիռը, Ղազախստանի Հանրապետությունում վերջինիս վերաբերյալ գործով դատական քննության ժամանակ փորձագետների տված ցուցմունքները, փորձաքննությունների եզրակացությունները, Ղազախստանի Հանրապետությունում կատարված մի շարք քննչական գործողությունների արձանագրությունները և միջոցառման նկարահանման տեսաերիզները։ Հաշվի առնելով այս ապացույցները՝ Դատարանը չի կարող չնշել, որ միայն վկաներ[ն] (…) են եղել հանցագործության ականատեսները, մինչդեռ տուժողի իրավահաջորդը, թեև հարցաքննվել է դիմումատուի վերաբերյալ գործով դատաքննության ժամանակ, անձամբ ականատես չի եղել հանցագործությանը։ Առկա մյուս ապացույցներով չի հաստատվել այն փաստը, որ Ս.Մ.-ին դանակահարել է դիմումատուն։ Դատարանն այդ պատճառով կարծում է, որ դիմումատուի դատապարտման համար «վճռորոշ» են եղել չներկայացած վկաների ցուցմունքները» (տե՛ս Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 52-53-րդ կետերը)։
14.3. Բավարար «հակակշռող գործոններ» լինելու չափանիշի առնչությամբ Եվրոպական դատարանը փաստել է.«(…) [Դ]իմումատուն գործով վարույթի որևէ փուլում տվյալ վկաներին հարցաքննելու հնարավորություն չի ունեցել։ Ճիշտ է, որ դիմումատուն չի մասնակցել Ղազախստանի Հանրապետությունում իր դեմ հարուցված քրեական գործի քննությանն այնպիսի պատճառներով, որոնք չի կարելի վերագրել իշխանություններին։ Այդ պատճառով նա հնարավորություն չի ունեցել խաչաձև հարցաքննելու վկաներին ո՛չ մինչդատական փուլում, երբ նրանք ցուցմունք են տվել, ո՛չ էլ Ղազախստանի Հանրապետությունում գործի քննության հետագա փուլերում։ Դատարանն, այնուամենայնիվ, նշում է, որ դիմումատուն ի վերջո զրկվել է այդ վկաներին Հայաստանում իր դեմ հարուցված քրեական գործի քննության, այդ թվում՝ դատական քննության ընթացքում հարցաքննելու հնարավորությունից։ Դատարանը նաև նշում է, որ դատավարական որևէ միջոցառում չի ձեռնարկվել՝ դատական քննության ժամանակ վկաներին խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը որևէ կերպ լրացնելու համար։ Ավելին, առաջին ատյանի դատարանը պատշաճ կարգով չի գնահատել այն, թե որքանով կարելի է վստահել չներկայացած վկաներին և հավաստի համարել նրանց ցուցմունքները, և դրանք պարզապես դասել է այն ապացույցների թվին, որոնք հաստատում են դիմումատուի մեղավորությունը (…)» (տե՛ս Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 55-րդ կետը)։
14.4. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ համատեղ, քանի որ անհիմն սահմանափակվել է Վ.Տեր-Սարգսյանի՝ այն վկաներին հարցաքննելու իրավունքը, որոնց վկայությունները վճռորոշ դեր են ունեցել իր դատապարտման հարցում (տե՛ս Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 56-57-րդ կետերը)։
15. Ինչ վերաբերում է գործով ապացույց հանդիսացող տեսաերիզներն Առաջին ատյանի դատարանի կողմից չհետազոտելու խնդրին, ապա Եվրոպական դատարանը, վերահաստատելով արդար դատաքննության բաղադրիչը կազմող` մրցակցության սկզբունքի հիման վրա իրականացվող դատավարության իրավունքի վերաբերյալ իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները, արդյունքում նշել է.«(…) [Դ]եպքի օրը սրճարանում կատարված նկարահանումների տեսաերիզներ[ը] (…) ճանաչվել են որպես իրեղեն ապացույց դիմումատուի դեմ՝ առանց առաջին ատյանի դատարանի կողմից դատական քննության ընթացքում հետազոտվելու, և այս հանգամանքը զրկել է պաշտպանության կողմին դրանց վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու հնարավորությունից (…)։
(…)
(…) Դատարանի կարծիքով՝ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը չի հետազոտել տեսաերիզները՝ այդ ապացույցն անձամբ գնահատելու համար, չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ մրցակցության սկզբունքի հիման վրա իրականացվող դատավարության պահանջներին՝ հաշվի առնելով, որ պաշտպանության կողմն ի վերջո զրկվել է այդ ապացույցը մեկնաբանելու բոլոր հնարավորություններից։
Ուստի այս առումով նույնպես տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում» (տե՛ս Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 60-64-րդ կետերը)։
16. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման արձանագրման փաստը Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը վերանայելու հիմք է։
17. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրվելու դեպքում վարույթը վերաբացելու առնչությամբ իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումները, փաստել է. «(...) [Վ]ճիռը, որով այն Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում է արձանագրում, պատասխանող Պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, եթե այդպիսիք կան, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական բնույթի միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` Դատարանի կողմից արձանագրված խախտմանը վերջ դնելու և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրելու համար, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (...)։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրելու դեպքում դիմումատուի համար պետք է հնարավորինս վերականգնվի այն իրավիճակը, որում նա կգտնվեր, եթե սույն դրույթի պահանջները չանտեսվեին (...)։
(...) Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 426.1 և 426.4 հոդվածներով նախատեսվում է ներպետական դատական ակտը վերանայելու հնարավորություն, եթե Դատարանն արձանագրել է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում (...)։ Ամեն դեպքում, Դատարանի կարծիքով, եթե այն համարում է, որ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության երաշխիքների խախտմամբ, հատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, կլինի պատշաճ կարգով գործի վերանայումը` արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան (...)» (տե՛ս Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 69-70-րդ կետերը)։
18. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը վերանայել։
2. Վաղինակ Աբրահամի Տեր-Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 19-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի օգոստոսի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
3. Վաղինակ Աբրահամի Տեր-Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ս. Օհանյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան |