ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2012 թվականի N 176-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԱԶԳԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «ազգային» կարգավիճակ շնորհելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականիփետրվարի 9-ի N 176-Ն որոշման |
Կ Ա Ր Գ ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԱԶԳԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են մշակույթի ոլորտում գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպություններին «ազգային» կարգավիճակ շնորհելու հետ կապված հարաբերություններն ու պայմանները:
2. Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «ազգային» կարգավիճակ շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ` նախարարություն) միջնորդությամբ:
3. Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «ազգային» կարգավիճակ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով ստեղծվում է առնվազն 7 անդամից կազմված հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են նախարարի կողմից` ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում է նախարարի հրամանով: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել շահագրգիռ պետական մարմինների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի բնագավառի գործիչներ, փորձագետներ: Հանձնաժողովի նիստին մասնակցելու համար անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել նաև համապատասխան ոլորտների մասնագետներ:
4. «Ազգային» կարգավիճակ շնորհվում է համապետական և համազգային նշանակության` բացառիկ գործունեություն իրականացնող թատերական, երաժշտական, պարարվեստի, ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային ու արխիվային գործող և նոր ստեղծվող մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպություններին:
5. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել մշակութային գործունեության տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության:
6. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել միայն հետևյալ պահանջները և պայմանները բավարարող`
1) գործող այն մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, մնայուն ձեռքբերումներով հարստացնում և զարգացնում են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստում նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են ազգային և համամարդկային արժեքների տարածմանը, նպաստում հասարակության բարոյական ու գեղագիտական դաստիարակությանը.
2) նոր ստեղծվող այն մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք մշակութային գործունեության տվյալ ոլորտում առանձնանում են իրենց բացառիկ բնույթով, և այդ կազմակերպությունների կանոնադրական գործառույթներում նախատեսված են սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներն ու պայմանները:
7. Սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերի պահանջներն ու պայմանները բավարարող մշակութային ոչ առևտրային կազմակերպությունն «ազգային» կարգավիճակ ստանալու նպատակով կարող է նախարարություն ներկայացնել հայտ: Հայտատուն հայտը ներկայացնում է նախարարի անունով` նշելով մշակութային ոչ առևտրային կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և մշակութային ոչ առևտրային կազմակերպության գործունեության ոլորտը (ոլորտները): Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով:
8. Հայտն ընդունում է նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում) և այն ուսումնասիրում է տասն աշխատանքային օրվա ընթացքում:
9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի ներկայացրած հայտի ուսումնասիրության արդյունքում կառուցվածքային ստորաբաժանումը պարզում է մշակութային ոչ առևտրային կազմակերպության համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերի պահանջներին ու պայմաններին, ինչպես նաև` տվյալ ոլորտում «ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային ոչ առևտրային կազմակերպության առկայությունը: Հայտի ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են, և տրվում է գրավոր տեղեկանք:
10. Ներկայացված հայտը նախարարի կողմից մերժվում է, եթե տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող որևէ մշակութային ոչ առևտրային կազմակերպության արդեն իսկ շնորհվել է «ազգային» կարգավիճակ:
11. Եթե կառուցվածքային ստորաբաժանումը սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում հայտի ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց հետո, պարզում է, որ`
1) տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող որևէ մշակութային ոչ առևտրային կազմակերպության արդեն իսկ շնորհվել է «ազգային» կարգավիճակ, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է հայտը մերժելու վերաբերյալ գրություն` կցելով հայտի ուսումնասիրության արդյունքի մասին գրավոր տեղեկանքը, և ներկայացնում է նախարարին` ստորագրման.
2) տվյալ հայտը բավարարում է սույն կարգի 4-րդ, 6-րդ կետերի պահանջները և պայմանները, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտն ու դրա ուսումնասիրության արդյունքի մասին գրավոր տեղեկանքը ներկայացնում է նախարարին:
12. Նախարարը հրավիրում է հանձնաժողովի նիստ, որը հայտի քննարկման արդյունքում տալիս է մշակութային ոչ առևտրային կազմակերպությանն «ազգային» կարգավիճակ շնորհելու կամ մերժելու վերաբերյալ եզրակացություն: Հանձնաժողովի նիստ հրավիրելու դեպքում, նախարարի հանձնարարությամբ, կառուցվածքային ստորաբաժանումը նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ հանձնաժողովի անդամներին իրազեկում է հանձնաժողովի նիստի հրավիրման, տեղի, ժամանակի մասին` նրանց առաքելով նիստի օրակարգը և համապատասխան նյութերը, որոնք հասցեատիրոջն են տրամադրվում առձեռն կամ էլեկտրոնային փոստի կամ ֆաքսիմիլային կապի միջոցով:
13. Ներկայացված հայտը հանձնաժողովի կողմից մերժվում է, եթե մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը չի բավարարում սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերի պահանջներն ու պայմանները:
14. Մշակութային ոչ առևտրային կազմակերպությանն «ազգային» կարգավիճակ շնորհելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո կառուցվածքային ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է հայտատուին ծանուցելու վերաբերյալ գրություն` դրան կցելով հանձնաժողովի եզրակացության պատճենը, և ներկայացնում է նախարարին` ստորագրման:
15. Հանձնաժողովի կողմից հայտը բավարարվելու դեպքում կառուցվածքային ստորաբաժանումը նախապատրաստում է ոչ առևտրային կազմակերպությանն «ազգային» կարգավիճակ շնորհելու մասին միջնորդությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու վերաբերյալ գրություն` կցելով մշակութային ոչ առևտրային կազմակերպությանն «ազգային» կարգավիճակ շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերը, և ներկայացնում է նախարարին` ստորագրման:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում մշակութային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության չկատարման դեպքում` նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում կազմակերպությանն «ազգային» կարգավիճակ շնորհելու մասին որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
17. Նախարարի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |