Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.20/30(1305).1 Հոդ.486.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.11.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ3/0201/01/15

ՍԴ3/0201/01/15

Նախագահող դատավոր՝ Լ. Թադևոսյան  

Դատավորներ՝

 Ա. Խաչատրյան

 

 Մ. Պետրոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

ե. դանիելյանի

 

Հ. Ասատրյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

   

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ

 

մեղադրող

Ա. Ոսկանյանի

2016 թվականի նոյեմբերի 1-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Դավիթ Անդրանիկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի փետրվարի 24-ի որոշման դեմ ամբաստանյալ Դ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի հուլիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով և 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 90861115 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Դավիթ Անդրանիկի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով:

2015 թվականի օգոստոսի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով արագացված դատաքննություն, 2015 թվականի հոկտեմբերի 27-ի դատավճռով Դ.Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Նարեկ Հենրիկի Դավթյանը:

3. Մեղադրող Ա.Ոսկանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2016 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 27-ի դատավճիռը պատժի մասով բեկանել և փոփոխել է, Դ.Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Դ.Սարգսյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հունիսի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Դ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Նա], հանդիսանալով ՊԲ թիվ 33651 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 9-րդ վաշտի 1-ին դասակի 2-րդ ջոկի հրաձիգ, ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2015թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 10-ը նշանակված լինելով զորամասի պահպանության տակ գտնվող թիվ 104 մարտական դիրքում որպես դիտորդ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ իր նկատմամբ պետ, թիվ 101-105 մարտական դիրքերի հենակետի ավագ, նույն դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հենրիկի Դավթյանի կողմից չսափրվելու համար իրեն նկատողություն անելու պատճառով, 2015թ. հուլիսի 4-ին ժամը 10:30-ի սահմաններում թիվ 104 մարտական դիրքի խրամուղում, չպահպանելով ՀՀ ԶՈւ ներքին ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ, 157-րդ, 158-րդ, 160-րդ և ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածների պահանջները, վիճաբանել է ավագ լեյտենանտ Ն.Դավթյանի հետ, որի ընթացքում այլ բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` իր գլխին դրված զինվորական սաղավարտը որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով՝ հարվածել է ավագ լեյտենանտ Ն.Դավթյանի դեմքին՝ պատճառելով զույգ աչքերի վերին և ստորին, քթի մեջքի շրջանների արյունազեղումների և արյունահավաքի, քթի մեջքի փափուկ հյուսվածքների տրավմատիկ այտուցվածության և քթոսկրերի քիչ տեղաշարժով փակ կոտրվածքի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 94-95):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) Ուսումնասիրելով ամբաստանյալ Դավիթ Անդրանիկի Սարգսյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալ Դավիթ Անդրանիկի Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես այն, որ Դավիթ Անդրանիկի Սարգսյանը կատարել է ծանր հանցանք, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետն ութ տարի է, նախկինում դատված չէ, ծառայողական բնութագրի համաձայն Դ.Սարգսյանը իրեն դրսևորել է վատ կողմերով (…):

(…) [Բ]նութագրի համաձայն Դ.Սարգսյանի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, ծառայության նկատմամբ վերաբերմունքը լավ: Ծառայողական պարտականությունները կատարում է բարեխղճորեն և անձնվիրաբար, հավատարիմ է զինվորական երդմանը, օժտված է հայրենիքի պաշտպանին անհրաժեշտ բարոյական և հոգեբանական բարձր հատկանիշներով:

Դ.Սարգսյանը չնախատեսված վայրում ծխելու, անվտանգության կանոնները խախտելու, վերակարգից հրաժարվելու համար ենթարկվել է տույժերի՝ նկատողության, խիստ նկատողության, երկու շաբաթով զրկվել է ազատ արձակումից:

Ամբաստանյալ Դավիթ Անդրանիկի Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով դիտվում է հանցագործությունը Ն.Դավթյանի վարքագծի հակաօրինականությամբ պայմանավորված լինելը:

Նույն հոդվածի 2-րդ մասով դատարանն որպես այդպիսին դիտում է նրա անկեղծորեն զղջալը:

Ամբաստանյալ Դավիթ Անդրանիկի Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով` չկան:

Ամբաստանյալ Դավիթ Անդրանիկի Սարգսյանի պատժաչափը որոշելիս, հաշի առնելով վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև վերջինիս կողմից կատարած արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, դատարանը գտնում է, որ պատժի նպատակները կիրականանան Դ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի սանկցիայով նախատեսված 4 /չորս/ տարի 3 /երեք/ ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժը նշանակելու պայմաններում:

Քննարկելով այն հարցը, թե արդյոք ամբաստանյալ Դավիթ Անդրանիկի Սարգսյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, դատարանը հաշվի է առնում վերջինիս կողմից կատարած հանցանքի բնույթը և վտանգավորության աստիճանը, օրենքով պաշտպանվող շահը, սակայն միևնույն ժամանակ դատարանը հաշվի է առնում նաև Դավիթ Անդրանիկի Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, երիտասարդ տարիքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն իրականացնող զինծառայող, որոնցից էլ ելնելով դատարանը գտնում է, որ Դավիթ Անդրանիկի Սարգսյանի անձի և նրա կողմից կատարած հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը նվազել է և հանգում է հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը կրելու, և հնարավոր է համարում ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածի կանոններով պատիժը պայմանականորեն չկիրառել» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 51-52):

6.1. Առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է նաև Նարեկ Հենրիկի Դավթյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել զինվորական ծառայության մեջ սահմանափակում` 4 (չորս) ամիս ժամկետով` դրամական բավարարման գումարից 5 (հինգ) տոկոս պահումով հետևյալ արարքի համար` «(…) [Հ]անդիսանալով ՊԲ թիվ 33651 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 9-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, 2015թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 10-ը նշանակված լինելով զորամասի պահպանության տակ գտնվող թիվ 101-105 մարտական դիրքերի հենակետի ավագ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ իր նկատմամբ ստորադաս, թիվ 104 մարտական դիրքում որպես դիտորդ նշանակված, նույն դասակի 2-րդ ջոկի հրաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Անդրանիկի Սարգսյանի կողմից սափրված չլինելու և իրեն հակաճառելու պատճառով, ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագրքի 5-րդ և 29-րդ հոդվածներով իրեն վերապահված կարգապահական իրավունք կիրառելու փոխարեն, 2015թ. հուլիսի 4-ին ժամը 10:30-ի սահմաններում թիվ 104 մարտական դիրքի առաջնագծի խրամուղում, չպահպանելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ, 149-րդ, 150-րդ և ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագրքի 3-րդ և 4-րդ հոդվածների պահանջները, վիճաբանել է շարքային Դ.Սարգսյանի հետ, որի ընթացքում վիրավորանք է հասցրել վերջինիս՝ մեկ անգամ ապտակել նրան, դրանով իսկ անպարկեշտ ձևով ստորացրել շարքային Դ.Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 50-53):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում նշել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում, ամբաստանյալ Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս, Առաջին ատյանի դատարանը սխալ է կիրառել քրեական օրենքը` կիրառելով օրենքի այն նորմը, որը կոնկրետ իրավահարաբերությունների նկատմամբ ենթակա չէր կիրառման, հաշվի չի առել կոնկրետ դեպքում խախտված քրեաիրավական նորմերով պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված գործիքը, իրադրությունը, պատճառված վնասի բնույթը, վնասվածքի տեղակայումը, ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ` մեղքի դիտավորյալ ձևը, հանցավոր մտադրության իրագործման աստիճանը, որոնք իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը:

Վերաքննիչ դատարանը միաժամանակ փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, վիճարկվող դատական ակտում թեև արձանագրել, սակայն պատշաճ գնահատման չի ենթարկել նաև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները: (…)

(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ու այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս, Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն, որպես ամբաստանյալ Դ.Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք պետք է դիտարկեր նրա կողմից զինվորական երդումը խախտելը, ինչը կոնկրետ դեպքում անտեսվել է:

(…)

Ելնելով վերոգրյալից, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հանգամանքների անտեսումը զրկել է Առաջին ատյանի դատարանին հանցավորի անձնավորության և նրան վերագրվող արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու, իսկ արդյունքում նաև ազատազրկման ձևով պատիժը ամբաստանյալ Դ.Սարգսյանի կողմից կրելու նպատակահարմարության հարցում արդարացիության չափանիշին համապատասխանող վերջնական ճիշտ ու իրավաչափ հետևության հանգելու հնարավորությունից (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 90-91):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տրվել նյութական իրավունքի նորմերի խախտումներ:

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել քրեական գործով ձեռք բերված ապացույցները, հաշվի չի առել Դ.Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև քրեորեն հետապնդելի արարքի դրսևորման պատճառները, իրադրությունը, պարագան և այլ հանգամանքներ:

Մասնավորապես, բողոքաբերն ընդգծել է, որ Դ.Սարգսյանն իրեն մեղսագրված արարքը կատարել է տուժող Ն.Դավթյանի հակաօրինական գործողությունների հետևանքով, նախկինում արատավորված կամ դատապարտված չի եղել, զբաղվել է հանրօգուտ գործունեությամբ, անկեղծորեն զղջում է կատարածի համար, հաշտվել է գործով մյուս ամբաստանյալ Ն.Դավթյանի հետ, արարքը կատարել է Մատաղիսի սահմանային գոտում առկա պատերազմական լարված իրադրության` տևական ժամանակահատվածում անքուն գիշերներ անցկացնելու պայմաններում:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Դ.Սարգսյանի մասով ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի փետրվարի 24-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 27-ի դատական ակտին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք ամբաստանյալ Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Սույն քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում բազմիցս վերլուծության է ենթարկվել, և մշտապես վերահաստատվել դիրքորոշումն առ այն, որ առանց պատիժը փաստացի կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն հանցավորի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների, հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի համակողմանի ու ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13 և այլն):

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներում թվարկված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում դրանք հաշվի առնելու պահանջը օրինականության սկզբունքի կարևորագույն բաղադրիչներից է: Ընդ որում, մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքերը պետք է հաշվի առնվեն ինչպես պատժի տեսակ և չափ ընտրելիս, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ինչն ուղղակիորեն բխում է նույն հոդվածի 2-րդ մասով ամրագրված դրույթից (օրինականության սկզբունքի վերաբերյալ մանրամասն տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 15-րդ կետը):

12. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգաման[ք] [է]`

(…)

տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը (…)»:

Վերոնշյալ մեղմացնող հանգամանքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ հանցավորի գործողությունները հաճախ պայմանավորված են լինում ոչ այնքան նրա անձնական առանձնահատկություններով, հակումներով կամ ձգտումներով, որքան տուժողի վարքագծով: Մասնավորապես, տուժողն իր սադրիչ` հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով որոշ դեպքերում նպաստում է հանցավոր իրադրության ստեղծմանը` «դրդելով» այլ անձի կամ անձանց հանցանք կատարելուն: Տուժողի վարքագծի համակողմանի և օբյեկտիվ գնահատումը թույլ է տալիս բացահայտել հանցագործության շարժառիթները, հանցավորի դիտավորության ուղղվածությունը և պատիժ նշանակելիս որոշել հանցավորի անձի և նրա արարքի հանրային վտանգավորության իրական աստիճանը:

Յուրաքանչյուր դեպքում քննարկվող մեղմացնող հանգամանքի առկայությունը որոշելու համար անհրաժեշտ է պարզել հետևյալ երկու հանգամանքները`

1) արդյոք տուժողի վարքագիծը կրել է հակաօրինական կամ հակաբարոյական բնույթ, և

2) արդյոք տուժողի վարքագծի հակաօրինական կամ հակաբարոյական բնույթով է պայմանավորված եղել հանցավոր արարքի կատարումը (մանրամասն տե՛ս Մհեր Ախնոյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 6 թիվ ՍԴ3/0174/01/14 որոշումը):

12.1. Տուժողի վարքագծի հակաօրինականության կամ հակաբարոյականության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(…) [Տ]ուժողի վարքագծի հակաօրինականությունը չի սահմանափակվում միայն հանցագործության կատարումով: Այն իր մեջ ներառում է նաև այլ գործողություններ, որոնք արգելվում են իրավունքի այլ ճյուղերով, օրինակ` վարչական, աշխատանքային, քաղաքացիաիրավական օրենսդրությամբ: Հակաօրինական վարքագիծը կարող է արտահայտվել ծեծի, խոշտանգման, ծանր վիրավորանքի, մարդկային արժանապատվության նվաստացման ձևով: Այն կարող է դրսևորվել նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու, շանտաժի և այլ գործողությունների ձևով, որոնք չեն հանդիսանում բռնություն, ծաղրանք, ծանր վիրավորանք, սակայն կրում են հակաօրինական բնույթ:

Ինչ վերաբերում է տուժողի վարքագծի հակաբարոյականությանը, ապա այն գնահատելու համար անհրաժեշտ է ելնել հասարակության մեջ համընդհանուր ճանաչում գտած բարոյական և էթիկական կանոնների դիրքերից, այնպիսի կատեգորիաների մասին պատկերացումներից, ինչպիսիք են արդարությունը, պատիվը, բարին ու չարը և այլն: Հակաբարոյական վարքագծի դրսևորումներից է խաբեությունը, դավաճանությունը, խարդավանքը, պահպանության վստահված փողերը վատնելը, բամբասանքներ տարածելը, ամուսնական դավաճանությունը և այլն (…)» (տե՛ս Խաչիկ Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԷԴ/0138/01/09 որոշման 16-րդ կետը):

13. Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք գործերով որոշումներում: Մասնավորապես մեջբերելով «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 1-ին, 13-րդ, 32-րդ, 76-րդ, 329-րդ, 337-րդ, 350-րդ հոդվածների, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ հոդվածի 2-րդ մասի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները` Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրենքների և զինվորական կանոնագրքերի պահանջները պահպանելու, զինծառայողների միջև կանոնադրային փոխհարաբերություններն ամրապնդելու պարտականություն հավասարապես կրում են թե՛ զինծառայողները, թե՛ հրամանատարները (պետերը): Ենթակայի նկատմամբ բռնության կիրառումն օժտված է հասարակական բարձր վտանգավորությամբ, բացասական է ազդում զինվորական կարգապահության, ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականության վրա, ինչի ապահովումը բոլոր զինծառայողների՝ հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Հետևաբար բոլոր դեպքերում, երբ զինծառայողի կողմից հանցավոր արարքի կատարումը պայմանավորված է լինում մեկ այլ զինծառայողի, այդ թվում՝ պետի (հրամանատարի)` իր դեմ ուղղված հանրորեն վտանգավոր արարքով, այդ հանգամանքը պետք է պատշաճ քրեաիրավական գնահատականի արժանանա հանցավորի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև պատիժը պայմանականորեն չկիրառելիս (մանրամասն տե՛ս Նիկոլայ Չաքմազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13, Մհեր Ախնոյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 6 թիվ ՍԴ3/0174/01/14 որոշումները):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Դ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ավագ լեյտենանտ Ն.Դավթյանի կողմից չսափրվելու համար արված նկատողության պատճառով վիճաբանել է վերջինիս հետ և գլխին դրված զինվորական սաղավարտը որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով` հարվածել է նրա դեմքին` առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ի թիվս այլոց, որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առել այն, որ ամբաստանյալի արարքը պայմանավորված է եղել Ն.Դավթյանի հակաօրինական վարքագծով, արձանագրել է ծանրացնող հանգամանքների բացակայությունը և հանգել հետևության, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է նաև Ն.Դավթյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, այն բանի համար, որ չսափրվելու և իրեն հակաճառելու պատճառով մեկ անգամ ապտակել է շարքային Դ.Սարգսյանին` դրանով իսկ անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը վերացրել է Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը` նշելով, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, պատշաճ գնահատման չի ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև ամբաստանյալ Դ.Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք չի դիտել հանցանքը նրա կողմից զինվորական երդումը խախտելով կատարելը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համատեքստում պատշաճ վերլուծության չի ենթարկել տուժողի վարքագիծը:

Այսպես` Վերաքննիչ դատարանը որևէ գնահատականի չի արժանացրել այն, որ Դ.Սարգսյանի կողմից հանցանքի կատարումը պայմանավորված է եղել տուժողի դրսևորած հակաօրինական վարքագծով: Մասնավորապես, տուժող Ն.Դավթյանը, ով շարքային Դ.Սարգսյանի պետն է, վերջինիս կարգապահական տույժի ենթարկելու փոխարեն` սափրված չլինելու և իրեն հակաճառելու պատճառով բռնություն է գործադրել նրա նկատմամբ և իր սադրիչ` հակաօրինական վարքագծով «դրդել» նրան հանցանք կատարելուն: Վերոնշյալ վարքագծով Ն.Դավթյանը ոչ միայն կոպիտ կերպով խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքների` սույն որոշման 13-րդ կետում թվարկված դրույթները, այլև կատարել հանցավոր արարք, ինչի կապակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել, և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, վերացնելով Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը, հաշվի չի առել, որ տուժող Ն.Դավթյանի վարքագիծը կրել է հակաօրինական բնույթ, և դրանով է պայմանավորված եղել Դ.Սարգսյանի կողմից հանցանքի կատարումը, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է, վկայում է ինչպես հանցավորի, այնպես էլ նրա կատարած արարքի համեմատաբար նվազ հանրային վտանգավորության մասին:

15.1. Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում նաև Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված` հանցանքը զինվորական երդումը խախտելով կատարելը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դիտելու կապակցությամբ: Վճռաբեկ դատարանը, գնահատելով հանցանքի բնույթը, վերլուծելով դրա կատարման շարժառիթներն ու հանցավոր վարքագծի դրսևորման պատճառները, մասնավորապես այն, որ ամբաստանյալ Դ.Սարգսյանի արարքը պայմանավորված է եղել տուժող Ն.Դավթյանի հակաօրինական վարքագծով` վերջինիս կատարած հանցավոր արարքով, արձանագրում է, որ քննարկվող հանգամանքը ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով տվյալ պարագայում չի կարող դիտվել որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ ստորադաս դատարանը գնահատման չի ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ վերլուծության է ենթարկել ամբաստանյալի անձն ինչպես դրական, այնպես էլ բացասական բնութագրող տվյալները, հաշվի է առել նրա արարքում առկա մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:

16. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը իրավաչափ չէ:

Վերաքննիչ դատարանը, պատժի մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխելով և ամբաստանյալ Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, պատշաճ գնահատման չի ենթարկել Դ.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող բոլոր հանգամանքները` թույլ տալով ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով, քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հանգել է ճիշտ հետևության, հետևաբար Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պետք է թողնել օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Դավիթ Անդրանիկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի փետրվարի 24-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 27-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Ե. Դանիելյան
   

Հ. Ասատրյան

    Ա. Պողոսյան
   

Ս. Օհանյան