ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0130/01/15 |
ԵԿԴ/0130/01/15 |
Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան |
Դատավորներ` |
Ա. Խաչատրյան Ա. Դանիելյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ | ||
ամբաստանյալ | Գ. Պետրոսյանի | |
պաշտպան | Ժ. Կոտիկյանի |
2016 թվականի հունիս 24-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գագիկ Անդրանիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի ապրիլի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 16116215 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
2015 թվականի ապրիլի 22-ին որպես մեղադրյալ է ներգրավվել Գագիկ Պետրոսյանը, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով: Նույն օրը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2015 թվականի մայիսի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանն արագացված դատաքննության կարգի կիրառմամբ 2015 թվականի հուլիսի 29-ի դատավճռով Գ.Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և դատապարտել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Գ.Պետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Մեղադրող Վ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 29-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:
Ամբաստանյալ Գ.Պետրոսյանի պաշտպան Ժ.Կոտիկյանը 2015 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ տուժողներ Ռ.Սարգսյանը և Գ.Մելքոնյանը 2015 թվականի նոյեմբերի 19-ին վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել` փաստարկելով, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական են և հիմնավորված, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած վճռաբեկ բողոքն անհիմն է և չի համապատասխանում բողոքը վարույթ ընդունելու պահանջներին:
Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հունվարի 18-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Գ.Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա 2015 թվականի մարտի 19-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Հրազդանի կիրճից տուն վերադառնալու ճանապարհին, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, Երևանի Էջմիածնի Հին խճուղու հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի» շենքի դիմաց անհիմն և առանց որևէ պատճառի վիրավորել է նույն տարածքով քայլող, իրեն անծանոթներ` Գրիգոր Մելքոնյանին և Ռուբեն Սարգսյանին, որից հետո անհիմն վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, նրանց հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ, որի ընթացքում Գ.Պետրոսյանը, ցուցաբերելով եսամոլություն և արհամարհելով և հակադրվելով Գ.Մելքոնյանի և Ռ.Սարգսյանի կողմից իր վարքագծի վերաբերյալ արված օրինական դիտողություններին, այն է` անտեսելով վերջիններիս պահանջները իրենցից հեռանալու և իրենց հանգիստ թողնելու մասին, սեփական անձի առավելությունները ընդգծելու մոլուցքով լցված, ավելի է ոգևորվել, շարունակել, դրսևորել սանձարձակություն, անզուսպ եսասիրություն, խուլիգանական դրդումներով և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ձգտումով լցված, Գ.Մելքոնյանին և Ռ.Սարգսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով նախ հարվածել է Ռ.Սարգսյանի ձախ գոտկային շրջանին՝ նրան պատճառելով առողջության տևական քայքայումով ձախ գոտկային շրջանի պատռած ծակած չթափանցող վերքի ձևով առողջության միջին ծանրության վնաս, իսկ հետո Գ.Մելքոնյանի որովայնին` նրան պատճառելով որովայնի առաջնային պատի պատռած-ծակած չթափանցող վերքի ձևով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 169):
6. Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով «ամբաստանյալ Գագիկ Անդրանիկի Պետրոսյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, այն, որ նա հանդիսանում է անժամկետ կենսաթոշակառու, բնութագրվում է դրականորեն», հանգել է հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր կլինի հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 74)։
7. Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով նաև այն հանգամանքները, որ «ամբաստանյալ Գ.Պետրոսյանը ազատամարտիկ է, 1995-2013թթ. ծառայել է ՀՀ ԶՈւ-ում, զբաղեցրել է վարորդի, վարորդ-վարպետի և դասակի հրամանատարի պաշտոններ, 2013թ. սահմանային տարիքը լրանալու պատճառով արձակվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր, համաձայն ՀՀ ՊՆ 14746 զորամասի հրամանատար Ա.Հակոբյանի կողմից տված բնութագրի բնութագրվում է դրականորեն, պարգևատրվել է «ՀՀ զինված ուժերի 20 տարի» գերատեսչական մեդալով, կինը տառապում է զարկերակային գերճնշում 2-րդ, 3-րդ աստիճանի, երկաթդիֆեցիտային անեմիա հիվանդություններով, նաև այն, որ տուժողներ Հ.Սարգսյանը և Ռ.Մելքոնյանն ամբաստանյալի նկատմամբ բողոք և պահանջ չեն ներկայացրել», եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական է ու հիմնավորված (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 56):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերի կարծիքով ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում:
Այսպես` բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանները, ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, հաշվի չեն առել հանցագործության` հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող իրական հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող տվյալները:
9. Մեջբերելով Վճռաբեկ դատարանի` Դ.Հովհաննիսյանի և Ս.Մարգարյանի, Գ.Մադաթյանի, Ա.Շահբազյանի գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոքաբերը նշել է, որ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և դրա արդյունքում հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար ստորադաս դատարանները պատշաճ ուշադրություն չեն դարձրել արարքի կատարման եղանակին, հանցավորի մեղքի ձևին և տեսակին, օգտագործված գործիքին, այդ գործիքով կատարված հարվածի բնույթին ու տեղակայմանը, համապատասխան գնահատականի չեն արժանացրել նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը։ Վկայակոչելով արդեն իսկ հիշատակված՝ Ա.Շահբազյանի, ինչպես նաև Է.Ստեփանյանի գործերով որոշումներում Վճռաբեկ դատարանի ձևավորած դիրքորոշումները՝ բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Գ.Պետրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող գնահատված հանգամանքները, մասնավորապես այն, որ Գ.Պետրոսյանը անժամկետ կենսաթոշակառու է և բնութագրվում է դրական, ՀՀ զինված ուժերում նախկինում որոշակի պաշտոններ է զբաղեցրել, կամ նրա նկատմամբ տուժողները բողոք չեն ներկայացրել, չեն կարող նվազեցնել ամբաստանյալի կամ նրա կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանն այն չափով, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի: Ստորադաս դատարանները հաշվի չեն առել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված՝ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացող` արարքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելու հանգամանքը, որն օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգով, ապացույցների հիման վրա հաստատվել է նախաքննության և դատաքննության ընթացքում: Դատարանների կողմից պատշաճ գնահատականի չի արժանացվել նաև Գ.Պետրոսյանի անձը բնութագրող այն հանգամանքը, որ հանցանքը կատարելու պահին վերջինս դանակ է կրել՝ պատրաստ լինելով ցանկացած պահի այն գործադրելու:
Բողոք բերած անձը նշել է նաև, որ դատարանների կողմից չի հստակեցվել, թե հանգամանքները, որոնք հիշատակվել են դատական ակտերում, մեղմ պատժաչափի հիմքում են դրվել, թե՞ հանդիսացել են նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքեր:
10. Ըստ բողոքի հեղինակի՝ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, չհետևելով Ֆ.Գալստյանի, Գ.Մադաթյանի, Ա.Շահբազյանի, Ն.Սարգսյանի, Է.Ստեփանյանի գործերով որոշումներում Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, առանց որևէ պատճառաբանության գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցների մի մասին տվել են առավել նշանակություն, դատավճռում չեն վերլուծել և չեն գնահատել այն ապացույցները, որոնք բացառում են ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը:
11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է՝ իրավաչափ են արդյոք ամբաստանյալ Գ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։
13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:
Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13, ՏԴ/0031/01/14, ՍԴ3/0174/01/14, ԵԱԴԴ/0011/01/14, ԵԱՔԴ/0091/01/14, ԵԿԴ/0039/01/15, ԱՐԴ/0031/01/15 և այլն):
14. Ա.Շահբազյանի գործով որոշման մեջ անդրադառնալով առողջության դեմ ուղղված դիտավորյալ հանցագործությունների, մասնավորապես՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանցակազմի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վրա ազդող գործոնների գնահատման իրավական խնդրին՝ Վճռաբեկ դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված] հանրորեն վտանգավոր արարքների դեմ արդյունավետ պայքարը պահանջում է այս ոլորտում համապատասխան քրեական, այդ թվում` պատժողական քաղաքականության իրականացում։ Իսկ դա իր հերթին ենթադրում է ոչ միայն համապատասխան օրենսդրական հիմքերի առկայություն, այլև դրանց գործնական կիրառման հնարավորության ապահովում։
(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով։ (...) Քննարկվող հանցագործության կատարման (...) եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը։ Այսպես՝ տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան։ Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա։ Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս։
(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը։ Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը։
[Ա]ռանց նշված հանգամանքների գնահատման առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Հետևաբար, նշանակված պատժով չի ապահովվի կատարված արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները» (տե՛ս Արմեն Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-16-րդ կետերը)։
15. ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածը սահմանում է. «1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝
պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
(…)
6) խուլիգանական դրդումներով,
(…)
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները, mutatis mutandis, կիրառելի են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հանցակազմի նկատմամբ: Նշված հանցագործության օբյեկտը ևս մարդու առողջությունն է՝ որպես նրա օրգանիզմի ամբողջական կենսաբանական վիճակ, ինչը ենթակա է քրեաիրավական հատուկ պաշտպանության: Հետևաբար, դրա դեմ ոտնձգելը նույնպես վկայում է կատարված հանցավոր արարքի՝ հանրային բարձր վտանգավորության մասին: Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող սույն հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները (այդ թվում՝ հանցագործությանը նախորդող և ուղեկցող (տե՛ս mutatis mutandis, Հրանտ Պարանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԷԴ/0132/01/13 որոշման 13-րդ կետը)), եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը, հանցավորի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները և այլն։ Կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն), հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևն (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը: Հետևաբար նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը (տե՛ս mutatis mutandis, Սարգիս Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14 որոշումների համապատասխանաբար 14-րդ, 13-րդ և 15-րդ կետերը):
16. Սույն գործի նյութերից երևում է, որ Գ.Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հրազդանի կիրճից տուն վերադառնալու ճանապարհին, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, անհիմն և առանց որևէ պատճառի վիրավորել է նույն տարածքով քայլող, իրեն անծանոթներ` Գ.Մելքոնյանին և Ռ.Սարգսյանին, որից հետո անհիմն վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, նրանց հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ: Ապա անտեսելով տուժողների պահանջներն իրենցից հեռանալու և իրենց հանգիստ թողնելու մասին, սեփական անձի առավելություններն ընդգծելու նպատակով խուլիգանական դրդումներով և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ Գ.Մելքոնյանին և Ռ.Սարգսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով նախ հարվածել է Ռ.Սարգսյանի ձախ գոտկային շրջանին՝ պատճառելով առողջությանը միջին ծանրության վնաս՝ պատռած- ծակած չթափանցող վերքի ձևով, իսկ հետո Գ.Մելքոնյանի որովայնին` նրան պատճառելով միջին ծանրության վնաս՝ որովայնի առաջնային պատի պատռած-ծակած չթափանցող վերքի ձևով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Գ.Պետրոսյանի արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, այն, որ նա անժամկետ կենսաթոշակառու է, բնութագրվում է դրականորեն, եկել է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։
Վերաքննիչ դատարանն իր հերթին անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։
17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները համադրելով սույն որոշման 13-15-րդ կետերում շարադրված վերլուծության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները Գ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ վերլուծության չեն ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը: Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել՝
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողների առողջական վիճակի վրա,
բ) այն, որ Գ.Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարել է մեկից ավելի ծանրացնող հանգամանքներով՝ խուլիգանական դրդումներով և մեկից ավելի անձանց նկատմամբ,
գ) ամբաստանյալի մոտ դանակի առկայության և հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելու հանգամանքը,
դ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողություններով տուժողների առողջությանը պատճառում է վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,
ե) պատճառված մարմնական վնասվածքների տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը հարվածը հասցրել է տուժողներ Ռ.Սարգսյանի և Գ.Մելքոնյանի կենսականորեն կարևոր օրգաններին՝ համապատասխանաբար ձախ գոտկային շրջանին և որովայնին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ստորադաս դատարաններն ընդհանրապես չեն անդրադարձել և վերլուծության չեն ենթարկել այն հանգամանքը, որ Գ.Պետրոսյանը հանրորեն վտանգավոր արարքը կատարելիս եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Այդ առումով Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը կարող է պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք համարվել կամ չհամարվել` ելնելով հանցագործության բնույթից: Ընդ որում, այն դեպքում, երբ ալկոհոլի ազդեցությունը հանդիսացել է հանցանքը կատարելուն նպաստող պայման, դատարանը դա պետք է համարի ծանրացնող հանգամանք: Այլ կերպ՝ քննարկվող հարցը լուծելիս դատարանը պարտավոր է հանգամանորեն պարզել՝ հանցավոր արարքն իր բնույթով կապված է արդյոք հանցանք կատարած անձի` ալկոհոլ օգտագործած լինելու հետ, թե՞ ոչ (տե՛ս, mutatis mutandis, Դավիթ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 14-15-րդ կետերը):
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարաններն ինչպես առանձին վերցրած, այնպես էլ իրենց համակցության մեջ պատշաճ ուշադրություն չեն դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, օգտագործված գործիքին, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, պատճառված մարմնական վնասվածքների տեղակայմանը, ինչպես նաև այն հանգամանքին, որ ամբաստանյալին մեղսագրվում է մեկից ավելի ծանրացնող հանգամանքներով հանցանք:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունը չի կարող հիմնավոր համարվել այն պայմաններում, երբ վերջիններս որևէ կերպ չեն անդրադարձել և վերլուծության չեն ենթարկել այն հանգամանքը, որ Գ.Պետրոսյանը հանցավոր արարքը կատարելիս գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:
19. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանի համար հիմք է գալու այն եզրահանգման, որ ամբաստանյալ Գ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գագիկ Անդրանիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 29-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:
2. Ամբաստանյալ Գագիկ Անդրանիկի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|