Գլխավոր տեղեկություն
Համար
N 1566-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2015-29.09.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.30/91(1180).1 Հոդ.1226.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2015 թվականի N 1566-Ն

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 28-րդ և 28.1-ին հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:

2. Հաստատել`

1) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը նշանակված խնամքի նպաստի վճարումը, սկսած 2016 թվականի հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների միջոցով իրականացնելն ապահովելու ուղղությամբ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սույն որոշման 3-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

6. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը համարվում է սույն որոշմամբ սահմանված կարգով նշանակված:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 27-րդ և 28-րդ հոդվածներով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը (այսուհետ՝ խնամքի նպաստ) նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

1) դիմող՝ խնամքի նպաստը նշանակելու և վճարելու դիմում ներկայացրած անձ.

2) ծնող՝ օրենքի 27-րդ հոդվածում նշված անձ (ում նշանակվում և վճարվում է խնամքի նպաստը).

3) տարածքային բաժին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին).

4) երեխա՝ երկու տարին չլրացած երեխա, ում ծննդյան կապակցությամբ ծնողին հատկացվել է խնամքի արձակուրդ.

5) անձը հաստատող փաստաթուղթ՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացիների) համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը, իսկ մինչև 16 տարեկանների դեպքում՝ նաև ծննդյան վկայականը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

3. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

4. Խնամքի նպաստը նշանակելու համար դիմողը ծնողի բնակության (հաշվառման) վայրի տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որում ներառվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի (այսուհետ՝ բնակչության պետական ռեգիստր),

բ. ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի,

գ. խնամքի նպաստը վճարելու եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ, իսկ խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում՝ ծնողի բանկային հաշվի համարը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

3) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

5) անհրաժեշտության դեպքում՝ խնամակալության մասին փաստաթուղթը.

6) ծնողի կողմից ստորագրված հայտարարություն՝ խնամքի արձակուրդն ավարտվելու (արձակուրդն ընդհատվելու, աշխատանքի անցնելու կամ աշխատանքից ազատվելու) դեպքում և օրենքով սահմանված այլ դեպքերում խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու վերաբերյալ տեղեկացված լինելու մասին (հայտարարությունը ներառում է նաև ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հայտարարությունը տալու օրը, ամիսը, տարեթիվը): Հայտարարությունը կարող է շարադրվել նաև ազատ ոճով.

7) գործատուի տված տեղեկանքը՝ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու մասին՝ ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում: Տեղեկանքում, որն ստորագրվում և կնքվում է գործատուի կնիքով (կնիքի առկայության դեպքում), նշվում է՝

ա. ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

բ. խնամքի արձակուրդի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը),

գ. երեխայի (ում ծննդյան կապակցությամբ ծագել է արձակուրդի իրավունքը) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված՝ դիմողին վերաբերող դրույթները կիրառելի են, եթե դիմողը ծնողը չէ: Եթե դիմումը ներկայացնում է ծնողը, ապա սույն կարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված հայտարարությունն ստորագրվում է տարածքային բաժնում:

6. Ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է՝

1) մերժել խնամքի նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել ծնողին.

2) նշանակել և վճարել խնամքի նպաստը:

7. Տարածքային բաժինը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք.

2) ծնողը և երեխան, ըստ բնակչության պետական ռեգիստրի, հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

3) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ստացված տեղեկատվության՝ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում կամ ոչ բոլոր գործատուների մոտ է գտնվում խնամքի արձակուրդում.

4) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

5) դիմումին կից ներկայացած փաստաթղթերը կամ դիմումում ներառված տվյալները բավարար չեն խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար.

6) ծնողը կամ երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում.

7) դիմումը ներկայացրել է այլ անձ, սակայն ընտրված է խնամքի նպաստը վճարելու կանխիկ եղանակը՝ բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմումատուին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր:

8. Խնամքի նպաստ նշանակելը մերժելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային բաժինը պատշաճ կարգով տեղեկացնում է ծնողին: Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է ծնողին՝ բնակչության պետական ռեգիստրում առկա՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում, եթե նախորդ դիմումը մերժելու մասին որոշում ընդունելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կրկին ներկայացվում է նույն ծնողին խնամքի նպաստ նշանակելու դիմում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում մերժված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համարվում են նոր դիմումին կից ներկայացված փաստաթղթեր՝ բացառությամբ դիմողի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է անկախ որևէ հանգամանքից:

9. Եթե դիմումը մերժվում է սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով, ապա տարածքային բաժինը դրա մասին որոշում ընդունելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է գործատուին (գործատուներին): Սույն կետում նշված գրության օրինակելի ձևը սահմանում է ծառայությունը:

10. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ խնամքի նպաստը նշանակելու և վճարելու որոշման դեպքում տարածքային բաժինը խնամքի նպաստը նշանակում և վճարում է ծնողին:

11. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար:

12. Խնամքի նպաստը նշանակելուց հետո 15 օրվա ընթացքում տարածքային բաժինը դրա մասին գրությամբ տեղեկացնում է գործատուին: Սույն կետում նշված գրության օրինակելի ձևը սահմանում է ծառայությունը:

13. Եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն կարգի 4-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով, ապա ծնողի խնամքի արձակուրդն ավարտվելու կամ ընդհատվելու (աշխատանքային հարաբերությունները խզվելու) դեպքում գործատուն դրա մասին տեղեկացնում է ծառայությանը՝ նշված հանգամանքներն առաջանալու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում: Տեղեկացման մեջ նշվում են՝

ա. ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (եթե առկա է),

բ. խնամքի արձակուրդի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և ընդհատումը կամ ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը),

գ. խնամքի արձակուրդի ընդհատման կամ ավարտման հիմքը:

14. Խնամքի նպաստը նշանակվում է՝

1) խնամքի արձակուրդն սկսելու (մեկից ավելի գործատուների մոտ աշխատելու դեպքում՝ ամենաուշն սկսված խնամքի արձակուրդը սկսելու, սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքում՝ հաջորդ երեխայի (երեխաների) 70 օրականը լրանալու) ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու (մեկից ավելի գործատուների մոտ աշխատելու դեպքում՝ ամենաուշն սկսված խնամքի արձակուրդն սկսելու, սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքում՝ հաջորդ երեխայի (երեխաների) 70 օրականը լրանալու) ամսվան հաջորդող ամսվա 1-ից վեց ամիս հետո:

15. Եթե ծնողը, մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելը, հաջորդ երեխայի (երեխաների) ծննդյան կապակցությամբ ևս ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա հաջորդ երեխայի (երեխաների) համար ևս խնամքի նպաստը նշանակելու համար տարածքային բաժին է ներկայացվում դիմում: Սույն կետով սահմանված դիմումը ներկայացվում է խնամքի նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու համար սահմանված կարգով: Այս դեպքում հաջորդ երեխայի (երեխաների) համար խնամքի նպաստը նշանակվում է հաջորդ երեխայի (երեխաների) 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

16. Ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տեղեկատվության կամ ծնողի կամ այլ անձի ներկայացրած դիմումի հիման վրա:

17. Ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է և խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է սույն կարգի 16-րդ կետով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

18. Եթե խնամքի նպաստը նշանակվել և վճարվում է երկու և ավելի երեխաների համար, ապա սույն կարգի 16-րդ կետի հիման վրա դադարեցվում է բոլոր երեխաների համար նշանակված խնամքի նպաստ ստանալու իրավունքը՝ բացառությամբ սույն կարգի 19-րդ կետում նշված դեպքերի:

19. Եթե խնամքի նպաստը նշանակվել և վճարվում է երկու և ավելի երեխաների համար, երեխայի 2 տարեկանը լրանալու, երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն (մանկատուն) ընդունվելու, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու, երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամիս և ավելի ժամկետով բացակայելու, երեխայի՝ օտարերկրյա բնակության վայրի հասցեով հաշվառվելու և երեխայի մահվան դեպքերում դադարեցվում է տվյալ երեխայի համար նշանակված խնամքի նպաստ ստանալու իրավունքը:

20. Երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամիս և ավելի ժամկետով բացակայելու հանգամանքը ճշտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա՝ երեխայի և (կամ) ծնողի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա:

21. Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարել է խնամքի արձակուրդի՝ տեղեկատվական բազայում կամ սույն կարգի 13-րդ կետում նշված՝ գործատուի տրամադրած տեղեկատվության մեջ նշված ժամկետը լրանալու, իսկ, եթե ծնողն աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որևէ գործատուի մոտ խնամքի արձակուրդի՝ նշված ժամկետը լրանալու հիմքով, ապա խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար տարածքային բաժին է ներկայացվում՝

1) դիմում, որում ներառվում են սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.

4) անհրաժեշտության դեպքում՝ բանկային հաշվեհամարը հաստատող փաստաթուղթ.

5) անհրաժեշտության դեպքում՝ սույն կարգի 4-րդ կետի 7-րդ ենթակետում նշված՝ գործատուի տված տեղեկանքը.

6) անհրաժեշտության դեպքում՝ խնամակալության մասին փաստաթուղթը:

22. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է դադարեցնելու օրվանից՝ բայց ոչ ավելի վաղ, քան կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (խնամքի արձակուրդում գտնվելու) առաջին օրվանից: Բացառությամբ սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Եթե ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո կրկին ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա այս դեպքում անձին խնամքի նպաստ է նշանակվում նոր հիմունքներով՝ հաշվի առնելով սույն կարգի 14-րդ կետի պահանջները:

23. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում:

24. Խնամքի նպաստը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Խնամքի նպաստի վճարման եղանակն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին:

25. Խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելը խնամքի նպաստի գումարը ծնողի բանկային հաշվին փոխանցելն է:

26. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

27. Խնամքի նպաստը նաև վճարվում է ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:

28. Եթե խնամքի նպաստը նշանակելու դիմումը ներկայացրել է ծնողը, ապա խնամքի նպաստը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ ծնողի ընտրությամբ:

29. Եթե խնամքի նպաստը նշանակելու դիմումը ներկայացրել է այլ անձ, ապա խնամքի նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ ծնողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմումատուին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր:

30. Խնամքի նպաստը վճարելը դադարեցվում է.

1) ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.

2) խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

3) ծնողին կամ նրա լիազորած անձին 6 ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ 6-րդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

31. Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է՝

1) սույն կարգի համաձայն դիմումի հիման վրա խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում՝ վերականգնելու օրվանից.

2) եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է սույն կարգի 30-րդ կետի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով և ծնողն ունի խնամքի նպաստ ստանալու իրավունք (խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ)՝ սույն կարգի 32-րդ կետում նշված դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից:

32. Խնամքի նպաստը վճարելը վերսկսելու համար տարածքային բաժին է ներկայացվում՝

1) դիմում, որում ներառվում են սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.

4) անհրաժեշտության դեպքում՝ բանկային հաշվեհամարը հաստատող փաստաթուղթը.

5) անհրաժեշտության դեպքում՝ սույն կարգի 4-րդ կետի 7-րդ ենթակետում նշված՝ գործատուի տված տեղեկանքը.

6) անհրաժեշտության դեպքում՝ խնամակալության մասին փաստաթուղթը:

33. Սույն կարգի 32-րդ կետում նշված դիմումի հիման վրա խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում ծնողին է վճարվում դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող վեց ամսվա ժամանակահատվածի այն ամիսների չվճարված խնամքի նպաստի գումարը, որոնց ընթացքում ծնողն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Ընդ որում, սույն կետում նշված դեպքում ծնողի խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է և չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է, եթե ծնողը և երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է և խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:

34. Սույն կարգի 6-րդ կետի համաձայն նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

35. Եթե խնամքի նպաստը վճարելը վերսկսելու (խնամքի նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու) դիմումը ներկայացրել է ծնողը, ապա խնամքի նպաստը վճարվում է դիմողի ընտրած եղանակով:

36. Եթե խնամքի նպաստը վճարելը վերսկսելու (խնամքի նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու) դիմումը ներկայացրել է այլ անձ, ապա խնամքի նպաստը (չվճարված խնամքի նպաստի գումարը) վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ ծնողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

37. Ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ չվճարված խնամքի նպաստը վճարվում է դիմումի հիման վրա: Սույն կետում նշված դեպքում, չվճարված խնամքի նպաստը վճարվում է, եթե դիմումը ներկայացնում է ծնողը կամ այլ անձ, ով ներկայացրել է ծնողի տված՝ նոտարական կարգով վավերացրած լիազորագիրը:

38. Սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում չվճարված խնամքի նպաստը վճարվում է դիմումը ներկայացնելու օրվան նախորդող վեց ամսվա ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք:

39. Եթե անձի խնամքի արձակուրդը սկսվել է 2015 թվականին և 2016 թվականին նա դիմում է խնամքի նպաստ նշանակելու համար, ապա երեխայի խնամքի նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման

 

Օրինակելի ձև

խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելու

ծառայությունների մատուցման պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

քաղ. Երևան

 ____ _____________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին), ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ___________________ -ի, ով գործում է 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և _________________________ ընկերությունը՝ ի դեմս ________________________-ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ բանկ) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) նպաստ՝ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 27-րդ հոդվածով սահմանված խնամքի նպաստ.

2) ծնող՝ օրենքի 27-րդ հոդվածում նշված ծնող, որդեգրող կամ խնամակալ, ում նշանակվում և վճարվում է նպաստը:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

2. Սույն պայմանագրով բանկը պարտավորվում է լիազոր մարմնից ընդունել և ծնողի բանկային հաշիվ մուտքագրել նպաստի գումարը՝ ըստ լիազոր մարմնի ներկայացրած՝ սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ՝ վճարման ցուցակ):

3. Սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակվում է, լիազոր մարմնի կողմից պահանջագրերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վճարային հաղորդագրության տեսակների միջոցով:

4. Պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակվում է փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում:

5. Ծնողի բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարները տնօրինելու, ինչպես նաև բանկային հաշիվ բացելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բանկային հաշվի պայմանագրով:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Կողմերն իրավունք ունեն՝

1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) իրականացնելու օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

7. Բանկը պարտավոր է՝

1) նպաստի գումարը, համաձայն վճարման ցուցակի, ծնողի բանկային հաշվին մուտքագրել ոչ ուշ, քան դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում, եթե ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ բանկային հաշվի պայմանագրով.

2) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա ծնողի բանկային հաշվից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել ավելի վճարված նպաստի գումարները՝ լիազոր մարմնին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի (իսկ ծնողի բանկային հաշվում բավարար միջոցների բացակայության դեպքում՝ նաև փոխանցման ենթակա, սակայն չփոխանցված գումարի) մասին՝ համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ: Բանկը պատասխանատվություն չի կրում սխալ վճարված գումարների համար, եթե դրանք հաշվից ելքագրվել են մինչև պահանջագիրն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

8. Լիազոր մարմինը պարտավոր է՝

1) տվյալ ամսվա վճարման ցուցակը բանկին տրամադրելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ բանկի հաշվին փոխանցել վճարման ենթակա ամբողջ գումարը.

2) օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը.

3) սույն պայմանագրով սահմանված դեպքերում բանկին ներկայացնել սահմանված ձևով պահանջագիր:

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

9. Սույն պայմանագրում նշված ծառայությունները բանկը լիազոր մարմնին մատուցում է անվճար:

 

V. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում՝ բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Վեճերի ու տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կողմերը պարտավոր են գործել սույն պայմանագրի համաձայն:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

13. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

14. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

15. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:

16. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

_______________________________
_______________________________

Գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական N 3 շենք

 

 Գտնվելու վայրը՝ 
 ___________________________
 ___________________________

Հեռ. _____________________   Հեռ. _____________________
Էլ. փոստ _____________________   Էլ. փոստ ____________________
    ՀՎՀՀ _____________________

Նախարար __________________________
   (անունը, ազգանունը)

 

__________________________________
 (համապատասխան լիազորություններով օժտված անձի պաշտոնը, անունը, ազգանունը)


-----------------------------------------
(ստորագրությունը)

 


-----------------------------------------
(ստորագրությունը)

 

 Հավելված N 1

խնամքի նպաստի վճարման ծառայությունների

մատուցման պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Բանկի անվանումը

2. Ծնողի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

3. Ծնողի բանկային հաշվի համարը

4. Ծնողին վճարման ենթակա նպաստի գումարը (այդ թվում՝ տվյալ ամսվան նախորդող ժամանակահատվածի համար)՝ ըստ ժամանակահատվածի

5. Վճարման ենթակա ընդհանուր գումարի չափը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման

 

Օրինակելի ձև

խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելու

ծառայությունների մատուցման պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

քաղ. Երևան

____ _____________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին), ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ___________________ -ի, ով գործում է 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և ___________________________ վճարահաշվարկային կազմակերպությունը, ի դեմս  _____________________________ -ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ կատարող) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) նպաստ՝ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 27-րդ հոդվածով սահմանված խնամքի նպաստ.

2) ծնող՝ օրենքի 27-րդ հոդվածում նշված ծնող, որդեգրող կամ խնամակալ, ում նշանակվում և վճարվում է նպաստը:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

2. Սույն պայմանագրով կատարողը պարտավորվում է իր բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարները, ըստ պատվիրատուի կողմից ներկայացված՝ սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ՝ վճարման ցուցակ), մինչև տվյալ ամսվա 20-ը տրամադրել ծնողին կամ այլ անձի:

3. Կատարողը սույն պայմանագրի 2-րդ կետով սահմանված ծառայությունը մատուցում է ծնողի բնակության վայրի հասցեում կամ իր սպասարկման գրասենյակում:

4. Կատարողի (նրա աշխատողի) գործողությունների կամ անգործության հետևանքով պետությանը կամ այլ անձանց պատճառած նյութական վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման:

5. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը կատարողի կողմից մատուցված է համարվում նախորդ ամսվա ընթացքում նպաստի գումարների վճարման արդյունքների մասին սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեղեկատվություն պարունակող փոխադարձ հաշվարկների ակտի (այսուհետ՝ փոխադարձ հաշվարկների ակտ) հաստատման պահից:

6. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Կողմերն իրավունք ունեն՝

1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) իրականացնելու օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

8. Կատարողն իրավունք ունի սույն պայմանագրով սահմանված կարգով ստանալու ծառայությունների մատուցման միջնորդավճարի գումարը:

9. Պատվիրատուն իրավունք ունի՝

1) ցանկացած ժամանակ ստուգելու կատարողի մատուցած ծառայությունների ընթացքը և որակը՝ առանց միջամտելու կատարողի գործողություններին.

2) կատարողից պահանջելու անհապաղ վերացնել հայտնաբերված թերությունները:

10. Կատարողը պարտավոր է՝

1) տվյալ ամսվա նպաստի գումարներն իր հաշվի համարին մուտքագրվելու և վճարման ցուցակն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից սկսած՝ ապահովել ծառայության մատուցումն իր սպասարկման գրասենյակում.

2) նպաստի գումարը ծնողին տրամադրելու նպատակով ծնողի բնակության վայրի հասցե այցելել առնվազն 2 անգամ (եթե առաջին այցելության արդյունքում հնարավոր չի եղել նպաստի գումարը տրամադրել ծնողին).

3) նպաստի գումարը տրամադրել բացառապես վճարման ցուցակում ներառված անձին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

4) նպաստի գումարի վճարումը դադարեցնելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ պատվիրատուին տրամադրել նախորդ ամսվա վճարման արդյունքների մասին տեղեկատվությունը, իսկ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ՝ փոխադարձ հաշվարկների ակտը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել իր բանկային հաշվին փոխանցված, սակայն վճարման ցուցակում ներառված անձանց չտրամադրված նպաստի գումարները.

5) պատվիրատուի պահանջով տրամադրել անձնավորված տեղեկատվություն նպաստի գումարը վճարման ցուցակում ներառված անձին տրամադրելու մասին:

11. Պատվիրատուն պարտավոր է՝

1) տվյալ ամսվա վճարման ցուցակը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ կատարողի հաշվին փոխանցել վճարման ենթակա գումարը՝ ըստ պատվիրատուի և կատարողի փոխադարձ համաձայնությամբ սահմանված համամասնությունների.

2) փոխադարձ հաշվարկների ակտը հաստատելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում կատարողին փոխանցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների միջնորդավճարի գումարը:

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

12. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար:

 

V. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում՝ բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Վեճերի ու տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կողմերը պարտավոր են գործել սույն պայմանագրի համաձայն:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

16. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

17. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

18. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:

19. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

_______________________________
_______________________________

Գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական N 3 շենք

 

 Գտնվելու վայրը՝
 ___________________________
 ___________________________

Հեռ. _____________________   Հեռ. _____________________
Էլ. փոստ _____________________   Էլ. փոստ ____________________
    ՀՎՀՀ _____________________

Նախարար

 __________________________
(անունը, ազգանունը)

 

__________________________________
(համապատասխան լիազորություններով օժտված անձի պաշտոնը, անունը, ազգանունը)


-----------------------------------------
(ստորագրությունը)

 


-----------------------------------------
(ստորագրությունը)

 

Հավելված N 1

խնամքի նպաստը կանխիկ

եղանակով վճարելու ծառայությունների

մատուցման պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Վճարահաշվարկային կազմակերպության անվանումը

2. Ծնողի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում՝ ծնողի փոխարեն նպաստն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

3. Ծնողի հաշվառման (հաշվառման) վայրի հասցեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի

4. Վճարման ցուցակում ներառված անձին վճարման ենթակա նպաստի գումարը (այդ թվում՝ տվյալ ամսվան նախորդող ժամանակահատվածի համար)՝ ըստ ժամանակահատվածի

5. Վճարման ենթակա ընդհանուր գումարի չափը

 

Հավելված N 2

խնամքի նպաստը կանխիկ

եղանակով վճարելու ծառայությունների

մատուցման պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Ամիսը, որի ընթացքում իրականացվել են նպաստի վճարումները

2. Նպաստ ստացած անձանց թիվը

3. Վճարված նպաստի գումարը

4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (փոխանցված) փոխանցման ենթակա՝ իր բանկային հաշվին փոխանցված, սակայն վճարման ցուցակում ներառված անձանց չտրամադրված գումարների հանրագումարը

5. Մատուցված ծառայությունների միջնորդավճարի գումարը

6. Կողմերի վավերապայմանները, կնիքները և լիազորված անձանց անունները, ազգանուններն ու ստորագրությունները

7. Փոխադարձ հաշվարկների ակտը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան