ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Կարևորելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդումը, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի ընդհանուր ղեկավարումը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության վրա:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ պետի տեղակալը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետը:
2. Քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպումը, անմիջական ղեկավարումը և վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:
3. Հայաստանի Հանրապետության նախարարները, պետական վարչությունների պետերը, գերատեսչությունների ղեկավարները, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահները, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից) ղեկավարներն ի պաշտոնե հանդիսանում են համապատասխան պետական մարմնի, տարածքի, օբյեկտի քաղաքացիական պաշտպանության պետը և պատասխանատվություն են կրում քաղաքացիական պաշտպանության պատրաստականության համար:
Քաղաքացիական պաշտպանության պետը համապատասխան պետական մարմնում, տարածքում, օբյեկտում քաղաքացիական պաշտպանության ամենօրյա գործունեության իրականացման և ղեկավարման նպատակով ստեղծում է քաղաքացիական պաշտպանության շտաբ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
ա) եռամսյա ժամկետում հաստատել`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության մասին կանոնադրությունը,
արտակարգ իրավիճակների կանխման և վերացման Հայաստանի Հանրապետության միասնական համակարգի մասին կանոնադրությունը.
բ) 1995 թվականի ընթացքում սահմանված կարգով ներկայացնել «Բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|