Գլխավոր տեղեկություն
Համար
N 340-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2014-25.11.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065) Հոդ.269
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.08.2014
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014402

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 օգոստոսի 2014 թ.

ք. Երևան

N 340-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 274-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների պայմանագրային և տնօրինելի հզորությունների սահմանման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորությունների սահմանման սկզբունքները հաստատելու մասին» N 274-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

 

Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
 2014 թ. օգոստոսի 27-ի
N 340-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների համար առուվաճառքի պայմանագրային և տնօրինելի հզորությունների սահմանման ընթացակարգն ու պայմանները:

2. Սույն կարգը տարածվում է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց վրա, որոնց մասնակցությունը էլեկտրական էներգիայի և հզորության հաշվեկշռում կարգավարվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի կողմից (այսուհետ՝ Արտադրող): Սույն կարգի իմաստով Արտադրողներն են՝

1) օրական կարգավորում ունեցող հիդրոէլեկտրակայանները և հիդրոէլեկտրակայանների համալիրները,

2) ջերմային էլեկտրակայանները, որոնց աշխատանքն ամբողջությամբ չի թելադրվում ջերմային էներգիայի սպառումով,

3) ատոմային էլեկտրակայանը:

3. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են՝

1) Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) Համակարգի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձ.

3) Հաշվարկային կենտրոն՝ հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

4) Բաշխող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձ.

5) Պայմանագիր՝ Արտադրողի և Բաշխողի միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանները.

6) Պայմանագրային հզորություն՝ Պայմանագրում ամրագրվող ամսական հզորությունն է, որը որոշվում է որպես Համակարգի օպերատորի կողմից ներգրավված սարքավորումների անվանական հզորությունների գումար՝ առանց տվյալ ամսում նորոգման դուրս բերված սարքավորումների անվանական հզորությունների գումարի.

7) Տնօրինելի հզորություն՝ Համակարգի օպերատորի կողմից կարգավարման ենթակա առավելագույն հզորությունն է, որը որոշվում է Պայմանագրային հզորությունից նվազեցնելով բնակլիմայական գործոններով (արտաքին օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման վայրի բարձրություն)՝ ջերմային և ատոմային կայաններում, ջրի ելքով ու էջքով՝ հիդրոէլեկտրակայաններում և հիդրոէլեկտրակայանների համալիրներում, ինչպես նաև հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ, ջերմային բեռնվածքով և մնացորդային գոյապաշարներով պայմանավորված հզորությունների սահմանափակումները:

4. Սույն կարգի 3-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված սահմանափակումները, ինչպես նաև տեխնիկական նվազագույն հզորությունների մակարդակները հավաստում է անկախ փորձագիտական կազմակերպությունը՝ դրանցում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում:

5. Արտադրողը յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 15-ը, Համակարգի օպերատորին է ներկայացնում՝

1) հաջորդ տարվա էլեկտրական հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը (տնօրինելի հզորություն, նվազագույն հզորություն, հզորության զարգացման և նվազեցման արագություններ),

2) հիդրոէլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների համալիրների դեպքում՝ բնական հոսքի հաջորդ տարվա կանխատեսումները և ոռոգման ռեժիմների հաջորդ տարվա պլանը:

6. Արտադրողը յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 15-ը, Համակարգի օպերատորի համաձայնությանն է ներկայացնում վերջինիս օպերատիվ կառավարման և օպերատիվ վարման ներքո գտնվող սարքավորումների` այդ թվում նաև՝ ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների, նորոգումների հաջորդ տարվա գրաֆիկները:

7. Համակարգի օպերատորը սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված տեղեկատվության հիման վրա հաշվարկում է էլեկտրական էներգիայի արտադրության ռեժիմները և անհրաժեշտ պահուստային հզորությունները՝ ելնելով նվազագույն ծախսումներով ներքին պահանջարկը բավարարելու, ինչպես նաև համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներն ապահովելու պայմաններից, որի արդյունքում, Համակարգի օպերատորը Պայմանագրային հզորությունները հաշվարկելիս կարող է Արտադրողին ներկայացնել Պայմանագրային հզորությունների կազմում ընդգրկված սարքավորումների նորոգման ժամկետների փոփոխության պահանջ:

8. Համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարի՝ մինչև նոյեմբերի 20-ը, Արտադրողին է ներկայացնում, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համաձայնեցված, հաջորդ տարվա Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների փոխհամաձայնեցված տարբերակը:

9. Արտադրողը յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 1-ը, Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Համակարգի օպերատորի հետ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ժամկետում համաձայնեցված՝ հաջորդ տարվա Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն հավելվածի:

10. Համակարգի օպերատորի և Արտադրողի միջև Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների, սարքավորումների նորոգման ժամկետների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում՝

1) Համակարգի օպերատորը սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ժամկետում Արտադրողին և Հանձնաժողովին ներկայացնում է Պայմանագրային հզորության կազմում ընդգրկված սարքավորումների նորոգման ժամկետների վերաբերյալ իր առաջարկությունները.

2) Արտադրողը սույն կարգի 9-րդ կետով նախատեսված ժամկետում Հանձնաժողով է ներկայացնում իր և Համակարգի օպերատորի կողմից առաջարկվող Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

11. Հանձնաժողովը սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված տեղեկատվության հիման վրա հաստատում է Արտադրողների հաջորդ հաշվարկային տարվա Պայմանագրային և Տնօրինելի հզորությունները, որոնք պետք է ընդգրկվեն էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերում:

12. Հանձնաժողովի կողմից հաստատված Պայմանագրային և Տնօրինելի հզորությունները՝ սարքավորումների նորոգման ժամկետների փոփոխությամբ պայմանավորված, ընթացիկ տարում կարող են վերանայվել Արտադրողի, Բաշխողի և Համակարգի օպերատորի փոխադարձ համաձայնությամբ՝ պայմանով, որ չփոխվի տարեկան գումարային Պայմանագրային հզորությունը:

13. Արտադրողի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային պարտավորությունները համարվում են կատարված, եթե տվյալ ամսվա Պայմանագրային հզորությունների կազմում ընդգրկված սարքավորումները տեխնիկապես սարքին վիճակում գտնվում են Համակարգի օպերատորի տրամադրության տակ և պատրաստ են զարգացնել նրա կողմից պահանջվող հզորությունը։

14. Պայմանագրային հզորությունները ենթակա են վճարման Արտադրողի համար երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի դրույքի և հզորության ամսական վճարի սահմանման դեպքում: Վճարման ենթակա հզորությունը հաշվառում է Հաշվարկային կենտրոնը: Եթե հաշվարկային ամսվա համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Արտադրողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա վճարման ենթակա Պայմանագրային հզորությունը հաշվառվում է համաձայն Պայմանագրի:

15. Արտադրողի սարքավորումների կամ շինությունների՝ սույն կարգի 3-րդ կետի 7-րդ ենթակետում նշված գործոններով չպայմանավորված, անսարքությունների կամ վառելիքի անբավարար քանակի պատճառով Տնօրինելի հզորության սահմանափակումները համարվում են Պայմանագրային հզորության խախտում և համապատասխան չափով ենթակա չի վճարման:

 

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի օգոստոսի

27-ի N 340-Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների

 պայմանագրային և տնօրինելի հզորությունների սահմանման կարգի

 

___________________________________________________
(ընկերության անվանումը)

Պայմանագրային և տնօրինելի հզորությունները 20___ թվականին

N

Ամիսներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Ամսաթիվ

1-31

1-28 (29)

1-31

1-30

1-31

1-30

1-31

1-31

1-30

1-31

1-30

1-31

1.

Պայմանագրային հզորություն, այդ թվում
(ըստ կայանների և ըստ սարքավորումների)՝

                       

1)

                         

2)

                         

2.

Պլանային նորոգման հանվող հզորությունները, այդ թվում՝

                       

1)

                         

2)

                         

3.

Գումարային սահմանափակումներ, այդ թվում՝

                       

1)

Բնակլիմայական պայմաններից հզորության սահմանափակումներ

                       

2)

Ջերմային բեռնվածքով պայմանավորված սահմանափակումներ

                       

3)

Սարքավորումների մաշվածությամբ պայմանավորված սահմանափակումներ

                       

4.

Տնօրինելի հզորություն կոնդեսացիոն ռեժիմում, այդ թվում՝

                       

1)

                         

2)

                         

5.

Տնօրինելի հզորություն ջերմաֆիկացիոն ռեժիմում, այդ թվում՝

                       

1)

                         

2)

                         

1. Սույն հավելվածի՝ աղյուսակի սյունակները կարող են տրոհվել բաղկացուցիչ մասերի՝ ըստ օրերի:

2. Եթե սույն հավելվածի՝ աղյուսակի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված բնակլիմայական պայմաններից հզորության սահմանափակումներն ավելի մեծ են, քան նույն կետի 3-րդ ենթակետում նշված սարքավորումների մաշվածությամբ պայմանավորված սահմանափակումները, ապա սարքավորումների մաշվածությամբ պայմանավորված սահմանափակումները հաշվի չեն առնվում:

3. Տեխնիկական նվազագույն հզորություն _________ ՄՎտ (լրացվում է ըստ անհրաժեշտության):