Գլխավոր տեղեկություն
Համար
N 905-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.04/48(988) Հոդ. 825
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2013 թվականի N 905-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԷԼԻՏԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 971-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում 2013 թվականի աշնանացանի համար Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը՝ համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, կնքելով գործակալության պայմանագիր, լիազորել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`

1) կազմակերպել Հայաստանի Հանրապետության 2012-2017 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրի շահառուներից մինչև 180 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի ձեռքբերումը` 1 կիլոգրամը 210 դրամով, և հատկացումը 2013 թվականի աշնանացանի համար ծրագրում ընդգրկված շահառուներին.

2) կազմակերպել 2012 թվականի աշնանացանի համար ծրագրում ընդգրկված շահառուներից և «Գյումրու սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից կանխատեսվող 2540 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ձեռքբերումը` 1 կիլոգրամը 190 դրամով, և այն ծրագրի շրջանակներում կանխատեսվող՝ վերադարձվելիք 1274 տոննա սերմացուի հետ միասին (2540+1269.2=3809.2), սույն որոշման հավելվածով սահմանված չափաքանակներով հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր` սերմացուների հանձնման և ընդունման աշխատանքները նախատեսելով համապատասխան մարզկենտրոններում.

3) ծրագիրը 2013 թվականին իրականացնելու համար օգտագործել մինչև 142000,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվից և նախորդ տարիներին ծրագրի իրականացման արդյունքում խնայված միջոցներից:

(2-րդ կետը լրաց., փոփ. 26.09.13 N 1033-Ն)

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) համայնքների ղեկավարների միջոցով ապահովել սերմացուների տեղափոխումը համապատասխան համայնքներ.

2) 2014 թվականի բերքահավաքից հետո ապահովել սույն որոշման հավելվածի համաձայն ստացած սերմերի գումարների հավաքագրումը` 1 կիլոգրամի համար 80 դրամով` 1:2 փոխհարաբերությամբ, և փոխանցումը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, օգոստոսի 10-ին, 11-ին, Լոռու մարզում մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարությունից տուժած համայնքների աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած հողօգտագործողներից:

(3-րդ կետը լրաց. 17.07.14 N 790-Ն)(3-րդ կետի ինկորպորացիան ներառում է նաև 18.09.14 N 1016-Ն-ի 1-ին կետի 2-րդ ենթակետի լրացումը, որ կատարվել է 17.07.14 N 790-Ն որոշման 3-րդ կետում:)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշման հավելվածի «2013 թվական» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2013 թվական

 

2013 թվականին նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել 440 և Հայաստանի Հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից` մինչև 180 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, իսկ Հայաստանի Հանրապետության 2012-2017 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է 1:2 փոխհարաբերությամբ հետ ստանալ 40 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը մինչև 660 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 2200 հեկտար տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում առավելություն տալով խոշոր հողատարածք ունեցողներին` էլիտային վերարտադրության սերմացուն կհատկացվի շահառուներին, 1:2 փոխհարաբերությամբ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու վերադարձնելու պայմանով` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի վերադարձի պայմանները: Սերմացուի հատկացումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:

Արդյունքում, 2014 թվականին ակնկալվում է հետ ստանալ մինչև 1320 տոննա (660 x 2) առաջին վերարտադրության սերմացու, որը պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:

Սերմացուները 1:2 փոխհարաբերությամբ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած քանակությունը կտնօրինվի վերջիններիս կողմից` ըստ իրենց հայեցողության:

2014 թվականին նախատեսվում է ծրագրում ընդգրկված շահառուներից վերադարձված` մինչև 1320 տոննա և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված պահանջարկի հիման վրա գնված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն` 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով վերադարձնելու պայմանով հատկացնել հողօգտագործողներին, առավելագույնը մինչև 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Վերադարձված` մինչև 1320 տոննա և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված պահանջարկի հիման վրա գնված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պայմանագրային հիմունքներով հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին:

2014 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով մինչև 1320 տոննա և իրենց պահանջարկի հիման վրա գնված առաջին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի հողօգտագործողներին, առավելագույնը մինչև 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2015 թվականին բերքահավաքից հետո ապահովելով սերմերի գումարների հավաքագրումը` 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով, և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին փոխանցումը:

Պարենային ցորենի արժեքը կսահմանվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

5. Սահմանել, որ 2013 թվականի աշնանացանի համար 3809.2 տոննա ցորենի առաջին վերարտադրության սերմացուները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` պայմանագրային հիմունքներով մարզպետարաններին են հատկացվում 2014 թվականի բերքահավաքից հետո` յուրաքանչյուր կիլոգրամի համար 80 դրամ` 1:2 փոխհարաբերությամբ վերադարձնելու պայմանով:

(5-րդ կետը փոփ. 26.09.13 N 1033-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
 փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 28

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 22-ի N 905-Ն որոշման

 

 Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ` ՀԱՄԱՁԱՅՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ

Մարզի անվանումը

Հատկացվող սերմացուի քանակը
(տոննա)

Արագածոտն

200

Արարատ

175

Արմավիր

156

Գեղարքունիք

400.2

Լոռի

335

Շիրակ

1335

Սյունիք

770

Վայոց ձոր

88

Տավուշ

350

Ընդամենը

3809.2

(հավելվածը խմբ. 26.09.13 N 1033-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

 Վ. Գաբրիելյան