ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2014 թվականի N 183-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ներկայացուցիչների հետ համատեղ քանդման ենթակա անշարժ գույքի համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ռազմական ավանների տարածքներում գտնվող անշարժ գույքի օբյեկտները հաշվառումից հանելու, քանդելու և այդ նպատակով առաջարկություններ ու այլ անհրաժեշտ փաստաթղթերի նախագծեր ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Հանձնարարել սույն որոշման հավելվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և առաջարկել Երևանի քաղաքապետին ու Գյումրու քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել ներկայացուցիչների (ստորաբաժանման ղեկավարի կամ տեղակալի մակարդակով) վերաբերյալ տեղեկատվություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի կազմակերպչական նիստը, որի ընթացքում սահմանել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության հետ կապված հարաբերությունները:
5. Միջգերատեսչական հանձնաժողովին՝
1) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ներկայացուցիչների հետ համատեղ հստակեցնել անշարժ գույքի օբյեկտների ցանկը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմական ավանների տարածքում և ենթակա են քանդման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատրաստել քանդման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (ապամոնտաժման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ)՝ հաշվի առնելով պատմական նշանակության օբյեկտների անձեռնմխելիությունը և ռուսական կողմի հետ համաձայնեցնելով՝ կարգավորել դրանց ապամոնտաժման մեխանիզմները և ապամոնտաժումից հետո մնացած գույքի տնօրինման խնդիրը.
2) կատարած աշխատանքների վերաբերյալ ստորագրված արձանագրությունը և հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 14 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 14-ի N 183-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Գյումրու քաղաքապետարան (համաձայնությամբ)
Շիրակի մարզպետարան
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |