Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1125
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.27/63(1003).1 Հոդ.1124.2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.11.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 նոյեմբերի 2013 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 13.11.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերի 8-ին` «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ծրագրի ներքո «Մրցունակության հզորացում» և «Ֆիսկալ, սոցիալական և բնապահպանական կայունության ամրապնդում» ուղղություններն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությանը 41.000.000 (քառասունմեկ միլիոն) ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու նպատակով: Վարկի փակման ամսաթիվը 2014 թվականի մարտի 31-ն է:

 

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մաս են կազմում երկու առդիր, մեկ հավելված և լրացուցիչ նամակ, որոնցով սահմանված են Ծրագրի գործողությունները, վարկի միջոցների հասանելիությունը, վարկի մարման ժամանակացույցն ու սահմանումները և ֆինանսական ու տնտեսական պայմանները:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 հայտնել Ծրագրի և դրա իրականացման նկատմամբ իր հանձնառության մասին,

● մյուս կողմի հետ կարծիքներ փոխանակել մակրոտնտեսական քաղաքականության դաշտի և Ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ, ինչպես նաև մյուս կողմի քննարկմանն ու դիտարկմանը ներկայացնել Ծրագրի առաջընթացի մասին հաշվետվություն,

● մյուս կողմին անհապաղ տեղեկացնել ցանկացած այնպիսի իրավիճակի մասին, որը կարող է բացասական նյութական ազդեցություն ունենալ Ծրագրի նպատակների նկատմամբ,

● վարկի միջոցները չօգտագործել անընդունելի ծախսերի ֆինանսավորման համար,

● պահպանել վարկի շրջանակներում կատարված ծախսերը հավաստող բոլոր փաստաթղթերը վարկի փակման օրվանից երկու տարվա ընթացքում:

 

4. Համաձայնագրով սահմանված են նաև վարկի գումարի մասհանման կարգն ու պայմանները, վարկի փակման ամսաթիվը, համաձայնագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև այն ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները, որոնք համահունչ են միջազգային իրավական ակտերին ներկայացվող պահանջներին:

 

5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա ֆինանսավորման համաձայնագիրը բազմաբնույթ ծրագրային նպատակներից ելնելով պահանջում է համալիր վերահսկողություն` ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումն ապահովելու առումով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2013 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

19 նոյեմբերի 2013 թ.

ՍԴՈ-1125