Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1088
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2013.04.26/15(23) Հոդ.428
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

30 ապրիլի 2013 թ.

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 05.04.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա Համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում` կողմերի միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում փոխհամագործակցությունը կանոնակարգելու, ինչպես նաև փոխօգնության տրամադրման և համատեղ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով:

 

2. Համաձայնագրով սահմանված են կողմերի համագործակցության ոլորտները, համատեղ հետազոտությունների իրականացման և արդյունքների հրապարակման կարգը, ինչպես նաև այդ արդյունքները երրորդ կողմին փոխանցելու կարգն ու պայմանները:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

Համաձայնագրի իրականացման ընթացքում առաջնորդվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային իրավունքի համընդհանուր նորմերով և սկզբունքներով,

 Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո որոշել իրավասու մարմինների շրջանակը, որոնք պետք է իրականացնեն Համաձայնագրի դրույթներից բխող գործառնություններ,

 առանձին համաձայնագրերով տեղեկատվություն փոխանակել գիտական և տեխնիկական նոր նվաճումների վերաբերյալ սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր բնագավառներում,

 կազմակերպել համատեղ հետազոտությունների արդյունքների հրատարակում, մասնակցել համատեղ միջազգային նախագծերին և ծրագրերին,

 յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ գրավոր համաձայնեցնել ֆինանսավորման աղբյուրները,

 համատեղ աշխատանքների իրականացման արդյունքները երրորդ կողմին փոխանցել միայն մյուս կողմի համաձայնության դեպքում:

 

4. Համաձայնագրով սահմանված են դրանում փոփոխությունների և լրացումների կատարման կարգը, Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների լուծման կարգն ու պայմանները: Համաձայնագիրը սահմանում է նաև դրա գործողության ժամկետն ու երկարացման, ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման կարգն ու պայմանները:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

30 ապրիլի 2013 թ.

ՍԴՈ-1088

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան