ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0448/02/11 2012 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0448/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան | |
Դատավորներ` Ն. Բարսեղյան |
|
Ն. Տավարացյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2012 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Պապիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2012 թվականի որոշման դեմ` ըստ Մարիամ Պետրոսյանի հայցի ընդդեմ Վարդան Պապիկյանի, երրորդ անձ Հայկ Գրիգորյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մարիամ Պետրոսյանը պահանջել է Վարդան Պապիկյանից բռնագանձել 10.800.000 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով 29.04.2011 թվականից սկսած մինչև պահանջված գումարի լրիվ վճարումն ընկած ողջ ժամանակահատվածի համար իրականացնել 10.800.000 ՀՀ դրամից հաշվարկված տոկոսների գանձում:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բարսեղյան) (այսուհետ` Դատարան) 01.02.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.05.2012 թվականի որոշմամբ Վարդան Պապիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.02.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Պապիկյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարիամ Պետրոսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 135-րդ, 176-րդ, 301-րդ, 302-րդ, 345-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 105-րդ, 123-րդ, 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պարտավորության առկայություն վկայակոչող կողմը պարտավոր է դատարանին և գործին մասնակցող անձանց բացահայտել պարտավորության ծագման հիմքը: Սույն գործով Մարիամ Պետրոսյանը, վկայակոչելով գումարի բռնագանձման պարտավորությունը, որևէ կերպ չի նշել, թե ինչի հիման վրա է ծագել Վարդան Պապիկյանի` Մարիամ Պետրոսյանին 10.800.000 ՀՀ դրամ տրամադրելու պարտավորությունը: Ավելին, տվյալ դեպքում բացակայում է որևէ պարտավորության ծագման հիմքը, որի բացառումն ինքնին առարկայազուրկ է դարձնում պարտավորության կատարման պարտականությունը: Բացի այդ, Մարիամ Պետրոսյանը, վկայակոչելով բազմաթիվ հոդվածներ, որևէ կերպ չի հիմնավորել դրանք: Ընդհանրացված կերպով փաստարկելով գումարի բռնագանձման պահանջը` վերջինս չի կատարել հիմնական նյութաիրավական փաստի հաստատման վերաբերյալ իր ապացուցման պարտականությունը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Մարիամ Պետրոսյանի ներկայացուցիչները միջնորդել են Դատարանին Հայկ Գրիգորյանին ներգրավել որպես երրորդ անձ, որպիսի միջնորդությունը Դատարանը բավարարել է: Մինչդեռ, Դատարանը որևէ կերպ նույնիսկ փորձ էլ չի կատարել նշված միջնորդության վերաբերյալ Վարդան Պապիկյանի դիրքորոշումը պարզելու համար, իսկ Վերաքննիչ դատարանն էլ վերոգրյալ խախտմանը վերաբերող վերաքննիչ բողոքի պատճառաբանություններին որևէ կերպ չի անդրադարձել: Վերաքննիչ բողոքի այդ հիմքին փոխկապակցված` Դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը և ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վարդան Պապիկյանը 12.07.2011 թվականին ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում, որով վիճարկում է իր և Հայկ Գրիգորյանի միջև 10.02.2011 թվականին կնքված պայմանագիրը վավերացնող նոտարի գործողությունները, և նշված գործի ու սույն գործի միջև ակնհայտորեն առկա է փոխադարձ կապ, որը միաժամանակ անհնարին է դարձնում սույն գործի քննությունը: Մինչդեռ, Դատարանը չի կասեցրել սույն գործի վարույթը` չնայած դրա վերաբերյալ առկա միջնորդությանը, որպիսի խախտումն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով պայմանագրին, չի հետազոտել Վարդան Պապիկյանի կողմից ներկայացված պարտավորագիրը և չի անդրադարձել վերջինիս հիմնավորումներին` կապված Դատարանի կողմից կատարված խախտումներին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Վարդան Պապիկյանի կողմից Մարիամ Պետրոսյանի անունից Հայկ Գրիգորյանի հետ կնքված պայմանագիրը պետական գրանցման չի ներկայացվել, հետևաբար օրենքի ուժով այդ գործարքն առոչինչ է: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, ինչպես նաև Դատարանը, առանց հաշվի առնելու նշված գործարքի առոչինչ լինելը, Վարդան Պապիկյանից բռնագանձել են 10.800.000 ՀՀ դրամ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 25.05.2012 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումներում անդրադարձել է ապացուցման բեռի բաշխման կանոններին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն ապացուցման բեռի բաշխում չի իրականացնում, այլ վերաքննիչ բողոքը քննում է ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքում չէր բարձրացրել Դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխման կանոնների խախտման հետ կապված որևէ հարց, ինչը նշանակում է, որ այդպիսի հարց չի կարող բարձրացվել նաև վճռաբեկ բողոքում:
Ավելին, Հայկ Գրիգորյանից գումար չստանալու հանգամանքի ապացուցման բեռը կրում էր բողոք բերած անձը, և այդ մասով Վերաքննիչ դատարանի կողմից որևէ խախտում թույլ չի տրվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 09.11.2007 թվականին տրված «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 2479995 վկայականի համաձայն` Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 29 տան նկատմամբ գրանցված է Մարիամ Պետրոսյանի սեփականության իրավունքը: Նույն վկայականի համաձայն` նշված անշարժ գույքը բաղկացած է 54,6քմ մակերեսով բնակելի տնից և 0,00711հա մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից (հատոր 1-ին, գ.թ. 14-16):
2) Մարիամ Պետրոսյանը` 17.01.2009 թվականին տված և նոտարական կարգով վավերացված լիազորագրով, լիազորել է Վարդան Պապիկյանին Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող անշարժ գույքը տնօրինել, տիրապետել, վաճառել ցանկացած գնով ու պայմաններով իր հայեցողությամբ (հատոր 1-ին, գ.թ. 17):
3) Վարդան Պապիկյանի, որը գործում է Մարիամ Պետրոսյանի անունից (Վաճառող), և Հայկ Գրիգորյանի (Գնորդ) միջև 10.02.2011 թվականին կնքված նոտարական կարգով վավերացված «Անշարժ գույքի առուվաճառքի» պայմանագրի 1-ին կետի համաձայն` Վաճառողը վաճառում է, իսկ գնորդը ձեռք է բերում Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող անշարժ գույքը` բաղկացած 54,6քմ ընդհանուր մակերեսով բնակելի տնից և 0,00711հա մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից:
Նույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմում է 10.800.000 ՀՀ դրամ:
Նույն պայմանագրի 7-րդ կետի համաձայն` Գնորդը պարտավոր է անշարժ գույքի վաճառքի արժեքը պայմանագրի կնքման պահին վճարել նույն պայմանագրով սահմանված չափով:
Նույն պայմանագրում Մարիամ Պետրոսյանի լիազորված անձ Վարդան Պապիկյանը կատարել է նշում այն մասին, որ վաճառքի գումարը ստացել է ամբողջությամբ (հատոր 1-ին, գ.թ. 6):
4) Հայկ Գրիգորյանը 10.02.2011 թվականին տված պարտավորագրով պարտավորվել է իր կողմից գնված Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 29 տան դիմաց 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք 10.800.000 ՀՀ դրամը վճարել Վարդան Պապիկյանին կամ Հենրիկ Պապիկյանին նշված տան սեփականության վկայականը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 57):
5) Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 9 տեղամասի լիազոր ներկայացուցչի 29.04.2011 թվականի տեղեկանքի համաձայն` Մարիամ Պետրոսյանը 1988 թվականից մշտական գրանցված բնակվում է Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 29 տանը, որը սեփականության իրավունքով պատկանում է նրան:
Նույն տեղեկանքի համաձայն` այդ տանը բնակվում են Միլենա Ղազարյանը (ծննդյան թիվը` 1985 թվական, ազգակցական կապը տանտիրոջ նկատմամբ` աղջիկը), Դիաննա Մարտիրոսյանը (ծննդյան թիվը` 1988 թվական, ազգակցական կապը տանտիրոջ նկատմամբ` աղջիկը) և Մոնիկա Մարտիրոսյանը (ծննդյան թիվը` 1993 թվական, ազգակցական կապը տանտիրոջ նկատմամբ` աղջիկը) (հատոր 1-ին, գ.թ. 11):
6) ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի 28.09.2011 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշման համաձայն` Հայկ Գրիգորյանը հայտնել է, որ Վարդան Պապիկյանից առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 29 հասցեում տեղակայված անշարժ գույքը, և թեև Վարդան Պապիկյանի ու իր միջև 10.02.2011 թվականին կնքվել է նշված անշարժ գույքը 10.800.000 ՀՀ դրամով ձեռք բերելու պայմանագիր, սակայն ինքը որևէ գումար Վարդան Պապիկյանին դեռևս չի տվել և պայմանավորվել է, որ վերոգրյալ պայմանագրում նշված գումարը կվճարի մեկ տարվա ընթացքում: Նույն որոշմամբ հաստատվել է, որ Վարդան Պապիկյանն անշարժ գույքն անհատույց իրացրել է Հայկ Գրիգորյանին, իսկ վերջինս ձեռք բերված գույքի դիմաց Վարդան Պապիկյանին որևէ գումար չի վճարել (հատոր 1-ին, գ.թ. 117-120):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար:
Նշված նորմից հետևում է, որ անձին իրավունք է վերապահված գործարք կնքել նաև ներկայացուցչի միջոցով, որպիսի պայմաններում քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ են ստեղծվում, փոփոխվում ու դադարեցվում ոչ թե ներկայացուցչի, այլ անմիջականորեն ներկայացվողի համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք 10.02.2011 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Հայկ Գրիգորյանը Վարդան Պապիկյանին վճարել է պայմանագրով նախատեսված գումարը, թե ոչ:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Վարդան Պապիկյանը, հանդես գալով Մարիամ Պետրոսյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա, կնքել է նրան սեփականության իրավունքով պատկանող բնակարանի առուվաճառքի պայմանագիր և ստացել է այդ պայմանագրով սահմանված բնակարանի գինը, հետևաբար Դատարանն իրավացիորեն բավարարել է հայցը` Վարդան Պապիկյանից բռնագանձելով Մարիամ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի առուվաճառքի պայմանագրով սահմանված գումարը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է, որ քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հետևաբար դատարանը տվյալ գործի շրջանակներում պարտավոր է տալ նաև այդ ապացույցների իրավական գնահատականը (տե'ս` ըստ Վարթկես Հագոփյանի հայցի ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի, Ալեքսանդր Դուրգարյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռ. Առաքելյանի` Անահիտ Հակոբջանյանին և նրա ներկայացուցիչ Ալեքսանդր Դուրգարյանին 7-օրյա ժամկետում 25.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վճարելուն պարտավորեցնելու, այլապես գումարը 7-օրյա ժամկետում չվճարելու դեպքում պայմանագիրը լուծված համարելու, Անահիտ Հակոբջանյանի անվամբ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ալեքսանդր Դուրգարյանի ընդդեմ Վարթկես Հագոփյանի` դրամական պարտավորությունը մասնակի կատարած համարելու և պարտքի գումարի չափը նվազեցնելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):
Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի 28.09.2011 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ հաստատվում է, որ Հայկ Գրիգորյանը հայտնել է, որ Վարդան Պապիկյանից առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 29 հասցեում տեղակայված անշարժ գույքը, և թեև Վարդան Պապիկյանի ու իր միջև 10.02.2011 թվականին ստորագրվել է նշված անշարժ գույքը 10.800.000 ՀՀ դրամով ձեռք բերելու պայմանագիր, սակայն ինքը որևէ գումար Վարդան Պապիկյանին դեռևս չի տվել և պայմանավորվել է, որ վերոգրյալ պայմանագրում նշված գումարը կվճարի մեկ տարվա ընթացքում: Նույն որոշմամբ հաստատվել է, որ Վարդան Պապիկյանն անշարժ գույքն իրացրել է Հայկ Գրիգորյանին, իսկ վերջինս ձեռք բերված գույքի դիմաց Վարդան Պապիկյանին որևէ գումար չի վճարել: Բացի այդ, Հայկ Գրիգորյանի կողմից 10.02.2011 թվականին տրված պարտավորագրով ևս հաստատվում է, որ վերջինս պարտավորվել է Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 29 տան դիմաց 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք 10.800.000 ՀՀ դրամը վճարել Վարդան Պապիկյանին կամ Հենրիկ Պապիկյանին տան սեփականության վկայականը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա վերոնշյալ ապացույցներով հերքվում է Վերաքննիչ դատարանի վկայակոչած պատճառաբանությունն այն մասին, որ Վարդան Պապիկյանը, հանդես գալով Մարիամ Պետրոսյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա և կնքելով նրան սեփականության իրավունքով պատկանող բնակարանի առուվաճառքի պայմանագիր, ստացել է այդ պայմանագրով սահմանված բնակարանի գինը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարիամ Պետրոսյանի հայցն անհիմն է և ենթակա է մերժման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ինչ վերաբերում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի, այն է` պետական տուրքի բաշխմանը, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով պետական տուրքերի վճարումները հետաձգվել են, գտնում է, որ դրանք ենթակա են բռնագանձման Մարիամ Պետրոսյանից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2012 թվականի որոշումը և այն փոփոխել. Մարիամ Պետրոսյանի հայցը մերժել:
2. Մարիամ Պետրոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 216.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 324.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 324.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքեր:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |