ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2013 թվականի N 243-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2306-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգը հաստատելու մասին» N 2306-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 243-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:
2. Օգտակար հանածոների հանքավայրի կամ դրա առանձին տեղամասի (այսուհետ` հանքավայր) երկրաբանատնտեսագիտական (արդյունաբերական) գնահատումը (այսուհետ` գնահատում) կոնկրետ հանքավայրի արդյունաբերական նշանակության որոշման և դրա սահմաններում պարփակված օգտակար հանածոների պաշարների հաշվարկման համար անհրաժեշտ կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմանն ուղղված դաշտային և (կամ) աշխատանոցային աշխատանքների համալիր է:
3. Հանքավայրի գնահատումը կատարվում է ընդերքօգտագործողի կողմից դրա շահագործման առավել արդյունավետ եղանակների, տեխնոլոգիաների ու տեխնիկական միջոցների ընտրության, բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման, կապիտալ ներդրումների, շահագործական ծախսերի, եկամուտների, շահույթի և այլ հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների կանխատեսման միջոցով: Նշված խնդիրները լուծվում են հանքավայրի վերաբերյալ գնահատման պահին կուտակված ամբողջ երկրաբանական տեղեկության և հանրապետությունում սոցիալ-տնտեսական արդի պայմանների, շուկայի ընթացիկ վիճակի, գիտության ու տեխնիկայի նվաճումների հաշվառմամբ:
4. Հանքավայրի գնահատումն իրականացվում է ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության (այսուհետ` ուսումնասիրություն) և շահագործման համար տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:
5. Հանքավայրի գնահատումն ուսումնասիրության արդյունքներով եզրափակում է դրա մանրազնին հետախուզման փուլը, և կատարվում է ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:
6. Հանքավայրի գնահատումն ընդերքօգտագործողի ցանկությամբ, անարդյունավետ ծախսերի ռիսկը նվազեցնելու նպատակով, կարող է իրականացվել նաև դրա որոնողագնահատման և (կամ) նախնական հետախուզման փուլերում: Այդ աշխատանքները նույնպես կատարվում են տվյալ հանքավայրի ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:
7. Շահագործվող հանքավայրի գնահատումն իրականացվում է ընդերքօգտագործողի կողմից դրա արդյունաբերական գնահատականը և կոնդիցիաների պարամետրերը` լրահետախուզմամբ և շահագործական հետախուզմամբ համալրված ու ճշգրտված երկրաբանական տեղեկությանը, ինչպես նաև հանրապետության սոցիալ-տնտեսական, բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման և շուկայի արդի պայմաններին, գիտության ու տեխնիկայի ներկայիս մակարդակին համապատասխանեցնելու նպատակով (այսուհետ` վերագնահատում):
8. Լրահետախուզման և շահագործական հետախուզական աշխատանքները շարունակական են և մշտապես ուղեկցում են հանքավայրի շահագործման գործընթացը: Դրանք պետք է նախատեսվեն հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում և իրականացվեն օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:
9. Շահագործվող հանքավայրի վերագնահատման արդյունքները ենթակա են պետական ընդերքաբանական փորձաքննության:
10. Շահագործվող հանքավայրում հանքային հումքի կոնդիցիաները և պաշարները ենթակա են վերագնահատման ոչ ուշ, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |