Գլխավոր տեղեկություն
Համար
N 345-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.12.2012-07.01.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.12.21/13(30) Հոդ.35
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.12.2011
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

9 դեկտեմբերի 2011 թ.

N 345-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) հողամասերն օգտագործման տրամադրելու և օտարման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմանը համապատասխան.

2)  հողամասերի կամ դրանց առանձին հատվածների աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հայտարարում է Երևանի քաղաքապետը, որը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքից.

3) ինքնակամ կառույցների օգտագործման տրամադրելու և օտարման հետ կապված հարաբերությունները` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին» N 12-Ա որոշման, ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմանը համապատասխան.

4) քանդման ենթակա վթարային բնակելի տների և հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացման կամ այդ բնակարանների տնօրինման հետ կապված հարաբերությունները` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևան համայնքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու և Երևանի քաղաքապետին իրավասություններ վերապահելու մասին» N 23-Ա և «Երևան համայնքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու և Երևանի քաղաքապետին իրավասություններ վերապահելու մասին» N 24-Ա որոշումների, ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 172-Ն և 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշումներին համապատասխան:

5) հողամասերի ուղղակի վաճառքի գինը սահմանվում է հողամասի կադաստրային արժեքի չափով,

6) հողամասերն օգտագործման կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մինչև 99 տարի ժամկետով,

7) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման համար հողամասերի ուղղակի վաճառքի դեպքում ձեռք բերողների համար կարող է սահմանվել նաև տարաժամկետ վճարման իրավունք,

8) հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(2-րդ կետը խմբ., լրաց. 11.04.12 N 424-Ն)

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2011 թվականի դեկտեմբերի 9-ի

N 345-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքի (հողամասեր, բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ, շենքեր և շինություններ, ինքնակամ կառույցներ և այլ անշարժ ու շարժական գույք, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակցություն) (այսուհետ` նաև Գույք) օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նպատակաուղղված է Երևան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման և բյուջետային քաղաքականության ուղղություններով սահմանված խնդիրների, ինչպես նաև Երևան համայնքի բնակիչների բնակարանային հարցերի լուծմանը:

2. 2012 թվականի ընթացքում Գույքի օգտագործման տրամադրելու և օտարման հիմնական նպատակներն են.

1) Գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը.

2) Գույքի օտարումից, վարձակալության (կառուցապատման) հանձնելուց ստացված միջոցների հաշվին Երևանի բյուջեում եկամուտների ապահովումն ու ավելացումը:

3. Գույքը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման կամ անհատույց օտարվել միայն Երևան քաղաքի ավագանու որոշմամբ` բացառությամբ Ծրագրի 4-րդ կետի և 35-րդ կետի 4-րդ ենթակետի:

(3-րդ կետը փոփ. 11.04.12 N 424-Ն)

4. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանները, բնակելի տները և բնակելի տարածքները կարող են Երևանի քաղաքապետի որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց փոխանցվել այն անձին (անձանց) կամ ընտանիքներին, որոնք`

1) «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» և «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան հանդիսացել են սեփականաշնորհման (մասնավորեցման) սուբյեկտ և (կամ) վարձակալ, դրանց գործողության ժամանակահատվածում չեն սեփականաշնորհել (մասնավորեցրել) իրենց բնակարանները կամ բնակելի տները, ներկայումս հաշվառված ու մշտապես (փաստացի) բնակվում են այդ բնակարաններում կամ բնակելի տներում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական այլ մարմինների կամ Երևանի քաղաքապետի կամ Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների և կարգադրությունների կամ պետական մասնակցությամբ ընկերությունների (պետական ձեռնարկությունների) կողմից տրամադրված օրդերների (այլ փաստաթղթերի) կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա մշտապես (փաստացի) բնակվում են դրանցում.

3) վերաբնակեցվել են վթարային քանդման ենթակա շենքերից և նորակառույց շենքի բնակարանները տիրապետում և օգտագործում են վարձակալության իրավունքով.

4) բազմազավակ են, ունեն 6 և ավելի երեխաներ, չունեն սեփական բնակարան կամ ունեն բնակպայմանների բարելավման կարիք.

5) հանրապետության մշակութային և տնտեսական զարգացման բնագավառում մեծ ներդրում ունեցող արվեստի, մշակույթի և այլ ոլորտների ականավոր գործիչներ են, որոնք (նրանց ընտանիքների անդամները) չունեն սեփական բնակարան կամ ունեն բնակպայմանների բարելավման կարիք.

6) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած այն անձանց, ովքեր բնակարաններում, բնակելի տներում և բնակելի տարածքներում բնակվում և հաշվառված են (այդ թվում փաստացի) 10 տարվանից ավելի:

5. Սույն ծրագրի իմաստով 4-րդ կետում նշված «բնակպայմանների բարելավման կարիք» ունեցող է համարվում այն անձը (անձինք) կամ ընտանիքը, որոնց ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող բնակելի տանը կամ բնակարանում կամ այլ բնակելի տարածքում մեկ անձին հասանելիք բնակելի տարածքի բաժնեմասը չի գերազանցում 9.0 քառ. մետր մակերեսը և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք (ծնողները, ամուսինը և երեխաները) վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում չեն օտարել բնակելի տուն կամ բնակարան կամ այլ բնակելի տարածք:

6. Երևանի քաղաքապետի Գույք օտարելու որոշմամբ այն ձեռք բերողին կարող է տրվել տարաժամկետ վճարման իրավունք:

7. Գույքի օտարումն իրականացվում է հետևյալ ձևերով`

1) աճուրդ.

2) մրցույթ.

3) ուղղակի վաճառք:

8. Գույքի օտարման ձևի մասին որոշումն ընդունում է Երևանի քաղաքապետը:

9. Գույքը հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս ընտրվում է մրցույթով վաճառքի ձևը, եթե Գույքի գնորդը սեփականության իրավունքի ձեռքբերման հետ մեկտեղ Գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման հետ կապված պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ:

10. Գույքը հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս ընտրվում է աճուրդով վաճառքի ձևը, եթե գնորդից չի պահանջվելու կատարել Ծրագրի 9-րդ կետում նշված պարտավորությունները:

11. Գույքը օտարվում է ուղղակի վաճառքի ձևով`

1) տվյալ Գույքի օգտագործողին.

2) ձեռք բերողներին` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում.

3) այն անձանց, որոնք փաստացի տիրապետում և օգտագործում են իրենց բնակարաններին անմիջապես կից ոչ բնակելի տարածքները, որոնց մուտքերը բացառապես բնակարաններից են և դրանք այլ մուտք չունեն.

4) Ծրագրի 39.1-ին կետով նախատեսված դեպքում:

(11-րդ կետը փոփ., լրաց. 26.06.12 N 464-Ն)

12. Գույքի օտարումից ստացված միջոցներն ուղղվում են Երևան համայնքի բյուջե:

 

II. ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

13. Գույքի գնահատումն իրականացվում է`

1) անշարժ Գույքի դեպքում`«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

2) այլ Գույքի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով կամ անկախ գնահատողի կողմից:

13.1. Անշարժ Գույքի գնահատման դեպքում Գույքի գնահատման ժամկետը մեկ տարի գերազանցելու դեպքում անշարժ Գույքը ենթակա է կրկին գնահատման՝ Ծրագրի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով:

(13.1-ին կետը լրաց. 10.08.12 N 483-Ն)

14. Գույքի օտարման որոշումը պետք է ներառի տեղեկություններ`

1) Գույքի նկարագրության, դրա գնահատման տարեթվի և ամսաթվի մասին.

2) օտարման ձևի, այդ թվում` որպես Գույքի մեկ միավոր կամ որպես Գույքի առանձին տարրեր օտարելու մասին.

3) Գույքն աճուրդով (մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (մրցույթում) Գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին, որը պետք է լինի վերջին կազմակերպված աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 10 տոկոսի չափով.

4) Գույքն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, օտարվող Գույքի վաճառքի գնի, վճարման համար օգտագործվող միջոցների և վճարման ժամկետների մասին.

5) այլ տվյալների մասին:

15. Գույքի մրցույթով օտարման մասին Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են սահմանվել նաև`

1) մրցույթի հաղթողին որոշելու պայմանների գնահատման կշռային գործակիցներ.

2) մրցույթի մասնակիցների նախնական որակավորման պահանջ:

 

III. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

16. Գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում ու անցկացնում է Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 1541-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)՝ որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

(16-րդ կետը լրաց. 16.03.12 N 406-Ն)

17. Աճուրդով Գույքի օտարման դեպքում Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանվում են աճուրդի ձևը, Գույքը ենթակա է օտարման ամբողջությամբ կամ առանձին լոտերով, օտարվող Գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները:

18. Երևանի քաղաքապետի որոշմամբ մրցույթի հաղթողին որոշելու նպատակով կարող են առաջադրվել հետևյալ պայմանները`

1) գինը.

2) ներդրումների չափը.

3) այլ պայմաններ:

19. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և (կամ) Երևանի ենթակայության կազմակերպությունները հանձնաժողովին են ներկայացնում`

1) վաճառքի ենթակա Գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր Գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական, հաշվեկշռային և գնահատված արժեքները` արտահայտված դրամով.

2) տեղեկություններ օտարվող Գույքի վիճակի մասին և այլ տեղեկություններ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և (կամ) Երևանի ենթակայության կազմակերպությունների հայեցողությամբ:

20. Գույքն ուղղակի վաճառքով օտարման ներկայացվելու դեպքում Գույքի վաճառքի գինը սահմանվում է Ծրագրի 13-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Գույքը սույն կետով չօտարվելու դեպքում ենթակա է օտարման` աճուրդով կամ մրցույթով` սույն գլխով սահմանված կարգով:

(20-րդ կետը փոփ. 11.04.12 N 424-Ն)

21. Գույքն աճուրդով կամ մրցույթով օտարման ներկայացվելու դեպքում Գույքի առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է Ծրագրի 13-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի առնվազն 75 տոկոսի չափով, որը որոշվում է հանձնաժողովի կողմից և ամրագրվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ:

(21-րդ կետը փոփ. 16.03.12 N 406-Ն)

22. Գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ կարող է նվազեցվել նախորդ (վերջին) աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի 10 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան Գույքի գնահատված արժեքի 50 տոկոսի չափով:

(22-րդ կետը խմբ. 16.03.12 N 406-Ն)

23. (23-րդ կետն ուժը կորցրել է 16.03.12 N 406-Ն)

24. Ծրագրի 16-րդ կետում նշված հանձնաժողովը Գույքի օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում և (կամ) Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է Գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը` 30-րդ օրվանից ոչ շուտ:

25. Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`

1) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո` եռօրյա ժամկետում.

2) մասնակցության վճար` 10000 դրամ չափով, որը Գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի (մրցույթի) արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով:

26. Աճուրդի (մրցույթի) մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում աճուրդը (մրցույթը) չկայացած համարելու համար:

27. Հրապարակային սակարկությունների (աճուրդ և մրցույթ) անցկացման, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետով նախատեսված դեպքում ինքնակամ կառույցի հրապարակային սակարկություններով օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգերը, սահմանում է Երևանի քաղաքապետը:

 

IV. ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

28. Սույն գլխով կարգավորվում է Գույքի օգտագործման տրամադրելու հարցերը, Գույքի վարձակալության և կառուցապատման վարձավճարների չափերը:

29. Ծրագրի 28-րդ կետում նշված` վարձակալության տրամադրվող Գույքի (տարածքի) ամսական վարձավճարի չափը որոշվում է համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշման:

30. Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի կամ աճուրդի կամ մրցույթի ձևով:

31. Վարձակալության տրամադրվող Գույքի (տարածքի) վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար ներկայացվում են մամուլում և (կամ) Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

32. Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի ձևով, եթե առկա է հետևյալ դեպքերից որևէ մեկը`

1) եթե` համայնքի ինչպես սեփականության իրավունքի պետական գրանցում ունեցող, այնպես էլ սեփականության իրավունքի գրանցում չունեցող անշարժ գույքի վարձակալները (որոնց հետ ստորագրված վարձակալության պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել, կամ այդ պայմանագրերը նոտարական վավերացում ստացել են, սակայն սահմանված ժամկետներում անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցում չեն ստացել) ամբողջությամբ վճարել են կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից հաշվարկված վճարները վճարելու և վարձակալական պայմանագիր կնքելու մասին գրավոր առաջարկություն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կվճարեն հաշվարկված վճարները,

2) եթե տվյալ Գույքի վարձակալը պայմանագրի գործողության ամբողջ ժամկետում կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները` առանց խախտումների,

3) եթե մամուլում և (կամ) Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում հայտարարության հրապարակումից հետո առաջին հայտը ներկայացվելու օրվանից 10-օրյա ժամկետում այլ հայտեր չեն ներկայացվել և դիմողը միանվագ վճարում է առնվազն 3 ամսվա համար հաշվարկված վարձավճարը.

4) Ծրագրի 39.1-ին կետով նախատեսված դեպքում:

(32-րդ կետը լրաց. 26.06.12 N 464-Ն)

33. Ծրագրի 32-րդ կետում նշված դեպքերում Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում աճուրդով կամ մրցույթով, ընդ որում` վարձավճարի մեկնարկային նվազագույն գինը որոշվում է ծրագրի 29-րդ կետով սահմանված կարգի համաձայն որոշված վարձավճարի չափով:

34. Վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարի չափը սահմանվում է հողամասերի կադաստրային արժեքի`

1) հողի վարձակալության դեպքում՝

ա. սրճարանների զբաղեցրած հողամասերի համար՝ 10 տոկոս.

բ. բենզալցման կայանների զբաղեցրած հողամասերի համար՝ 20 տոկոս.

գ. տաղավարների, կրպակների զբաղեցրած հողամասերի համար՝ 5 տոկոս.

դ. ավտոտնակների զբաղեցրած հողամասերի պայմանագրի ժամկետի ավարտից հետո մինչև 31.12.2015թ.` 3 տոկոս.

 ե. արտադրական նպատակային նշանակության տարածքների զբաղեցրած հողամասերի համար` 3 տոկոս.

զ. բակային տարածքներում հասարակական նպատակային նշանակության քարե կառույցների, ինչպես նաև քարե շինությունների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.

է. էներգետիկայի, կապի և այլ ենթակառուցվածքների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս, բացառությամբ ««Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքի.

ը. գովազդային վահանակներով զբաղեցված հողամասերի համար՝ 40 տոկոս.

թ. հանքային իրավունք ունեցող անձանց տրամադրված լեռնահատկացման ակտի սահմաններում գտնվող հողամասերի համար՝ 3 տոկոս.

ժ. ընդերքի օգտագործման իրավունք ունեցող և այն շահագործող անձանց լիցենզային (կոնցեսիոն) պայմանագրով տրամադրված ընդերքի տեղամասերի զբաղեցրած հողամասերի համար՝ 7 տոկոս.

ժ.ա) այլ գործառական նշանակության հողերի դեպքում` 3 տոկոս,

2) կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքում՝

ա. սրճարանների զբաղեցրած հողամասերի համար` 10 տոկոս.

բ. բենզալցման կայանների զբաղեցրած հողամասերի համար՝ 20 տոկոս.

գ. տաղավարների, կրպակների զբաղեցրած հողամասերի համար՝ 5 տոկոս.

դ. ավտոտնակների զբաղեցրած հողամասերի պայմանագրի ժամկետի ավարտից հետո մինչև 31.12.2015թ.` 3 տոկոս.

ե. արտադրական նպատակային նշանակության տարածքների զբաղեցրած հողամասերի համար` 3 տոկոս.

զ. բակային տարածքներում հասարակական նպատակային նշանակության կառույցների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.

է. էներգետիկայի, կապի և այլ ենթակառուցվածքների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.

ը. հասարակական նպատակային նշանակության քարե շինությունների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.

թ. գովազդային վահանակներով զբաղեցված հողամասերի համար՝ 40 տոկոս.

ժ. այլ գործառական նշանակության հողերի դեպքում` 3 տոկոս:

35. 2012 թվականի ընթացքում.

1) օգտագործման (վարձակալության կամ կառուցապատման) կարող են տրամադրվել այն հողամասերը, որոնք մինչև Ծրագրի հաստատվելը տրված են եղել վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով և 2012 թվականի ընթացքում ավարտվում է վարձակալության և (կամ) կառուցապատման պայմանագրերի գործողության ժամկետը, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողամասերը.

2) վարձակալության կարող է տրամադրվել Երևանի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքի տարածքները, Երևան քաղաքի ստորգետնյա անցումները, այլ շենքերն ու շինությունները, ինչպես նաև Ծրագրի 38-րդ կետում նշված շենքերը, շինություններն ու ոչ բնակելի տարածքները.

3) օգտագործման (վարձակալության կամ կառուցապատման) կարող են տրամադրվել այն շենքերը, շինությունները կամ դրանց տարածքները, որոնք մինչև Ծրագրի հաստատվելը տրված են եղել վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով և 2012 թվականի ընթացքում ավարտվում է վարձակալության և (կամ) կառուցապատման պայմանագրերի գործողության ժամկետը.

4) Գույքը (տարածքը) անհատույց օգտագործման կարող է հանձնվել Երևանի քաղաքապետի որոշմամբ բացառապես Երևանի ենթակայության կազմակերպություններին:

36. Գույքի օգտագործման տրամադրելուց ստացված միջոցներն ուղղվում են Երևան համայնքի բյուջե:

36.1. Գույքն օգտագործման իրավունքով տրամադրվում է մինչև 99 տարի ժամկետով:

(36.1-ին կետը լրաց. 11.04.12 N 424-Ն)

37. Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու գործընթացը կանոնակարգվում է Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 1541-Ն որոշմամբ:

 

V. 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՈՒՅՔ

 

38. 2012 թվականին օտարման և օգտագործման (կառուցապատման) տրամադրման է առաջարկվում.

1) Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագրի վերաբերյալ» N 55-Ն և 2010 թվականի նոյեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2011 թվականի ծրագրի վերաբերյալ» N 162-Ն որոշումներով հաստատված Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010-2011 թվականների ծրագրերում ընդգրկված, սակայն դեռևս չօտարված Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 11.04.12 N 424-Ն)

(36-րդ կետը փոփ. 11.04.12 N 424-Ն)

39. 2012 թվականին օտարման և (կամ) օգտագործման տրամադրման համար առաջարկվող գույքի ցանկում ընդգրկված է համարվում 2010-2011 թվականների ծրագրում չընդգրկված և մինչև սույն ծրագրի ընդունվելը և (կամ) ծրագրի գործողության ընթացքում Երևան համայնքի անվամբ գրանցված գույքը, այդ թվում՝ Երևան համայնքի սեփականությանն անցած անժառանգ գույքը, դրա բաժինը:

39.1. 2012 թվականին օտարման և (կամ) օգտագործման տրամադրման համար առաջարկվող գույքի ցանկում ընդգրկված է համարվում նաև Երևան համայնքի անվամբ գրանցման ենթակա կամ գրանցված այն շենքը (շինությունը), որի կառուցման կամ ստեղծման համար հատկացված անհրաժեշտ հողամասը տրամադրվել է կառուցապատման իրավունքով և այն օրենքով սահմանված կարգով դուրս է եկել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ գտնվող հողամասերի ցանկից:

Տվյալ դեպքում շենքը (շինությունը) ու համապատասխան հողամասը կարող է ուղղակի ձևով օտարվել կամ տրամադրվել վարձակալության տվյալ հողամասի կառուցապատման իրավունք ունեցողին (կառուցապատողին), ընդ որում` ուղղակի վաճառքի դեպքում գույքի (շենք (շինություն) և հողամաս) օտարման գինը որոշվում է.

 1) շենք (շինության) մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 4-րդ կետով և հավելվածի 35-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված գնի չափով, իսկ ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների մասով` Որոշման 4-րդ և հավելվածի 35-րդ կետի «դ» ենթակետով սահմանված գնի եռապատիկի չափով,

2) հողամասի մասով` կադաստրային արժեքի եռապատիկի չափով:

(39.1-ին կետը լրաց. 26.06.12 N 464-Ն)

40. Ընդունել ի գիտություն, որ հողամասերի հրապարակային սակարկություններով տրամադրման և օտարման գործընթացը կանոնակարգվում է Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 1540-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգերի համաձայն:

 

VI. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐ

 

Ց Ա Ն Կ

(1-12395-րդ կետեր)

(12396-32412-րդ կետեր)

(32413-43632-րդ կետեր)
      (
43633-53780-րդ կետեր)

(53781-55581-րդ կետեր)

(55582-63147-րդ կետեր)

(63148-63849-րդ կետեր)

(63850-63970-րդ կետեր)

(63971-64462-րդ կետեր)

 

41. Սահմանել, որ սույն Ծրագրում ընդգրկված հողամասերն ենթակա են օտարման աճուրդային կարգով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ, 65-րդ, 66-րդ և 72-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման III-րդ և IV-րդ գլուխներում նախատեսված հողամասերի սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու և ուղղակի վաճառքի դեպքերի:

42. Ծրագրում ընդգրկված օտարման ենթակա յուրաքանչյուր ծածկագրով հողամասերը կարող են օտարվել ինչպես ամբողջությամբ այնպես էլ մաս առ մաս:

(գլուխը լրաց. 11.04.12 N 424-Ն, 03.05.12 N 446-Ն, 30.05.12 N 456-Ն, 26.06.12 N 470-Ն, 10.08.12 N 484-Ն, 11.09.12 N 500-Ն, 12.10.12 N 508-Ն, 31.10.12 N 514-Ն, 28.11.12 N  541-Ն)

 

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 16.03.12 N 406-Ն, փոփ., լրաց. 11.04.12 N 424-Ն, լրաց. 03.05.12 N 446-Ն, 30.05.12 N 456-Ն, լրաց., փոփ. 26.06.12 N 464-Ն, լրաց. 26.06.12 N 470-Ն, 10.08.12 N 483-Ն, 10.08.12 N 484-Ն, 11.09.12 N 500-Ն, 12.10.12 N 508-Ն, 31.10.12 N 514-Ն, 28.11.12 N  541-Ն)