ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1625/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1625/05/10 |
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հուլիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.10.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Արա Պողոսյանի ընդդեմ Կոմիտեի` մաքսային ձևակերպում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արա Պողոսյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին կատարելու իր անունից ՀՀ ներմուծված «Մերսեդես-Բենց ML 430» մակնիշի, 1999 թվականի արտադրության, WDC1631721X712404 նույնացման համարով ավտոմեքենայի մաքսային ձևակերպում և հարկադրել վերադարձնելու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:
ՀՀ վարչական դատարանի 24.05.2010 թվականի որոշմամբ հայցադիմումը վարչական դատարանին ընդդատյա պահանջի մասով ընդունվել է վարույթ, իսկ մնացած մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է` Կոմիտեին պարտավորեցվել է իրականացնելու 05.12.2008 թվականի թիվ 51635 փոխադրման ամփոփագրով ՀՀ ներմուծված «Մերսեդես-Բենց ML 430» մակնիշի ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արա Պողոսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 113-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ, 132-րդ, հոդվածները, ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է Կոմիտեի այն փաստարկը, որ ավտոմեքենայի թափքի նույնացման համարները դաջվում են գործարանային եղանակով, իսկ տվյալ դեպքում ավտոմեքենայի նույնացման համարը դաջվել է ոչ գործարանային եղանակով: Գործարանային եղանակով դաջված համարի փոխարեն փաստացի ոչ գործարանային եղանակով դաջվել է այնպիսի նույնացման համար, որը համապատասխանել է ավտոմեքենայի թափքի աջ հենասյան վրա դաջված նույնացման համարին, ինչից բխում է, որ ոչ գործարանային եղանակով դաջված նույնացման համարն առաջացել է վերադաջման արդյունքում: Այսինքն` այս դեպքում կիրառելի են ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.10.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Արա Պողոսյանը գույքը ձեռք է բերել սեփականատիրոջից` պայմանագրի հիման վրա, որպիսի պայմաններում նրա սեփականության իրավունքն առաջացել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով: Հետևաբար, ոչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, ոչ էլ ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ մասն այս գործով կիրառելի չեն: Բացի այդ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի 18.04.2009 թվականի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ներմուծված տրանսպորտային միջոցը երբևէ որևէ անձի կողմից հափշտակված կամ այլ քրեական արարքի հետևանքով ձեռքբերված լինելու վերաբերյալ Կոմիտեն որևէ տեղեկություն չունի, նման փաստ իրականում ընդհանրապես գոյություն չունի, հետևաբար Կոմիտեն պարտավոր է իրականացնել ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի 18.04.2009 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշման համաձայն`
● Արա Պողոսյանի անվամբ 05.12.2008 թվականին հ. 51635 փոխադրման ամփոփագրով ՀՀ ներմուծվել է «Մերսեդես-Բենց ML 430» մակնիշի, 1999 թվականի արտադրության ավտոմեքենա, որի նույնացման WDC1631721X712404 համարը կասկածվել է վերադաջման մեջ:
● Դատահետքաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոմեքենայի թափքի աջ հենասյան վրա առկա նույնացման WDC1631721X712404 համարը դաջված է ոչ գործարանային եղանակով, շարժիչի համարն է 11394230142988, փոխանցման տուփինը` 72266301883823, վերադաջման հետքեր չեն հայտնաբերվել:
● 23.01.2009 թվականին Գերմանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկության համաձայն` ավտոմեքենայի շարժիչի համարն է 11394230142988, փոխանցման տուփինը` 72266311883823, արտադրման կոդը` 0612772, արտադրության տարեթիվը` 17.12.1999 թվական (գ.թ. 11):
2) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 07.05.2009 թվականի գրությամբ, Արա Պողոսյանի 05.05.2009 թվականի դիմումի կապակցությամբ հայտնվել է, որ դատահետքաբանական փորձաքննության համաձայն` ավտոմեքենայի նույնացման համարը դաջված է ոչ գործարանային եղանակով, ուստի ավտոմեքենայի մաքսային ձևակերպման հարցին հնարավոր կլինի անդրադառնալ նույնացման և շարժիչի համարների վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ ՀՀ ներմուծված ավտոմեքենայի ձևակերպման հարցի օրենսդրական կարգավորումից հետո (գ. թ. 12):
3) Կոմիտեի 13.04.2010 թվականի թիվ 11005/11-5 գրությամբ Արա Պողոսյանի ներկայացուցիչ Վահե Մովսիսյանի 31.03.2010 թվականի դիմումին ի պատասխան հայտնվել է` «2009 թվականի հոկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածը լրացվել է նոր` 5-րդ մասով: Վերջինիս համաձայն` հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջման կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ ավտոմեքենայի մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում ավտոմեքենայի նկատմամբ բարեխիղճ ձեռքբերողի սեփականությունը ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում: Հետևաբար 05.12.2008 թվականին ՀՀ ներմուծված «Մերսեդես-Բենց ML 430» մակնիշի ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը հնարավոր կլինի օրենքով նշված վճռի առկայության դեպքում» (գ.թ. 13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացուցման բեռը կրում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասով ապացույցներ ներկայացնելու պարտականություն կրող կողմը:
ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ և (կամ) տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում տեղափոխողը կամ նրա լիազորած անձը ներմուծմանը հաջորդող տասնօրյա ժամկետում մաքսային մարմին է ներկայացնում ժամանակավոր հայտարարագիր` վճարելով մաքսային վճարները, ինչը հիմք է այդ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների ժամանակին չհայտարարագրման համար օրենքով սահմանված տույժերից և վարչական պատասխանատվությունից ազատելու համար:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում նշված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների նկատմամբ բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Վերոնշյալ նորմերի` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի կանոններով մեկնաբանությունից հետևում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառելիության համար անհրաժեշտ են, որպեսզի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները
1. գտնվեն հետախուզման մեջ
2. առկա լինեն շարժիչի կամ նույնացման համարի վերադաջում կամ համարների ջնջում կամ հափշտակության այլ հատկանիշներ:
Վճռաբեկ դատարանը նշված վերլուծության հիման վրա արձանագրում է, որ շարժիչի կամ նույնացման համարի վերադաջումը կամ համարների ջնջումը հափշտակության հատկանիշներ են, որոնք պետք է առկա լինեն ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կանոնները կիրառելու համար: Այսինքն` օրենսդիրը նշված կանոնների կիրառելիությունն ամեն դեպքում կապում է հափշտակության հատկանիշների հետ, որոնց առկայության դեպքում միայն կարող է կիրառվել ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասի կանոնը, այսինքն` տրանսպորտային միջոցների նկատմամբ բարեխիղճ ձեռքբերողի սեփականության իրավունքը կարող է ճանաչվել դատական կարգով, իսկ մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացվի, եթե առկա է համապատասխան դատական ակտը, և այն մտել է օրինական ուժի մեջ:
Սույն գործում առկա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Հ. Պողոսյանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին 18.04.2009 թվականի որոշմամբ հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Ա. Պողոսյանն ավտոմեքենան ձեռք է բերել օրինական ճանապարհով, այն չի գտնվում միջազգային հետախուզման մեջ, շարժիչի և փոխանցման տուփի համարների վերադաջման հետքեր չեն հայտնաբերվել, իսկ նույնացման համարը համընկնում է արտադրող գործարանի տվյալներին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Հ. Պողոսյանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ հանցագործության` տվյալ դեպքում հափշտակության հատկանիշների բացակայությունը հաստատված լինելու պայմաններում ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը կիրառելի չեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի այն պատճառաբանությունը, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Հ. Պողոսյանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին 18.04.2009 թվականի որոշմամբ հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Ա. Պողոսյանն ավտոմեքենան ձեռք է բերել օրինական ճանապարհով, այն չի գտնվում միջազգային հետախուզման մեջ, շարժիչի և փոխանցման տուփի համարների վերադաջման հետքեր չեն հայտնաբերվել, իսկ նույնացման համարը համընկնում է արտադրող գործարանի տվյալներին: Նույն որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով, ուստի Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի հափշտակության հատկանիշներ առկա չեն:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վարչական մարմինը չի ներկայացրել և գործով էլ ձեռք չի բերված որևէ ապացույց, որից կհետևեր, որ մեքենայի նույնացման համարի տեղում կամ դրա տակ եղել է այլ համար:
Վերոգրյալի հիման վրա Արա Պողոսյանի անվամբ 05.12.2008 թվականին ՀՀ ներմուծված «Մերսեդես-Բենց ML 430» մակնիշի ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը կարող է իրականացվել առանց ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ընթացակարգի, քանի որ նշված հոդվածը կիրառելի է հափշտակության հատկանիշների առկայության, մասնավորապես նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով տրանսպորտային միջոցների նկատմամբ, իսկ սույն պարագայում ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Հ. Պողոսյանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին 18.04.2009 թվականի որոշմամբ հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Ա. Պողոսյանն ավտոմեքենան ձեռք է բերել օրինական ճանապարհով, հետևաբար բացակայում է հանցագործության դեպքը, ինչպես նաև գործում առկա փաստերով չի հիմնավորվել վերադաջման առկայության փաստը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 04.10.2010 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
|
Վ. Աբելյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ե. Սողոմոնյան |