ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2011 թվականի N 1359-Ն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10 օրվա ընթացքում հաստատել տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. սեպտեմբերի 28
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1359-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ` ԱՎՕ) տեխնիկական անվտանգության փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) իրականացման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:
2. Սույն կարգում օգտագործվում է հետևյալ հիմնական հասկացությունը`
փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության կոնկրետ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետ կամ մասնագետներ:
3. Սույն կարգում օգտագործվող մնացած հասկացություններն ունեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների միևնույն իմաստը:
4. Փորձաքննության հիմնական նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի (այսուհետ` նախագծային փաստաթղթեր), տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա ԱՎՕ-ների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին:
5. Փորձաքննությունն իրականացվում է`
1) նախագծային փաստաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին՝ մինչև նախագծային փաստաթղթերի հաստատման պահը.
2) տեխնիկական անվտանգության վկայագրի նկատմամբ` մինչև ԱՎՕ-ի շահագործումը.
3) գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքներն սկսելը.
4) շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ՝ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցվելուց հետո:
II. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
6. Հայաստանի Հանրապետության տարածքում փորձաքննություն իրականացնում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված ու լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` փորձագիտական կազմակերպություն):
7. Փորձագետը փորձաքննության իրականացման պայմանագրի, սույն կարգի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն ԱՎՕ-ում իրականացնում է փորձաքննություն:
8. ԱՎՕ-ում փորձաքննության իրականացման ընթացքում փորձագետի կողմից ուսումնասիրվում են ԱՎՕ-ի նախագծային փաստաթղթերը, տեխնիկական անվտանգության վկայագիրը, շահագործվող կամ գործարկման ենթակա ԱՎՕ-ների շենքերը, շինությունները, տեխնոլոգիական սարքավորումները և տեխնիկական միջոցները, որոնք պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության, բնակչության հիգիենիկ ու սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման, շրջակա միջավայրի պահպանման, բնապահպանական անվտանգության, հրդեհային անվտանգության և շինարարական նորմերի, ինչպես նաև գործող ստանդարտների պահանջներին:
9. Փորձաքննության ընթացքում փորձագետը պետք է՝
1) ԱՎՕ-ում փորձաքննության իրականացման ընթացքում պահպանի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ իրավական ակտերի, նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջները.
2) փորձաքննություն իրականացնի տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` պատշաճ որակով և ամբողջ ծավալով։
10. Փորձաքննության արդյունքում փորձագետի կողմից կազմվում է փորձագիտական եզրակացություն՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձևին համապատասխան:
11. Յուրաքանչյուր ԱՎՕ-ի համար կազմվում է առանձին փորձագիտական եզրակացություն:
12. Փորձաքննության ընթացքում, մինչև փորձագիտական եզրակացություն կազմելը, փորձագետի և ԱՎՕ շահագործող անձի միջև կարող է կազմվել բացահայտված թերությունների վերացման միջոցառումների ծրագիր, եթե բացահայտված թերություններն իրենց բնույթով տվյալ պահին տեխնածին վթարի սպառնալիք չեն առաջացնում:
13. Փորձագիտական եզրակացությունը կազմվում է միջոցառումների ծրագրով սահմանված ժամկետի ավարտին՝ միջոցառումների ծրագրով սահմանված թերությունների վերացման փաստը փորձագետի կողմից արձանագրվելուց հետո:
14. Փորձաքննության իրականացման ընթացքում տեխնածին վթարի սպառնալիք առաջացնող թերությունների բացահայտման դեպքում փորձագետի կողմից անմիջապես կազմվում է անհամապատասխանության մասին փորձագիտական եզրակացություն, որում պետք է նշվեն վթարի սպառնալիք հանդիսացող խախտումները, դրանց բնույթն ու մասշտաբները:
15. Փորձագիտական եզրակացության կազմումից հետո այն ստորագրվում է փորձաքննություն իրականացրած փորձագետի և հաստատվում փորձագիտական կազմակերպության ղեկավարի կողմից:
16. Փորձագետի կողմից փորձաքննության իրականացումն ավարտված է համարվում փորձագիտական եզրակացության կազմման և ԱՎՕ շահագործող անձին տրամադրման պահից:
17. Փորձագետն իր կողմից ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն կազմելու համար կրում է պատասխանատվություն՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն:
III. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
18. Փորձագիտական եզրակացությունը պետք է ներառի`
1) փորձաքննության իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը և դրանց համառոտ բնութագիրը.
2) ում կողմից և ինչ ժամկետներում է իրականացվել փորձաքննությունը.
3) ԱՎՕ-ի անվանումը և գտնվելու վայրը.
4) փորձաքննության ընթացքում տրված տեղեկություններ միջոցառումների ծրագրի և կատարման ընթացքի մասին.
5) տվյալներ ԱՎՕ-ի անվտանգ շահագործմանը վերաբերող փաստաթղթերի մասին (նախագծեր, լիցենզիաներ, պայմանագրեր, սերտիֆիկատներ, ակտեր և այլն).
6) ԱՎՕ-ում շահագործվող տեխնիկական միջոցների և տեխնոլոգիական սարքավորումների վիճակը բնութագրող տեղեկություններ, վերլուծություններ, եզրահանգումներ.
7) տեղեկություններ ԱՎՕ-ի ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի պատրաստվածության մասին:
19. Փորձագիտական եզրակացությունը կազմվում և հաստատվում է երեք օրինակից:
20. Փորձագիտական կազմակերպությունն իր կողմից տրված փորձագիտական եզրակացության մեկ օրինակը ներկայացնում է լիազոր մարմին. այն սահմանված կարգով հաստատվելուց հետո եռօրյա ժամկետում, իսկ վթարի սպառնալիք արձանագրվելու դեպքում` անմիջապես, որպեսզի կարգադրագրով արգելվի ԱՎՕ-ի հետագա շահագործումը:
21. Փորձագիտական եզրակացության երկրորդ օրինակը հանձնվում է ԱՎՕ շահագործող անձին, իսկ փորձագիտական եզրակացության երրորդ օրինակը պահվում է փորձագիտական կազմակերպությունում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |