ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0233/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ/0233/05/10 |
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 15.06.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ֆրունզե Ձվակերյանի ընդդեմ Նախարարության և Ծառայության` Նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետի 25.12.2009 թվականի թիվ Ե2009-11882 գրությունը վերացնելու, վերահաշվարկ կատարելուն և վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ֆրունզե Ձվակերյանը պահանջել է վերացնել Նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետի 25.12.2009 թվականի թիվ Ե2009-11882 գրությունը, ինչպես նաև Ծառայությանը պարտավորեցնել վերահաշվարկել և վճարել կենսաթոշակը, ներառյալ` դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ֆրունզե Ձվակերյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածը, չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ դատական օրենսգրքով և «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքով դատավորի պաշտոնում աշխատած անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի վերահաշվարկման դրույթ նախատեսված չէ: Այսինքն` «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածը, ըստ էության, չի լուծում կենսաթոշակի նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի վերահաշվարկմանն առնչվող խնդիրը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 15.06.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանի վճիռը հիմնված է ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, ՀՀ վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումների, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վրա, իսկ վճռաբեկ բողոքը բերած անձը որևէ կերպ չի հիմնավորել իր պատճառաբանությունները:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ըստ 25.01.1946 թվականի աշխատանքային գրքույկի և թիվ 21185 կենսաթոշակի վկայականի` Ֆրունզե Ձվակերյանին 01.10.1998 թվականից 59 տարի աշխատանքային ստաժով (14 տարին՝ դատավորի) նշանակվել և վճարվել է 255.750 ՀՀ դրամ տարիքային աշխատանքային կենսաթոշակ (գ.թ. 42-50):
2) Նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետի 25.12.2009 թվականի թիվ Ե2009-11882 գրությամբ մերժվել է կենսաթոշակի վերահաշվարկ կատարելու մասին Ֆրունզե Ձվակերյանի 24.12.2009 թվականի դիմումը: Մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ օրենքը չի պարունակում նշանակված հավելավճարը վերահաշվարկելուն վերաբերող դրույթներ (գ.թ. 24-27):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի համաձայն՝ դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաև դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին Գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները և նախկին ժողովրդական դատավորները:
Նախկին Գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է Վճռաբեկ դատարանի, ՀՀ վերաքննիչ դատարանի, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով կենսաթոշակի անցած դատավորների կենսաթոշակի վերահաշվարկման հարցին և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի 20.09.2006 թվականի ՍԴՈ-647 և 07.07.2009 թվականի ՍԴՈ-811 որոշումների իրավական դիրքորոշումները և այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրություն 92-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխով նախատեսված նորմերով դատավորի և սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները նույնական են և հաշվի առնելով այն, որ կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք նախատեսված է թե՛ սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների և թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար, գտել է, որ նման իրավունք պետք է վերապահվի նաև Վճռաբեկ դատարանի, ՀՀ վերաքննիչ դատարանի, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած դատավորների համար` հաշվի առնելով նաև, որ դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը, ինչպես նաև պաշտոնային դրույքաչափի փոփոխության դեպքում կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունքը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ նրանց անկախության սոցիալական երաշխիք:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վճռաբեկ դատարանի, ՀՀ վերաքննիչ դատարանի, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով կենսաթոշակի անցած դատավորների կենսաթոշակը ենթակա է վերահաշվարկման (տե՛ս ըստ հայցի Օլգա Հովհաննիսյանի, Համլետ Գևորգյանի և Մարատ Կատվալյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ վարչական ակտը վերացնելու և կենսաթոշակների վերահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի թիվ ՎԴ/5524/05/08 որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կենսաթոշակի նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարը վերահաշվարկման ենթակա չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը հիմնավոր չէ:
Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսվում է նշանակված պետական կենսաթոշակի հավելավճարի վերահաշվարկման հնարավորություն:
Մասնավորապես, «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի համաձայն` դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի 55 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով:
Միջին աշխատավարձը հաշվարկելու, հավելավճարը հաշվարկելու, նշանակելու և վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական կենսաթոշակի և հավելավճարի հանրագումարի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը:
Հավելավճարի չափը վերահաշվարկվում է`
1) պետական կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքում.
2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափը բարձրացնելու դեպքում:
Նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում հավելավճարի չափը վերահաշվարկվում է դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն: Հավելավճարի չափը վերահաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 15.06.2010 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|