Սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 9-ին
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ
(օրենքը խմբ. 10.06.10 ՀՕ-100-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Սույն օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների) կարգավիճակը, կանոնակարգում է դրանց հիմնադրման, հեռուստաընկերությունների լիցենզավորման և ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:
Հոդված 2. | Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրությունը |
1. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, տեղեկատվության բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
հեռուստառադիոհեռարձակում` էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային (մալուխային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյունները հասանելի լինեն հասարակությանը.
հեռուստառադիոհաղորդում՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածվող պատկերներ և (կամ) հնչյուններ և (կամ) այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տևողությամբ նյութ, որը բովանդակության և կազմակերպչական իմաստով ինքնուրույն և ավարտուն է, համարվում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքի օբյեկտ.
հեռուստառադիոծրագիր՝ հեռարձակման համար նախատեսված, հեռուստառադիոընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստառադիոհաղորդումների, գովազդի և այլ նյութերի ամբողջություն.
հեռուստառադիոհեռարձակման լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս իրականացնելու հեռուստառադիոծրագրերի հեռարձակում (վերահեռարձակում).
հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն և (կամ) ռադիոընկերություն)` իրավաբանական անձ, որը հեռարձակում կամ վերահեռարձակում է հեռուստառադիոծրագրեր և պատասխանատվություն է կրում սույն օրենքի և իրավական այլ ակտերի կատարման համար.
լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն` հեռուստառադիոհեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստացած անձ.
հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոհաղորդումներ արտադրող ընկերությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի պատվերով արտադրված կամ հայերեն թարգմանված հաղորդում.
սեփական հեռուստառադիոհաղորդում՝ հաղորդում, որը տնօրինելու և օգտագործելու իրավունքը պատկանում է տվյալ հեռուստառադիոընկերությանը.
բաժանորդային հեռարձակում` հեռարձակում, որը նախատեսված և հասանելի է հեռարձակողի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար.
վերահեռարձակում` այլ հեռուստառադիոընկերության հեռուստառադիոծրագրի միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և ամրագրված (ձայնագրված և (կամ) տեսագրված) հաղորդման հետագա հեռարձակում այլ լիցենզավորված անձի կողմից.
սփռման տարածք` տարածք, որի սահմաններում հեռուստառադիոընկերությունները, տեխնիկական գործող չափանիշներին համապատասխան, ապահովում են ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային լրատվության կամ տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) տարածում.
լրացուցիչ տեղեկատվություն` հիմնական հաղորդմանը զուգակցող լուսագրային, գրաֆիկական, ձայնային այլ տեղեկատվություն.
պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Կենտրոնական բանկի գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն.
սուրդոթարգմանություն` հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը ձեռք-լեզվով.
փոխկապակցված անձինք` ամուսին, ծնողներ, երեխաներ, քույրեր, եղբայրներ.
մուլտիպլեքս` թվային տեղեկատվության միասնական հոսքում միաձուլված մի քանի հեռուստառադիոծրագրերի և լրացուցիչ տեղեկատվության ամբողջականություն, որը սփռվում է հեռարձակման թվային ցանցի մեկ կապուղով.
մուլտիպլեքսոր` անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի (մուլտիպլեքսների) տարածման և (կամ) հեռարձակման ենթակառուցվածքի (ենթակառուցվածքների) տեխնիկական շահագործումը.
հեռարձակման թվային ցանց` մուլտիպլեքսների տարածման և (կամ) հեռարձակման ենթակառուցվածքի (սարքավորումների, հաղորդիչ կայանների և հեռարձակման ուղիների) ամբողջություն, որն ապահովում է թվային հեռարձակում Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հոդված 4. | Հեռուստառադիոհաղորդումների ազատությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է:
2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ընդունելու հեռուստառադիոհաղորդումներ և լրացուցիչ տեղեկատվություն, ներառյալ` արբանյակային, կաբելային (մալուխային) ցանցերով, անվճար կամ վճարովի ինչպես ապակոդավորող միջոցներով, այնպես էլ հեռուստառադիոհեռարձակման բաց ցանցերով:
3. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում և միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հանրային հեռուստառադիոընկերության (առնվազն 1 հեռուստաալիքի և 1 ռադիոալիքի) ծրագրերի ընդունման համար:
4. Եթերային հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունը համապատասխան սփռման գոտիների համընկնման շրջաններում չպետք է սահմանափակի մարդկանց` այլ հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը:
Հոդված 5. | Հեռուստառադիոհաղորդումների լեզուն |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:
2. Օտար լեզուների ուսուցման նպատակով կազմակերպվող հեռուստառադիոդասընթացները, ինչպես նաև երգերն ու երաժշտական այլ ժանրերի ստեղծագործությունները կարող են եթեր հեռարձակվել առանց հայերեն թարգմանության:
3. Արգելվում է լիցենզավորված անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը և այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը: Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների և ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:
Հոդված 6. | Օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հեռուստառադիոծրագրերի հեռարձակում իրականացնելու հետ կապված հարաբերությունների վրա:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. | Հեռուստառադիոհաղորդումները և դրանց իրականացման կարգը |
1. Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոծրագրերի հեռարձակումն իրականացվում է լիցենզիայի հիման վրա: Առանց լիցենզիայի հեռարձակում իրականացնում են Հանրային հեռուստառադիոընկերությունը և միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողները:
2. Այլ զանգվածային լրատվության միջոցների կողմից հեռուստառադիոընկերությունների պատրաստած տեղեկատվության տարածման դեպքում հղումն այդ լրատվամիջոցներին պարտադիր է:
3. Ոչ սեփական հեռուստառադիոհաղորդումները կարող են հեռարձակվել միայն դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:
Հեռուստառադիոհաղորդման արտադրության և հեղինակի մասին տեղեկատվության (ենթագրեր, ձայնային ներկայացում) ամբողջական հեռարձակումը պարտադիր է:
Հոդված 8. |
Հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ արտադրողի պաշտպանությունը |
1. Հեռուստառադիոընկերությունների կողմից հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) չի կարող ամսական ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս լինել:
2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում բաժանորդային հեռարձակման, կաբելային (մալուխային) հեռուստատեսության կամ արբանյակային հեռուստատեսության արբանյակային ընդունման (անհատական) դեպքերի վրա:
Հոդված 9. |
Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերի հեռարձակումը |
1. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) կողմից վերահեռարձակողին տրված լիցենզիայի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված հեռուստառադիոընկերություններն օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերը կարող են վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով:
Հոդված 10. | Հեռուստառադիոհաղորդումներն ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության ժամանակահատվածում |
1. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում`
1) հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների (հանրաքվեների) մասին օրենսդրությանը համապատասխան.
2) հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար` հրապարակավ հայտնել վճարովի հաղորդումների իրենց եթերաժամի գինը և հեռարձակման պայմանագրի էական այլ պայմաններ.
3) հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով հավասար պայմանների պահպանումը.
4) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական հեռուստահաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ (հանրային հեռուստառադիոընկերության դեպքում` նաև օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «Նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն», իսկ ռադիոսփռման դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երեք անգամ պետք է հիշեցվի դրա մասին:
2. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը և դրան նախորդող օրն արգելվում է հեռարձակել քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձևով նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն իրականացնել:
Հոդված 11. |
Հեռուստառադիոընկերությունները ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ |
1. Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ նրա լիազորած անձին հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հայտարարություններ կատարելու համար: Հատկացվող եթերաժամանակը եթերային յուրաքանչյուր ժամում չի կարող գերազանցել տասը րոպեն:
Հոդված 12. | Ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն ստանալը |
1. Հեռուստադիտողները և ռադիոունկնդիրներն ստանում են ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն` անվճար կամ վճարովի:
2. Հեռուստադիտողները և ռադիոունկնդիրները կարող են անարգել ընդունել բոլոր հեռուստառադիոհաղորդումները (ներառյալ` արբանյակային կապի միջոցով հեռարձակվող արտասահմանյան արտադրության հեռուստառադիոհաղորդումները)` առանց վերահեռարձակման իրավունքի:
Հոդված 13. | Հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների և տեսագրությունների, ինչպես նաև այլ նյութերի պահպանման կարգը |
1. Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են պահպանել իրենց հեռարձակած հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամկետով:
2. Հաղորդումները գրանցվում են հաշվառման մատյանում` պարտադիր նշելով հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի և ավարտի ժամը, համառոտ բովանդակությունը, հեռուստառադիոհաղորդման հեղինակների և հեռարձակողի անունը:
3. Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները ներկայացնում են Ազգային հանձնաժողով: Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը սահմանում է Ազգային հանձնաժողովը:
4. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման տվյալների հիման վրա Ազգային հանձնաժողովը վերահսկում է հեռուստառադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պայմաններին: Ազգային հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Դիտարկման արդյունքները համադրվում են հեռուստառադիոընկերությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ:
Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման վերաբերյալ գրանցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային տարբերակով:
5. Մեկ ամիսը լրանալուց հետո հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման կամ այլ վիճելի հարցերի վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, Ազգային հանձնաժողով կամ հեռուստառադիոընկերություններ դիմում կամ բողոք կամ դատարան հայց չի ներկայացվել: Նշված ձայնագրություններն ու տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո:
Հոդված 14. | Հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների իրականացման գործում |
1. Հովանավորությունը հեռուստառադիոհեռարձակման գործունեություն չիրականացնող կամ տեսաձայնային աշխատանքների ստեղծման գործում չներգրավված ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնակցությունն է հեռուստառադիոհաղորդման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորմանը` այդ անձի անունը, ապրանքանիշը, համբավը կամ գործունեությունը գովազդելու նպատակով:
2. Հեռուստառադիոհաղորդումների հովանավորության նկատմամբ կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդը կարգավորող դրույթները:
3. Հովանավորված ծրագրերի բովանդակությունը և ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը և այլ բնույթի ազդեցություն, եթե դա միջամտություն է հովանավորվողի պարտավորություններին և անկախությանը:
4. Արգելվում է հովանավորությունը`
1) քաղաքական կուսակցությունների, նախընտրական հիմնադրամների և կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից.
2) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական հաղորդումների համար.
3) դեղատոմսով տրամադրվող դեղերի անունների հիշատակումով, արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից:
5. Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:
6. Հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում կարող են նշվել տեղեկություններ հովանավորի մասին, ներկայացվել խորհրդանիշեր, մակագրություններ, կարճ հայտարարություններ միայն հաղորդման սկզբում և վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տևողությամբ:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15. | Հեռուստառադիոընկերությունների տեսակները |
1. Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերություններ:
2. Հայաստանի Հանրապետությունում գործում է առնվազն մեկ հանրային հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն և ռադիոընկերություն), որն ստեղծվում (հիմնադրվում) է սույն օրենքով:
3. Մասնավոր են այն հեռուստառադիոընկերությունները, որոնց հիմնադիրները (մասնակիցները) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք են:
4. Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր հեռուստառադիոընկերություններն օգտվում են հավասար իրավունքներից և օրենքի առջև հավասարապես պատասխանատու են` անկախ իրենց կազմակերպական-իրավական տեսակից:
Հոդված 16. | Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրները |
1. Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
2. Հեռուստառադիոընկերությունների հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի հիսուն տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:
3. Մասնավոր հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ (մասնակիցներ) չեն կարող լինել`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահը և նրան փոխկապակցված անձինք.
2) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները և նրանց փոխկապակցված անձինք.
4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և նրանց փոխկապակցված անձինք.
5) տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները և նրանց փոխկապակցված անձինք.
6) Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները և նրանց փոխկապակցված անձինք.
7) Ազգային հանձնաժողովի անդամները և նրանց փոխկապակցված անձինք.
8) դատավորները և նրանց փոխկապակցված անձինք.
9) կուսակցությունները.
10) դատարանի վճռով անգործունակ ճանաչված, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
11) 18 տարին չլրացած քաղաքացիները:
Հոդված 17. | Հեռուստառադիոընկերությունների ինքնուրույնության երաշխիքը |
1. Արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտելը:
Պետական իշխանության մարմինները կարող են հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
2. Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը:
Հոդված 18. | Հակամենաշնորհային երաշխիքը |
1. Իրավաբանական անձինք կարող են ունենալ եթերային հեռարձակում իրականացնող ոչ ավելի, քան մեկ հեռուստաընկերության և մեկ ռադիոընկերության լիցենզիա:
2. Ֆիզիկական անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք կարող են դառնալ ոչ ավելի, քան եթերային հեռարձակում իրականացնող լիցենզավորված երկու անձի (մեկ հեռուստաընկերության և մեկ ռադիոընկերության) հիմնադիր և (կամ) մասնակից:
Հոդված 19. | Հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող գովազդը |
1. Հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
Հոդված 20. | Հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրները |
1. Հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրներ կարող են համարվել գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները:
Հանրային հեռուստառադիոընկերության եկամուտները կանոնակարգվում են նաև սույն օրենքի 33-րդ հոդվածով:
2. Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների:
Հոդված 21. | Ելքային տվյալները |
1. Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ամեն օր եթերում հայտարարել իրենց անվանումները, ներկայացնել խորհրդանիշերը` ազդականչերը, ներդիրները, այլ ելքային տվյալներ, ինչպես նաև օրվա հաղորդումների ծրագիրը: Հեռուստաընկերությունները պարտավոր են իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ:
2. Հեռուստաընկերությունները պարտավոր են`
1) իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ.
2) յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման ավարտին նշել (հայտարարել) տվյալ հաղորդման արտադրողի մասին տեղեկություններ:
Հոդված 22. |
Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը |
1. Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`
1) իշխանությունը բռնի զավթելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և տապալելու քարոզչության,
2) ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու,
3) պատերազմ քարոզելու,
4) քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու,
5) պոռնկագրություն տարածելու,
6) բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող հաղորդումներ հեռարձակելու նպատակներով:
Բացառություն կարող են լինել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումն ու ցուցադրումը:
2. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ բաժանորդային հեռարձակման, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում են օրենքով:
3. Պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից արգելվում է:
Հոդված 23. |
Արբանյակային հեռուստառադիոհեռարձակումը և հեռահաղորդակցությունը |
1. Հեռուստառադիոընկերություններն արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագրի առկայության դեպքում: Հեռուստաընկերությունն արբանյակային հեռարձակման մասին գրավոր տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին հեռարձակման համար նախատեսված օրվանից հինգ աշխատանքային օր առաջ:
Հոդված 24. |
Մարդու իրավունքները տեղեկատվության հասանելիության նկատմամբ |
1. Եթե հեռուստառադիոընկերությունն իր հաղորդումները հեռարձակում կամ օրենքով սահմանված կարգով վերահեռարձակում է անսահմանափակ թվով անձանց համար և անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա յուրաքանչյուր ոք իրավունք ունի նման ծառայությունից օգտվելու անհատույց և առանց տվյալ հեռուստառադիոընկերությանը տեղեկացնելու:
Այլ դեպքերում հեռուստառադիոընկերության մատուցելիք ծառայության գինը և պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:
Հոդված 25. |
Բաժանորդային հեռարձակումը |
1. Բաժանորդային հեռարձակման նկատմամբ թեմատիկ, բովանդակային և լեզվական սահմանափակումներ չեն սահմանվում, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Լիցենզավորված հեռուստառադիոընկերություններն իրենց գործունեության ընթացքում բաժանորդային հեռարձակման անցնելու դեպքում պարտավոր են ստանալ Ազգային հանձնաժողովի թույլտվությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 26. |
Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները |
1. Հանրային հեռուստառադիոընկերությունը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է, որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստառադիոընկերություն, որի գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության, մարզական, ժամանցային և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն:
Հանրային հեռուստառադիոընկերությունը գործում է սույն օրենքին, իր կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերին համապատասխան:
2. Հանրային հեռուստառադիոընկերության հեռուստահաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում գործունեությունն իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը, իսկ ռադիոհաղորդումների բնագավառում` Հանրային ռադիոընկերությունը: Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության ղեկավարման մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է:
3. Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում են այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` Հանրային հեռուստառադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերություններ:
4. Հանրային հեռուստառադիոընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում է խոսքի, խղճի ու ստեղծագործության ազատություն:
5. Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է`
1) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.
2) ապահովել հեռարձակվող հաղորդումների թեմատիկ, բովանդակային բազմազանությունը հնարավոր հաղորդաշարերի և հաղորդումների տեսակների տեսքով.
3) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`
ա. հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,
բ. հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը,
գ. իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով,
դ. եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար: Այդ հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ շաբաթական մինչև 2 ժամը, իսկ ռադիոյով` օրական մինչև 1 ժամը: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը և հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով:
6. Հանրային հեռուստառադիոընկերությունում`
1) առևտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը.
2) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը և նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածից դուրս նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչական հաղորդումների առկայությունն արգելվում է.
3) Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տևողությունը նրանցից յուրաքանչյուրի համար մեկ օրվա ընթացքում չի կարող գերազանցել 3 րոպեն:
7. Հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ վերջիններս պարտավոր են ապահովել լրատվական ծրագրերի օրական առնվազն 2 թողարկում` առավոտյան և երեկոյան:
8. Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության կանոնադրությունները հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:
Հոդված 27. |
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը |
1. Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ):
Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից (առնվազն մեկը` կին), որոնց, իր հաստատած մրցութային կարգի համաձայն, նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
2. Խորհրդի անդամները նշանակվում են վեց տարի ժամկետով: Խորհուրդն իր կազմից ընտրում է Խորհրդի նախագահ և տեղակալ:
3. Խորհրդի նախագահը և անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով` Հանրային հեռուստառադիոընկերության միջոցների հաշվին:
4. Խորհրդի անդամները պետք է լինեն լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, հեղինակավոր և որակյալ մասնագետներ, ունենան բարձրագույն կրթություն և տիրապետեն հայոց լեզվին:
5. Խորհրդի անդամ չեն կարող լինել`
1) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները.
2) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք.
3) Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները.
4) հեռուստառադիոընկերությունների հետ ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքային պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձինք.
5) անձինք, որոնք դատապարտվել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Խորհուրդը գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի, այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
6. Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետևյալ երդումը.
«Ստանձնելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պարտականությունները` երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը` մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով:
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով` անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից»:
Հոդված 28. |
Խորհրդի գործունեության կարգը |
1. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության և հրավիրվող հերթական ու արտահերթ նիստերի միջոցով:
Խորհրդի հերթական նիստերը գումարում է Խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ:
2. Խորհրդի նախագահի բացակայության, ինչպես նաև նրա կողմից իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նիստը վարում է Խորհրդի նախագահի տեղակալը:
3. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է Խորհրդի նախագահը`
1) իր նախաձեռնությամբ.
2) Խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով:
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դա վարում է Խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, և նիստին ներկա է Խորհրդի անդամների կեսից ավելին:
5. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա` Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
6. Խորհրդի նիստերը դռնբաց են: Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը:
Հոդված 29. |
Խորհրդի նախագահը, տեղակալը և անդամները |
1. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է Խորհրդի և նրա աշխատակազմի գործունեությունը.
2) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները և նիստերի արձանագրությունները.
3) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.
4) համակարգում և ապահովում է Հանրային հեռուստառադիոընկերության և Խորհրդի բնականոն աշխատանքը:
2. Խորհրդի նախագահը և անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում չեն կարող զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական գործունեությունից:
3. Խորհրդի նախագահի տեղակալը Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում փոխարինում է նրան:
4. Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`
1) հրաժարական է տվել.
2) ընտրվել կամ նշանակվել է որևէ պաշտոնում.
3) առանց հարգելի պատճառի 3 ամսից ավելի չի մասնակցել Խորհրդի աշխատանքներին.
4) դատապարտվել է դատարանի դատավճռով.
5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
6) մահացել է.
7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել է անգործունակ:
Նշված դեպքերում Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
5. Խորհրդում թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ:
Խորհրդի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք` սույն օրենքի պահանջների համաձայն:
Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ:
Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:
6. Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր հաստատած մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Խորհրդի անդամ: Այդ մասին տեղեկությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:
Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ ընդգրկվել Խորհրդի կազմում:
Հոդված 30. |
Խորհրդի իրավասությունները |
1. Խորհուրդը`
1) սահմանում է Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը և հեռուստառադիոծրագրերի (հեռուստաալիքների) թիվը: Այդ թիվը չի կարող պակաս լինել չորսից (երկու հեռուստածրագիր և երկու ռադիոծրագիր), ընդ որում` սահմանված հեռուստածրագրերից (հեռուստաալիքներից) առնվազն մեկը պետք է ունենա ընդհանուր ուղղվածություն, մյուսը` հոգևոր-մշակութային.
2) սահմանում է Հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական միջոցների օգտագործման կարգը և ուղղությունները.
3) հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության աշխատողների կարգավիճակը և պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձևերը, պայմանները և վարձատրման կարգը.
4) սահմանում է այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատելու այլ հեռուստառադիոընկերություններում և զանգվածային լրատվության միջոցներում.
5) սահմանում է Հանրային հեռուստաընկերության և (կամ) Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի կարգը.
6) նշանակում է մրցույթում հաղթած Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին, իսկ իրենց պարտականություններն անբավարար կատարելու դեպքում պաշտոնից ազատում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին: Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում են Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ.
7) Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ հաստատում է գործադիր տնօրենների տեղակալներին.
8) առնվազն տարին մեկ լսում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների հաշվետվությունները:
2. Խորհրդի որոշումները կատարվում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների կողմից:
3. Խորհրդի գործունեությունը հրապարակային է: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին:
Խորհուրդն իր գործունեության մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով:
Հոդված 31. |
Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր ղեկավարության իրավասությունները |
1. Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները և նրանց տեղակալները`
1) ղեկավարում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության ընթացիկ գործունեությունը.
2) հաստատում են ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը.
3) հաստատում են վարչական կառուցվածքը, արձակում են հրամաններ, կնքում են պայմանագրեր և վերահսկում դրանց կատարումը.
4) սահմանում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության աշխատակազմերի վարձատրման կարգը.
5) մասնակցում են Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով.
6) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ներկայացնում են Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոընկերությունը:
Հոդված 32. |
Խորհրդի աշխատակազմը |
1. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը և աշխատակիցների թվաքանակը հաստատում է Խորհուրդը` Խորհրդի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 33. |
Հանրային հեռուստառադիոընկերության պետական ֆինանսավորումը |
1. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում, նախորդ տարվա համեմատ, բյուջեի եկամտային մասի աճի դեպքում Հանրային հեռուստառադիոընկերության համար նախատեսվում են նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքով ամրագրված` Խորհրդի լիազորությունների իրականացումը:
2. Խորհուրդը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշիվը (բյուջեն)` առանձին տողով նշելով Խորհրդին, Հանրային հեռուստաընկերությանը և Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերջինս էլ դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:
Հոդված 34. |
Խորհրդի տարեկան հաղորդումը |
1. Խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեության (ներառյալ` ծրագրային և ֆինանսական), ինչպես նաև սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների կատարման վերաբերյալ հաղորդում:
Հաղորդումն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Խորհրդի նախագահը: Հաղորդումն Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն:
2. Խորհուրդը հաղորդումը հրապարակում է մամուլում, ինչպես նաև տեղադրում է Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոընկերության համացանցային կայքէջերում:
Գ Լ ՈՒ Խ 5
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 35. |
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը |
1. Ազգային հանձնաժողովը կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը, ինչպես նաև հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության վերահսկումը:
2. Ազգային հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ձեռք բերել ծառայություններ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
3. Ազգային հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:
4. Ազգային հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության շրջանակներում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում:
Ազգային հանձնաժողովը կարող է համագործակցել այլ պետությունների համապատասխան կառույցների և միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:
5. Ազգային հանձնաժողովի նստավայրը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքն է:
Իր որոշմամբ Ազգային հանձնաժողովը կարող է արտագնա նիստեր գումարել նաև Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրերում:
Հոդված 36. |
Ազգային հանձնաժողովի գործառույթները |
1. Օրենքով սահմանված իր նպատակներին համապատասխան` Ազգային հանձնաժողովը`
1) իրականացնում է հեռուստառադիոհեռարձակողների եթերային հեռարձակման լիցենզավորումը մրցույթի միջոցով և ապահովում մրցույթի արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.
2) իրականացնում է հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզավորումը.
3) սահմանում է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգը.
4) հաստատում լիցենզիայի ձևերը.
5) տալիս է լիցենզիաներ.
6) տարին մեկ հրապարակում է եթերային հաճախականությունների ամբողջական ցանկը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կազմած և պարբերաբար իրեն տրամադրվող` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված եթերային հաճախականությունների ցանկը.
7) կազմում և հրապարակում է լիցենզավորված անձանց ցուցակը, հսկում է լիցենզիայում նշված պայմանների կատարումը.
8) թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից բաժանորդային հեռարձակումը.
9) հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների օգտագործման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը.
10) հսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին և տրված հավաստագրին.
11) սույն օրենքի խախտման կամ լիցենզիայի պայմանները և(կամ) իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է օրենքով սահմանված վարչական տույժեր.
12) վերահսկում է հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կողմից նախընտրական քարոզչության` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանումը և նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավասու է դիմելու դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հայցով.
13) ստանում, գրանցում, ուսումնասիրում և հիմնավոր պատասխանում կամ եզրակացություն է տալիս ցանկացած հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին և հարցումներին.
14) իրականացնում է հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկում.
15) կարող է ներգրավվել հեռուստատեսության և ռադիոյի բնագավառին առնչվող միջպետական պայմանագրերի ու օրենսդրական նախագծերի մշակմանը.
16) իր վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով ուսումնասիրություններ և ստուգումներ է իրականացնում հեռուստառադիոընկերություններում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում.
17) իր աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով ընդունում է իրավական ակտեր:
2. Ազգային հանձնաժողովն իրավասու մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
3. Ազգային հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս կարող է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագետների և փորձագետների:
4. Ազգային հանձնաժողովն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 37. |
Ազգային հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը և սկզբունքները |
1. Ազգային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իր կողմից ընդունվող իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:
2. Ազգային հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են օրինականությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, անաչառությունը, ինքնուրույնությունը, կոլեգիալությունը և հրապարակայնությունը:
Հոդված 38. |
Ազգային հանձնաժողովի կազմավորման կարգը |
1. Ազգային հանձնաժողովը բաղկացած է ութ անդամից: Ազգային հանձնաժողովի անդամների կեսը մրցութային կարգով վեց տարի ժամկետով ընտրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը վեց տարի ժամկետով նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից:
2. Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.2-րդ հոդվածին համապատասխան` ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեսի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, իսկ մյուս կեսի նշանակումը Հանրապետության Նախագահի կողմից:
3. Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին մեկշաբաթյա ժամկետում հայտնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին կամ Հանրապետության Նախագահին:
4. Ազգային ժողովը Ազգային հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Հանրապետության Նախագահը, իր հաստատած մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթած թեկնածուին նշանակում է Ազգային հանձնաժողովի անդամ: Այդ մասին տեղեկությունը անհրաժեշտ հիմնավորմամբ հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
6. Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)` իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար:
7. Ազգային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և նախագահի տեղակալ:
8. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել և (կամ) ընտրվել Ազգային հանձնաժողովի անդամ:
Հոդված 39. |
Ազգային հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, նրանց վարձատրության կարգը |
1. Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության և իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հասարակության լայն շրջանում` հեղինակություն ու վստահություն և տիրապետում է հայերենին:
2. Ազգային հանձնաժողովի անդամ չեն կարող լինել`
1) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները և նրանց փոխկապակցված անձինք.
2) հանրային կամ մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները և նրանց փոխկապակցված անձինք.
3) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք, ներառյալ` Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների աշխատողները.
4) այն անձինք, ովքեր դատապարտվել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները և պետական ծառայողները:
3. Ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող լինել կուսակցության ղեկավար մարմնի անդամ, ինչպես նաև չեն կարող իրենց կարգավիճակը գործադրել ի շահ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների:
4. Ազգային հանձնաժողովի նախագահը, տեղակալը և անդամները չեն կարող միաժամանակ զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացառությամբ մանկավարժական, գիտական և ստեղծագործական գործունեության:
Ազգային հանձնաժողովի նախագահը, տեղակալը կամ անդամները չեն կարող լինել որևէ հեռուստառադիոընկերության հիմնադիր և (կամ) փայատեր (բաժնետեր, մասնակից) և (կամ) նրանց փոխկապակցված անձ:
5. Ազգային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետևյալ երդումը.
«Ստանձնելով Ազգային հանձնաժողովի անդամի պարտականությունները` երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը` մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով:
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով` անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից»:
6. Ազգային հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով:
Ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի տասնհինգապատիկի չափով, նախագահի տեղակալինը` տասնվեցապատիկի չափով, նախագահինը` տասնյոթապատիկի չափով:
Հոդված 40. |
Ազգային հանձնաժողովի նախագահը և նախագահի տեղակալը |
1. Ազգային հանձնաժողովի նախագահը օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում`
1) ապահովում է Ազգային հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը.
2) ներկայացնում է Ազգային հանձնաժողովն այլ մարմինների հետ հարաբերություններում.
3) ձևավորում է նիստերի օրակարգը, հրավիրում և վարում է Ազգային հանձնաժողովի նիստերը, ընդ որում` Ազգային հանձնաժողովի անդամը մասնակցում է Ազգային հանձնաժողովի նիստերի օրակարգի ձևավորմանը օրակարգի վերաբերյալ Ազգային հանձնաժողովի նախագահին առաջարկություններ ներկայացնելու միջոցով.
4) ստորագրում և հրապարակում է Ազգային հանձնաժողովի որոշումները, արձակում է հրամաններ.
5) վերահսկում է Ազգային հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.
6) Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը ներկայացնում է Ազգային ժողով.
7) իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
8) Ազգային հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրության նախագիծը, կառուցվածքը և հաստիքացուցակը.
9) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է Ազգային հանձնաժողովի աշխատակիցներին.
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալը`
1) փոխարինում է Ազգային հանձնաժողովի նախագահին նրա բացակայության ընթացքում.
2) Ազգային հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է Ազգային հանձնաժողովի նիստերը.
3) Ազգային հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ համակարգում է Ազգային հանձնաժողովի և նրա աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.
4) իրականացնում է Ազգային հանձնաժողովի նախագահի պատվիրակած այլ լիազորություններ:
Հոդված 41. | Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը |
1. Ազգային հանձնաժողովի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից: Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ`
1) հրաժարական է տվել.
2) ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնի.
3) առանց հարգելի պատճառի երեք ամսից ավելի չի մասնակցել Ազգային հանձնաժողովի աշխատանքներին.
4) դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով.
5) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ.
6) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
7) մահացել է:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի նշանակած Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նշանակած Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:
Հոդված 42. | Ազգային հանձնաժողովի ծախսերի ֆինանսավորումը |
1. Ազգային հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Բյուջեում առանձին տողով նշվում է այդ մասին:
2. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում Ազգային հանձնաժողովի համար նախատեսվում են նախորդ տարվա պետական բյուջեով հաստատվածից ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքով ամրագրված` Ազգային հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:
3. Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր ծախսերի նախահաշիվը (բյուջեն) և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որը տվյալ տարվա պետական բյուջեի կազմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:
Հոդված 43. | Ազգային հանձնաժողովի հաղորդումը |
1. Ազգային հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում:
2. Հաղորդումը ներառում է Ազգային հանձնաժողովի գործունեությանը և լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ և վիճակագրական տվյալներ (ներառյալ` հայտարարված մրցույթների, տրված լիցենզիաների, հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզավորման համար ներկայացված ու մերժված դիմումների և դրանց հիմնավորման, բացահայտված խախտումների և դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների, վարչական տույժերից գանձված վճարների չափի և այլ լիազորությունների մասին):
3. Հաղորդումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրա բացակայության դեպքում` տեղակալը: Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն:
4. Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում, ինչպես նաև տեղադրում է Ազգային հանձնաժողովի համացանցային կայքէջում:
Ազգային հանձնաժողովի ընդունած նորմատիվ բնույթի բոլոր որոշումները հրապարակվում են մամուլում:
Հոդված 44. | Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը |
1. Ազգային հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և գործունեությունը ղեկավարում է Ազգային հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` տեղակալը:
2. Ազգային հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով:
3. Ազգային հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ: Ազգային հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստեր անցկացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
Նիստին հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
4. Ազգային հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ առնվազն 4 անդամի պահանջով:
5. Ազգային հանձնաժողովը զանգվածային լրատվության առնվազն մեկ միջոցով հրապարակում է նիստերի անցկացման տեղը, ժամանակը և օրակարգը, հրավիրում է շահագրգիռ անձանց` մասնակցելու նիստերին:
6. Ազգային հանձնաժողովի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Ազգային հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը:
7. Ազգային հանձնաժողովի նիստը վարում է Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Ազգային հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
8. Ազգային հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալի բացակայության, ինչպես նաև նրանց կողմից իրենց պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նիստը վարում է Ազգային հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
Ազգային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացի օրենքով նախատեսված դեպքերից, Ազգային հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Ազգային հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը կցվում է նիստի արձանագրությանը:
9. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչելու, տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, սույն օրենքը խախտելու համար տույժեր կիրառելու, ինչպես նաև հեռարձակողների գործունեությանն առնչվող ցանկացած որոշում Ազգային հանձնաժողովը կայացնում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:
10. Ազգային հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրությունները ստորագրում է նիստը նախագահողը: Ազգային հանձնաժողովը վարում է իր որոշումների գրանցամատյանը:
Հոդված 45. | Ազգային հանձնաժողովի աշխատակազմը |
1. Ազգային հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը և կանոնադրությունը հաստատում է Ազգային հանձնաժողովը` իր նախագահի ներկայացմամբ: Ազգային հանձնաժողովի աշխատակազմում չեն կարող ընդգրկվել սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված անձինք:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 46. | Լիցենզավորումը |
1. Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցութային կարգով` թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հայտարարվող հեռուստաընկերությունների մրցույթից հետո: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Ազգային հանձնաժողովը:
3. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի` լիցենզիա ստանալու նպատակով ներկայացված դիմումի քննարկման արդյունքում:
4. Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի:
Հոդված 47. | Թվային հեռարձակման ցանցը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակումն իրականացվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով:
2. Մինչև սույն օրենքի 62-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված ժամկետում իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանցերի ստեղծումը թվային հեռարձակման ցանցը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:
3. Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծումը, պահպանումն ու շահագործումն իրականացնող կազմակերպության հիմնադրումը և նրա գործառույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
4. Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տասը տարին մեկ` սկսած 2010 թվականի հուլիսի 20-ից, հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթ` հանրապետական, մայրաքաղաքային և տարածքային սփռման սույն հոդվածով սահմանված թեմատիկ ուղղվածություն ունեցող և սույն հոդվածում նշված քանակությամբ հեռուստաընկերությունների համար:
2010 թվականի հուլիսի 20-ին հայտարարվող թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների առաջին մրցույթի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 62-րդ հոդվածով:
5. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերությունները.
1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու հեռուստածրագրեր (հեռուստաալիքներ), որոնցից մեկը` ընդհանուր ուղղվածության, մյուսը` հոգևոր-մշակութային.
2) հինգ մասնավոր հեռուստաընկերություններ` ընդհանուր ուղղվածության.
3) մեկ վերահեռարձակող հեռուստաընկերություն:
6. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերությունները.
1) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` ժամանցային ուղղվածության.
2) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` երիտասարդական ուղղվածության.
3) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` երաժշտական ուղղվածության.
4) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության.
5) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` միջազգային և տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության.
6) չորս վերահեռարձակող հեռուստաընկերություններ:
7. Թվային հեռարձակման ցանցի միջոցով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում հեռարձակում է իրականացնում ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական տարածքային սփռման մասնավոր հեռուստաընկերություն:
Հոդված 48. | Լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտը |
1. Հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտում նշվում են`
1) հայտ ներկայացնողի անվանումը և գտնվելու վայրը.
2) հեռուստածրագրերի թեմատիկ ուղղվածությունը.
3) սփռման տարածքը.
4) տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին.
5) սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը.
6) հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
2. Հայտին կցվում են ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները, հեռուստաընկերության բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին, ինչպես նաև լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի մուծման անդորրագիրը:
Հոդված 49. | Լիցենզավորված անձի ընտրությունը |
1. Ազգային հանձնաժողովը լիցենզավորված անձի ընտրության ժամանակ հաշվի է առնում`
1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
2) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.
3) հեռուստաընկերության բիզնես ծրագրի հիմնավորվածությունը.
4) բազմակարծությունը խթանելու կարողությունը.
5) դիմողի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.
6) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:
2. Լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`
1) գործող այն հեռուստաընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.
2) գործող այն հեռուստաընկերություններին, որոնք հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ:
3. Ազգային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը կայացնում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա: Ազգային հանձնաժողովի որոշումը պետք է լինի պատշաճ հիմնավորված և պատճառաբանված: Ազգային հանձնաժողովն ապահովում է իր որոշման հրապարակայնությունը: Վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է Ազգային հանձնաժողովի սահմանած մրցույթի անցկացման կարգով:
Հոդված 50. | Կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը |
1. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմողը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով, Ազգային հանձնաժողովին ներկայացնում է դիմում, որում նշվում են`
1) դիմումատուի անվանումը և գտնվելու վայրը.
2) հեռուստառադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը.
3) սփռման տարածքը.
4) տեղեկություններ դիմումատուի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին.
5) վերահեռարձակվող հեռուստառադիոծրագրերի թիվը (եթե դիմումատուն նախատեսում է իրականացնել վերահեռարձակում).
6) իր կողմից շահագործվող կաբելային (մալուխային) ցանցով այլ հեռահաղորդակցական ծառայություններ մատուցելու մասին տեղեկություններ.
7) դիմումի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
2. Դիմումին կից ներկայացվում են դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները, բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին, տեղեկանք դիմումում նշված սփռման տարածքում բնակարանների թվի մասին:
3. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում Ազգային հանձնաժողովը դրանք ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դիմողին պատշաճ կերպով տեղեկացնում է այդ մասին` դրանց շտկման նպատակով: Դիմողն իրավունք ունի սույն մասում նշված ծանուցումը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային հանձնաժողով ներկայացնել փաստաթղթերը` առանց սույն մասում նշված թերությունների:
4. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը սահմանում է Ազգային հանձնաժողովը:
Հոդված 51. | Դիմումի քննարկումը և որոշման ընդունումը |
1. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տալու համար Ազգային հանձնաժողովն իր նիստում քննարկում է դիմումը և որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում:
2. Լիցենզիա տալու մասին որոշմամբ Ազգային հանձնաժողովը սահմանում է նաև սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված այն հեռուստաընկերությունների հեռուստառադիոծրագրերը (բացառությամբ վերահեռարձակող հեռուստաընկերությունների), որոնք ենթակա են պարտադիր հեռարձակման հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից:
3. Լիցենզիա չի տրվում, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են կամ չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին և սույն օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` դիմողը չի վերացրել Ազգային հանձնաժողովի նշած թերությունները.
2) դիմողը, օրենքի համաձայն, իրավունք չունի զբաղվելու հեռուստառադիոծրագրերի հեռարձակմամբ.
3) բացակայում են հեռուստառադիոծրագրերի հեռարձակման տեխնիկական հնարավորությունները:
4. Լիցենզիա տալը մերժելու հիմքերի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են որոշման ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Լիցենզավորման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 52. | Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի գործունեությունը |
1. Օրենքով սահմանված կարգով հեռուստառադիոհեռարձակում իրականացնող` Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող ընկերությունների հեռուստառադիոծրագրերը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահեռարձակվել միայն Ազգային հանձնաժողովի թույլտվության հիման վրա:
Թույլտվությունը տրվում է, կամ դիմումը մերժվում է վերահեռարձակում իրականացնելու համար Ազգային հանձնաժողովին դիմելուց հետո` 15-օրյա ժամկետում:
2. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձը սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ կարող է արտադրել և հեռարձակել Ազգային հանձնաժողովի թույլտվության հիման վրա:
3. Սեփական արտադրության յուրաքանչյուր նոր հեռուստառադիոծրագրի հեռարձակման համար թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձը Ազգային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված բովանդակությամբ դիմում և փաստաթղթեր:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը և փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 20-օրյա ժամկետում, դրանց քննարկման արդյունքում Ազգային հանձնաժողովը տալիս է թույլտվություն սեփական արտադրության հեռուստառադիոծրագրի հեռարձակման համար կամ կայացնում է դիմումը մերժելու մասին որոշում:
Հոդված 53. | Լիցենզիայի բովանդակությունը |
1. Հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակման և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները.
1) լիցենզավորող մարմնի անվանումը.
2) լիցենզիայի համարը.
3) լիցենզիան տալու ամսաթիվը.
4) գործունեության տեսակը, որի համար տրվել է լիցենզիան.
5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը.
6) սփռման տարածքը.
7) լիցենզիայի գործողության ժամկետը:
2. Լիցենզիայի պայմանները կցվում են լիցենզիային և համարվում դրա անբաժանելի մասը:
Հոդված 54. | Լիցենզիա տալը |
1. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաև դիմումի հիման վրա լիցենզիայի իրավունք ստացած հեռուստաընկերությունները լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչվելու և դիմումի հիման վրա լիցենզիա տալու մասին Ազգային հանձնաժողովի որոշումները ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, վճարում են հեռարձակում իրականացնելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրք:
2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային հանձնաժողովը նշված անձանց տալիս է լիցենզիաներ:
3. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը չվճարելը հիմք է մրցույթում հաղթող ճանաչելու և դիմումի հիման վրա լիցենզիա տալու մասին որոշումներն Ազգային հանձնաժողովի կողմից չեղյալ ճանաչվելու համար:
4. Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը սույն հոդվածով սահմանված հիմքով չեղյալ ճանաչվելու դեպքում Ազգային հանձնաժողովը հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնող համապատասխան սփռման և ուղղվածության հեռուստաընկերության լիցենզավորման արտահերթ մրցույթ և իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով:
Հոդված 55. |
Լիցենզիաների գործողության ժամկետները |
1. Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիաները տրվում են տասը տարի ժամկետով:
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 56. | Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման պայմանները |
1. Կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման համար լիցենզիա չի պահանջվում, եթե սփռման և սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական անձին պատկանող շենքերով ու տարածքներով, բացառությամբ հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի:
2. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող հեռուստառադիոհաղորդումների իրականացման որակի վրա, ինչպես նաև չպետք է խաթարի հեռուստառադիոհաղորդումներ ընդունող և հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը:
3. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումներն իրականացվում են Ազգային հանձնաժողովի գրավոր թույլտվության հիման վրա:
4. Սույն օրենքի և հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառի այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում առանց լիցենզավորման հեռուստառադիոընկերությունների գործունեությունն Ազգային հանձնաժողովը դադարեցնում է:
Հոդված 57. | Դիմում առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների թույլտվության վերաբերյալ |
1. Առանց լիցենզիայի հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակողը պարտավոր է գրավոր դիմել Ազգային հանձնաժողովին հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից քառասուն օր առաջ:
2. Դիմումը պարունակում է տեղեկություններ`
1) հեռուստահաղորդումներ իրականացնողի մասին.
2) սփռման տարածքի մասին.
3) հեռուստառադիոլսարանի առավելագույն թվի մասին.
4) հաղորդումների թեմատիկայի, մասնագիտացման և եթերաժամերի մասին:
Գ Լ ՈՒ Խ 8
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 58. | Պատասխանատվությունը հեռուստատեսության և ռադիոյի օրենսդրության պահանջները խախտելու համար |
1. Ազգային հանձնաժողովի կողմից հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, լիցենզիայի պայմանների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կրկնակի դեպքեր հայտնաբերելու և դրանց մասին Ազգային հանձնաժողովին գրավոր տեղեկացնելու դեպքում Ազգային հանձնաժողովը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք:
2. Ազգային հանձնաժողովն իրավասու է սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության պարագայում դիմել դատարան` լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով, ինչպես նաև խախտում թույլ տված հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվության ենթարկելու պահանջով:
3. Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) իրավունք ունեն դիմելու դատարան` Ազգային հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով, ընդ որում` նշված պահանջով հայցը դատարան ներկայացնելը չի կասեցնում վարչական տույժի կիրառման մասին որոշման կատարումը:
Հոդված 59. | Գրավոր նախազգուշացումը |
1. Սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հայտնաբերված խախտումների առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, Ազգային հանձնաժողովն իրավախախտումը հայտնաբերելու օրվանից և (կամ) պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հայտնաբերված իրավախախտումների կրկնակի դեպքերի մասին տեղեկացվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում գրավոր նախազգուշացնում է խախտում կատարած հեռուստառադիոընկերությանը` պահանջելով վերացնել խախտումը և սահմանելով խախտումը վերացնելու համար ողջամիտ ժամկետ:
Հոդված 60. | Տուգանքը |
1. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումներ կատարած անձի նկատմամբ տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով գրավոր նախազգուշացում ստացած անձի կողմից նախազգուշացմամբ նշված ժամկետում սահմանված պահանջը չկատարելը կամ նախազգուշացման համար հիմք դարձած նույն խախտումը սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Հեռուստառադիոհեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերության կողմից համապատասխան սփռման գոտիների համընկնման շրջաններում հեռուստառադիոլսարանի` այլ հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը սահմանափակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4. Հեռուստառադիոընկերության անվանումը, ազդականչն ու այլ ելքային տվյալներ միայն օտար լեզուներով (առանց հայերեն տարբերակի) օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
5. Հեռուստառադիոընկերության կողմից հայրենական արտադրության հաղորդումները ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս հեռարձակելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
6. Առանց Ազգային հանձնաժողովին տեղեկացնելու վերահեռարձակում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
7. Ընտրությունների և հանրաքվեների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
8. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստատեսությամբ առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «Նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն» լուսագրի քաղաքական կամ այլ քարոզչական հաղորդումներ սփռելը, իսկ ռադիոսփռման դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան 3 անգամ դրա մասին չհիշեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
9. Հեռուստառադիոընկերության կողմից իր հեռարձակած հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամանակով չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
10. Ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում ավելի քան քսան րոպեն մեկ հաճախականությամբ կամ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով տասնչորս րոպեից ավելի տևողությամբ գովազդ հեռարձակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
11. Հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի), ծխախոտի և ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաև մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
12. Պաշտոնական հաղորդագրությունների, լրատվական թողարկումների գովազդային ընդհատումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
13. Ռադիոընկերության կողմից եթերում օրական առնվազն երեք անգամ իր անվանումը չհայտարարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
14. Հեռուստառադիոընկերության կողմից իր հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ իր խորհրդանիշը չհեռարձակելը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
15. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների եթեր հեռարձակումը ժամը 24.00-ից մինչև 6.00-ն ընկած ժամանակահատվածից դուրս, բացառությամբ բաժանորդային հեռարձակման`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
16. Արբանյակային հեռարձակման մասին սույն օրենքով սահմանված ժամկետում Ազգային հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
17. Լիցենզավորված հեռուստառադիոընկերության կողմից առանց Ազգային հանձնաժողովի թույլտվության բաժանորդային հեռարձակում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
18. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի վարման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
19. Յուրաքանչյուր առանձին գովազդային հատուկ հաղորդման տևողությունը եթերային մեկ ժամվա ընթացքում հինգ րոպեն գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
20. Հեռուստառադիոընկերությունների կողմից այն ապրանքատեսակների և ծառայությունների գովազդի հեռարձակումը, որոնց գովազդն արգելված է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
21. Սույն հոդվածի 3-20-րդ մասերով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված հեռուստառադիոընկերության կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Հոդված 61. | Լիցենզիայի գործողության դադարեցումը |
1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե`
1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն է հայտնաբերվել.
2) լիցենզավորված անձը սույն օրենքի 60-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի), որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.
3) լիցենզավորված անձը սույն օրենքի 60-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված հիմքով սույն օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի համաձայն` մեկ տարվա ընթացքում մեկ անգամ ենթարկվել է վարչական տույժի, որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.
4) հեռուստառադիոընկերության տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ են ստեղծվում այլ հեռուստառադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովվում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը.
5) տեղի է ունեցել լիցենզիայի զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.
6) լիցենզավորված անձն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել հեռուստահաղորդումների հեռարձակում.
7) լիցենզավորված անձը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ.
8) այդ մասին կա լիցենզավորված անձի դիմումը.
9) խախտվել են օրենքի 22-րդ հոդվածի պահանջները.
10) ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ նրա լիազորած անձին պաշտոնական հայտարարություններ կատարելու համար եթերաժամանակ չի հատկացվել.
11) խախտվել է սույն օրենքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը.
12) լիցենզավորված անձը լուծարվել է:
2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` Ազգային հանձնաժողովի դիմումի համաձայն: Դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15-օրյա ժամկետում:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է Ազգային հանձնաժողովի որոշմամբ:
5. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկական կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար լիցենզավորված անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել`
1) պետական լիազորված մարմինների կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով.
2) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ լիցենզավորված անձը տեղյակ է պահել Ազգային հանձնաժողովին և ստացել թույլտվություն.
3) վթարի կամ աղետների հետևանքով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում հեռուստառադիոընկերությունները ողջամիտ ժամկետում վերականգնում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը` պահպանելով և ապահովելով լիցենզիայի պայմանները:
7. Սույն հոդվածով սահմանված հիմքերով եթերային հեռարձակում իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պահից երեք ամիս հետո Ազգային հանձնաժողովը հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնող համապատասխան սփռման և ուղղվածության հեռուստառադիոընկերության լիցենզավորման արտահերթ մրցույթ և իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով, ընդ որում` որպես լիցենզավորված նոր հեռուստառադիոընկերության լիցենզիայի գործողության ժամկետ սահմանվում է այն ամսաթիվը, որը նշված էր ուժը կորցրած ճանաչված լիցենզիայում:
Գ Լ ՈՒ Խ 9
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 62. | Անցումային դրույթներ |
1. Մինչև 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում:
2. Այն ռադիոընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչև 2011 թվականի հունվարի 20-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև 2013 թվականի հուլիսի 20-ը:
3. Մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:
4. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթի արդյունքում լիցենզավորված մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) նկատմամբ տարածվում են այդ մրցույթի արդյունքում լիցենզավորված բոլոր հեռուստաընկերությունների համար սույն օրենքով սահմանված դրույթները:
5. 2010 թվականի հուլիսի 20-ին Ազգային հանձնաժողովը հայտարարում է տասնութ հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթ և սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում լիցենզավորում:
6. Հեռուստահեռարձակողների լիցենզավորման սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետում հայտարարվող առաջին մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներից յուրաքանչյուրի հետ Ազգային հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` տասնօրյա ժամկետում, լիցենզիայի գործողության առաջին հինգ տարիների ընթացքում հեռարձակում իրականացնելու համար համաձայնեցնում է հեռուստահաղորդումների հեռարձակման հաճախականությունը: Հայաստանի Հանրապետությունը մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին ապահովում է ազատ եթերային հաճախականությամբ` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը անալոգային հեռուստահեռարձակում իրականացնելու համար:
7. Հեռուստահաղորդումների հեռարձակման հաճախականությունների համաձայնեցումից հետո` վեցամսյա ժամկետում, լիցենզավորված հեռուստահեռարձակողները պարտավոր են իրականացնել հեռուստահաղորդումների հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու հեռարձակման ցանցերի տեղադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրականացրած` հեռուստատեսության հեռարձակման ցանցերի տեխնիկական փորձաքննության հիման վրա:
8. Լիցենզիա ստացած հեռուստահեռարձակողի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում նշված պարտականությունը չկատարելը հիմք է սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:
9. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին տրված լիցենզիաների գործողության ժամկետի սկիզբն է 2011 թվականի հունվարի 20-ը:
10. 2010 թվականի հուլիսի 20-ից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համարվում է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան, որի ընթացքում պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ իրականացվում է աստիճանական (ըստ Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի) անցում թվային հեռարձակման:
11. 2015 թվականի հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, և այդ պահից սկսած` Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում:
12. 2013 թվականի հուլիսի 20-ից ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով օրենքով սահմանվում են ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները, այդ թվում` ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի արդյունքում լիցենզավորվող ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունն ու քանակը: Մինչև թվային ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի անցկացումը և համապատասխան լիցենզիաների տրամադրումը գործող ռադիոընկերությունները շարունակում են գործունեությունը իրենց լիցենզիաների պայմաններին համապատասխան:
13. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար օրենքով կսահմանվեն մուլտիպլեքսորի լիցենզավորման կարգն ու պայմանները:
14. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժի մեջ է մտնում սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներից որևէ մեկի պաշտոնավարման ժամկետը լրանալու պահից:
15. Սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
(օրենքը խմբ. 10.06.10 ՀՕ-100-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|