Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
նպատակ ունենալով երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը,
ղեկավարվելով երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը կանոնակարգելու ցանկությամբ,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1. Մի Կողմի պետության քաղաքացիները, այդ թվում` երրորդ պետություններում մշտապես բնակվողները կամ ժամանակավորապես գտնվողները, կարող են արտասահման մեկնելու համար վավերական փաստաթղթերի հիման վրա, առանց մուտքի վիզայի, մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել մյուս Կողմի պետության տարածքում իննսուն օր ժամկետով` հաշված մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կեցության ժամկետը կարող է երկարաձգվել` համաձայն Կողմերից յուրաքանչյուրի պետության ազգային օրենսդրության:
Հոդված 2
1. Կողմերի պետությունների քաղաքացիները, սույն Համաձայնագրի իմաստով, կարող են մուտք գործել, դուրս գալ, տեղաշարժվել և տարանցմամբ անցնել Կողմերի պետությունների տարածքով` հետևյալ փաստաթղթերով.
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար.
- դիվանագիտական անձնագիր,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (օտարերկրյա պետություններում վավերականության նշումով),
- Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար):
բ) Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների համար.
- դիվանագիտական անձնագիր,
- ծառայողական անձնագիր,
- Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,
- նավաստու անձնագիր (նավային դերի կամ դրանից քաղվածքի առկայության դեպքում),
- Ղազախստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Ղազախստանի Հանրապետություն վերադարձի համար):
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով հայտագրերի փոխանակմամբ միմյանց ժամանակին կտեղեկացնեն արտասահման մեկնելու համար վավերական նոր փաստաթղթեր գործածության մեջ դնելու, ինչպես նաև գործող փաստաթղթերում փոփոխություններ կատարելու մասին և կփոխանակեն դրանց նմուշները:
Հոդված 3
1. Դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող և դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ դիվանագիտական առաքելության կամ դրա ներկայացուցչության կարգավիճակ ունեցող և մյուս Կողմի պետության տարածքում գտնվող միջազգային կազմակերպության աշխատակից հանդիսացող` մի Կողմի պետության քաղաքացիները իրենց ծառայողական պարտականությունների կատարման ողջ ժամանակահատվածում կարող են մուտք գործել, դուրս գալ և գտնվել այդ պետության տարածքում առանց մուտքի վիզայի:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները տարածվում են նաև նշված անձանց` նրանց հետ բնակվող ընտանիքի անդամների նկատմամբ` անկախ նրանց կողմից օգտագործվող անձնագրերի տեսակից:
Հոդված 4
1. Մի Կողմի պետության քաղաքացիները, որոնք մուտք են գործում մյուս Կողմի պետության տարածք ավելի, քան իննսուն օր ժամկետով, պարտավոր են ունենալ ընդունող պետության մուտքի վիզա:
2. Մի Կողմի պետության քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են մյուս Կողմի պետության տարածքում, կարող են մեկնել այդ պետության տարածքից և հետ վերադառնալ առանց մուտքի վիզայի, եթե նրանք ունեն իրենց մշտական բնակությունը հաստատող փաստաթղթեր:
3. Մի Կողմի պետության քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են մյուս Կողմի պետության տարածքում, կարող են մշտական բնակության մեկնել արտասահման` համաձայն բնակության երկրի օրենսդրության:
Հոդված 5
Մի Կողմի պետության քաղաքացիները մուտք են գործում, դուրս են գալիս, տարանցմամբ անցնում են մյուս Կողմի պետության տարածքով միջազգային հաղորդակցության համար բաց սահմանային անցակետերով:
Հոդված 6
Առանց խախտելու «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի դրույթները` մի Կողմի պետության քաղաքացիները պարտավոր են մյուս Կողմի պետության սահմանը հատելիս և նրա տարածքում գտնվելու ընթացքում պահպանել այդ Կողմի պետության ազգային օրենսդրությունը:
Հոդված 7
Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Կողմերի պետությունների իրավունքները մյուս Կողմի պետության այն քաղաքացիների մուտքը մերժելու կամ կեցության ժամկետը կրճատելու համար, որոնց ներկայությունը իրենց տարածքներում համարվում է անցանկալի: Կողմերից յուրաքանչյուրը առանց պայմանականությունների և ցանկացած ժամանակ կընդունի իր այն քաղաքացիներին, որոնց կկարգադրվի լքել մյուս Կողմի պետությունը:
Հոդված 8
1. Մի Կողմի պետության քաղաքացիները, որոնք մյուս Կողմի պետության տարածքում կորցրել են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված փաստաթղթերը, պետք է այդ մասին անհապաղ իրազեկեն կեցության պետության իրավասու մարմիններին, որոնք տրամադրում են փաստաթղթերի կորստյան հայտարարությունը հաստատող տեղեկանք:
Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց նրանց քաղաքացիության պետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները տրամադրում են արտասահման մեկնելու համար վավերական նոր փաստաթուղթ:
Հոդված 9
Կողմերը ոչ ուշ, քան երեսուն օր առաջ, դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն մուտքի, կեցության և ելքի պայմանների փոփոխությունների մասին:
Հոդված 10
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրում, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով` բացառությամբ սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված դեպքերի:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված վիճելի հարցերը կարգավորվում են Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 12
1. Կողմերից յուրաքանչյուրը իրավասու է ամբողջովին կամ մասամբ կասեցնելու սույն Համաձայնագրի առանձին դրույթները, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության, հասարակական կարգի ապահովման կամ իր պետության բնակչության առողջության պահպանության համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցները ձեռնարկելու և դրանք վերացնելու մասին Կողմերը միմյանց անհապաղ տեղեկացնում են դիվանագիտական ուղիներով:
3. Սույն Համաձայնագրի գործողության լրիվ կամ մասնակի դադարեցումը չի տարածվում Կողմերից մեկի պետության տարածքում սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան գտնվող Կողմերի պետությունների քաղաքացիների գտնվելու կարգի վրա:
Հոդված 13
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին: Այդ դեպքում Համաձայնագիրն ուժը կորցնում է այդպիսի ծանուցումը ստանալու օրվանից իննսուներորդ օրը:
Կատարված է 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանա քաղաքում, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կանդրադառնան ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. ապրիլի 28-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|