Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.266
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

 Վարչական գործ թիվ ՎԴ/1513/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/1513/05/09

2009թ. 

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

 Ս. Սարգսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Ե. Խունդկարյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 22.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ Ոստիկանության հայցի ընդդեմ Գևորգ Հազարապետյանի` վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին, և ըստ Գևորգ Հազարապետյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ոստիկանության՝ 19.05.2008 թվականի թիվ 424913 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ոստիկանությունը պահանջել է արձակել Գևորգ Հազարապետյանի կողմից 150.000 ՀՀ դրամի վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Գևորգ Հազարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 19.05.2008 թվականի թիվ 424913 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 22.05.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գևորգ Հազարապետյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 55-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պարտավոր էր ի պաշտոնե պարզել գործի փաստերը, կողմերից պահանջել ներկայացնել ապացույցներ և ձեռնարկել ողջամիտ այլ միջոցներ վեճի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության և լուծման համար, ինչը չի արել:

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ առանձին տեսակի վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով: Բացի այդ, միանման հարց կարգավորող վարչական ակտը կարող է ունենալ միասնական նմուշի ձև (ձևաթուղթ):

Դատարանը վճռում նշել է, որ ակտում նշված չէ, թե Ճանապարհային երթևեկության որ կանոնն է խախտվել, իրավախախտումը որտեղ է կատարվել, ակտում բացակայում է Ոստիկանության կնիքը, նշված չէ ակտը բողոքարկելու վայրը, ժամկետը, կարգը: Մինչդեռ, Դատարանն անտեսել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 20-րդ մասը գործում է ինքնուրույն, քանի որ նշված նորմը պատասխանատվություն է սահմանում կոնկրետ որոշակի արարքի համար՝ առանց հղում կատարելու որևէ չափ կամ այլ պայման նախատեսող նորմի: Հետևաբար Ճանապարհային երթևեկության որևէ կանոն նշելու անհրաժեշտություն չկար: Ինչ վերաբերում է վարչական ակտի որոշակիությանը, ապա թե՛ Գևորգ Հազարապետյանի, թե՛ Ոստիկանության, թե՛ Դատարանի համար միանշանակ պարզ էր վարչական պատասխանատվության ենթարկվող անձը և ենթարկող մարմինը, ակտը կնքված է Ոստիկանության պաշտոնական կնիքով, իսկ ակտի բողոքարկման և անհրաժեշտ այլ տվյալները նշված են դարձերեսին:

Դատարանը, վկայակոչելով հակընդդեմ հայցին պատասխան չներկայացնելու հանգամանքը, բողոք բերած անձին դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն չի տվել, իսկ հայցապահանջի հիմնավորումներին և հակընդդեմ հայցի դեմ առարկություններին վճռում անդրադարձ չի կատարել:

Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել գործի ողջ քննության ընթացքում բողոք բերած անձի ներկայացրած առարկություններն ու հիմնավորումները և գործի` ի պաշտոնե քննության Դատարանի պարտականությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 22.05.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Դատարանը կողմերին տվել է հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում: Գևորգ Հազարապետյանը, օգտվելով դատավարական իրավունքներից, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածով ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում՝ Ոստիկանության 19.05.2008 թվականի թիվ 424913 որոշումն առոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջով, որտեղ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը: Նշված հակընդդեմ հայցով վիճարկվել է Ոստիկանության որոշման իրավական, այլ ոչ թե փաստական կողմը, իսկ Ոստիկանությունը հակընդդեմ հայցի վերաբերյալ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան, չի արտահայտել դիրքորոշում, այսինքն՝ ընդունել է Գևորգ Հազարապետյանի ներկայացրած փաստերը:

Բացի այդ, Ոստիկանությունը չի վիճարկել 19.05.2008 թվականի թիվ 424913 որոշման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ընդունված լինելու փաստը:

Ամեն դեպքում, եթե նույնիսկ անձը կատարում է որևէ իրավախախտում (զանցանք), ապա վարչական վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է այն իրականացնել օրենքի պահանջներին համապատասխան: Մինչդեռ, վարչական վարույթն իրականացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ:

Ինչ վերաբերում է կնիքի վերաբերյալ բողոք բերած անձի դիրքորոշմանը, ապա վիճարկվող որոշման վրա կնիքը բացակայում է, քանի որ դրա վրա դրոշմվածը կնիք չէ, նրանում բացակայում է ՀՀ զինանշանը, այն ընդամենը դրոշմակ է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ոստիկանության 19.05.2008 թվականի թիվ 424913 որոշմամբ Գևորգ Հազարապետյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 20-րդ մասի պահանջը խախտելու համար ենթարկվել է 30.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 4):

2) Դիմելով դատարան՝ Ոստիկանությունը հայտնել է, որ նշված տուգանքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով կազմում է 150.000 ՀՀ դրամ (գ.թ. 2):

3) Ոստիկանության ներկայացուցիչը մասնակցել է գործի քննությանը և առարկել է հակընդդեմ հայցադիմումի դեմ՝ ներկայացնելով բանավոր հիմնավորումներ (08.05.2009 թվականի դատական նիստի արձանագրությունը գ.թ. 26-29, 31):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին oրենսդրության հիմունքներին, նույն oրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Նույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Նշված օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշումը պետք է պարունակի այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով: Մասնավորապես, վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ընթացքում ընդունված որոշման բովանդակության համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ պահանջներ, քան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներն են (իրավական հիմնավորումները տե՛ս, օրինակ՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցի ընդդեմ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի՝ 40.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային կենտրոնի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ3/0294/05/08 (2009թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշումը պետք է պարունակի՝ այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ակտում նշված չէ, թե ՀՀ կառավարության թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Ճանապարհային երթևեկության ո՞ր կանոնն է խախտվել, իրավախախտումը որտեղ է կատարված, բացակայում է Ոստիկանության կնիքը, նշված չէ այն բողոքարկելու վայրը, ժամկետը, կարգը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներին ներկայացվող պահանջները սահմանված են նշված օրենսգրքով, և այդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ: Տվյալ դեպքում էական է այն հարցի պարզումը, թե վիճարկվող ակտը համապատասխանում է արդյոք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին, թե՝ ոչ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ոստիկանության 19.05.2008 թվականի թիվ 424913 որոշումն ամբողջությամբ համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի պահանջներին, քանի որ նշված որոշումը պարունակում է այն ընդունած պաշտոնատար անձի պաշտոնը, կայացնելու ամսաթիվը, վարչական իրավախախտում կատարած անձի անունը և ազգանունը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը (որոշման մեջ նշված է, որ Գևորգ Հազարապետյանը հատել է բաժանարար գոտին չնախատեսված վայրում), տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը (որոշման մեջ որպես վարչական պատասխանատվության իրավական հիմք է նշված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 20-րդ մասը), ինչպես նաև գործի վերաբերյալ ընդունված որոշումը (որոշմամբ Գևորգ Հազարապետյանը ենթարկվել է 30.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի): Հետևաբար Ոստիկանության 19.05.2008 թվականի թիվ 424913 որոշումն իրավաչափ է և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի հիմքով ենթակա է կատարման:

Ինչ վերաբերում է Դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ Ոստիկանության վիճարկվող որոշման մեջ նշված չէ, թե Ճանապարհային երթևեկության ո՞ր կանոնն է խախտվել, ապա Գևորգ Հազարապետյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 20-րդ մասի պահանջը խախտելու, մասնավորապես, ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում հատելու համար, ինչը և արձանագրվել է Ոստիկանության վիճարկվող որոշման մեջ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը: Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ պատասխանողի վրա դրված է հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտավորություն, որի չպահպանումը վերջինիս համար կարող է առաջացնել բացասական հետևանքներ, մասնավորապես, հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում: Այդ պահանջը հետապնդում է հայցապահանջի վերաբերյալ պատասխանողի դիրքորոշմանը տեղեկանալու նպատակ, այսինքն՝ այն վերաբերում է միմիայն պատասխանողին, քանի որ հայցվորի դիրքորոշումն ի սկզբանե դատարանին հայտնի է:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Ոստիկանությունը չի ներկայացրել հակընդդեմ հայցադիմումի պատասխան, ինչը Դատարանը գնահատել է որպես Ոստիկանության կողմից Գևորգ Հազարապետյանի վկայակոչած փաստերի ընդունում:

Մինչդեռ, Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ոստիկանության ներկայացուցիչը մասնակցել է գործի քննությանը և առարկել է հակընդդեմ հայցադիմումի դեմ՝ ներկայացնելով բանավոր հիմնավորումներ:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 22.05.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցը բավարարել՝ Գևորգ Հազարապետյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 150.000 ՀՀ դրամ: Գևորգ Հազարապետյանի հակընդդեմ հայցը մերժել:

2. Գևորգ Հազարապետյանից հօգուտ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության բռնագանձել 3.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված և 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան