ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
22 հունվարի 2010 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ԲՈՆՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունվարի 26-ին Բոննում ստորագրված` Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 10 դեկտեմբերի 2009թ.:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Կանոնադրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
2009թ. հունվարի 26-ին Բոննում ստորագրված` Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության կանոնադրությամբ հիմնադրվում է միջազգային իրավունակությամբ օժտված Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալություն:
Կանոնադրությամբ նախատեսված են Գործակալության հիմնական մարմինների` Ասամբլեայի, Խորհրդի, Քարտուղարության լիազորությունները և իրավասությունները: Ըստ Կանոնադրության` Ասամբլեան և Խորհուրդը` Ասամբլեայի հաստատման պայմանով, կարող են հիմնել լրացուցիչ մարմիններ, որոնք անհրաժեշտ կհամարվեն Կանոնադրությանը համապատասխան իրենց գործառույթներն իրականացնելու համար:
Գործակալության նպատակն է խթանել վերականգնվող էներգետիկայի բոլոր տեսակի լայնատարած, ընդլայնվող ընդունումը և կայուն օգտագործումը` հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի աջակցությունը շրջակա միջավայրի պահպանության գործում և ազգային ու ներպետական առաջնայնությունները և այն առավելությունները, որոնք բխում են վերականգնվող էներգետիկայի և էներգասպառման արդյունավետության միջոցների համադրված մոտեցումից:
Կանոնադրության համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
- Կանոնադրությանն անդամակցելով` գործել Կանոնադրությամբ սահմանված նպատակներին և գործունեությանը համապատասխան,
- Գործակալության բյուջե կատարել պարտադիր ներդրումներ` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության գնահատման սանդղակի վրա` Ասամբլեայի կողմից սահմանված կարգով,
- ապահովել, որպեսզի Գործակալությունն իր տարածքում օգտվի այնպիսի իրավունակությունից, որը կարող է անհրաժեշտ լինել նրա գործառույթների կատարման և նպատակների իրականացման համար,
- Գործակալության մյուս անդամների հետ մեկտեղ, որոշում կայացնել արտոնությունների և անձեռնմխելիության մասին առանձին համաձայնագրի վերաբերյալ,
- Կանոնադրության մեկնաբանության կամ կիրառության հետ կապված` անդամների միջև ծագած վեճերը լուծել խաղաղ ճանապարհով` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան, և այդ նպատակով փորձել լուծում գտնել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 33-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված եղանակով:
Կանոնադրությամբ նախատեսված են Գործակալության գործունեությունից բխող աշխատանքների շրջանակը, Գործակալության աշխատանքային ծրագրերի և նախագծերի իրականացման կարգը, Կանոնադրությանն անդամների կողմից անդամակցության պայմաններն ու կարգը, Գործակալության Ասամբլեայում դիտորդի կարգավիճակ շնորհելու առանձնահատկությունները, այլ կազմակերպությունների հետ Գործակալության հարաբերությունների առանձնահատկությունները, Կանոնադրության մեկնաբանության կամ կիրառման հետ կապված վեճերի լուծման կարգը, Գործակալության անդամների իրավունքների ժամանակավոր դադարեցման կարգն ու պայմանները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի հունվարի 26-ին Բոննում ստորագրված` Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|