ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0367/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0367/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Վ. Աբելյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Սողոմոնյանի |
|
|
Վ. Ավանեսյանի |
|
|
Ա. Բարսեղյանի |
|
|
Մ. Դրմեյանի |
|
|
Է. Հայրիյանի |
|
|
Տ. Պետրոսյանի |
2009 թվականի օգոստոսի 11-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մարիամ Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ Մարիամ Պողոսյանի հայցի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն)` հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մարիամ Պողոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Տնօրենի 01.08.2008 թվականի թիվ 1 հրամանը և վերականգնել նախկին աշխատանքում:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.04.2009 թվականի որոշմամբ Մարիամ Պողոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 04.12.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիամ Պողոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տնօրենը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ, 78-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 13-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 12.01.2006 թվականի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի թիվ 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 73-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի կիրառած «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը և Որոշումն ընդամենը հաստատում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների` ըստ ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների ցանկը, որոնցում գործավարի (քարտուղար-մեքենագրուհու) հաստիքում աշխատելու համար գործավարի որակավորում ունենալու վերաբերյալ որևէ նորմ սահմանված չէ: Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործավարի պաշտոնում աշխատելու համար պահանջներ սահմանող իրավական ակտ չկա, և Վերաքննիչ դատարանը նույնպես չի նշել այդպիսի պահանջներ սահմանող որևէ իրավական ակտ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ բողոք բերած անձն աշխատել է մինչև Որոշման ընդունումը կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա, հետևաբար, Որոշումը չի կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ այն սահմանափակում է բողոք բերած անձի՝ առանց գործավարի որակավորման դպրոցում գործավարի հաստիքում աշխատելու իրավունքը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Որոշման ընդունումից հետո Տնօրենը պարտավոր էր մինչև աշխատանքից ազատելը բողոք բերած անձին իրազեկել աշխատանքային իրավունքը սահմանափակող իրավական ակտի մասին, այն է՝ գործավարի որակավորում ստանալու համար բողոք բերած անձին համապատասխան ուսումնական հաստատություն վերապատրաստման ուղարկելու առաջարկ աներ և միայն այդպիսի առաջարկը մերժվելու դեպքում բողոք բերած անձին ազատեր աշխատանքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.04.2009 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Գործավարի հաստիքում աշխատելու համար գործավարի որակավորում ունենալը պարտադիր է, իսկ Որոշման ընդունումից մինչև աշխատանքից ազատելը որևէ իրավական ակտի ուժով Տնօրենը պարտավոր չէր բողոք բերած անձին ուղարկել համապատասխան ուսումնական հաստատություն վերապատրաստման նպատակով, և միայն նշված առաջարկը մերժվելուց հետո վերջինիս ազատել աշխատանքից:
Բողոք բերած անձն ինչպես ստացած կրթությամբ, այնպես էլ կատարվող աշխատանքին վերաբերվելու առումով չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, և Տնօրենն օգտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ մասով վերապահված իրավունքից, քանի որ բողոք բերած անձի աշխատանքները գնահատվել են խիստ անբավարար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հայկական ՍՍՀ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի 16.07.1983 թվականի թիվ 821076 դիպլոմի համաձայն՝ Մարիամ Պողոսյանը 15.07.1983 թվականին ավարտել է ՀՍՍՀ Արարատի տեխնիկական թիվ 13 ուսումնարանը քիմիական անալիզի լաբորանտ մասնագիտությամբ՝ ստանալով քիմիական անալիզի լաբորանտի 5-րդ կարգի որակավորում (գ.թ. 40):
2) Մարիամ Պողոսյանը ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում աշխատել է որպես գործավար:
3) Տնօրենի 18.06.2008 թվականի ծանուցագրով Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի գործավար Մարիամ Պողոսյանը տեղեկացվել է, որ 2008-2009 ուսումնական տարում անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ելնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերի, 120-րդ հոդվածի 3-րդ մասի, 115-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի պահանջներից, ենթակա է լուծման՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք չլինելու պատճառով (գ.թ. 3):
4) Տնօրենի 01.08.2008 թվականի թիվ 1 հրամանով Մարիամ Պողոսյանը, ելնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 120-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներից, ազատվել է Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի գործավարի պարտականություններից՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու պատճառով (գ.թ. 7):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն:
Եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքից ազատվելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝ աշխատանքից միայն այնպիսի հիմնավոր պատճառներով ազատվելու աշխատողի իրավունքը, որոնք կապված են նրա ընդունակությունների կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով: Պարտականությունների կատարման կարգը, պայմանները և ծավալը որոշում են օրենքով, իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով: Անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և չափով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում:
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական և ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները:
Նշված օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատում է կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ` համապատասխան ոլորտների լիազորված մարմինների առաջարկությամբ:
Որոշմանբ հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների՝ ըստ ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների» ցանկի համաձայն՝ «0605» դասիչի տակ ընկնող «փաստաթղթավարություն», «տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում» մասնագիտությունների խմբին համապատասխանում է «քարտուղար-մեքենագրող», «քարտուղար-սղագրող», «գործավար» որակավորումները:
ՀՀ կառավարության 25.07.2002 թվականի թիվ 1392-Ն որոշման թիվ 3 հավելվածով հաստատված ««Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության» 69-րդ կետի համաձայն՝ հաստատությունում մանկավարժական աշխատանքի կարող է ընդունվել մանկավարժի որակավորում ունեցող մասնագետը, բացառիկ դեպքերում` ոչ մանկավարժական կրթություն ունեցող անձը, որի` հաստատությունում աշխատելու կարգը և պայմանները սահմանում է նախարարությունը:
Նշված կանոնադրության 70-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ հաստատության մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ աշխատողի մասնագիտական ունակությունների տեսանկյունից զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին ներկայացվող պահանջները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով, հետևաբար, գործատուն աշխատողի նշված որակների գնահատման հարցում անսահմանափակ և հայեցողությամբ գործելու լիազորությամբ օժտված չէ, այլ սահմանափակված է աշխատանքային պայմանագրով աշխատողի որակավորմանը, աշխատանքի պայմանների նկարագրմանը ներկայացվող պահանջներով, ինչպես նաև վերջինիս իրավունքներով: Նշվածը վերաբերում է նաև պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում գործատուի և աշխատողի միջև առաջացող աշխատանքային հարաբերություններին: Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վերոնշյալ օրինակելի կանոնադրությամբ կարգավորվում են միայն մանկավարժի աշխատանքի ընդունվելու հետ կապված որակավորմանը վերաբերող հարցերը, իսկ մյուս աշխատողների առումով որևէ պահանջ սահմանված չէ: Ինչ վերաբերում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների ցանկին, որով տվյալ մասնագիտության համար սահմանված է համապատասխան որակավորում, ապա այն ընդամենը կարգավորում է տվյալ մասնագիտությամբ ուսումնառությունն ավարտած և պետական ամփոփիչ ատեստավորումն անցած անձին տրվելիք համապատասխան որակավորման հետ կապված հարաբերությունը և որևէ առնչություն չունի աշխատանքային հարաբերություններում գտնվող աշխատողին ներկայացվող պահանջների հետ, վերջինիս համար չի սահմանում տվյալ պաշտոնում աշխատելու համար համապատասխան որակավորում ունենալու պահանջ:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Մարիամ Պողոսյանը չի ներկայացրել գործավարի վերաորակավորման համար անհրաժեշտ լրացուցիչ նախնական մասնագիտական կրթություն ստանալու փաստը հավաստող ապացույցներ, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափորոշիչներին համապատասխան վերջինս կրթությամբ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, ինչը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ հիմք է հանդիսանում գործատուի, տվյալ դեպքում, Տնօրենի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ որևէ օրենքով հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող գործավարի հաստիքի համար որակավորում ունենալու պահանջ նախատեսված չէ, հետևաբար, Տնօրենի 01.08.2008 թվականի թիվ 1 հրամանով բողոք բերած անձի վրա գործավարի որակավորում ունենալու պարտավորություն դնելով և այդպիսի որակավորում չունենալու համար բացասական հետևանքներ կիրառելով՝ խախտվել է վերջինիս՝ օրենքով չսահմանված պարտավորություններ չկրելու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը: Ուստի, Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել հիմնավորված:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կիրառած «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի և Որոշման նորմերը սույն գործով կիրառելի չեն, քանի որ Որոշմամբ հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների՝ ըստ ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների» ցանկը չի պարունակում աշխատանքային իրավունքի նորմեր, այսինքն՝ աշխատանքային հարաբերություններում գտնվող աշխատողի համար չի սահմանում տվյալ պաշտոնում աշխատելու համար համապատասխան որակավորում ունենալու պարտականություն:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի 01.08.2008 թվականի թիվ 1 հրամանը և Մարիամ Պողոսյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի գործավարի պաշտոնում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Վ. Աբելյան |
Դատավորներ` |
|
Ե. Սողոմոնյան |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
|
Տ. Պետրոսյան |