Գլխավոր տեղեկություն
Համար
N 471
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.11.2002-01.01.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.29/20(118)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2000 թվականի N 471
քաղ. Երևան

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պարզեցված հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) պարզեցված հարկ վճարողներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով կարող են չվարել`

հաշվապահական հաշվառում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 որոշմամբ սահմանված առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 315 որոշմամբ սահմանված արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքեր.

բ) բացառապես պարզեցված հարկ վճարող հանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև նոտարները հարկային մարմիններ ֆինանսական (հաշվապահական) հաշվետվություններ կարող են չներկայացնել.

գ) պարզեցված հարկ վճարողները վարում են դրամարկղային գրքեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

(2-րդ կետը լրաց. 31.10.02 N 1726-Ն)

3. Պարզեցված հարկ վճարողների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման դրույթները:

4. Սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

5. Սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
օգոստոսի 12-ի N 471 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

պարզեցված հարկ վճարողների կողմից եկամուտների եվ ծախսերի հաշվառման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը կարգավորում է «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 8-րդ կետին համապատասխան պարզեցված հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման հետ կապված հարցերը:

Սույն կարգի 3-13-րդ կետերի դրույթները չեն տարածվում պարզեցված հարկ վճարող հանդիսացող նոտարների վրա:

(1-ին կետը լրաց. 31.10.02 N 1726-Ն)

2. Պարզեցված հարկ վճարող հանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում գործունեության այդ մասով վարում են եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք (այսուհետև` հաշվառման գիրք, էջի ձևը կցվում է), իսկ պարզեցված հարկ վճարող հանդիսացող նոտարներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում գործունեության այդ մասով վարում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ համաձայնեցված նոտարական գործողությունների գրանցման գրանցամատյան, որը եկամուտների և ծախսերի հաշվառման գրքի ամփոփ ձևն է:

(2-րդ կետը լրաց. 31.10.02 N 1726-Ն)

3. Հաշվառման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո հաշվառման գիրքը ներկայացվում է պարզեցված հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին` կնքման: Կնքված և համարակալված հաշվառման գիրքը խիստ հաշվառման փաստաթուղթ է և հերթական համարով հաշվառվում է հարկային մարմնում: Հարկային մարմինը պարտավոր է կնքել և վերադարձնել հաշվառման գիրքը մեկ օրացուցային օրվա ընթացքում:

Հաշվառման գրքի կազմի վրա նշվում է պարզեցված հարկ վճարողի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրի հասցեն և գրքի հերթական համարը: Գործունեության վայրի հասցեն պարզեցված հարկ վճարողի գտնվելու (բնակության) վայրի հասցեից տարբերվելու դեպքում նշվում է նաև այդ վայրի հասցեն:

4. Պարզեցված հարկով հարկվող գործունեության յուրաքանչյուր տեսակի (խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն և այլ գործունեություն) համար վարվում է առանձին հաշվառման գիրք:

(4-րդ կետը փոփ. 31.10.02 N 1726-Ն)

5. Լրացված ավարտված հաշվառման գրքերը պահվում են պարզեցված հարկ վճարողի մոտ` մինչև` այդ գրքում ամենավերջին գրանցման օրվանից սկսած 3 տարին լրանալը:

Հաշվառման գրքի լրանալուց ավարտվելուց հետո պարզեցված հարկ վճարողը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով նոր հաշվառման գիրք է ներկայացնում հարկային մարմին` կնքման և համարակալման համար:

 

II. Եկամուտների եվ ծախսերի գրանցման կարգը

 

6. Հաշվառման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են պարզեցված հարկ վճարողի կողմից կատարված ցանկացած տնտեսական գործառնությունը` ժամանակագրական կարգով:

(6-րդ կետը փոփ. 31.10.02 N 1726-Ն)

7. Հաշվառման գրքերում կատարվող գրանցումների համար հիմք է հանդիսանում տնտեսական գործառնության կատարման փաստը, որը հիմնավորվում է սկզբնական հաշվառման փաստաթղթերով:

Սկզբնական փաստաթղթերը հաշվառվում են մինչև գործառնության կատարման օրվա վերջը:

Չի թույլատրվում սկզբնական փաստաթղթերում կատարել չծանուցված ուղղումներ: Սխալի ուղղումը պետք է հաստատված լինի տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ և պետք է նշվի ուղղման ամսաթիվը:

8. Հաշվառման գրքում հերթական համարով նշվում են տնտեսական գործառնության կատարման ամիսը և ամսաթիվը, բովանդակությունը, սկզբնական փաստաթղթի անվանումն ու հերթական համարը, ինչպես նաև կատարված (հաշվարկված) ուղղակի և ընդհանուր տնտեսական ծախսերն ու հաշվարկված եկամուտները (իրացման շրջանառությունից և այլն):

Պարզեցված հարկի հաշվարկման առումով`

ուղղակի տնտեսական ծախսեր են համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը.

ընդհանուր տնտեսական ծախսեր են համարվում հարկատուի գործունեության հետ կապված վարչական և ուղղակի տնտեսական ծախսերին չվերաբերվող այլ ծախսերը:

9. Ընդհանուր տնտեսական ծախսերը պարզեցված հարկ վճարողների կողմից գրանցվում են հաշվառման գրքում` բացառապես պարզեցված հարկով հարկվող գործունեության իրականացման դեպքում: Ընդ որում, պարզեցված հարկով հարկվող գործունեության տարբեր տեսակների (խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն և այլ գործունեություն) իրականացման դեպքում կատարված ընդհանուր տնտեսական ծախսերը գրանցվում են հաշվառման գրքերից որևէ մեկում` հարկատուի հայեցողությամբ:

(9-րդ կետը փոփ. 31.10.02 N 1726-Ն)

10. Մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների (որոնց գծով առաջանում է իրացման շրջանառություն) դիմաց հաշվարկված եկամուտների գրանցումը ներառում է հաշվառման գրքի 2-4-րդ և 7-րդ սյունակների լրացումը: Հաշվարկված այլ եկամուտների գրանցումը ներառում է հաշվառման գրքի 2-4-րդ և 8-րդ սյունակների լրացումը:

Կատարված (հաշվարկված) ուղղակի ծախսերի գրանցումը ներառում է հաշվառման գրքի 2-5-րդ սյունակների լրացումը: Կատարված (հաշվարկված) ընդհանուր տնտեսական ծախսերի գրանցումը ներառում է 2-4-րդ և 6-րդ սյունակների լրացումը:

Այն տնտեսական գործառնության համար, որի գծով չեն հաշվառվում եկամուտներ և (կամ) ծախսեր, լրացվում են միայն հաշվառման գրքի 2-4-րդ սյունակները (5-6-րդ և (կամ) 7-8-րդ սյունակները չեն լրացվում):

11. Հաշվառման գրքում սխալ թույլ տալու դեպքում տողի վրա գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը, և հերթական ազատ տողում կատարվում է ճիշտ գրանցումը` նշելով սխալ գրանցված տողի համարը: Ջնջված տողի կողքին կատարվում է համապատասխան նշագրում սխալ գրառման մասին:

12. Պարզեցված հարկ վճարողները հաշվառման տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով կարող են անցկացնել գույքի և պարտավորությունների գույքագրում, որի արդյունքները ներառվում են հաշվառման գրքում:

13. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում, բայց առնվազն 3 տարի:

 

III. Պատասխանատվությունը սույն կարգի պահանջների խախտման համար

 

14. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում պարզեցված հարկ վճարողը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում հաշվառման գրքում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:

 

Եկամուտների եվ ծախսերի հաշվառման գրքի էջ

 

NN
ը/կ

Ամիսը,
ամսաթիվը

Գործարքի
(գործառնության)
բովանդակությունը

Սկզբնական
փաստաթղթի
անվանումը
և հերթական
համարը

Կատարված
(հաշվարկված)
ուղղակի
ծախսերը
(հազ. դրամ)

Կատարված
(հաշվարկված)
ընդհանուր
տնտեսական
ծախսերը
(հազ. դրամ)

Հաշվարկված
եկամուտները
իրացման
շրջանառությունից
(հազ. դրամ)

Հաշվարկված
այլ
եկամուտներ
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.              
2.              
3.              
4.              
5.              
6.              
7.              
8.              
9.              
10.              
11.              
12.              
13.              
14.              
15.              
16.              
17.              
18.              
19.              
20.              

 

(կարգը փոփ. 31.10.02 N 1726-Ն)