Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.09.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.09.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Երևանի քաղաքի Շենգավիթ համայնքի
առաջին ատյանի
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-2794/2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1308 (Ա)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

2007 թվականի սեպտեմբերի 5-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հովիկ Մելիքյանի, Աստղիկ Գյուրջինյանի և Սամվել Պետրոսյանի վճռաբեկ բողոքները ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի թիվ 2-2794 քաղաքացիական գործով 19.10.2006 թվականին կայացված վճռի դեմ՝ ըստ Մեխակ Սիրադեղյանի դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Մեխակ Սիրադեղյանը պահանջել է հաստատել Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 2 փողոց 23 տուն հասցեում գտնվող 308 քմ մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված 98.0 քմ ներքին (125.0 քմ՝ արտաքին) մակերեսով շինության նկատմամբ սեփականության իրավունքով տիրապետման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը:

ՀՀ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ դատարան) 19.10.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն վճռաբեկ բողոքները ներկայացրել են գործի քննությանը մասնակից չդարձած Հովիկ Մելիքյանը, Աստղիկ Գյուրջինյանը և Սամվել Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքներին պատասխան է ներկայացրել Մեխակ Սիրադեղյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով:

Դատարանի վճռով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Վերին Շենգավիթ, 2 փողոց, 23 տուն հասցեում գտնվող 308.0 քմ մակերեսով հողամասն ու դրա վրա կառուցված 98 քմ ներքին (125,0 քմ արտաքին) մակերեսով շինությունը սեփականության իրավունքով տիրապետում է Մեխակ Սիրադեղյանը, անտեսելով այն հանգամանքը, որ նույն հասցեում գտնվող 308 քմ հողատարածքում մասամբ տեղակայված է Երևանի քաղաքապետի 06.06.2003 թվականի թիվ 1234-Ա որոշմամբ Հովիկ Մելիքյանի սեփականության իրավունքը ճանաչված և օրենքով սահմանված կարգով գրանցված 37.1 քմ մակերեսով կառույցը:

Բողոք բերողներից Աստղիկ Գյուրջինյանը 1979 թվականից, իսկ Սամվել Պետրոսյանը 1972 թվականից հաշվառված բնակվում են վիճելի հասցեի պետականացված տներում:

Դատարանը ժամանակին 10.04.2006 թվականի կադաստրի գրությամբ տեղեկացվել է այն մասին, որ հողամասն ընդհանուր օգտագործման է, կան այլ օգտագործողներ, ի դեմս բողոք բերած անձանց: Հետևաբար, դատարանը բավարարելով դիմումը՝ վճիռ է կայացրել Հովիկ Մելիքյանի, Աստղիկ Գյուրջինյանի և Սամվել Պետրոսյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, որոնք սակայն գործի քննությանը մասնակից չեն դարձվել: Սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում ծագել է վեճ իրավունքի մասին, ինչը առաջին ատյանի դատարանում գործը քննելիս դիմումն առանց քննության թողնելու հիմք է հանդիսացել: Նշված դատավարական իրավունքի խախտման արդյունքում խախտվել են բողոք բերած անձանց ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվող դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ, 133-րդ, 78-րդ, 189-191-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 172-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով:

Վճռի պատճառաբանական մասում ընդհանրապես նշված չէ նյութական իրավունքի որևէ նորմ, որով դատարանը ղեկավարվել է: Այս իմաստով բացակայում է վճռի իրավական հիմնավորումը:

Դատարանը վճռով չի անդրադարձել այն հիմնավորումներին, որոնք դիմողին իրավունք են տալիս նման դիմում ներկայացնել դատարան:

Վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 19.10.2006 թվականի վճիռը և դիմումը թողնել առանց քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Բողոք բերած անձը բնակվում է Վերին Շենգավիթ, 2-րդ փողոցի 23 հասցեում՝ առանց համապատասխան թույլտվության կառուցված տանը, որը դատարանի թիվ 2-440 վճռով պետականացվել է և թողնվել է շրջսովետի գործկոմի տնօրինությանը: Սակայն բողոք բերած անձը շարունակել է բնակվել այդ տանը և օգտվելով Հայաստանի Հանրապետությունից իր բացակայության հանգամանքից՝ սեփականաշնորհել է այն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) Դատարանի 19.10.2006 թվականի վճռով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Վերին Շենգավիթ, 2-րդ փողոց, 23 տուն հասցեում գտնվող 308.0 քմ մակերեսով հողամասն ու դրա վրա կառուցված 98 քմ ներքին (125 քմ արտաքին) մակերեսով շինությունը սեփականության իրավունքով տիրապետում է Մեխակ Սիրադեղյանը:

2) Դատարանը գործի քննության ընթացքում 27.09.2006 թվականին որոշում է կայացրել սույն գործով տեխնիկական եզրակացություն ստանալու համար նշանակել փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի կադաստրի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանմանը: Դատարանի որոշմանն ի պատասխան ուղարկված կադաստրի ստորաբաժանման 10.04.2006 թվականի գրությամբ հայտնվել է, որ Վերին Շենգավիթ, 2-րդ փողոց, 23 տուն հասցեում գտնվող գույքի փաստացի չափերն են. հողամաս՝ 375.5 քմ, շինություն՝ 265.0 քմ: Նշված հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի չափագրված 375.5 քմ հողամասից 308.0 քմ օրինական հողամասը հաշվառված է Մեխակ Սիրադեղյանի անվամբ, իսկ 67.5 քմ հողամասը՝ ինքնակամ զբաղեցված: Միաժամանակ հայտնվել է, որ համաձայն կադաստրային գործում առկա փաստաթղթերի՝ նշված հասցեում առկա են 54.0 քմ մակերեսով պետականացված շինություններ և որ նշված հասցեում առկա են այլ քաղաքացիների կողմից օգտագործվող շինություններ (գ.թ. 22-23):

3) Երևանի քաղաքապետի 06.06.2003 թվականի թիվ 1234-Ա որոշմամբ ճանաչվել է Հովիկ Մելիքյանի սեփականության իրավունքը Վերին Շենգավիթ, 2-րդ փողոց, 23 տուն հասցեում գտնվող 37.1 քմ մակերեսով թիվ 23 տան և հողամասի նկատմամբ, տրվել է գլխավոր հատակագիծ և այն առանձնացվել և ստացել է նոր հասցե՝ Երևան, Վերին Շենգավիթ, 2-րդ փողոց, թիվ 23/1 տուն: Կատարվել է իրավունքների պետական գրանցում և 21.06.2004 թվականին տրվել է թիվ 1545007 սեփականության իրավունքի վկայական:

4) Բողոք բերած անձանցից Աստղիկ Գյուրջինյանը 1979 թվականից, իսկ Սամվել Պետրոսյանը 1972 թվականից բնակվում են վիճելի հասցեում:

5) Բողոք բերած անձինք բողոքարկվող վճռի մասին տեղեկացել են 02.05.2007 թվականին, երբ դիմողը Երևանի քաղաքապետի 06.06.2003 թվականի որոշումը և դրա հիման վրա կատարված՝ սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու, ինքնակամ կառույցները քանդելու պահանջներով հայցադիմում է ներկայացրել դատարան:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանի վճռով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Վերին Շենգավիթ, 2-րդ փողոց, 23 տուն հասցեում գտնվող 308.0 քմ մակերեսով հողամասը և այնտեղ կառուցված 98.0 քմ ներքին (125 քմ արտաքին) մակերեսով շինությունը սեփականության իրավունքով տիրապետում է Մեխակ Սիրադեղյանը:

Մինչդեռ Հովիկ Մելիքյանը վճռաբեկ դատարանին ներկայացրել է ապացույցներ այն մասին, որ նույն հողամասում է գտնվում նաև իրեն սեփականության իրավունքով պատկանող 37.1 քմ հողատարածքը և նույն չափով շինությունը: Իսկ բողոք բերած մյուս անձանց՝ Աստղիկ Գյուրջինյանի և Սամվել Պետրոսյանի՝ տվյալ հասցեում բնակվելու հանգամանքը հաստատվում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված անձնագրերի պատճեններով և թիվ 17 տեղամասի լիազորի տեղեկանքներով:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի 19.10.2006 թվականի վճիռը ուղղակիորեն առնչվում է բողոք բերած անձանց իրավունքներին, որոնք սույն գործի քննությանը մասնակից չեն դարձվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե´ս քաղաքացիական գործն ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ):

Սույն գործի փաստերի համաձայն՝ փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշմանն ի պատասխան ուղարկված կադաստրի 10.04.2006 թվականի գրությամբ դատարանին հայտնվել էր վիճելի հասցեում 67.5 քմ ինքնակամ զբաղեցված հողամասի և դրա վրա առկա 54.0 քմ պետական կառույցների առկայության, և դիմումի առարկա հանդիսացող հողամասում այլ քաղաքացիների կողմից օգտագործվող շինությունների առկայության մասին: Այսինքն, նշված գրությամբ դատարանը տեղեկացվել է վիճելի հասցեի նկատմամբ այլ անձանց իրավունքների առկայության վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին, ապա դատարանը դիմումը թողնում է առանց քննության:

Սույն գործի փաստերի ուսումնասիրությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իրավունքի մասին ծագել է վեճ, ուստի սույն գործով կիրառելի էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետը, համաձայն որի՝ եթե վեճ է ծագել իրավունքի մասին իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս, ապա դատարանը դիմումը թողնում է առանց քննության, որպիսի պահանջը առաջին ատյանի դատարանի կողմից չի կատարվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանն առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

2) Բողոքի երկրորդ հիմքի քննարկմանը Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով սույն բողոքարկվող դատական ակտը բեկանելու և նույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով դիմումն առանց քննության թողնելու համար, իսկ երկրորդ հիմքի հիմնավոր կամ անհիմն լինելու հանգամանքը որևէ էական նշանակություն չի կարող ունենալ սույն գործի լուծման համար:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նյութական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձանց պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ անձի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել՝ վերջինիս դատաքննությանը չներգրավելու և դրանով իսկ նրա դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:

Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով, դրա առկայությունը բավարար է գտնում բողոքարկվող վճիռը բեկանելու և դիմումն առանց քննության թողնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 19.10.2006 թվականի վճիռը և դիմումը թողնել առանց քննության։

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
 

Վ. Աբելյան

  Ս. Գյուրջյան
 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան