Գլխավոր տեղեկություն
Համար
N 797-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.08.2007-01.02.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.25/37(561) Հոդ.846
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2007

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 հուլիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2007 թվականի N 797-Ն

 

ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 203-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաuտանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայողներին տրամադրել «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգի ու պայմանների կիրառման մասին» մեթոդական ուղեցույց-տիպաբանական ձեռնարկը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. հուլիսի 9

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 10-ի N 797-Ն որոշման

 

ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի (այսուհետ` անշարժ գույք) օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանն իր անունից կատարել գործողություններ` առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության (այսուհետ` առանց օրինական հիմքերի) անշարժ գույքի տարածք մուտք գործելը (այսուհետ` ներխուժում) կանխելու կամ վերացնելու համար:

2. Անշարժ գույքի օրինական տիրապետող է հանդիսանում այն անձը, որը պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի տիրապետելու կամ տնօրինելու կամ օգտագործելու կամ կառավարելու անշարժ գույքը, այդ թվում` անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (վարձակալ, անհատույց օգտագործող, կառուցապատման իրավունք ունեցող) կամ հավատարմագրային կառավարիչը, ինչպես նաև նրանց օրինական ներկայացուցիչները: Անշարժ գույքի օրինական տիրապետման իրավունքը կարող է հավաստվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականով կամ դրան օրենքով և այլ իրավական ակտերով հավասարեցված այլ վկայականներով:

3. Անշարժ գույքի օրինական տիրապետողը ներխուժումը կանխելու կամ վերացնելու համար ոստիկանությանը կարող է դիմել հեռախոսով կամ այլ միջոցներով` ոստիկանությանը համապատասխան անշարժ գույքի տարածք հրավիրելու կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում անձամբ ներկայանալու միջոցով:

4. Ոստիկանությունը պարտավոր է անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումը (հաղորդումը) ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ներկայանալ համապատասխան անշարժ գույքի տարածքը, եթե անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից գրավոր չեն նշվել անշարժ գույքի տարածք ներկայանալու ավելի ուշ ժամկետներ:

5. Ոստիկանությունն անշարժ գույքի տարածք ներկայանալով ստուգում է դիմող անձի ինքնությունը, անշարժ գույքի նկատմամբ նրա օրինական տիրապետումը հավաստող փաստաթղթերը, որից հետո պարզում է անշարժ գույքի տարածքում գտնվող կամ տարածք մուտք գործել ցանկացող անձի ինքնությունը և նրա կողմից անշարժ գույքի տարածքում մուտք գործելու կամ գտնվելու հիմքերը կամ պատճառները:

6. Ազգակցական, բարեկամական կապերը կամ տվյալ անշարժ գույքի տարածքում հաշվառված լինելու հանգամանքն ինքնին անձին իրավունք չի վերապահում առանց տիրապետողի համաձայնության մուտք գործել կամ գտնվել անշարժ գույքի տարածքում:

7. Եթե ոստիկանը պարզում է, որ գույքի տարածք մուտք գործող կամ գործած`

1) անձը տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող է, կամ`

2) անձը գրավոր կնքված քաղաքացիաիրավական կամ աշխատանքային կամ ամուսնաընտանեկան կամ այլ պայմանագրի կամ լիազորագրի համաձայն իրավունք ունի մշտապես կամ որոշակի ժամանակով գտնվելու տվյալ անշարժ գույքի տարածքում, կամ`

3) անշարժ գույքի օրինական տիրապետողի պահանջն օրենքով սահմանված կարգով կողմերի միջև կնքված և տվյալ պահին գործող քաղաքացիաիրավական կամ այլ պայմանագրից կամ ամուսնաընտանեկան հարաբերություններից ծագող վեճ է, կամ

4) անձն անշարժ գույքի տարածք մուտք է գործել կամ գտնվում է անշարժ գույքի օրինական տիրապետողի գրավոր կամ բանավոր համաձայնությամբ, ընդ որում, բանավոր համաձայնության դեպքում այն պետք է հավաստվի անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից, կամ`

5) անձը հանդիսանում է բնակելի տարածքն օրինական տիրապետող անձի անչափահաս երեխան, ապա ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ: Այս դեպքում ոստիկանի կողմից կազմվում է արձանագրություն, որում, մասնավորապես, պետք է նշվեն արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, արձանագրությունը կազմող անձի անունը և ազգանունը, նրա պաշտոնը, ոստիկանությանը դիմելու օրը և ժամը, դիմող անձի անունը, ազգանունը, հայրանունը (դիմողի անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), բնակության վայրը, անշարժ գույքի տիրապետման տեսակը, երբ և ում կողմից է տրվել տիրապետման փաստը հաստատող փաստաթուղթը, անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ գտնվող անձի անունը, ազգանունը, հայրանունը (նրա անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), բնակության վայրը, անշարժ գույքի տարածք մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու իրավունքը վերապահող փաստաթղթի տեսակը, երբ և ում կողմից է տրվել կամ վավերացվել այն կամ այն պայմանագրի տեսակը և կնքման ամսաթիվը կամ այլ հիմքեր, որից բխում է վեճը և ոստիկանի եզրակացությունը:

8. Սույն կարգի 7-րդ կետի համաձայն կազմված արձանագրությունն ընթերցվում է դիմողի և անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ գործած անձանց համար և նրանց պարզաբանվում արձանագրության մեջ մտցնելու ենթակա դիտողություններ անելու իրենց իրավունքը: Արձանագրությունն uտորագրում են այն կազմող ոստիկանը, դիմողը և անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ մուտք գործած անձը:

9. Սույն կարգի 7-րդ կետի համաձայն կազմված արձանագրության մեկական օրինակ հանձնվում է կողմերին: Միաժամանակ ոստիկանը պարզաբանում է դիմողին, որ տվյալ պարագայում ինքն իրավասու չէ անձին դուրս բերելու անշարժ գույքի տարածքից կամ արգելելու մտնել անշարժ գույքի տարածք և կողմերի միջև տվյալ վեճը կարող է լուծվել միայն դատական կարգով:

10. Եթե ոստիկանը պարզում է, որ դիմողը չի հանդիսանում տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող, սակայն անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ այնտեղ գտնվող անձը չունի տվյալ անշարժ գույքի տարածք մուտք գործելու կամ գտնվելու օրինական իրավունք, ապա ոստիկանը պարտավոր է գործել օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:

11. Եթե ոստիկանը պարզում է, որ անձը գտնվում է անշարժ գույքի տարածքում` առանց օրինական հիմքերի, կամ այդ անձը հրաժարվում է ներկայացնել իր ինքնությունը կամ անշարժ գույքի տարածքում գտնվելու օրինականությունը հավաստող փաստաթղթեր, կամ կողմերի միջև վեճի հիմքում ընկած է գործողությունը դադարած պայմանագիր, ապա ոստիկանը ներխուժողին բանավոր առաջարկում է մուտք չգործել կամ անհապաղ դուրս գալ անշարժ գույքի տարածքից` դրա համար նրան տալով ողջամիտ ժամկետ:

12. Եթե ներխուժած անձը հրաժարվում է ոստիկանի բանավոր պահանջով դուրս գալ ներխուժած տարածքից կամ չի հրաժարվում անշարժ գույքի տարածք մտնելու իր մտադրությունից, ապա ոստիկանն առաջարկում է անշարժ գույքի օրինական տիրապետողին անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով իրեն ներկայացնել գրավոր լիազորագիր՝ տալով նրան սույն կարգի ու պայմանների ձևում նշված լիազորագրի ձևաթուղթը:

13. Եթե օրինական տիրապետողը հրաժարվում է լրացնել լիազորագիրը, ապա ոստիկանը պարզաբանում է դիմողին, որ տվյալ պարագայում ինքն առանց գրավոր լիազորագրի իրավասու չէ կանխելու կամ վերացնելու ներխուժումը: Եթե օրինական տիրապետողը կրկին հրաժարվում է լրացնել լիազորագիրը, ապա ոստիկանը կազմում է տիրապետողի կողմից լիազորագիրը լրացնելուց հրաժարվելու մասին արձանագրություն, որն ստորագրում են տիրապետողը և ոստիկանը:

14. Անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից լիազորագիրն ստանալուց հետո ոստիկանը ևս մեկ անգամ պահանջում է ներխուժողից դուրս գալ անշարժ գույքի տարածքից կամ չիրականացնել ներխուժում` նշելով, որ իր օրինական պահանջի չկատարումը կդիտվի որպես հաuարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոuտիկանության ծառայողի oրինական պահանջին չարամտորեն չենթարկում և կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Եթե այս դեպքում ևս ներխուժողը հրաժարվում է կատարել ոստիկանի պահանջը, ապա ոստիկանն իրավունք ունի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով գործադրելու օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ:

15. Ներխուժումը կանխելուց կամ վերացնելուց անմիջապես հետո ոստիկանը կազմում է արձանագրություն, որում, մասնավորապես, պետք է նշվեն արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, արձանագրությունը կազմող անձի անունը և ազգանունը, նրա պաշտոնը, ոստիկանությանը դիմելու օրը և ժամը, դիմող անձի անունը, ազգանունը, հայրանունը (դիմողի անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), բնակության վայրը, անշարժ գույքի տիրապետման տեսակը, երբ և ում կողմից է տրվել տիրապետման փաստը հաստատող փաստաթուղթը, անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ գտնվող անձի անունը, ազգանունը, հայրանունը (նրա անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), բնակության վայրը, ներխուժումը կանխելու կամ վերացնելու ժամը և դրա իրականացման համար կիրառված միջոցները:

16. Արձանագրությունն ընթերցվում է դիմողի և ներխուժողի համար և նրանց պարզաբանվում արձանագրության մեջ մտցնելու ենթակա դիտողություններ անելու իրենց իրավունքը:

17. Արձանագրությունն uտորագրում են այն կազմող ոստիկանը, դիմողը և անշարժ գույքի տարածք ներխուժողը: Այն դեպքում, երբ առանց օրինական հիմքերի անշարժ գույքի տարածք ներխուժողը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա դրա մասին արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում:

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ձև

 

Լ Ի Ա Զ Ո Ր Ա Գ Ի Ր

 

__________________________________________

(լիազորագիրը տալու ամսաթիվը, ամիսը (տառերով), տարեթիվը)

 

Ես` __________________________________________________ ,

_______________________________________________________

(լիազորողի` օրինական տիրապետողի անունը, հայրանունը (նրա անձը հաստատող փաստաթղթում

հայրության գրառման առկայության դեպքում), ազգանունը, անձնագրային տվյալները

(համարը, սերիան, ում կողմից և երբ է տրված)

 

լիազորում եմ ______________________________________________

 

_______________________________________________________

(ոստիկանության ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը (նրա անձը հաստատող փաստաթղթում

հայրության գրառման առկայության դեպքում), ազգանունը, վկայականի կամ անձնագրի տվյալները

(համարը, սերիան, ում կողմից և երբ է տրված)

 

կանխելու կամ վերացնելու առանց օրինական հիմքերի _____________________

 

____________հասցեում գտնվող անշարժ գույքի տարածք ներխուժումը:

(անշարժ գույքի գտնվելու վայրը)

  

___________________________

(լիազորողի անունը, ազգանունը)

____________________

(ստորագրությունը)

 

___________________________

(ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը)

____________________

(ստորագրությունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.01.2021, N 79-Ն 01.02.2021, N 797-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան