Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-619
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.02.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1972 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

14 փետրվարի 2006 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1972 թվականի դեկտեմբերի 2-ին Ժնևում ստորագրված` «Բեռնարկղերի մասին» մաքսային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան կնքվել է բեռնարկղերով միջազգային փոխադրումները դյուրացնելու նպատակով` նախատեսելով համապատասխան տեղեկատվությամբ բեռնարկղերի դրոշմավորում և տեխնիկական որոշակի պայմաններով ու մաքսային կնիքներով կնքված` դրանց միջազգային փոխադրումների իրականացում, ներքին (ներպետական) առավել արդյունավետ փոխադրում կամ օգտագործում:

Կոնվենցիայի բաղկացուցիչ մասը կազմող թվով 7 հավելվածներում մանրամասնված են բեռնարկղերի փոխադրումը դյուրացնելու վերոհիշյալ միջոցների կիրառման ընթացակարգերը:

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- կոնվենցիայի 4-9 հոդվածներում նախատեսված պայմաններով բեռնարկղերին տրամադրել ժամանակավոր ընդունում, անկախ այն բանից` դրանք բեռնված են, թե` ոչ,

- չխախտելով կոնվենցիայի 7 և 8 հոդվածների դրույթները, ժամանակավորապես ներմուծված բեռնարկղերին` դրանց ներմուծման և արտահանման ժամանակ շնորհել ժամանակավոր ընդունման ռեժիմ,

- թույլ տալ բեռների ներքին (ներպետական) փոխադրումների համար օգտագործել այն բեռնարկղերը, որոնք կոնվենցիային համապատասխան ստացել են ժամանակավոր ընդունման ռեժիմ` ներպետական այն կանոնակարգերի պահպանմամբ, որոնք վերաբերում են բեռնարկղերը քարշակող կամ փոխադրող տրանսպորտային միջոցներին,

- ժամանակավոր ընդունման ռեժիմ տրամադրել նաև բոլոր այն բաղադրամասերին, որոնք նախատեսված են այդպիսի ռեժիմ ստացած բեռնարկղերի վերանորոգման համար,

- ժամանակավոր ընդունման ռեժիմ տրամադրել, կիրառելով կոնվենցիայի 3 հոդվածի 2-րդ կետի, 4, 5, 6, 7 և 8 հոդվածների դրույթները, ժամանակավորապես ընդունված բեռնարկղերի հարմարանքներին ու սարքավորումներին, որոնք ներմուծվում են բեռնարկղերի հետ միասին` առանձին կամ այլ բեռնարկղերի հետ վերարտահանվելու համար, կամ ներմուծվում են առանձին` բեռնարկղերի հետ վերարտահանվելու համար,

- ընդունել փոխադրումների համար թույլատրված և որևէ Պայմանավորվող կողմի մաքսային կնիքներով ամրակայված բեռնարկղը` նման կնիք նախատեսող ցանկացած միջազգային փոխադրման համակարգի համար,

- համապատասխան պահանջի առկայության դեպքում տրամադրել կոնվենցիայի դրույթների կիրառման համար անհրաժեշտ տեղեկատվություն, և առավել մանրամասն տեղեկատվություն` բեռնարկղերի թույլատրման և դրանց կառուցվածքի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ:

3. Կոնվենցիայի մի շարք նորմերով նախատեսված են Պայմանավորվող կողմերի միջև հնարավոր վեճերի կարգավորման, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարելու, դրանում վերապահումներ կատարելու և այլ ընթացակարգեր:

4. Կոնվենցիայում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ պայմաններ են ապահովում միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Բեռնարկղերի մասին» մաքսային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 փետրվարի 2006 թվականի

ՍԴՈ-619

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան