Գլխավոր տեղեկություն
Համար
նո. 1832-11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.05.1990-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.05.15/9(965) Հոդ.128
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.05.1990
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
03.05.1990
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.1990

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-ՈՒՄ 1990 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը նշում է, որ ԽՍՀՄ-ի կազմավորման օրից Հայկական ԽՍՀ-ն մշտապես կատարել է իր ստանձնած պարտավորությունները, այդ թվում` ԽՍՀՄ-ի պաշտպանության ասպարեզում: Չնայած դրան, վերջին երկու տարվա ընթացքում ԽՍՀՄ ղեկավար մարմինները իրականացնում են հայ ժողովրդի օրինական շահերին բացահայտորեն անհարիր քաղաքականություն, որը հանգեցրել է նաև Խորհրդային բանակում հայազգի զինծառայողների նկատմամբ բռնության և ըստ ազգային հատկանիշի խտրականության ակնհայտ դրսևորումների: Զորամասերում ապահովված չեն նրանց կյանքի, առողջության և ազգային արժանապատվության հարգանքի երաշխիքներ:

ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը փաստորեն անհետևանք է թողել նաև տվյալ հարցի վերաբերյալ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը նշում է նաև, որ վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի են ունեցել բազմաթիվ ոտնձգություններ հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ, ընդհուպ մինչև ցեղասպանություն և զանգվածային բռնի տեղահանումներ, որոնք չեն կանխվել ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից: Դեռ ավելին, Խորհրդային բանակի և ներքին զորքերի զորամասերը հաճախ օգտագործվել են հայ ժողովրդի ազգային-դեմոկրատական արդարացի շարժման դեմ:

Հայ ժողովուրդը չի կարող այդ ամենը չդիտել որպես իր օրինական շահերի նկատմամբ անբարյացակամության բացահայտ դրսևորում և ԽՍՀՄ կենտրոնական մարմինների կողմից Հայկական ԽՍՀ-ի նկատմամբ պարտավորությունների կոպիտ խախտում:

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հայկական ԽՍՀ սահմանադրության 75 հոդվածի հիման վրա ժամանակավորապես դադարեցնել հանրապետության սահմաններից դուրս հայազգի զինակոչիկների ծառայության համար գարնանային զորակոչ անցկացնելու մասին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի մարտի 29-ի որոշման գործողությունը մինչև ԽՍՀՄ կենտրոնական մարմինների հետ հարցի վերջնական լուծումը:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայկական ԽՍՀ Գերագույն ԽՈՐՀՐԴի նախագահության նախագահ`

 

Հ. Ոսկանյան

 

Հայկական ԽՍՀ Գերագույն
ԽՈՐՀՐԴի նախագահության քարտուղար`

Ն. Ստեփանյան

 

3 մայիսի 1990 թվականի,
քաղ. Երևան

նո. 1832-11