«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11002097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 հունիսի 2002 թ. |
N 94-Քն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2002 թվականի ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2002 թվականի ընդունելության կանոնները:
2. Նախարարության իրավաբանական բաժնին՝ սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել պետական գրանցման՝ ՀՀ արդարադատության նախարարություն:
Նախարար՝ |
Լ. Մկրտչյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
1. Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 9-րդ կետի համաձայն, Նախարարության կանոնադրության 1-ին և 2-րդ կետերի և 5-րդ կետի «լ» ենթակետի պահանջներին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ Հաստատություն) միջին մասնագիտական կրթական ծրագրերով, մրցութային հիմունքով ընդունելություն են կատարում ըստ առկա (ստացիոնար) ուսուցմամբ մասնագիտությունների հատկացված տեղերի՝ անվճար կամ վճարովի հիմունքով, Նախարարության՝ ըստ մասնագիտությունների ընդունելության քննությունների հաստատած ցանկի և պայմանների:
3. Հաստատություն կարող են դիմել հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, մասնագիտական տեխնիկական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք:
4. Հաստատությունում ընդունելությունը կատարվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ սույն Կանոններով սահմանված մրցույթի պայմանների համաձայն: Նախարարության կողմից սահմանված՝ տեխնիկական, տեխնոլոգիական, գյուղատնտեսական և շինարարական՝ առանձին մասնագիտությունների (բացառությամբ բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող) գծով ընդունելությունը վճարովի ուսուցմամբ տեղերում կատարվում է առանց քննությունների՝ Նախարարության կողմից ըստ մասնագիտությունների միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների հիման վրա:
5. Օտարերկրյա պետությունների քաղաքացիների ընդունելությունը Հաստատություններ կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 17-ի N 40-Մ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին կարգով»:
6. Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են Հաստատությունում՝ 2002 թվականի հունիսի 10-ից մինչև տվյալ մասնագիտության ընդունելության քննությունների սկզբից 2 օր առաջ: Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են 2002 թվականի հունիսի 10-ից մինչև 2002 թվականի օգոստոսի 26-ը, իսկ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով համընկնող առարկաներից 2002 թվականին հանձնած քննության միավորներ ներկայացնելու դեպքում՝ մինչև օգոստոսի 28-ը ներառյալ:
Առանց ընդունելության քննությունների վճարովի ուսուցմամբ տեղերում ընդունվելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են 2002 թվականի հունիսի 10-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
7. Դիմորդը Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է`
ա) դիմում,
բ) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,
գ) չորս լուսանկար (3x4 չափսի),
դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ ՀՀ ՆԳ բաժինների կողմից տրված 9-րդ ձև),
ե) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
զ) ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ:
Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար դիմումը տրվում է 4 մասնագիտության հայտագրմամբ՝ մրցույթին առաջին հայտի գերակայության սկզբունքով:
8. Հաստատության ընդունող հանձնաժողովը պարտավոր է դիմորդին և նրա ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել Հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:
9. Հաստատության դիմորդը՝ ընդունելության կազմակերպման և անցկացման համար, տվյալ Հաստատությունում նախապես վճարում է 1000 (հազար) դրամ:
Անկախ քննություններին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
Հաստատության ընդունող հանձնաժողովն առանձին անձանց կարող է ազատել վերոնշյալ վճարից:
10. Ընդունելության քննությունները կազմակերպվում են 2002 թվականի հուլիսի 15-ից օգոստոսի 22-ը, բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար՝ 2002 թվականի օգոստոսի 22-ից օգոստոսի 28-ը ներառյալ:
Ընդունելության քննությունները կազմակերպվում են ըստ Հաստատության հաստատած ժամանակացույցի:
11. Ընդունելության քննություններն անց են կացվում Հաստատություններում՝ առարկայական քննող հանձնաժողովների կողմից, գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա՝ Նախարարության հաստատած համապատասխան ծրագրերի շրջանակներում:
Հաստատության մասնաճյուղում քննություններն անց են կացնում Հաստատության առարկայական քննող հանձնաժողովները:
12. ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2002 թվականին հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով` անձնական գործերի հետ մեկտեղ, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության քննության գնահատական, եթե նա չի ցանկանում տվյալ առարկայից հանձնել ընդունելության քննություն:
13. Ոչ հայկական դպրոցի շրջանավարտները «Հայոց լեզու» (գրավոր) և «Հայոց լեզու և գրականություն» (բանավոր) առարկաների քննությունը հանձնում են այդ դպրոցների համար հաստատված ծրագրով:
Կրթության մասին փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է «Ռուսաց լեզու» առարկայով: Բացառություն են կազմում Նախարարության հաստատած ընդունելության քննությունների ցանկում նշված մասնագիտությունները, որոնց գծով դիմորդը պարտադիր հանձնում է ընդունելության քննություն «Հայոց լեզու» առարկայից՝ հայկական դպրոցի համապատասխան ծրագրով:
14. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին, այն հայտնելուց հետո մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը, իսկ բանավոր քննության գնահատականը՝ քննող հանձնաժողովի նախագահին՝ առանց քննասենյակից դուրս գալու:
15. Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում:
16. Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:
17. Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների՝ տվյալ Հաստատությունում:
18. Անվճար ուսուցմամբ տեղերի համար մրցույթին մասնակցում է տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից դրական միավորներ ստացած դիմորդը: Առաջին հերթին ընդունվում է մրցութային քննություններից ստացած գնահատականների առավելագույն գումար ունեցող դիմորդը:
Նշված գումարների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է՝
ա) ըստ ընդունելության քննությունների ցանկով սահմանված հաջորդականության՝ քննական առարկաներից առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա՝ ոչ մրցութային առարկաներից առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին,
բ) մանկավարժական և բժշկական մասնագիտությունների համար՝ համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին:
Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության դեպքում մրցութային և ոչ մրցութային առարկաների միավորների հավասարության պայմաններում նախապատվությունը տրվում է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2002 թվականին ընդունելության քննություն հանձնած դիմորդին:
19. Սույն Կանոնների 4-րդ կետով սահմանված՝ առանց քննությունների ընդունելության դեպքում՝ վճարովի ուսուցմամբ տեղում առաջին հերթին ընդունվում է տվյալ Հաստատության անվճար ուսուցման մրցույթով չանցած դիմորդը՝ ըստ ներկայացրած հայտի, ապա միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների առավելագույն գումար ունեցող դիմորդը:
Նշված գումարների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է՝ ըստ սահմանված հաջորդականության՝ մրցութային առարկաներից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին, ապա՝ մյուս առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին:
Դիմորդի ցանկությամբ, մրցութային առարկաների գնահատականներ կարող են համարվել տվյալ կամ այլ միջին կամ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունում համապատասխան առարկաներից 2002 թվականին հանձնած ընդունելության քննությունների միավորները:
20. Դիմորդի ընդունելության արտոնությունները հաշվի են առնվում համաձայն ՀՀ կառավարության 27.08.1999 թ. «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» հմ. 545 որոշման պահանջների:
21. Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են Հաստատության տվյալ մասնագիտության քննությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում:
22. Անվճար ուսուցման տեղերում մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2002 թվականի օգոստոսի 25-ը, արվեստի և մարզական մասնագիտությունների գծով՝ մինչև 2002 թվականի օգոստոսի 7-ը:
Բժշկական Հաստատություններում անվճար ուսուցման տեղերում մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2002 թվականի օգոստոսի 1-ը:
Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2002 թվականի օգոստոսի 31-ը:
23. Անվճար ուսուցման տեղերում ընդունելության մրցույթով չանցած դիմորդը անվճար ուսուցման տեղերում ընդունվածների հրամանագրումից հետո երկու օրվա ընթացքում կարող է ներկայացնել դիմում՝ տվյալ մասնագիտության վճարովի ուսուցմամբ տեղերում ընդունելության մրցույթին մասնակցելու համար, որն իրականացվում է սույն Կանոնների 18-րդ կետի պայմաններին համապատասխան:
24. Վճարովի հիմունքով ուսուցմամբ տեղում մրցույթով անցած դիմորդի հրամանագրումը կատարվում է դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 2 օրվա ընթացքում, իսկ բժշկական Հաստատություններում՝ քննությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում: Հրամանագրված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
25. Թափուր տեղերի առկայության դեպքում Հաստատություն մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում տվյալ Հաստատության այլ մասնագիտության, ինչպես նաև այլ միջին կամ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատության մրցույթով չանցած այն դիմորդը, որը մինչև 2002 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ ներկայացնում է համընկնող քննական առարկաներից ստացած միավորների մասին սահմանված ձևի տեղեկանք:
26. Ընդունելության հետ առնչվող կամ քննությունների ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն Կանոններով, կարգավորվում են համապատասխան նորմատիվ փաստաթղթերով, Նախարարության կամ տվյալ Հաստատությունը կառավարող պետական լիազորված մարմնի որոշումներով՝ համաձայնեցնելով Նախարարության հետ:
27. Սույն կանոնների իրականացումը վերահսկում է Նախարարությունը: