«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 մայիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11002091
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 մայիսի 2002 թ. |
N 149-Մ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2001 թ. հուլիսի 20-ի N 662 որոշման 14-րդ կետի
Հրամայում եմ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների և ստուգարքների անցկացման կանոնակարգը» (կցվում է):
2. Գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությանը (պետ` Ա. Թռչունյան), իրավաբանական բաժնին (պետ` Ս. Առաքելյան) 1-ին կետով հաստատված կանոնակարգը եռօրյա ժամկետում ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:
3. Գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությանը (պետ` Ա. Թռչունյան) գրանցումից հետո հինգօրյա ժամկետում կանոնակարգի մասին տեղեկացնել բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար` պրն. Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Լ. Մկրտչյան |
Հաստատում եմ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կանոնակարգն ընդունված է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 20-ի N 662 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգ»-ի 14-րդ կետի:
1.2. Սույն կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական և հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետև` բուհեր), Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության նախարարությունների գիտական կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ) ասպիրանտուրայի ընդունելության քննությունների և ստուգարքների անցկացման կանոնակարգը:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
2.1. Ասպիրանտուրայի ընդունելության քննությունների և ստուգարքի անցկացման համար բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում են 3-5 հոգուց կազմված առարկայական քննական հանձնաժողովներ (այսուհետև` հանձնաժողովներ): Եթե կազմակերպությունը չունի օտար լեզվից քննություն կամ ինֆորմատիկայից և (կամ) համակարգչից օգտվելու հիմունքներից ստուգարք անցկացնելու համար համապատասխան մասնագետներ, ապա վերոհիշյալ քննությունը և (կամ) ստուգարքը անց են կացվում համապատասխան բուհերում կամ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:
Հանձնաժողովների կազմում որպես կանոն ընդգրկվում են տվյալ բուհում կամ կազմակերպությունում աշխատող տվյալ մասնագիտությամբ գիտության դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող գիտամանկավարժական և գիտական կադրեր:
Մասնագիտական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ասպիրանտների գիտական ղեկավարները:
Օտար լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն), ինչպես նաև ինֆորմատիկայի և (կամ) համակարգչից օգտվելու հիմունքների հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել գիտական աստիճան և (կամ) կոչում չունեցող որակյալ դասախոսներ:
2.2. Քննություններին և ստուգարքին մասնակցելու թույլտվությունը ասպիրանտուրա ընդունվողին տալիս է բուհի կամ կազմակերպության ընդունող հանձնաժողովը` ներկայացված գիտական ռեֆերատի (հրատարակված գիտական աշխատանքների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքների մասին հաշվետվությունների բացակայության դեպքում) մասնագիտական ամբիոնի (սեկտորի, դեպարտամենտի) կամ գիտական ստորաբաժանման կողմից դրական գրախոսականի դեպքում:
Ասպիրանտուրայի ընդունելության քննությունների և ստուգարքների անցկացման ժամանակացույցը հաստատում է բուհի կամ կազմակերպության ղեկավարը և մինչև քննությունների սկսվելը տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը (այսուհետև` նախարարություն):
Հարգելի պատճառով մասնագիտական քննությանը չներկայանալու դեպքում սահմանվում է նոր ժամանակացույց ասպիրանտուրայի ընդունելության քննությունների և ստուգարքի համար հաստատված ժամկետում` պահպանելով քննությունների, ստուգարքի հերթականությունը և դրանց անցկացման համար սահմանված վերջին ժամկետը: Բուհի կամ կազմակերպության ղեկավարը նոր ժամանակացույցի մասին տեղեկացնում է նախարարությանը:
3. ՔՆՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՍՏՈՒԳԱՐՔԻ) ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
3.1. Մասնագիտական առարկայից քննության ծրագիրը կազմվում է բուհում` մասնագիտական ամբիոնների (դեպարտամենտների), իսկ կազմակերպությունում գիտական ստորաբաժանման կամ մասնագիտական հանձնաժողովի կողմից և հաստատվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի կողմից:
Օտար լեզվի քննությունը և ինֆորմատիկայի և (կամ) համակարգչից օգտվելու հիմունքների ստուգարքը հանձնվում են նախարարության կողմից հաստատված ծրագրերով:
3.2. Ծրագրերի հիման վրա քննությունից (ստուգարքից) առնվազն հինգ օր առաջ հանձնաժողովի նախագահի կողմից կազմվում են հարցատոմսեր (առաջադրանքներ), որոնք ամրագրվում են բուհի կամ կազմակերպության կնիքով:
3.3. Քննությունների անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր) սահմանում է բուհի կամ կազմակերպության ընդունող հանձնաժողովը:
3.4. Մասնագիտությունից և օտար լեզվից ասպիրանտուրա ընդունվողի գիտելիքների գնահատումը կատարվում է բուհի կամ կազմակերպության ընդունող հանձնաժողովի կողմից մշակված համակարգով, իսկ ինֆորմատիկայից և (կամ) համակարգչից օգտվելու հիմունքներից` «ստուգված» և «չստուգված» նշումով:
3.5. Հանձնաժողովն իրավասու է քննություն կամ ստուգարք ընդունել իր կազմում ընդգրկված անդամների 2/3-ի ներկայությամբ:
3.6. Քննության և ստուգարքի անցկացումը արձանագրվում է ասպիրանտուրա ընդունվողի քննաթերթում, նշելով առաջադրված հարցերը և ստացված գնահատականը: Քննաթերթում ստորագրում են հանձնաժողովի նախագահը և ներկա գտնվող հանձնաժողովի անդամները: Ընդունվողի գիտելիքների գնահատման մասին որոշումը ընդունվում է որպես հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականը:
3.7. Օտար լեզվից և ինֆորմատիկայից վերջին հինգ տարիների ընթացքում թեկնածուական որակավորման քննություններ հանձնած ընդունվողները պետք է ազատվեն այդ առարկաների ընդունելության քննությունից և ստուգարքից: Նման դեպքում հաշվի է առնվում թեկնածուական որակավորման քննության գնահատականը: