«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10004166
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 հունիսի 2004 թ. |
N 581-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.3-04-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
Հրամայում եմ`
1. Հաստատել «Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.3-04-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (կցվում է):
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` սահմանել հսկողություն «Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.3-04-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի կատարման նկատմամբ:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Հաստատված է |
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ եվ հիգիենիկ նորմեր
N 2-III-4.3-04-2003
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանվում են սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններում (տաղավարներ, կրպակներ, սայլակներ, ավտոկրպակներ, ավտոմատ սարքեր և այլն) սննդամթերքի ստացմանը, պահմանը և իրացմանը (վաճառքին), ինչպես նաև սննդամթերքի փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջները:
1.2. Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպությունները լինում են ստացիոնար (տաղավարներ, կրպակներ և այլն) և շարժական (սայլակներ, ավտոկրպակներ, ավտոմատ սարքեր և այլն):
2. ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.1. Կազմակերպության ներսային պատերը ծածկվում են խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող հիգիենիկ ծածկով, իսկ հատակը լինում է հարթ, առանց ճեղքերի: Չի թույլատրվում պատերը և առաստաղը պաստառապատել:
2.2. Վաճառողների անձնական իրերի պահման համար հատկացվում է պահարան կամ առանձնացված տեղ:
2.3. Սննդամթերքի մանրածախ առևտրի ստացիոնար կազմակերպությունները ապահովվում են օժանդակ հարմարություններով՝ օրվա ընթացքում վաճառվող սննդամթերքի և տարաների պահման համար:
2.4. Բոլոր կազմակերպությունները, բացի միայն փաթեթավորված սննդամթերք վաճառողներից, ապահովվում են «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող հոսող սառը և տաք ջրով, լվացարանով, մաքրման և անձնական հիգիենայի պարագաներով, կափարիչով փակվող տարողությունով՝ աղբի հավաքման համար, իսկ միայն փաթեթավորված սննդամթերք վաճառող կազմակերպությունները՝ հոսող սառը ջրով, լվացարանով, մաքրման և անձնական հիգիենայի պարագաներով:
3. ԳՈՒՅՔԻՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3.1. Կազմակերպությունը կահավորվում է հեշտ մաքրման և լվացման հնարավորություն ընձեռող նյութերից պատրաստված վաճառատեխնոլոգիական գույքով:
3.2. Սարքավորումները, գույքը, տարաները, ամանեղենը պատրաստվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից:
3.3. Սննդամթերքի տարաները և փաթեթավորման թաղանթները լինում են մաքուր, առանց կողմնակի հոտի և ամբողջականությունը չխախտված:
3.4. Սննդամթերքի մանրածախ առևտրի կրպակները լինում են մասնագիտացված և կրպակներում իրացվում է սննդամթերքի սահմանափակ տեսականի (միայն մեկ խմբի սննդամթերք, օրինակ՝ կաթ-կաթնամթերք, հաց-հացաբուլկեղեն, միս-մսամթերք և այլն):
Տաղավարներում սննդամթերքի պահման և իրացման համապատասխան պայմանների առկայության դեպքում թույլատրվում է տարբեր խմբի սննդատեսակների վաճառքը:
3.5. Կազմակերպություններում իրացվող հատկապես արագ փչացող սննդամթերքը ձեռք է բերվում միայն որակը և մարդու առողջության համար անվտանգությունը հավաստող, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում, որոնցում նշվում են սննդամթերքի արտադրման ամսաթիվը, ժամը, պահման պայմանները (ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը) և պիտանիության ժամկետը:
Չի թույլատրվում առանց նշված փաստաթղթերի առկայության, ինչպես նաև ըստ սահմանված կարգի մակնշում չունեցող սննդամթերքի իրացումը:
3.6. Կազմակերպություն ընդունվող հատկապես արագ փչացող սննդամթերքի պահումը և իրացումը կատարվում է «Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմանները և ժամկետները» N 2-III-4.4-1 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի, ինչպես նաև տվյալ սննդատեսակի նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապաստախան, իսկ քանակը որոշվում է ելնելով այդ տեսակի սննդամթերքի պահման համար առկա սառնարանային սարքավորումների ծավալից:
3.7. Սառնարանային սարքավորումներով չապահովված սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններում չի թույլատրվում հատկապես արագ փչացող սննդամթերքի ստացումը և իրացումը:
3.8. Սննդամթերքի պահման և իրացման ժամանակ պահպանվում է սննդամթերքի թույլատրելի հարևանությունը (չի թույլատրվում հում մթերքի և կիսապատրաստվածքների պահումը պատրաստի սննդատեսակների հետ համատեղ):
Յուրահատուկ հոտով սննդամթերքը (ձկնեղեն, երշիկեղեն, ապուխտներ, համեմունքներ և այլն) պահվում է հոտ կլանող մթերքից առանձին:
3.9. Չի թույլատրվում ընդունել անասնաբուժական ծառայության կողմից չդրոշմված, ճեղքվածքներ ունեցող, կեղևի ամբողջականությունը խախտված, կեղտոտված հավի ձվեր, ձվի զանգված:
3.10. Հացի և հացաբուլկեղենի պահման ու վաճառքի գործընթացում կարտոֆիլային հիվանդության նշանների հայտնաբերման դեպքում դրանք անմիջապես հանվում են վաճառքից: Հացի կարտոֆիլային հիվանդության առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է շաբաթը մեկ անգամ տաք ջրով և օճառով լվանալ հացի պահման դարակները, սրբել քացախաթթվի 1%-անոց լուծույթով, ապա չորացնել:
3.11. Կրեմային հրուշակեղենի ընդունման ժամանակ չի թույլատրվում վերջիններիս տեղափոխումը մատակարարի տարայից խանութի տարայի մեջ:
Չի թույլատրվում կրեմային հրուշակեղենի ընդունումը օգտագործված ստվարաթղթե արկղերով կամ ամուր չփակվող մետաղյա տեփուրներով, չփաթեթավորված վիճակում, ինչպես նաև տորթերի և հատով կրեմային հրուշակների փոխադրումը բաց վիճակում՝ թերթերի, տեփուրների կամ սկուտեղների վրա:
Ամռան շոգ ժամանակաշրջանում, սննդային թունավորումների կանխարգելման նպատակով, չի թույլատրվում սերուցքային, ջերմային մշակման չենթարկված սպիտակուցային (բեզե), կաթնաշոռով, եփած կրեմներով, ինչպես նաև ջրային ֆազայում 60%-ից ցածր շաքար պարունակող կրեմներով կրեմային հրուշակեղենի իրացումը:
3.12. Չի թույլատրվում իրացնել թերություններ ունեցող՝ արտափքված կափարիչով, ձևափոխված տարայով, փաթիլավորում, արտահոս, միջանցիկ ճեղքեր, արտահայտված մանրէային աղտոտվածությամբ (բորբոսասնկեր, լորձավորում, խմորում) պահածոներ:
3.13. Պատրաստի տաք արտադրանքը (կարկանդակներ, փքաբլիթներ և այլն), իրացվում է հավասարաջերմ կամ տաքացվող տարողություններից, սայլակներից:
Սառեցված սննդատեսակները (պաղպաղակ, մրգեր, հատապտուղներ) իրացվում են հավասարաջերմ կամ սառեցնող տարողություններից, սարքավորումներից:
Չփաթեթավորված սննդատեսակները իրացվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից պատրաստված փաթեթավորման թաղանթներով (թղթե անձեռոցիկներ, տոպրակներ, պոլիմերային փաթեթներ, ստվարաթղթե տուփեր և այլն):
3.14. Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինները կատարում են սննդամթերքի հիգիենիկ փորձաքննություն միայն հատուկ սանիտարահամաճարակային ցուցումների դեպքում: Անորակ, փչացած և ոչ ստանդարտ սննդամթերքի փորձաքննությունը, որը չի պահանջում հատուկ բժշկական գիտելիքներ, կատարվում է տնօրինության կողմից:
3.15. Սննդամթերքի մանրածախ առևտուր կատարող կազմակերպություններում աշխատանքն ավարտվելուց հետո կատարվում է խոնավ մաքրում՝ լվացող նյութերի օգտագործմամբ: Առևտրի և մեխանիկական սարքերը (կշեռքներ, վաճառասեղաններ, ցուցափեղկեր, ձևավորող սարքեր, գույք և այլն) մշակվում են հիմնային (կալցիումացված սոդայի) լուծույթով, ապա լվացվում տաք ջրով:
3.16. Շաբաթը մեկ անգամ կատարվում է հիմնական մաքրում՝ լվացող և ախտահանող միջոցների օգտագործմամբ:
3.17. Մանրածախ առևտուր կատարող կազմակերպություններում չի թույլատրվում՝
- կազմակերպել սննդատեսակների արտադրություն ու խոհարարական արտադրանքի պատրաստում,
- իրացնել հատկապես արագ փչացման ենթակա սննդատեսակներ, եթե չկան դրանց վաճառքի համար հիգիենիկ պայմաններ և սառնարանային սարքավորումներ,
- սննդամթերքի հետ համատեղ վաճառել քիմիական նյութեր, տնտեսական, արդյունաբերական, կենցաղային քիմիայի և այլ ապրանքներ,
- սննդամթերքը կշռել անմիջապես կշեռքի վրա՝ առանց փաթեթավորման,
- համատեղ պահել և իրացնել պարենահումք (ձու, հում միս, ձուկ, թռչնի միս, բանջարեղեն և այլն) ու պատրաստի սննդատեսակներ (կարագ, պանիր, երշիկեղեն, հրուշակեղեն և այլն),
- պահել սննդամթերքը բաց տարայի մեջ, հատակի վրա,
- գնորդի տարայից սննդամթերքը ետ լցնել կազմակերպության տարայի մեջ,
- կազմակերպությունում պահել առևտրին չվերաբերող կողմնակի առարկաներ, իրեր, սարքեր,
- կողմնակի անձանց մասնակցությունը սննդամթերքի վաճառքին,
- շարժական սարքավորումները և չիրացված արտադրանքը պահել վաճառողների տներում,
- ստանալ ու վաճառել պիտանիության ժամկետն անցած սննդամթերք:
4. ԳԱՐԵՋՐԻ ԵՎ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4.1. Զովացուցիչ ջրերի, ոչ ալկոհոլային ըմպելիքների ավտոմատ սարքավորումներն ապահովվում են աղտոտումից պաշտպանող հարմարանք ունեցող բաժակների լվացման սարքով: Սարքը ապահովում է բաժակների միաժամանակյա լվացումը դրսից և ներսից՝ ջրի բավարար ճնշում ունեցող շիթով:
4.2. Հոսող ջրի և ջրահեռացման համակարգի բացակայության դեպքում չի թույլատրվում տարողություններ (բաժակ, գավաթ և այլն) լցնելու եղանակով վաճառել զովացուցիչ ջրեր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, գազեցված ջրեր:
4.3. Միանգամյա օգտագործման բաժակները օգտագործելուց հետո ձևափոխվում ու նետվում են աղբարկղ: Չի թույլատրվում միանգամյա օգտագործման բաժակների լվացումը և կրկնակի օգտագործումը:
4.4. Չի թույլատրվում գավաթների և բաժակների լվացումը դույլերի, թասերի ու նմանատիպ տարողությունների մեջ: Մանրածախ առևտրի կազմակերպություններում զովացուցիչ, ոչ ալկոհոլային ըմպելիքի ու հյութերի վաճառքի ժամանակ բաժակները ներարկիչների օգնությամբ լվացվում են կրկնակի անգամ: Աշխատանքային օրվա վերջում բաժակները լվացվում են այդ նպատակի համար նախատեսված լվացող միջոցներով, ապա պարզաջրվում հոսող տաք ջրով (600C-ից ոչ պակաս):
4.5. Գավաթների, բաժակների լվացման համար օգտագործված ջուրը բաց է թողնվում ջրահեռացման համակարգ:
4.6. Լվացված գավաթները և բաժակները պահվում են հատուկ մատուցարանի կամ տեփուրների վրա, շրջված վիճակում: Վերջիններս օգտագործելուց առաջ ողողվում են հոսող ջրով:
4.7. Օշարակից պատրաստված գազեցված ջրի վաճառքի դեպքում օշարակը լցվում է վերևից փակ, իսկ ներքևից ծորակ ունեցող, օշարակի անվան և բաղադրության նշումով պիտակավորված չափանշված ապակյա տարայի մեջ:
4.8. Ապակյա տարաներով հյութը և ջուրը վաճառքից առաջ ստուգվում է լույսի տակ՝ պղտորության, նստվածքի, օտար մասնիկների հայտնաբերման նպատակով, որոնց առկայության դեպքում չի թույլատրվում դրանց վաճառքը:
4.9. Առևտուրն ավարտելուց հետո տարողությունները, ներարկիչները մանրակրկիտ մաքրվում, լվացվում են, իսկ գազավորիչ սարքերի մեջ մնացած ջուրը՝ դատարկվում:
4.10. Յուրաքանչյուր գազավորիչ սարք ունենում է տեխնիկական անձնագիր՝ տրված պատրաստող կազմակերպության կողմից:
4.11. Չի թույլատրվում.
ա) վաճառել զովացուցիչ ջրեր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ բաց տարայից,
բ) գազավորիչ սարքի մեջ թողնել ջուր հաջորդ օրվա համար,
գ) տեղում պատրաստել զովացուցիչ ըմպելիք՝ ներկանյութերի, բուրահաղորդիչների և այլ սննդային հավելումների օգտագործմամբ,
դ) իրացնել զովացուցիչ ջրեր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, հյութեր ինքնաշեն սարքերից:
4.12. Զովացուցիչ ջրերը, ոչ ալկոհոլային ըմպելիքները պահվում են չոր, լավ օդափոխվող, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված, օդի հարաբերական խոնավության 75%-ից ոչ բարձր պայմաններում: Ոչ ալկոհոլային ըմպելիքների պիտանիության ժամկետներն ու պահման ջերմային ռեժիմները համապատասխանում են նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին:
4.13. Ըմպելիքի իրացման բաքերը, բաժնաչափիչ սարքերը, ֆիլտրերը, ավտոմատների խողովակաշարերը և բաժակ լվացող սարքերը լվացվում են կալցիումացված սոդայի 0,5 % կամ դրան համարժեք լվացող այլ լուծույթով, ապա մանրակրկիտ ողողվում են 650C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրով:
5. ՊԱՂՊԱՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
5.1. Սառնարաններից, հավասարաջերմ կամ սառեցնող սարքավորումներից պաղպաղակը վաճառվում է արտադրող կազմակերպության փաթեթավորումով:
5.2. Վաֆլիով պաղպաղակները իրացվում են թղթե անձեռոցիկներով կամ սննդամթերքի հետ շփման համար նախատեսված այլ նյութերից պատրաստված փաթեթավորման թաղանթներով:
5.3. Չի թույլատրվում փաթեթավորված պաղպաղակը բաժանել փոքր կտորների:
5.4. Չի թույլատրվում չփաթեթավորված պաղպաղակի վաճառքը փողոցներում:
5.5. Օրվա ընթացքում չիրացված պաղպաղակը պահվում է սառեցված վիճակում:
5.6. Չի թույլատրվում հալված և կրկնակի սառեցված պաղպաղակի վաճառքը:
5.7. Սառեցման միջոցներով ապահովված սննդամթերքի մանրածախ վաճառքի կազմակերպություններում պաղպաղակը պահվում է -120C-ից ոչ բարձր ջերմաստիճանում՝ 5 օրից ոչ ավելի:
5.8. Չի թույլատրվում պաղպաղակի համար նախատեսված սառնարաններում, սառեցնող սարքավորումներում պաղպաղակի հետ համատեղ պահել և իրացնել այլ արագ փչացող սննդատեսակներ՝ միս, ձկնեղեն, երշիկեղեն, ձու և այլն:
6. ՄՐԳԵՐԻ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ, ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
6.1. Մրգերի և բանջարեղենի խառը վաճառքի դեպքում, մրգերը առանձնացվում են և դրանց համար հատկացվում է առանձին կշեռք:
6.2. Կանաչեղենի թարմացման համար օգտագործվում է «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող ջուր:
Չի թույլատրվում կանաչեղենի թարմացման համար օգտագործել կենցաղային քիմիայի, թունավոր նյութերի և սուր հոտով այլ ապրանքի տարաներ:
6.3. Չի թույլատրվում փչացած կամ նեխած կանաչեղենի, բանջարեղենի, մրգերի և հատապտուղների վաճառքը:
6.4. Մրգերով և բանջարեղենով լցված տարաները պահվում են դարակների վրա:
6.5. Ձմերուկը, դդումը, կարտոֆիլը, կաղամբը կարող են պահվել կույտերով՝ փայտյա արգելքներով առանձնացված հարթակներում: Հարթակի ներսում ձմերուկը, դդումը, կաղամբը պահվում են դարակների կամ բրեզենտի վրա, ծածկվում բրեզենտով կամ այլ ծածկոցներով:
7. ՄՍԻ ԵՎ ՄՍԵՂԻՔԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
7.1. Միսը ընդունվում է միայն անասնաբույժի զննումը հավաստող փաստաթղթի և դրոշմի առկայության դեպքում:
7.2. Չի թույլատրվում պայմանական պիտանի մսի ստացումը և վաճառքը:
7.3. Պաղեցված միսը (մսեղիք և կիսամսեղիք) պահվում է կախված վիճակում այնպես, որ դրանք չհպվեն միմյանց, սենքի հատակին և պատերին: Սառեցված միսը թույլատրվում է պահել դարակաշարերի և ապրանքատակերի վրա: Մսի կիսապատրաստվածքները, ենթամթերքը, սառեցված և պաղեցված թռչունը պահվում է մատակարարողի փաթեթներում: Փաթեթները դարսելիս արկղերի միջև տեղադրվում են փայտյա ձողիկներ՝ դրանց միջև օդի լավ շրջանառություն ապահովելու համար:
7.4. Մսի կախիչները պատրաստվում են կոռոզիայի չենթարկվող մետաղից:
7.5. Մսի մշակման տախտակները և կոճղերը պատրաստվում են ամուր փայտատեսակներից և ունենում հարթ, առանց ճեղքերի մակերես: Մսի կոտրատման կոճղը դրվում է հատուկ տակդիրի վրա, դրսից ներկվում յուղաներկով, ամեն օր աշխատանքն ավարտելուց հետո մաքրվում դանակով, լվացվում տաք ջրով և ծածկվում աղի շերտով: Կոճղի մակերեսը պարբերաբար նորոգվում է (սղոցվում)՝ դրա սանիտարական մշակումն ապահովելու նպատակով:
7.6. Յուրաքանչյուր անգամ միս աղալուց հետո մսաղացները կազմատվում են և լվացվում հոսող տաք ջրով, լվացող միջոցների օգտագործմամբ, այնուհետև շոգեհարվում:
8. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
8.1. Սննդամթերքի փոխադրումը կատարվում է հատուկ այդ նպատակի համար հատկացված փոխադրամիջոցներով:
8.2. Չի թույլատրվում սննդամթերքը տեղափոխել նախկինում թունաքիմիկատներ, բենզին, նավթ, այլ սուր հոտ ունեցող և թունավոր նյութեր տեղափոխած, պատահական փոխադրամիջոցներով, ինչպես նաև փոխադրել հում մթերքը և կիսապատրաստվածքները պատրաստի սննդամթերքի հետ:
8.3. Վարորդ-առաքողը, առաքողը ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների՝ համաձայն «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 27.03.2003 թ. N 347-Ն որոշման պահանջների:
Վարորդ-առաքողը, առաքողը պահպանում են անձնական հիգիենայի և սննդամթերքի տեղափոխման կանոնները, սննդամթերք բեռնաթափելու ժամանակ՝ հագնում հատուկ արտահագուստ:
8.4. Հատկապես արագ փչացող սննդամթերքի փոխադրումը կատարվում է համապատասխան մակնշում ունեցող, սառեցնող հարմարանքով ապահովված կամ հավասարաջերմ փոխադրամիջոցով:
8.5. Հացը և հացաբուլկեղենը փոխադրվում են տեփուրներում, հատուկ փակ ավտոմեքենաներով: Վերջիններս ունենում են համապատասխան մակնշում:
8.6. Կրեմային հրուշակեղենը փոխադրվում է սառեցնող հարմարանքով ապահովված կամ հավասարաջերմ փոխադրամիջոցով, ջերմաստիճանի +60C-ից բարձրացումը բացառող պայմաններում: Արտադրանքը դասավորվում է կափարիչ ունեցող մետաղյա բեռնարկղերում, տեփուրներում: Տորթերը դրվում են ստվարաթղթե տուփերում:
9. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9.1. Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններում աշխատանքի ընդունվող անձինք ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների՝ «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 27.03.2003 թ. N 347-Ն որոշմանը համապատասխան:
9.2. Յուրաքանչյուր աշխատող իր մոտ ունենում է բժշկական բոլոր զննումները հավաստող փաստաթուղթ (անձնական սանիտարական գրքույկ):
9.3. Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպություններում աշխատողները պարտավոր են.
- պահպանել անձնական հիգիենայի կանոնները, կրել մաքուր արտահագուստ, մշտապես հետևել ձեռքերի մաքրությանը,
- մարմնի ջերմության բարձրացման, ձեռքերի մաշկի թարախային, աղեստամոքսային ուղու և վարակիչ այլ հիվանդությունների ախտանիշերի ի հայտ գալու դեպքում դիմել բուժկանխարգելիչ հիմնարկներ՝ խորհդատվություն ու համապատասխան բուժում ստանալու համար,
- հետևել ստացվող և իրացվող սննդամթերքի որակին, պիտանիության ժամկետին: Սննդամթերքի լավորակության վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում դադարեցնել իրացումը, հայտնել այդ մասին Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոն և արտադրանքը վերադարձնել այն արտադրող կազմակերպությանը՝ կազմելով համապատասխան արձանագրություն,
- սննդամթերքն իրացնելու ժամանակ օգտվել ունելիներից, բռնիչներից և այդ նպատակի համար նախատեսված այլ պարագաներից,
- զերծ պահել սննդամթերքը աղտոտումից, փոշուց, ճանճերից ու միջատներից:
10. ԿՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
10.1. Սննդամթերքի մանրածախ առևտուր կատարող կազմակերպությունում չի թույլատրվում միջատների և կրծողների առկայությունը:
10.2. Կրծողների և միջատների հայտնվելը կանխելու նպատակով անհրաժեշտ է կազմակերպության տարածքում պահպանել սահմանված սանիտարահիգիենիկ ռեժիմը:
10.3. Տարվա տաք եղանակին բացվող բոլոր խորշերը ծածկվում են միջատների ներթափանցումը կանխող մետաղյա կամ այլ ցանցերով:
10.4. Կրծողների ներթափանցումը կանխելու նպատակով հատակի, առաստաղի, պատերի բոլոր անցքերը, տեխնիկական գծերի շուրջ եղած մուտքային ճեղքերը փակվում են երկաթի կամ ապակու կտորներով ցեմենտի շաղախով: Կրծողների հայտնաբերման դեպքում կիրառվում են դրանց ոչնչացման մեխանիկական միջոցներ (թակարդներ):
10.5. Միջատների հայտնաբերման դեպքում կատարվում է տարածքի մանրակրկիտ հարդարում և հատուկ մշակում:
10.6. Կրծողների և միջատների ոչնչացման նպատակով քիմիական կրծողասպան և միջատասպան միջոցների կիրառումը (դեռատիզացիա և դեզինսեկցիա) կատարվում է այդ աշխատանքների կատարման համար իրավասու կազմակերպությունների կողմից:
10.7. Կրծողասպան և միջատասպան աշխատանքները կատարվում են սանիտարական օրերի ընթացքում` սննդամթերքի մեջ քիմիական պատրաստուկների հայտնվելը բացառող պայմաններում:
11. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման համար պատասխանատու է կազմակերպության տնօրինությունը:
12. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից: