ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մշակում է քաղաքաշինության բնագավառում պետական քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության տարածքների և բնակավայրերի կայուն զարգացման ռազմավարությունը.»:
Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10.1. | Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը |
1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը Քաղաքաշինության կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեի անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:
3. Կոմիտեն`
1) իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Կառավարության քաղաքականությունը.
2) մշակում և վարչապետին է ներկայացնում պետական ծրագրերի նախագծեր, որոնց հաստատումից հետո իր լիազորությունների շրջանակներում վերահսկում է դրանց իրականացումը.
3) մշակում և վարչապետին է ներկայացնում քաղաքաշինության բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծեր.
4) մշակում է հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն, գործառական այլ համակարգերի տարածքային կազմակերպման, ինչպես նաև արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքների տեղաբաշխման, պատմամշակութային ու բնության հատուկ պահպանվող տարածքներ ներառող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր.
5) օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.
6) ապահովում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի «ա»-«բ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակումը և այդ նախագծերի հաստատումից հետո` դրանց իրականացման մոնիթորինգը.
7) սույն օրենքի 14.3-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ և 8.1-ին մասերով սահմանված պահանջների ապահովմամբ համակարգում է միկրոռեգիոնալ և տեղական մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները և այդ փաստաթղթերի հաստատումից հետո ապահովում դրանց իրագործման վերահսկողությունը, մշակում է տարածքների և բնակավայրերի կայուն քաղաքաշինական զարգացման ռազմավարությունը.
8) եզրակացություն է տալիս տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շրջանակներում քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ.
9) մշակում և վարչապետի քննարկմանն է ներկայացնում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման, գործունեության կարգի վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծեր.
10) մշակում է քաղաքաշինական և լանդշաֆտային համակարգերի ներդաշնակեցման ծրագրերի, տարածական պլանավորման նորմերի ու կանոնների, ինչպես նաև տարբեր գործառական տարածքների քաղաքաշինական և լանդշաֆտային չափորոշիչներ.
11) մշակում է քաղաքների էկոլոգիական վիճակի բարելավմանը, շրջակա միջավայրի վրա ուրբանիզացիայի բացասական հետևանքների նվազեցմանը նպատակաուղղված, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման տարածական զարգացման ծրագրեր.
12) մշակում և վարչապետին է ներկայացնում առաջարկություններ՝ շենքերի (այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի), շինությունների պահպանման և անվտանգ շահագործման, ինչպես նաև դրանց արդիականացման (այդ թվում՝ էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացման) վերաբերյալ.
13) մշակում է բնակավայրերի պատմաճարտարապետական միջավայրի քաղաքաշինական վերականգնման ու զարգացման, ճարտարապետության բնագավառի զարգացման, քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների զարգացման, շինարարության բնագավառի զարգացման ծրագրեր և իրականացնում է դրանց մոնիթորինգ.
14) աջակցում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում քաղաքաշինական, ճարտարապետական և լանդշաֆտային համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանը.
15) սահմանում է բնակավայրերի հողերի օգտագործման, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողերի քաղաքաշինական սահմանափակումներ և նորմեր.
16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումն ու կադաստրային ամփոփումը.
17) իրականացնում է քաղաքաշինական գործունեության լիցենզավորումը.
18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության հողային պաշարների պետական կառավարումը.
19) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառի գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի մշակումը, տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը.
20) կազմակերպում և համակարգում է շենքերի անձնագրավորման, սեյսմակայունության ուղղությամբ իրականացվող հետազննական, ինչպես նաև գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքները.
21) կազմակերպում և իրականացնում է բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան (կատեգորիա) ունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերով սահմանված սահմանային հարկայնությունը գերազանցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննությունը.
22) ապահովում է վտանգավոր երկրաբանական երևույթներից քաղաքաշինական օբյեկտների պաշտպանության ծրագրերի մշակումը և դրանց մոնիթորինգի իրականացումը.
23) կազմակերպում է քաղաքաշինական օբյեկտների լավագույն ճարտարապետական լուծումների ընտրության նպատակով անցկացվող մրցույթներ և աջակցում է դրանց իրականացմանը.
24) քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության բնագավառում մշակում է պլաններ ու ծրագրեր, իրականացնում է հիմնական միջոցառումները, ինչպես նաև կազմակերպում է համակարգի աշխատողների պաշտպանությունը և զորահավաքային ռեսուրսների հաշվառումը.
25) համակարգում է կոմիտեի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքային գործունեությունը.
26) հաստատում է շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի ու փորձարարական նախագծերը և դրանք առաջադրում կիրարկման:»:
Հոդված 3. Օրենքում «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին» և «քաղաքաշինության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտե» բառով:
Հոդված 4. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-265-Ն
ՆախագահՍ. Սարգսյան