ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 1992 թ. N 410
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՔՎՈՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների հետագա զարգացման, արտաքին առևտրում սահմանափակումների վերացման և ազատության ընդլայնման, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման և դրա արդյունավետության բարձրացման, արտահանման և ներմուծման միասնական կարգի ստեղծման, Հայաստանի Հանրապետության միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի և միջկառավարական համաձայնագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման քվոտավորման և լիցենզավորման միասնական կարգ։
Սույն որոշմամբ սահմանված կարգը տարածել Հայաստանի Հանրապետությունից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման վրա, ինչպես նախկին ԽՍՀՄ-ի սուբյեկտներ հանդիսացող պետությունների, այնպես էլ օտարերկրյա պետությունների հետ, եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջկառավարական համաձայնագրերով։
2. Ապրանքների ներմուծման և արտահանման քվոտավորման և լիցենզավորման կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության բոլոր սուբյեկտների վրա, անկախ սեփականության ձևից և գրանցման վայրից (բացի 4-րդ կետում նշված դեպքերից)։
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում 1992 թվականին ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման և ներմուծման լիցենզիաների տրման մասին կարգը (կցվում է).
բ) այն ապրանքների ցանկը, որոնց արտահանումը 1992 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող լիցենզիաներով (N 1 ցանկը կցվում է).
գ) առանձնահատուկ այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկերը, որոնց արտահանումը և ներմուծումը 1992 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող լիցենզիաներով այլ նախարարությունների, գերատեսչությունների եզրակացությունների հիման վրա (N N 2, 3 ցանկերը կցվում են)։
Նշված ցանկերից դուրս ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումը և ներմուծումը կատարվում է ազատ, առանց լիցենզիաների։
4. Լիցենզավորման սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա և այն համատեղ ձեռնարկությունների սեփական արտադրանքի արտահանման և ներմուծման վրա, որոնց արտասահմանյան ներդրումները կանոնադրական ֆոնդին կազմում են 30 տոկոսից ավելի, բացառությամբ Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ արտահանվող տեքստիլ արտադրանքի և այն ՀՁ-ների, որոնց արտասահմանյան մասնակիցը հանդիսանում է նախկին ԽՍՀՄ-ի սուբյեկտ հանդիսացող պետության իրավաբանական անձ։
(4-րդ կետը խմբ. 13.02.93 N 40)
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից միջպետական համաձայնագրերով նախատեսված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առաքումները պետական պատվեր կատարող նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից կատարվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հաստատած քվոտաների սահմաններում, համաձայն միջպետական համաձայնագրերի ցանկի։
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համատեղ, պարբերաբար, շուկայական հարաբերությունների զարգացմանը համընթաց, ճշտել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկը, որոնց արտահանումն ու ներմուծումը կատարվում են լիցենզիաներով։
7. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման լիցենզիաները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից արտահանված լիցենզավորվող արտադրանքի վերաարտահանման թույլտվությունը (լիցենզիան) տրվում է միայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
8. Նախկին ԽՍՀՄ-ի և Եվրոպական տնտեսական համագործակցության երկրների միջև տեքստիլ ապրանքների առևտրի մասին կնքված համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով 1992 թվականին պահպանել տեքստիլ ապրանքների առանձին տեսակների լիցենզավորումը Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ, համաձայն N 1 ցանկի:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝
ա) Ռուսաստանյան Դաշնության և ԱՊՀ-ի անդամ մյուս պետությունների համապատասխան կառուցվածքների հետ համատեղ պարզել 1992 թվականին տեքստիլ ապրանքների Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ արտահանման քվոտաները նշված համաձայնագրին համապատասխան.
բ) ձևակերպել Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ տեքստիլ ապրանքների արտահանման լիցենզիաները։
9. Հայաստանի Հանրապետությունից արվեստի ստեղծագործությունների, գեղարվեստական, պատմական, մշակութային արժեք ներկայացնող առարկաների, հնությունների, հուշարձանների արտահանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
10. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ մշակել գյուտերի, նոու-հաուների և գիտահետազոտական աշխատանքների արդյունքների արտահանման կարգը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելուց հետո ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։
11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝
ա) հաստատել լիցենզիաների ձևակերպման և տրման կարգի մասին հրահանգը.
բ) ապահովել տրված լիցենզիաների տվյալների միասնական հանրապետական բանկի ստեղծումը։
12. Սահմանել, որ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծումը և արտահանումը վերահսկվում է միայն Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմինների կողմից, հայտարարագրի (դեկլարացիայի) պարտադիր ներկայացմամբ։
13. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմիններում առաքվող ապրանքը չհայտարարագրելու համար ապրանքը առաքողից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից բռնագանձվում է տուգանք՝ առաքվող բեռի շուկայական արժեքի կրկնակի չափով։
14. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունից անկախ պետությունների համագործակցության այլ պետություններ արտադրանքի (ապրանքների) 1992 թվականի առաքումների մասին» N 7 որոշման 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կետերը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի «1992 թվականին Հայաստանի Հանրապետությունում անկախ պետությունների համագործակցության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման-ներմուծման քվոտավորման և լիցենզավորման մասին» N 95 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետությունից արտադրանքների (ապրանքների) չվերահսկվող դուրսբերումը կանխելու և ներքին շուկայի պաշտպանվածությունն ապահովելու միջոցառումների մասին» N 96 որոշման 1-ին կետը և 6-րդ կետի «ա» ենթակետը։
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1992 թվականի հուլիսի 22-ի N 410 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1992 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լիցենզավորվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկերին համապատասխան։
2. Լիցենզիաները տրվում են տնտեսական գործունեության սուբյեկտներին, անկախ նրանց սեփականության ձևից, և ենթակա չեն փոխանցման այլ իրավաբանական անձանց։ Լիցենզիաների տրման համար գանձվում է տուրք պետական բյուջե, սահմանված չափով, այն ինդեքսավորելով եռակի անգամ։
3. Լիցենզիաների տրման հիմք են հանդիսանում՝
ա) պետական պատվերը, Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականը կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող արտադրանքի արտահանման քվոտան, կամ արտադրող ձեռնարկության և արտահանող կազմակերպության միջև արտահանվող ապրանքների մատակարարման պայմանագիրը.
բ) առանձնահատուկ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության կամ գերատեսչության եզրակացությունը։
4. Ձեռնարկություններին և կազմակերպություններին կարող են տրվել գլխավոր (հիմնական) և միանգամյա լիցենզիաներ։ Գլխավոր լիցենզիա ստանալու համար հիմք է հանդիսանում պետական պատվերը, սահմանված քվոտան, ապրանքների արտահանման կամ ներմուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականը։ Մնացած դեպքերում տրվում է միանգամյա լիցենզիա։ Գլխավոր լիցենզիայով արտահանման և ներմուծման գործառնությունները կարող են կատարվել մեկ կամ մի քանի պայմանագրերով, տարբեր արտասահմանյան գործընկերների հետ, իսկ միանգամյա լիցենզիայի դեպքում՝ միայն մեկ պայմանագրով։
5. Պայմանագրում նշված յուրաքանչյուր ապրանքատեսակի համար տրվում է առանձին լիցենզիա։
6. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են՝
ա) ձեռնարկությունների և կազմակերպությունների դիմումները, որոնք ներկայացվում են տիպային բլանկների վրա.
բ) ապրանքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերը։
Դիմողները պատասխանատու են ներկայացվող տեղեկությունների ճշգրտության համար։
7. Լիցենզիաները տրվում են պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարով։ Դիմողի հիմնավորված խնդրանքով լիցենզիայի ժամկետը կարող է երկարաձգվել։ Ժամկետի երկարաձգումը հաստատվում է գրավոր ձևով։ Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը կարող է ժամանակավոր կասեցնել տրված լիցենզիայի գործողությունը կամ չեղյալ համարել այն:
8. Ձեռնարկությունները և կազմակերպությունները լիցենզավորվող ապրանքների արտահանումն իրականացնում են միայն սահմանված կարգով ձևակերպված լիցենզիաներն ստանալուց հետո։
9. Լիցենզիայի մերժման և տրված լիցենզիայի գործողության կասեցման հիմք կարող են հանդիսանալ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը՝ կապված միջկառավարական համաձայնագրերի ապահովման և հանրապետությունից կարևորագույն ռեսուրսների անվերահսկելի արտահանման կանխման հետ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անբարեխիղճ մրցակցությունը, որի պատճառով կարող է կամ արդեն հասցվել է վնաս ներքին կամ արտաքին շուկաներում Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ձեռնարկությանը, անկախ վնաս կրած ձեռնարկության բողոքի առկայությունից.
գ) ներկայացվող փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայության դեպքում.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1992 թվականի հուլիսի 22-ի N 410 որոշմամբ |
Ց Ա Ն Կ N 1
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ 1992 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ
Ապրանքների անվանումը |
Արտաքին տնտեսական գործունեության |
1 |
2 |
Գունավոր մետաղների նյութեր և հանքաքարեր |
26.03 - 26.09, 26.11, 26.13-26., 17, 26.20 |
Գունավոր մետաղներ, ներառյալ երկրորդականները, դրանց համաձուլվածքները, փոշիներ, օքսիդներ, աղեր, կիսաֆաբրիկատներ, գլանվածքներ, գունավոր մետաղների ջարդոններ և թափոններ, գունավոր մետաղներից արտադրանքներ | 74.01 - 74.14, 75, 76.01 - 76.14, 78 - 80, 81.01- 81.13 |
Թանկարժեք մետաղների նյութեր, հանքաքարեր և դրանցից արդյունաբերական արտադրանքներ, թանկարժեք մետաղների ջարդոններ և թափոններ |
71. 06-71.18, 83.0621000 |
Հազվագյուտ մետաղներ և հազվագյուտ հողերի մետաղներ |
28.05, 28.25 |
Սինթետիկ կորունդ (թանկարժեք և կիսաթանկարժեք արհեստականորեն աճեցված քարեր և փոշիներ) |
71.04, 71.05 |
Բնական և արհեստական, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և դրանցից արտադրանքներ | 71.02-71.04, 71.1620, 97.06 |
Տեքստիլ և տեքստիլ ապրանքներ* Կոնյակ | 22.0820000 |
Պեռլիտ, տուֆ, գրանիտ, մարմար և մարմարատիպ կոնգլոմերատ | 25.3010, 68.0221, 68.0223, 68.0291, 68.0293, 68.0299, 25.15, 25.1610, 25.1690 |
Սև մետաղի ջարդոն և թափոններ | 72.04 |
(աղյուսակը փոփ., լրաց. 13.02.93 N 40)
_____________________________________
*) Լիցենզավորման և քվոտավորման ենթակա են տեքստիլ և տեքստիլ ապրանքներ, որոնք արտահանվում են եվրոպական տնտեսական ընկերակցության երկրներ:
(ցանկը փոփ., լրաց. 13.02.93 N 40)
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1992 թվականի հուլիսի 22-ի N 410 որոշմամբ |
Ց Ա Ն Կ N 2
ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ 1992 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ԱՅԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվանումը |
Արտաքին տնտեսական գործունեության |
Այն նախարարության, |
1 |
2 |
3 |
Վայրի կենդանիներ և բույսեր, որոնք մտնում են ՀՀ Կարմիր գրքի մեջ |
Բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարություն | |
Դեղամիջոցներ և դրանց արտադրության համար հումք |
30, 13.02, 29.38, 29.41, 05.10, 12.11 |
Առողջապահության նախարարություն |
Ադամանդներ |
Արդյունաբերության նախարարություն |
(աղյուսակը լրաց. 18.11.92 N 582)
______________________________________
Ծանոթություն. Զինամթերքի, ռազմական տեխնիկայի և դրանց արտադրության համար կոմպլեկտավորող իրերի, պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութերի), տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման՝ աղբյուրների, թույների, թմրադեղերի և հոգենյարդային նյութերի, թանկարժեք մետաղների ձուլվածքների և դրանցից արտադրանքների, թանկարժեք քարերի ու դրանցից արտադրանքների արտահանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:
(ցանկը լրաց. 18.11.92 N 582)
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1992 թվականի հուլիսի 22-ի N 410 որոշմամբ |
Ց Ա Ն Կ N 3
ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ 1992 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ԱՅԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվանումը |
Արտաքին տնտեսական գործունեության |
Այն նախարարության, |
1 |
2 |
3 |
Դեղամիջոցներ |
13.02, 29.38, 29.41, 30.03, 30.04 |
Առողջապահության նախարարություն |
Բույսերի պահպանության համար քիմիական միջոցներ |
38.08 |
Գյուղատնտեսության նախարարություն |
______________________________________
Ծանոթություն. Բոլոր տեսակի արդյունաբերական թափոնների, զենքերի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի և դրանց արտադրության համար կոմպլեկտավորող իրերի, պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութերի), տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների, թանկարժեք մետաղների, ձուլվածքների և դրանցից արտադրանքների, թանկարժեք քարերի ու դրանցից արտադրանքների, թույների, թմրադեղերի և հոգենյարդային միջոցների, օփիում և հաշիշ ծխելու հարմարանքների ներմուծումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ։
