Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1691
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 06.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.06.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2023

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 հունիսի 2023 թ.

 

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 175-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-4-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՄԲ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ` ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հանրապետության նախագահի ներկայացուցիչներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության ներման և քաղաքացիության բաժնի պետ Ա․ Մուրադյանի, մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ Ա․ Ռաշիդյանի, նույն բաժնի գլխավոր մասնագետ Լ․ Մելքոնյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` այնքանով, որքանով նախատեսում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների` վարչական դատարան բողոքարկելու հնարավորություն, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

Օրենսգրքի՝ «Դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների լիազորությունների դադարումը» վերտառությամբ 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության համաձայն՝

«Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են նաև համապատասխան պալատի վերացման դեպքում»:

Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը վերոնշյալ նախադասությամբ լրացվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածով:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ ՎԴՕ) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

ՎԴՕ՝ «Վարչական դատարան դիմելու իրավունքը» վերտառությամբ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.»։

ՎԴՕ վերոնշյալ դրույթը չի փոփոխվել/լրացվել:

Գործի քննության առիթը՝ Հանրապետության նախագահի՝ 2023 թվականի մարտի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Վկայակոչելով Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները՝ Հանրապետության նախագահը (այսուհետ՝ Դիմող), մասնավորապես, նշում է․ «(...) Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի ձևակերպումից և տառացի մեկնաբանությունից հետևում է, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում մեկ անգամ նշանակված անձը չի կարող նշանակվել նույն կամ այլ պալատի նախագահի պաշտոնում անկախ նրանից, թե իր լիազորությունները Դատական օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որ հիմքով են դադարել (նույնիսկ այն դեպքերում, երբ Դատական օրենսգրքով նախատեսված հիմքերով լիազորությունները դադարել են նախքան Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը՝ վեց տարին լրանալը):

(...) Ի տարբերություն դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերի, որոնք սպառիչ սահմանվել են Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասում, սահմանադիրը դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատի նախագահների լիազորությունների դադարման հիմքերի սահմանումը վերապահել է օրենսդրի հայեցողությանը, որը վերջինիս կողմից իրացվել է Դատական օրենսգրքի 35-րդ հոդվածում։ Ընդ որում, օրենսդրի կողմից խնդրո առարկա հիմքը բովանդակային առումով մյուսներից որևէ կերպ չի առանձնացվել, և դրա մասով որևէ հատուկ կարգավորումներ չեն նախատեսվել»։

Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է այն տրամաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումից հետո այդ պալատի նախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրած անձը կարող է կրկին հավակնել օրենքով ստեղծվելիք նոր պալատի նախագահի պաշտոնին։

Դիմողը, նշելով, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության դրույթներն իրավակիրառ պրակտիկայում միատեսակ չեն ընկալվում և իրացվում, գտնում է, որ Օրենսգրքի հիշյալ դրույթը հակասում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված արգելքին, քանի որ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ նախատեսվում է նույն անձի կողմից Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ նշանակվելու հնարավորություն։

Սույն գործով վիճարկվող մյուս դրույթի՝ ՎԴՕ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (այնքանով, որքանով (...)) առնչությամբ Դիմողը նշում է, որ այն իրավակիրառ պրակտիկայում ստացել է այն բովանդակությունը, որ կիրառելի է նաև Խորհրդի կողմից Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումները վարչական դատավարության կարգով բողոքարկելիս՝ միաժամանակ, նշելով. «(…) վարչական դատարաններն այս դրույթը համատարած կիրառում են դատավորների կամ դատավորների թեկնածուների կողմից Բարձրագույն դատական խորհրդի՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3‒4-րդ մասերով և 6‒9-րդ մասերով նախատեսված սահմանադրական լիազորությունների իրականացման արդյունքում կայացված որոշումների նկատմամբ, որը հակասում է Սահմանադրության 4-րդ հոդվածին, քանի որ Հայաստանի Հանրապետությունում դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման և դատավորների առաջխաղացման վերաբերյալ լիազորությունները, որոնք բացառապես վերապահված են Բարձրագույն դատական խորհրդին և ենթակա են իրականացման միայն այդ մարմնի կողմից, վարչական վերահսկողության դասական մոտեցման պայմաններում սկսում են վերահսկվել միայն և բացառապես դատական իշխանության կողմից, ինչը խաթարում է իշխանությունների հավասարակշռության սկզբունքը»:

Ըստ Դիմողի՝ ՎԴՕ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով նախատեսում է Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ նաև Խորհուրդ) կողմից Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների նկատմամբ դատական անսահմանափակ վերահսկողություն, հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ վիճարկվող դրույթով նախատեսված «վարչական ակտ» եզրույթը չի կարող ներառել Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների թեկնածուների ցուցակների կազմման և հաստատման, դատավորների, դատարանների նախագահների նշանակման առաջարկությունների վերաբերյալ կայացված ակտերը, քանզի դրանք չեն կարող դասվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (վարչական իրավունքով) նախատեսված «վարչական ակտերի» շարքին՝ հաշվի առնելով, որ դրանք ընդունող մարմնի՝ դատական իշխանության ձևավորման հարցում ունեցած լիազորությունների առանձնահատուկ բնույթը տարբերվում է գործադիր բնույթ ունեցող վարչարարությունից։

Ըստ Դիմողի՝ ՎԴՕ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով նախատեսում է Խորհրդի կողմից Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների նկատմամբ դատական անսահմանափակ վերահսկողություն, «(…) հակասում է Բարձրագույն դատական խորհրդի՝ Սահմանադրության 173-րդ հոդվածով նախատեսված սահմանադրական դերին և առաքելությանը, քանի որ նշյալ սահմանադրական մարմինն ուղղակիորեն մասնակցում է դատարանների կազմավորմանը և, միաժամանակ, իր սահմանադրական լիազորությունների նշանակալի մասի նկատմամբ իրականացնում է իր իսկ կողմից կազմավորված համակարգի նկատմամբ վերահսկողություն»: Ըստ Դիմողի՝ ՎԴՕ վիճարկվող դրույթը հակասում է նաև Սահմանադրության 166-րդ հոդվածի 3‒4-րդ և 6‒9-րդ մասերին, ինչպես նաև 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերին, քանի որ «(…) այս դրույթներով նախատեսված սահմանադրական լիազորությունները վերապահված են բացառապես Բարձրագույն դատական խորհրդին, մինչդեռ վարչական դատարանների կողմից այս լիազորությունների իրականացման նկատմամբ ամբողջ ծավալով և անսահմանափակ վերահսկողությունը կարող է հանգեցնել Վարչական դատարանի կողմից այս լիազորությունների անուղղակի իրականացմանը»։

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ըստ Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ «Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից հետևում է, որ սահմանվում է Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների լիազորությունների իրականացման առավելագույն ժամկետը և ոչ թե՝ պարտադիր ժամկետը: Սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությամբ սահմանվում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարման հիմքը՝ համապատասխան պալատի վերացման դեպքում:

Այսինքն՝ լիազորությունների իրականացման առավելագույն ժամկետի փաստը չի սահմանափակում այդ ժամկետից շուտ այլ հիմքով լիազորությունների դադարման հնարավորության սահմանումը։ Հետևաբար նման հիմքի սահմանումը չի հակասում առավելագույն ժամկետ սահմանված լինելու փաստին»:

Պատասխանողը նշում է, որ կիրառելով Սահմանադրությամբ նախատեսված «Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների» ձևակերպումը՝ օրենսդիրը նպատակ է ունեցել վիճարկվող դրույթը վերաբերելի դարձնել Վճռաբեկ դատարանի պալատներին ընդհանրապես՝ չմասնավորեցնելով պալատը։ Ըստ Պատասխանողի՝ «(…) Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արգելքը նշանակում է, որ նույն անձը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ, անկախ Վճռաբեկ դատարանի պալատի մասնագիտացումից, կարող է նշանակվել միայն մեկ անգամ:

(…) պալատի վերացման դեպքում, անկախ այն հանգամանքից պալատը ինչ մասնագիտացման է, եթե տվյալ պալատի նախագահի լիազորությունները դադարում են, ապա նույն անձն այլևս չի կարող զբաղեցնել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն։

Քաղաքացիական-վարչական որպես մեկ պալատի նախագահի պաշտոնի և առանձին վարչական պալատի նախագահի պաշտոնի տարբերակման դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ Վճռաբեկ դատարանի վարչական մասնագիտացման պալատի նախագահի պաշտոնում նշանակվում է այն նույն անձը, որը նախկինում զբաղեցրել է այնպիսի մասնագիտացման պալատ, որը, ի թիվս այլնի, կրել է նաև վարչական մասնագիտացում, ինչի արդյունքում էլ ստացվում է, որ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակված անձի գործառույթները և լիազորություններն ամբողջությամբ նույնանում են նախկինում իր ունեցած այն գործառույթներին և լիազորություններին, որոնք անձն ունեցել է քաղաքացիական-վարչական որպես մեկ պալատի նախագահի պաշտոնում պաշտոնավարելիս:

(…) ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահների լիազորությունների իրականացման առավելագույն և ոչ թե պարտադիր ժամկետ սահմանված լինելու կարգավորման առկայության պայմաններում, Սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը չի առաջացնում սահմանադրականության հարց»։

Սույն գործով վիճարկվող մյուս դրույթի՝ ՎԴՕ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (այնքանով, որքանով (...)) առնչությամբ Պատասխանողը, մասնավորապես, նշում է. «Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 6‒9-րդ մասերով, 173-րդ հոդվածով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերով սահմանված կարգավորումների համատեքստում Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականության հարց առկա չէ, այլ առկա է նշված նորմի Դիմողի դիմումում նշված փաստական հանգամանքների պայմաններում կիրառելիության հարց, մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որպես անկախ պետական մարմնի որոշումը վիճարկվող նորմի շրջանակներում բողոքարկման ենթակա լինելը։

(…)

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ կերպով սահմանված են սահմանադրական մարմինները, որոնց թվին է դասվում նաև Բարձրագույն դատական խորհուրդը։ Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը հանդիսանում է սահմանադրական մարմին՝ օժտված սահմանադրական լիազորություններով, ունենալով սահմանադրական կարևոր դեր և առաքելություն, որի նույնացումը վարչական մարմիններին և վերջիններիս կողմից իրականացվող վարչարարությանը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես սահմանադրական մարմնի դերի և նշանակության գաղափարից։

Օրենսգրքի 3-րդ հոդվածը ուղղակի կերպով չի սահմանում՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, մասնավորապես՝ դատարանի նախագահ/պալատի նախագահ նշանակելու վերաբերյալ, որպես վարչական ակտ դիտարկելու և այդպիսով դրանք վիճարկելու որևէ դրույթ և վերաբերում է միայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված վարչական մարմինների կողմից կայացրած վարչական ակտերին։

(…) Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումը Սահմանադրությանը համապատասխանող կարգավորում է»։

 

3. Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումները

Ի պատասխան սույն գործով զեկուցող՝ Սահմանադրական դատարանի դատավորի՝ Խորհրդին հասցեագրված 2023 թվականի մարտի 23-ի ՍԴԴ-22 գրության՝ 2023 թվականի ապրիլի 4-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարողի ստորագրությամբ (N ԴԴ-1 ԴԴ/490-23, 4 ապրիլի 2023 թ.) գրությունը, որին կից ներկայացվել է Խորհրդի դիրքորոշումը՝ սույն գործով վիճարկվող դրույթների համատեքստում առանձին հարցերի վերաբերյալ:

Խորհրդի գրավոր դիրքորոշման մեջ, մասնավորապես, նշված է. «(...) գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ նշանակելու հարցը լուծելիս պետք է կարևորվի այն հարցը, թե արդյոք թեկնածուն մեկ անգամ արդեն որպես պալատի նախագահ համապատասխան պալատի կազմից, վեց տարի ժամկետով նշանակված եղել է, թե ոչ: Նշվածի տրամաբանությունն ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի՝ (...) ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում տվյալ պալատի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել տվյալ պալատի նախագահի պաշտոնում և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:

Այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի երկու նախադասությունների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումներով սահմանադիրն ու օրենսդիրը նպատակ են հետապնդել բացառելու միևնույն պալատում մեկ անձի գերիշխող դիրք ունենալու հնարավորությունը: Նշվածը, սակայն, չի կարող վերաբերել այն դեպքերին, երբ օրենքով սահմանված կարգով նշանակված Պալատի նախագահի պաշտոնավարումը վաղաժամկետ ընդհատվել է պաշտոնավարողի կամքից անկախ պատճառներով:

Ելնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքից՝ պալատի նախագահի համար պետք է երաշխավորված լինի կաԲմ իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետը, որի ընթացքում չեն կարող դադարեցվել նրա՝ որպես պալատի նախագահի լիազորությունները (բացառությամբ օրենքով սահմանված սպառիչ հիմքերի առկայության), կաԲմ պալատի վերացման դեպքում պալատի նախագահի բոլոր թեկնածուների հետ հավասար պայմաններ:

(…)

ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի երկու նախադասությունների համակարգային վերլուծությունից հետևում է, որ Վճռաբեկ դատարանի կոնկրետ պալատի նախագահ չի կարող նշանակվել միայն այն անձը, ով Վճռաբեկ դատարանի նույն պալատում որպես նախագահ պաշտոնավարել է 6 տարի և նրա լիազորությունները դադարել են այդ ժամկետը լրանալու հիմքով:

(...)

(...) Հանրապետության նախագահի առարկությունն չընդունելու մասին որոշում չի կայացվել ոչ թե այն պատճառով, որ Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնել է (...) առաջադրված՝ Վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված արգելքի առկայության մասին Հանրապետության նախագահի առարկության հետ, այլ այն պատճառով, որ Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցը չի ստացել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածով պահանջվող անհրաժեշտ թվով կողմ ձայներ: (...) քննարկմանը մասնակցել է Բարձրագույն դատական խորհրդի 6 անդամ, որոնցից երեքը հարցին դեմ են քվեարկել, ինչի պատճառով չի ապահովվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածով պահանջվող անհրաժեշտ թվով կողմ ձայներ և միայն այդ երեք ձայնով, ըստ էության, փաստվել է Հանրապետության նախագահի առարկությունն ընդունելը:

(…)

(...) Բարձրագույն դատական խորհրդի կողմից Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների նկատմամբ դատական վերահսկողությունը երաշխավորված է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային բազմաթիվ փաստաթղթերով, այդ թվում՝ Կոնվենցիայով: Օրենսդրորեն ամրագրված չէ որևէ կառուցակարգ, որը կբացառի Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրացնելիս կայացված որոշումների նկատմամբ դատական վերահսկողությունը: Ավելին՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով օրենսդիրն ապահովել է Սահմանադրության 61-րդ, 63-րդ, Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի իրացումը (...):

Հետևաբար, եթե որևէ անձ կգտնի, որ ինչպես Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրացնելիս Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշումներով խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր (...) իրավունքները և ազատությունները, (...) ապա այդ անձն իրավունք ունի վարչադատավարական կարգով պաշտպանել իր իրավունքները: Ընդ որում, նշված իրավակարգավորումն ուղղակի բխում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների պահանջներից»:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն դիմումով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հարցադրումներին՝

- Օրենսգրքի վիճարկվող դրույթի (Օրենսգրքի 117 և 134-րդ հոդվածների դրույթների հետ համակցության մեջ) գործողության պայմաններում նույն անձին մեկից ավելի անգամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ նշանակելու իրավական հնարավորությունը համահու՞նչ է արդյոք Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված՝ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման կարգին ու պայմաններին.

- նկատի առնելով, որ դիմումում ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերում են ՎԴՕ վիճարկվող դրույթի՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2‒4-րդ կետերով ամրագրված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների՝ վարչադատավարական կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսելու մասով, սահմանադրականության հարցին, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դրա սահմանադրականությունը գնահատել Բարձրագույն դատական խորհրդի հենց նշյալ լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների՝ դատական կարգով բողոքարկման հարցի շրջանակներում. այդ առնչությամբ՝ վիճարկվող դրույթը համահո՞ւնչ է արդյոք Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակին, առաքելությանը, ինչպես նաև իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի կենսագործումն ապահովելուն ուղղված սահմանադրական կարգավորումներին/կառուցակարգերին՝ հաշվի առնելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3‒7-րդ կետերին (175-րդ հոդվածի 1-ին մասի 2‒4-րդ կետերի հետ փոխկապակցվածության մեջ) համապատասխան՝ դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման/ընտրության (Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության) գործընթացներին սահմանադրական երեք մարմինների՝ Բարձրագույն դատական խորհրդի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի մասնակցության հանգամանքը:

Ելնելով վերոնշյալից՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող օրինադրույթների սահմանադրականությունը գնահատել, մասնավորապես, Սահմանադրության 4-րդ հոդվածին, 166-րդ հոդվածի 3‒7-րդ մասերին՝ 175-րդ հոդվածի 1-ին մասի 2‒4-րդ կետերի հետ փոխկապակցվածության մեջ, 139-րդ հոդվածի 2-րդ մասին և 173-րդ հոդվածին համապատասխանության առումով:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասը հռչակում է. «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»: Պետական իշխանությունը, առաջնորդվելով սահմանադրի՝ ժողովրդավարական և իրավական պետության կերտման և շարունակական զարգացման աներկբա պատվիրանով, մարդու հիմնական իրավունքները և ազատությունները դիտարկելով որպես իրավունքի գերակայության ապահովման անսասան հենասյուներ, սահմանադրական պարտավորություն ունի ձևավորել սահմանադրական արժեբանությանը համահունչ արդարադատության համակարգ: Այս առումով սահմանադիրը հստակ ուրվագծել է արդարադատության համակարգի կառուցվածքն ու ձևավորման սկզբունքները՝ օրենսդրին վերապահելով սոսկ մանրամասները սահմանելու հնարավորություն, որոնց հիմքերը պետք է խարսխված լինեն սահմանադրաիրավական կարգավորումների վրա՝ բխելով սահմանադրի կողմից դրանց հիմքում ներդրած արժեքներից և տրամաբանությունից:

Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

Սահմանադրության 166-րդ հոդվածն ամրագրում է դատավորների, դատարանների նախագահների ընտրության և նշանակման, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման վերաբերյալ մի շարք կարգավորումներ: Այդ առնչությամբ, Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ եռաստիճան դատական համակարգի դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանված են Օրենսգրքով:

Սահմանադրության՝ «Դատավորի կարգավիճակը» վերտառությամբ 164-րդ հոդվածի 8-րդ մասում թվարկված են դատավորի լիազորությունների դադարման հիմքերը (լիազորությունների ժամկետն ավարտվելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելը, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, հրաժարականը, մահը), իսկ նույն հոդվածի 9-րդ մասում՝ դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը (անհամատեղելիության պահանջները խախտելը, քաղաքական գործունեությամբ զբաղվելը, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինությունը, էական կարգապահական խախտում կատարելը):

Դատական իշխանության սահմանադրաիրավական առաքելությունից անմիջականորեն սերող անկախությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը երաշխավորելու գաղափարը նկատի ունենալով՝ սահմանադիրն ամրագրել է դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերի սպառիչ ցանկը՝ դրանք դիտարկելով որպես դատավորի կարգավիճակի բաղկացուցիչ տարրեր՝ հաշվի առնելով, որ դատավորների պաշտոնավարման ապահովումը նրանց անկախության էական երաշխիքն է:

Այդ համատեքստում, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների լիազորությունների դադարման հիմքերն իրենց ամրագրումն են ստացել Օրենսգրքի 35-րդ հոդվածում: Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդրական մակարդակում համապատասխան կանոնակարգումը բխում է ոչ թե դատավորի՝ Սահմանադրության 164-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգավիճակից (սահմանադրական մակարդակում դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերի սպառիչ ցանկի սահմանմամբ), դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները Օրենսգրքով սահմանելու սահմանադրական պահանջից, այլ Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի (դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Օրենսգրքով) տրամաբանությանը համապատասխան՝ դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների լիազորությունների դադարման հիմքերի իրավական կանոնակարգման անհրաժեշտությունից: Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերում թվարկված որևէ հիմքով դատավորի լիազորությունների դադարումը/դադարեցումը, բնականաբար, դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունների դադարման հիմք է, որպիսի մոտեցումն իրացված է Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ թվարկված են դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների լիազորությունների դադարման հիմքերը՝ պաշտոնավարման ժամկետը լրանալը, դատարանի վերացումը, նրանց՝ որպես դատավորի լիազորությունները դադարելը, դադարեցնելը, Խորհրդի անդամ ընտրվելը, նրանց նկատմամբ Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով սահմանված կարգապահական տույժը կիրառելը, ինչպես նաև Օրենսգրքի նշված հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերը (հրաժարական):

Օրենսգրքի՝ սույն գործով վիճարկվող 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ սահմանված է, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են նաև համապատասխան պալատի վերացման դեպքում: Այդ առնչությամբ, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածը, որով Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է հիշյալ նախադասությամբ, փոխկապակցված է, մասնավորապես, նույն սահմանադրական օրենքի՝ 3-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, որին համապատասխան՝ Վճռաբեկ դատարանում գործում են նաև քաղաքացիական և վարչական առանձին պալատները, ինչպես նաև «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» վերտառությամբ 18-րդ հոդվածի 8‒9-րդ մասերի հետ. նշված սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ Քաղաքացիական և վարչական պալատը վերացված համարվելու պահից պալատի նախագահի լիազորությունները դադարում են: Համապատասխանաբար Քաղաքացիական, Վարչական և Հակակոռուպցիոն պալատները գործելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 134-րդ հոդվածով սահմանված կարգով լուծում է համապատասխան պալատի նախագահի նշանակման համար առաջարկություն ներկայացնելու հարցը»:

Օրենսգրքի վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում մեկնաբանել Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված՝ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման կարգն ու պայմանները՝ Օրենսգրքի վիճարկվող դրույթի (Օրենսգրքի 117 և 134-րդ հոդվածների դրույթների հետ համակցության մեջ) գործողության պայմաններում նույն անձին մեկից ավելի անգամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ նշանակելու իրավական հնարավորության հարցի համատեքստում:

Այդ առնչությամբ, Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությամբ, մասնավորապես, սահմանված է, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը նշանակվում է համապատասխան պալատի կազմից, և նրա պաշտոնավարման ժամկետն է վեց տարին, իսկ երկրորդ նախադասությամբ նախատեսված է նույն անձի կողմից Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ միայն մեկ անգամ նշանակվելու պահանջը: Սահմանադրական դատարանը կարևորում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության՝ «(...) համապատասխան պալատի կազմից, վեց տարի ժամկետով» ձևակերպման բովանդակության բացահայտումը: Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգը մանրամասնված է Օրենսգրքի 134-րդ հոդվածով: Մասնավորապես, Օրենսգրքի հիշյալ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(...) Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում տվյալ պալատի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել տվյալ պալատի նախագահի պաշտոնում և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն»: Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ կազմվում և ներկայացվում է Վճռաբեկ դատարանի տվյալ պալատի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք բավարարում են Օրենսգրքի նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները (դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն ունեցող դատավորների թիվը երեքից պակաս լինելու դեպքում ցուցակը կազմելիս դատավորի առնվազն երեք տարվա փորձառություն ունենալու պահանջը չի կիրառվում (2-րդ մաս)):

Օրենսգրքի 134-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ քվեարկության արդյունքներով Հանրապետության նախագահին է առաջարկվում Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայներ ստացած թեկնածուն: Օրենսգրքի նշված հոդվածի 12-րդ մասին համապատասխան՝ նշանակման ենթակա Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի թեկնածուի՝ Հանրապետության նախագահին առաջարկումն ու նշանակումն իրականացվում են Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման, ըստ այդմ՝ պաշտոնավարման վեցամյա ժամկետը, բնականաբար, վերաբերելի է պալատի նախագահին, այլ ոչ դատավորին. այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները (պաշտոնավարման ժամկետը լրանալու, ինչպես նաև Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված որոշ այլ հիմքերով, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի վերացումը) դադարելն ինքնաբերաբար չի հանգեցնում նրա՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավորի լիազորությունների դադարմանը: Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունների դադարման՝ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված մի շարք հիմքեր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի վերացումը, չեն կարող դիտարկվել նույն հարթությունում, ինչ դատավորի լիազորությունները դադարելու՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասում թվարկված հիմքերը՝ սահմանադրաիրավական համապատասխան երաշխիքներով: Նման պայմաններում Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված վեցամյա ժամկետը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնավարման առավելագույն ժամկետն է:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական մակարդակում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետի ամրագրումն ինքնանպատակ չէ և հնարավորություն է ընձեռում համապատասխան պալատի այլ դատավորներին հավակնել/նշանակվել պալատի նախագահի պաշտոնին՝ Սահմանադրությամբ և Օրենսգրքով ամրագրված համապատասխան պահանջների պահպանմամբ: Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ նման սահմանափակ ժամկետը թույլ է տալիս կանոնավոր կերպով համալրել պալատի նախագահի պաշտոնը՝ ապահովելով տարասեռության և բազմակարծության աստիճանը, ներկայացուցչականության ավելի բարձր հավասարակշռությունը՝ հաշվի առնելով պալատի նախագահի պաշտոնին ներհատուկ գործառույթների բովանդակությունը:

Սահմանադրության 163-րդ հոդվածի կարգավորումների հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների ստեղծումն ու վերացումն օրենսդիր մարմնի իրավասության տիրույթում է:

Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի վերացման հիմքով Վճռաբեկ դատարանի՝ օրենսդրի կողմից վերացված պալատի նախագահի լիազորությունների դադարման հարցն Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության (վիճարկվող դրույթի) սահմանադրականության ստուգման առումով չի կարող քննության առարկա դառնալ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանափակման համատեքստում: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «(...) ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ծավալի մեջ ներառվում է նաև անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որը, իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նաև կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք:

Դատավորի պաշտոնն զբաղեցնող անձանց համար՝ այնքանով, որքանով որ դա վերաբերում է դատավորի՝ որպես հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի կրողին, առկա է լրացուցիչ՝ իրավական պետության հիմնարար սկզբունքից ածանցվող անփոփոխելիության սահմանադրական երաշխիք (...):

(...)

(...) դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման՝ Սահմանադրությամբ ամրագրված այն հիմքերի մեկնաբանության ժամանակ, որոնք ենթակա են կոնկրետացման սահմանադրական օրենքում, օրենսդիրը պետք է դրսևորի զսպվածություն և օրենսդրական կարգավորումների միջոցով չնենգափոխի Սահմանադրության համակարգային տրամաբանությունը, այն է՝ անհարկի չընդլայնի այդ հիմքերի կիրառման օրենսդրական հնարավորությունը, թույլ չտա դրանց կամայական մեկնաբանություն, երաշխավորի դրանց կիրառման ժամանակ արդարության բոլոր պահանջների պահպանումը, այդ թվում՝ պատշաճ ընթացակարգային երաշխիքներ դատավորի լիազորությունները դադարեցնելու ժամանակ:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ բոլոր դեպքերում, երբ դադարեցվում են դատավորի լիազորությունները, դա վերաբերում է ոչ միայն դատավորի կարգավիճակին, այլ նաև նրա՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքին. նա զրկվում է հետագա պաշտոնավարման իր իրավունքից, ուստի նրա այդ իրավունքը սահմանափակվում է»:

Վերը մեջբերածից ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է դատավորին, վերջինիս կարգավիճակի տարրերին: Մինչդեռ վիճարկվող դրույթը վերաբերում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունների դադարման հիմքին: Տվյալ դեպքում օրենսդրական փոփոխությունների արդյունքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը վերացվել է, ստեղծվել/ձևավորվել են երկու առանձին պալատներ (ստեղծվել է նաև Հակակոռուպցիոն պալատը): Նման պայմաններում Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից բխում է, որ համապատասխան հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում կազմվում և Խորհրդին է ներկայացվում Վճռաբեկ դատարանի տվյալ պալատի բոլոր դատավորների ցուցակը, եթե նրանք բավարարում են Օրենսգրքի նույն հոդվածի 1-ին մասով սահմանված (այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի տվյալ պալատի նախագահի պաշտոնում չպաշտոնավարելու) պահանջները: Այդ կարգավորմամբ օրենսդիրը, ըստ էության, նպատակ է հետապնդել Վճռաբեկ դատարանի տվյալ պալատի կազմում ընդգրկված բոլոր դատավորների համար սահմանել հավասար հնարավորություններ՝ ի թիվս այլնի, ամրագրելով տվյալ պալատի նախագահի պաշտոնում չպաշտոնավարելու պահանջը:

Սահմանադրական դատարանը նկատում է, որ Օրենսգրքի՝ «Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգը» վերտառությամբ 134-րդ հոդվածի 1-ին մասում գործածված «տվյալ պալատի» արտահայտությունը, ուղղակիորեն բխելով Սահմանադրության՝ «Դատավորների ընտրության և նշանակման կարգը» վերտառությամբ 166-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված «համապատասխան պալատի» արտահայտությունից (հաշվի առնելով նաև Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասը, որի համաձայն՝ դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Օրենսգրքով), բովանդակային առումով, նույնանում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության «համապատասխան պալատ» արտահայտության հետ. տվյալ դեպքում Օրենսգրքի 134-րդ հոդվածում խոսքը վերաբերում է Վճռաբեկ դատարանի կոնկրետ պալատի նախագահի նշանակման կարգին, որպիսի հանգամանքով պայմանավորված, Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասում գործածված «չեն պաշտոնավարել տվյալ պալատի նախագահի պաշտոնում» արտահայտության «տվյալ պալատի» ձևակերպումը չպետք է մեկնաբանվի ընդհանուր կարգավորումից/տրամաբանությունից անջատ՝ այնպես, որ խոսքը վերաբերում է Վճռաբեկ դատարանի նույն պալատին՝ նկատի առնելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը, որի համաձայն՝ նույն անձը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել միայն մեկ անգամ: Հատկանշական է, որ սահմանադիրը գործածել է «Վճռաբեկ դատարանի պալատի» ձևակերպումը, ինչից հետևում է, որ խոսքը վերաբերում է Վճռաբեկ դատարանի ցանկացած/որևէ պալատի: Հակառակ պարագայում, եթե սահմանադիրը նկատի ունենար Վճռաբեկ դատարանի կոնկրետ պալատը, ապա կորոշակիացներ այն՝ գործածելով «նույն պալատի» կամ «համապատասխան պալատի» արտահայտությունները:

Սահմանադրական դատարանը, բացահայտելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունների բովանդակությունը, գտնում է, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ համապատասխան պալատի կազմից կարող է նշանակվել միայն այն անձը, որը երբևէ չի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի որևէ պալատի նախագահ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի՝ սահմանադրական օրենքով վերացված պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը (անկախ որպես այդ պալատի նախագահ վերջինիս պաշտոնավարման փաստացի ժամկետից) Վճռաբեկ դատարանի որևէ (այդ թվում՝ նոր ստեղծված/ձևավորված) պալատի կազմում ընդգրկված լինելու փաստի ուժով չի կարող նշանակվել Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի նախագահ՝ նկատի ունենալով Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությամբ հստակ սահմանված՝ պալատի նախագահի նշանակման/պաշտոնավարման պարբերականությունը: Հակառակ դեպքում, նույն անձը (Վճռաբեկ դատարանի վերացված պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը) կպաշտոնավարի մեկից ավելի անգամ. Արդյունքում՝ չի պահպանվի սահմանադրի սահմանած «միայն մեկ անգամ» նշանակվելու պահանջը, կխեղաթյուրվի Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի ինչպես երկրորդ, այնպես էլ առաջին նախադասությունների բովանդակությունը: Տվյալ իրավիճակում Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության՝ «համապատասխան պալատի կազմից» արտահայտության (հաշվի առնելով նաև Օրենսգրքի 134-րդ հոդվածով ամրագրված վերաբերելի կարգավորումները) այնպիսի մեկնաբանության պայմաններում, որի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նոր պալատի ստեղծման/ձևավորման պայմաններում դրա կազմում ընդգրկված բոլոր դատավորները (օրենսդրական համապատասխան պահանջները բավարարելու դեպքում) կարող են նշանակվել նորաստեղծ պալատի նախագահ, նշված դատավորների համար «հավասար հնարավորությունների» ստեղծման/ապահովման առումով առաջ կգա/կփաստվի հնարավորությունների անհավասարությունն այն առումով, որ Վճռաբեկ դատարանի վերացված պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը (անկախ որպես այդ պալատի նախագահ նրա պաշտոնավարման ժամկետից) Վճռաբեկ դատարանի նորաստեղծ պալատի նախագահի պաշտոնին հավակնելով/ նշանակվելով, ըստ էության, ձեռք կբերի առավելություն տվյալ պալատի կազմում ընդգրկված մյուս դատավորների նկատմամբ: Նշված մոտեցումը վերաբերելի է Վճռաբեկ դատարանի ցանկացած (այդ թվում՝ ոչ նորաստեղծ) պալատի նախագահի պաշտոնին հավակնելուն/նշանակվելուն:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացմամբ ստեղծվել/ձևավորվել են Վճռաբեկ դատարանի երկու առանձին պալատներ (քաղաքացիական և վարչական), որպիսի պայմաններում Խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար Հանրապետության նախագահին է առաջարկել այն անձի թեկնածությունը, որը զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական՝ վերացված պալատի նախագահի պաշտոնը, այսինքն՝ հանդիսացել է ինչպես քաղաքացիական, այնպես էլ վարչական պալատի (մեկ պալատի տեսքով) նախագահ:

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ նշանակված անձը, որի լիազորությունները դադարել են պալատի վերացման հիմքով (անկախ որպես պալատի նախագահ նրա պաշտոնավարման ժամկետից), չի կարող նշանակվել Վճռաբեկ դատարանի որևէ պալատի նախագահ:

5.2. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ՎԴՕ վիճարկվող դրույթի՝ Խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2‒4-րդ կետերով ամրագրված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների՝ վարչադատավարական կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսելու մասով, սահմանադրականությունը գնահատել՝ նկատի ունենալով Խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակը, առաքելությունը, դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման/ընտրության (Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության) գործընթացներին նաև Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի մասնակցության հանգամանքը և այդ առնչությամբ, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի կենսագործումն ապահովելուն ուղղված սահմանադրական վերաբերելի կարգավորումները/կառուցակարգերը:

Իշխանության յուրաքանչյուր մարմնի դերի և կարգավիճակի բացահայտումը չափազանց կարևոր է այդ մարմնի լիազորությունների իրականացմամբ ընդունվող ակտերի դատական կարգով բողոքարկման հնարավորության, դրա սահմանների գնահատման/հստակեցման հարցում: Այդ առումով առանցքային է Խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակի բովանդակության բացահայտումը:

Սահմանադրական դատարանը նախ՝ արձանագրում է, որ Խորհրդին վերաբերող կարգավորումների արտացոլումը Սահմանադրության՝ «Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը» վերտառությամբ 7-րդ գլխում արդեն իսկ վկայում է սահմանադրի կողմից Խորհրդին այնպիսի առանձնահատուկ կարգավիճակ վերապահելու մասին, որն ուղղակիորեն կապված է դրա՝ որպես անկախ պետական մարմնի, հիմնարար նշանակություն ունեցող սահմանադրական գործառույթի հետ, այն է՝ դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելը (Սահմանադրության 173-րդ հոդված): Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորվում է Խորհրդի՝ Սահմանադրությամբ և Օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով:

Սահմանադրության 174-րդ հոդվածով սահմանված են Խորհրդի կազմն ու կազմավորման կարգը: Մասնավորապես՝ Խորհուրդը կազմված է տասն անդամից, որոնցից հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը: Ընդ որում՝ Սահմանադրության հիշյալ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված է, որ Խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Սահմանադրության նույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Խորհրդի հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Ըստ այդմ՝ Խորհրդի ոչ դատավոր անդամներն ընտրվում են ժողովրդի ներկայացուցչական մարմնի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների որակյալ մեծամասնությամբ:

Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրանց ընտրությունը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով և կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշման մեջ նշված է, որ համապատասխան պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) Հանրապետության նախագահի կողմից իրականացվող պարտադիր լիազորություն է: Դատարանների և դատավորների անկախության պատշաճ երաշխավորման ապահովման նպատակով սահմանադիրը հատուկ շեշտադրել է Խորհրդի կազմավորման/համալրման անհրաժեշտությունը՝ փոխարինող լիազորություններ ամրագրելով Հանրապետության նախագահի համար: Ընդ որում, ի տարբերություն Խորհրդի ոչ դատավոր անդամների՝ դատավորների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակում Սահմանադրությունը չի նախատեսում: Սահմանադրական դատարանի նույն որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «(...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադիրը, սահմանելով Հանրապետության նախագահի փոխարինող մասնակցությունը սահմանադրական մի շարք մարմինների կազմավորմանը կամ համալրմանը, որպես Հանրապետության նախագահի պարտադիր լիազորություն (պարտականություն)՝ Հանրապետության նախագահին դիտարկել է որպես առանցքային դերակատար՝ մի կողմից, Ազգային ժողովին հակակշռելու, մյուս կողմից՝ սահմանադրական որոշակի մարմինների բնականոն գործունեությունը երաշխավորելու նպատակներով:

(…)

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև շեշտել, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կամ համալրման առումով անգործություն դրսևորելու և սահմանադրական պարտականությունները չկատարելու միջոցով թափուր տեղերի չհամալրումը կարող է վերջին հաշվով վտանգել նաև դատարանների անկախությունը, եթե նրանց անկախության երաշխավորը՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իրավազոր չլինի պատշաճ կերպով իրականացնել իր լիազորությունները»:

Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Խորհուրդն իր կազմից Օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է Խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:

Սահմանադրության 174-րդ հոդվածի 8-րդ մասով ամրագրված է, որ Խորհրդի կազմավորման մանրամասները սահմանվում են Օրենսգրքով: Այդ առնչությամբ, Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Խորհրդի դատավոր անդամներն ընտրվում են բոլոր ատյանների դատարանների դատավորներից՝ Վճռաբեկ դատարանից՝ մեկ անդամ, վերաքննիչ դատարաններից՝ մեկ անդամ, առաջին ատյանի դատարաններից՝ երեք անդամ (ընդ որում՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից` առնվազն մեկ անդամ) համամասնությամբ: Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր մասնագիտացումների դատավորները: Նշվածից հետևում է, որ Խորհրդում պետք է ապահովվի եռաստիճան դատական համակարգի բոլոր ատյանների դատարանների դատավորների ներկայացվածությունը:

Խորհրդի կազմի և կազմավորման վերաբերյալ սահմանադրական և օրենսդրական վերոնշյալ կարգավորումները միտված են Խորհրդի՝ դատարանների և դատավորների անկախության երաշխավորման սահմանադրական գործառույթի առավելագույնս արդյունավետ իրականացումն ապահովելուն և այդ առնչությամբ, Խորհրդին՝ Սահմանադրությամբ և Օրենսգրքով վերապահված լիազորություններն անկաշկանդ իրականացնելուն՝ բացառելով որևէ արտաքին ներգործություն, ինչպես նաև այդ լիազորություններն իրականացնելիս ընդունվող որոշումներին առավելագույն լեգիտիմություն հաղորդելուն: Նշվածը (հավաքական առումով) Խորհրդի անկախության հույժ կարևոր երաշխիք է:

Սահմանադրության 175-րդ հոդվածով սահմանված են Խորհրդի լիազորությունները. Խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2‒4-րդ կետերով ամրագրված լիազորություններն են նշանակման ենթակա, ներառյալ՝ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելը, Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին Ազգային ժողովին առաջարկելը: Խորհրդի՝ սահմանադրական մակարդակում ամրագրում ստացած լիազորությունների ցանկը սպառիչ չէ: Սահմանադրության 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանված են Օրենսգրքով:

Սահմանադրության 173-րդ հոդվածով նախատեսված գործառույթն արդյունավետ իրականացնելու համար կարևորվում է ոչ միայն Խորհրդին՝ իր դերին և կարգավիճակին համարժեք լիազորություններով օժտելը, այլև իշխանության մարմինների համակարգում այդ լիազորություններին համահունչ գործելու իրական հնարավորության ապահովումը:

Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի ՍԴՈ-1598 որոշման մեջ արձանագրված է. «(…) Բարձրագույն դատական խորհրդի կազմում հավասարապես ներկայացված են օրենսդիր և դատական իշխանությունների կողմից ընտրված անդամները, ինչով և շահեկանորեն ընդգծված է այս ատյանի ժողովրդավարական լեգիտիմությունը, որպես պետական իշխանության 2 ճյուղերի կողմից համատեղ ձևավորված ատյան, որի սահմանադրական լիազորությունների իրականացումը ապահովվում է պետական իշխանության նշված երկու ճյուղերի կողմից Բարձրագույն դատական խորհրդում ընտրված անդամների համաձայնությամբ»։

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Այդ առնչությամբ, մասնավորապես, Օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասով ամրագրված է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ այդ որոշումը ենթակա է բողոքարկման այն պահից սկսած մեկամսյա ժամկետում, երբ բողոք բերող անձը (մարմինը) իմացել է կամ կարող էր իմանալ այնպիսի էական ապացույցի կամ հանգամանքի ի հայտ գալու մասին, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, և որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման վրա։ Ընդ որում՝ նշված դեպքում բողոքը քննող մարմինը կրկին Խորհուրդն է, իսկ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Այլ կերպ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, այդ հարցով Խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել բացառապես Օրենսգրքով նշված հիմքի առկայության դեպքում, իսկ բողոքը քննող մարմինը Խորհուրդն է:

Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «(…) գործող սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում բացակայում է Հայաստանի Հանրապետությունում գործող դատարաններից որևէ մեկում [եռաստիճան դատական համակարգի մասով] դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն, քանի որ դա կհակասի Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակին: Բացի դրանից, տվյալ որոշումների վերանայումը, դրանով իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը դուրս է Հայաստանի Հանրապետությունում դատարանների սահմանադրական գործառույթների շրջանակներից»:

Խորհուրդն օժտված է սահմանադրական այնպիսի կարգավիճակով, որ վերջինիս սահմանադրական մի շարք լիազորությունների իրականացմանը ցանկացած միջամտություն կարող է խոչընդոտել այդ մարմնի՝ դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործառույթի իրականացմանը:

Վերոնշյալ համատեքստում կարևորվում է Խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2‒4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների՝ դատական վերահսկողության առարկա հանդիսանալու, այլ կերպ՝ Խորհրդի նշված որոշումների՝ վարչական դատավարության կարգով բողոքարկման հնարավորության հարցը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հանրապետության նախագահին կամ Ազգային ժողովին համապատասխան անձանց թեկնածություններն առաջարկելու հետ կապված հարաբերություններում Խորհրդի կողմից գործադիր բնույթի վարչարարություն չի իրականացվում՝ պայմանավորված Խորհրդի սահմանադրական կարգավիճակով, ըստ այդմ՝ դրա սահմանադրական լիազորությունների բնույթով: Սահմանադիրը դատական իշխանության (եռաստիճան դատական համակարգի մասով) ձևավորմանը մասնակցության/ներգրավվածության առումով Խորհրդին օժտել է բացառիկ լիազորություններով, որպիսի պայմաններում եռաստիճան դատական համակարգում ընդգրկված դատարանների կողմից Խորհրդի վերոնշյալ սահմանադրական լիազորությունների իրականացման նկատմամբ վերահսկողությունը կարող է հանգեցնել սահմանադրի կողմից բացառապես Խորհրդին վերապահված լիազորությունների ընդհուպ «յուրացմանը»: Դրանով իսկ կձևախեղվի Խորհրդի՝ Սահմանադրության 173-րդ հոդվածով ամրագրված գործառույթի բովանդակությունը, քանզի Խորհուրդը չի կարող երաշխավորել դատարանների և դատավորների անկախությունն այն պայմաններում, երբ փաստացի դրա սահմանադրական լիազորությունների իրականացումը, արդյունքում՝ կայացվող որոշումները, կախվածության մեջ են դրվում հենց դատարանից:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2‒4-րդ կետերի՝ Խորհրդի լիազորություններն ամրագրող դրույթները փոխկապակցված են Սահմանադրության 166-րդ հոդվածի 3–7-րդ մասերի դրույթների հետ: Մասնավորապես՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ: Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ դատավորի յուրաքանչյուր տեղի համար Խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների թվից։ Սահմանադրության հիշյալ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը՝ Խորհրդի առաջարկությամբ, համապատասխան պալատի կազմից, իսկ 5-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` Խորհրդի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից: Սահմանադրության 166-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված է, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Խորհրդի առաջարկությամբ: Սահմանադրության հիշյալ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված է, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը` Խորհրդի առաջարկությամբ, համապատասխան դատարանի կազմից:

Սահմանադրական վերոնշյալ կարգավորումներից հետևում է, որ սահմանադիրը նախատեսել է դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման/ընտրության գործընթացին սահմանադրական երեք մարմինների՝ Խորհրդի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ներգրավվածությունը/մասնակցությունը: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի դերակատարության հարցին:

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հանրապետության նախագահը Սահմանադրության 166-րդ հոդվածի 3, 4, 6 և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահն ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե Հանրապետության նախագահը չի կատարում Սահմանադրության նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Վերոնշյալի համատեքստում, Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Հանրապետության նախագահը, Սահմանադրության «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը» վերտառությամբ 4-րդ հոդվածի ուժով գործառութային առումով դասվելով գործադիր իշխանությանը, այդուհանդերձ, ամբողջովին դուրս դրվեց գործադիր իշխանության ինստիտուցիոնալ համակարգից, և, ի տարբերություն գործառութային առումով գործադիր իշխանությանը պատկանող այլ անկախ կամ ինքնավար մարմինների, պետության գլուխն է և ունի այդ կարգավիճակին բնորոշ գործառույթներ և դրանցից ածանցվող լիազորություններ: Ըստ այդմ՝ Հանրապետության նախագահը՝ որպես պետության գլուխ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մաս), հանրությանը և պետությանն ինտեգրող, ազգային միասնությունը խորհրդանշող սահմանադրական մարմինն է:

Ըստ էության, զերծ լինելով պետության ներքին և արտաքին քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կառավարմանը բովանդակային առումով մասնակցելու գործառույթից և չկրելով դրանց պատասխանատվությունը՝ Հանրապետության նախագահին սահմանադրորեն պատվիրակվել է լինել անաչառ և առաջնորդվել բացառապես համապետական և համազգային շահերով (Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մաս): Ըստ այդմ՝ Հանրապետության նախագահին սահմանադրորեն վերապահվել է վերկուսակցական արբիտրի դեր, որն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ (Սահմանադրության 124-րդ հոդվածի 5-րդ մաս): Միևնույն ժամանակ վերկուսակցական (ապակուսակցական) արբիտրի դերը, որը հիմնված է թե՛ Հանրապետության նախագահի՝ որպես պետության գլխի, ինտեգրող գործառույթի, թե՛ նրա անաչառության վրա, ենթադրում է Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի իրականացում, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մաս): Բացի դրանից, Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթը, իր հերթին, ենթադրում է, որ Հանրապետության նախագահը պետք է ունենա զսպումների և հակակշիռների միջոցով այդ գործառույթն արդյունավետորեն իրականացնելու հնարավորություն, ուստի նա պետք է ոչ միայն կարողանա կատարված փաստերից հետո գնահատել ենթադրյալ հակասահմանադրական գործողությունները (անգործությունը) կամ որոշումները, այլև պետք է կարողանա, նախևառաջ, կանխել դրանց ի հայտ գալը՝ օժտված լինելով կանխարգելիչ սահմանադրական վերահսկողության որոշակի լիազորություններով:

(...)

Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի շրջանակներում Հանրապետության նախագահը (...) օժտված է հավասարակշռող լիազորություններով թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ նաև գործադիր իշխանության մարմինների և անգամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ: Հանրապետության նախագահն այդ առումով օժտված է, հատկապես, այնպիսի գործիքակազմով, ինչպիսիք են (...) Սահմանադրական դատարան դիմելը և պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակելը:

Հարկ է նշել, որ Հանրապետության նախագահի լիազորությունները, կախված սահմանադրորեն կանխորոշված նպատակներից, իրենց բնույթով ինչպես պարտադիր են, այնպես էլ հայեցողական: Հանրապետության նախագահի պարտադիր և հայեցողական լիազորությունները ինքնուրույն կամ ոչ ինքնուրույն (կաշկանդված) են:

(...)

Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) Հանրապետության նախագահն իրականացնում է հետևյալ հայեցողական լիազորությունները.

(…)

(...) Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներին, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին նշանակելը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն, 4-րդ մասի առաջին նախադասություն, 6-րդ մաս և 7-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

(...)

Հանրապետության նախագահի հայեցողական լիազորությունների մեծամասնությունը իրականացվում է կա՛մ Սահմանադրությամբ սահմանված նախադրյալների առկայությամբ, կա՛մ սահմանադրական այլ մարմնի (իրավասու սուբյեկտի) լիազորությունների իրականացման հիմքով: Այս կանոնից բացառություն են կազմում (...) նշանակումների հարցերով առարկություններ ներկայացնելու կամ՝ որպես այլընտրանք՝ Սահմանադրական դատարան դիմելու կամ որևէ գործողություն չկատարելու (Սահմանադրության (...) 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասեր՝ փոխկապակցված 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հետ (...)), ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունները»:

Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3, 4, 6 և 7-րդ մասերով սահմանված դեպքերում իրավասու/առաջարկություն ներկայացնող մարմնի կողմից Հանրապետության նախագահի առարկությունը չընդունվելու դեպքում Հանրապետության նախագահն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան: Ըստ այդմ՝ նշված գործընթացին կարող է ներգրավվել Սահմանադրական դատարանը՝ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարան դիմելու դեպքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը վերաբերում է նաև Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությանը: Նշված սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ նույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Հանրապետության նախագահը՝ իր առարկություններն իրավասու մարմնի (Խորհուրդ կամ Ազգային ժողով) կողմից չընդունվելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը հակասում է Սահմանադրությանը: Նշված սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ նույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող դատավարությանը ներգրավվում է Հանրապետության նախագահին համապատասխան առաջարկություն ներկայացրած մարմինը (Խորհուրդը կամ Ազգային ժողովը): Հիշյալ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ նույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել որոշում Խորհրդի կամ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող կամ հակասող ճանաչելու մասին:

Սահմանադրական և օրենսդրական նշված կարգավորումները միտված են Խորհրդին, Ազգային ժողովին (Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ), Հանրապետության նախագահին և Սահմանադրական դատարանին՝ Սահմանադրությամբ վերապահված համապատասխան լիազորություններն իրացնելով Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի համատեքստում հակակշիռների և զսպումների կառուցակարգերի արդյունավետ իրացումն ապահովելուն: Տվյալ դեպքում Հանրապետության նախագահը, Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, իրավասու է իրացնելու իր՝ Խորհրդի կամ Ազգային ժողովի համապատասխան լիազորությանը հակակշռող լիազորությունը, իսկ Սահմանադրական դատարանը՝ վերջնական լուծում տալ (բովանդակային առումով) համապատասխան խնդրին/հարցին:

Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությանը համապատասխան՝ Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին՝ դատավորի յուրաքանչյուր տեղի համար Խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների թվից, ինչպես նաև Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությանը համապատասխան՝ Վճռաբեկ դատարանի նախագահին (Վճռաբեկ դատարանի կազմից) Խորհրդի առաջարկությամբ ընտրում է պետության միակ առաջնային մանդատով օժտված սահմանադրական մարմինը՝ Ազգային ժողովը՝ առաջին դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, երկրորդ դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նշվածն առավելագույն լեգիտիմություն է հաղորդում համապատասխան գործընթացին:

Օրենսգրքի 133-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների մասով առաջարկվող թեկնածուին ընտրում և Հանրապետության նախագահին առաջարկում է, իսկ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկվող թեկնածուին ընտրում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

Վերոնշյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ Խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2–4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին որևէ կերպ չի կաշկանդում վերջիններիս չընդունել/մերժել դրանք: Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ Սահմանադրության պահպանման իր գործառույթի շրջանակներում Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտն իր առարկություններով վերադարձնել Խորհուրդ:

Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում Հանրապետության նախագահը կարող է համապատասխան ակտն իր առարկություններով վերադարձնել Ազգային ժողով:

Խորհրդի կամ Ազգային ժողովի կողմից առարկությունների չընդունման դեպքում Հանրապետության նախագահն ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան (եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով (Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մաս)):

Փաստորեն, վերոնշյալ դեպքերում սահմանադիրը նախատեսել է Հանրապետության նախագահ-Խորհուրդ, Հանրապետության նախագահ-Ազգային ժողով փոխհարաբերություններում համապատասխան գործառույթը/լիազորություններն իրացնելիս հակակշռող կառուցակարգեր: Բացի դրանից, սահմանադիրը նախատեսել է նշված գործընթացին Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ/դիմումով Սահմանադրական դատարանի ներգրավվածության հնարավորությունը: Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Սահմանադրական դատարանն է իրավասու Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրացնելիս լուծում տալ համապատասխան հարցին:

Ազգային ժողովը կարող է չընտրել Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությանը համապատասխան՝ վճռաբեկ դատարանի դատավորների՝ Խորհրդի կողմից առաջարկվող թեկնածուներին: Ազգային ժողովը կարող է չընտրել Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությանը համապատասխան՝ Վճռաբեկ դատարանի նախագահի՝ Խորհրդի կողմից առաջարկվող թեկնածուին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2–4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների նկատմամբ դատական վերահսկողության պայմաններում կխեղաթյուրվի իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակությունը, այլ կերպ՝ սահմանադրի կամքը:

Հատկանշական է, որ Խորհուրդը վարչական գործերից մեկով որպես պատասխանող, իրավական դիրքորոշում է արտահայտել, մասնավորապես, առ այն, որ «Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակը չի բացառում առանձին դեպքերում նաև որպես վարչական մարմին հանդես գալու և վարչական ակտ ընդունելու իրավական հնարավորությունը, սակայն այդ մարմնի արտաքին ազդեցության ամբողջ գործունեությունն անվերապահորեն որպես վարչական մարմնին բնորոշ հատկանիշ գնահատելն առնվազն անհիմն է:

(...)

(...) Սահմանադրության 173-րդ հոդվածի ուժով Բարձրագույն դատական խորհուրդը անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Կոնկրետ այս կարգավիճակի իրացմանն առնչվող գործունեությունը որևէ կերպ չի կարող հանդիսանալ որպես վարչական մարմնի գործունեություն, քանզի կխաթարվի այդ մարմնի բնականոն գործունեության երաշխիքները: Վարչական մարմնի կարգավիճակը համատեղելի չէ դատական իշխանության մարմինների անկախությունը երաշխավորելու սահմանադրական իրավազորության հետ, հակառակ պարագայում դա կհանգեցնի անտրամաբանական և հակասական փաստական իրավահարաբերության, երբ արդեն իսկ արհեստականորեն կախվածության մեջ դրված մարմնին փորձ կարվի վերապահել մեկ այլ մարմնի անկախության երաշխավորման առաքելություն:

(...) ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ որևէ ներպետական օրենսդրական ակտով չի նախատեսվել Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վիճարկման այլ դատական ընթացակարգ:

Այն, որ Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակի առանձնահատկությունն այնպիսին է, որ պետք է երաշխավորի անկախության և ընդունված իրավական ակտերի այնպիսի կայունության աստիճան, որը համահունչ ու անհրաժեշտ է իշխանության մի ամբողջ ճյուղի անկախությունը երաշխավորելու համար, բխում է նաև Սահմանադրության համապատասխան հիմնադրույթներից:

(...) հարցում դատարաններին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացվող որոշումների վերաբերյալ վերահսկողական լիազորություն վերապահելը կիմաստազրկի ՀՀ Սահմանադրությամբ դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի գոյությունն ընդհանրապես՝ որպես դատական իշխանության համակարգում ինքնուրույն ու սահմանադրորեն բացառապես իրեն վերապահված իրավասություն իրականացնող անկախ պետական մարմնի»:

Հաշվի առնելով Խորհրդի՝ որպես սահմանադրական մարմնի, առանձնահատուկ կարգավիճակը, ըստ այդմ՝ Խորհրդի սահմանադրական առաքելությունը, կազմի և կազմավորման կարգի առանձնահատկությունները, սահմանադրական լիազորությունների բացառիկությունը, Խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2–4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացման առնչությամբ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3–7-րդ մասերին համապատասխան՝ դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման/ընտրության (Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության) գործընթացներին առանցքային սահմանադրական մարմինների/ինստիտուտների՝ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի, մասնակցությունը (ոչ թե ձևական, այլ բովանդակային առումով), ինչպես նաև Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի արդյունավետ կենսագործումն ապահովելուն ուղղված համապատասխան սահմանադրական կարգավորումների առկայությունը, այդ առնչությամբ՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի սահմանադրական վերաբերելի լիազորությունների ծավալը և դրանց արդյունավետ իրացումն ապահովող զսպումների և հակակշիռների կառուցակարգերի առկայությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2–4-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումները չեն կարող հանդիսանալ դատական վերահսկողության առարկա. դրանք դատական կարգով չեն կարող բողոքարկվել:

Վերոնշյալը ենթադրում է նաև ՎԴՕ՝ «Գործերի առարկայական ընդդատությունը» վերտառությամբ 10-րդ հոդվածի կարգավորումների՝ օրենսդրական մակարդակում հստակեցում՝ սույն որոշմանը (վերջինիս շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումներին) համահունչ:

Հաշվի առնելով ողջ վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՎԴՕ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2–4-րդ կետերով ամրագրված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն:

5.3. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2–4-րդ կետերով ամրագրված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների պատճառաբանվածության հարցին:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2–4-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս կայացվող որոշումների պատճառաբանվածության պահանջն առանձնակի կարևորվում է այդ որոշումների բողոքարկման սահմանափակման պայմաններում: Հիշյալ սահմանադրական լիազորությունների իրականացմամբ որոշումներ կայացնելիս Խորհուրդը, անշուշտ, պետք է ունենա համապատասխան որոշման պատճառաբանության խորությունը և ծավալը որոշելու հայեցողություն, որը, սակայն պետք է իրականացվի դատավորների մասնագիտական առաջխաղացման և դրա վրա ազդող որոշումների համար հիմք ծառայող չափորոշիչների հիման վրա: Նշվածը կնպաստի դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուների ընտրության, դատավորների առաջխաղացման, վերջնարդյունքում՝ դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման/ընտրության գործընթացներում հանրային հաշվետվողականության ապահովմանը և կամայականությունների բացառմանը:

Սահմանադրական դատարանը Խորհրդի կողմից նշված լիազորությունների իրականացման շրջանակներում ընդունված և դատավորների կամ դատավորների թեկնածուների մասնագիտական առաջխաղացման վրա ազդեցություն ունեցող որոշումների պատճառաբանվածության անհրաժեշտության համատեքստում անհրաժեշտ է համարում նշել, որ Խորհրդի՝ քննության առանցքում գտնվող սահմանադրական երեք լիազորությունները վերաբերում են իրավական գործընթացների, որոնցում որոշիչ դերակատարություն ունեն նաև Հանրապետության նախագահը (Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2–3-րդ կետեր) և Ազգային ժողովը (Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ): Այդ երկու սահմանադրական մարմինների որոշումների համար Խորհրդի որոշումներում պատճառաբանությունն անհրաժեշտ է տեղեկացված որոշում կայացնելու համար, քանի որ, թեպետ այս մարմինները սահմանափակված չեն ներկայացված դատավորների կամ թեկնածուների ընտրության հարցերի համար անհրաժեշտ այլ թույլատրելի աղբյուրներից տեղեկատվություն ստանալ, Խորհրդի հեղինակավոր դիրքորոշումը չի կարող փոխարինվել այլ մարմինների կողմից տրամադրված պատճառաբանություններով:

Ավելին, Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում հատուկ շեշտադրում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ համապատասխան ակտն առարկություններով Խորհրդին վերադարձնելու և այդ առարկությունները Խորհրդի կողմից չընդունվելու դեպքում Սահմանադրական դատարան դիմելու լիազորության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հնարավորությունը, որն առաջնահերթությամբ Խորհրդի որոշման համար հիմք ծառայած պատճառաբանությունների առկայությունն է: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Խորհրդի հիշյալ որոշումների պատճառաբանվածությունը Հանրապետության նախագահի համար Խորհրդի որոշման առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու և նման դիմումի անհրաժեշտության գնահատականի համար հիմք է (տես՝ mutatis mutandis, 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշում, կետ 5.3)։

Մյուս կողմից՝ օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա խնդրո առարկա լիազորությունների իրականացման արդյունքում Խորհրդի որոշումների պատճառաբանվածությունը կոչված է համոզելու, որ դատավորի կամ թեկնածուի մասնագիտական առաջխաղացման վերաբերյալ կայացված որոշման հիմքում ընկած են ոչ թե անհատական կամ խմբային մոտեցումներ ու շահեր կամ տվյալ դատավորի կամ թեկնածուի անձի նկատմամբ սուբյեկտիվ և քողարկված վերաբերմունքը, այլ՝ Խորհրդի սահմանադրական առաքելության շրջանակին համատեղելի նպատակային նկատառումներ (տես՝ mutatis mutandis, 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշում, կետ 5.3

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4–5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ նշանակված անձը, որի լիազորությունները դադարել են պալատի վերացման հիմքով (անկախ որպես պալատի նախագահ նրա պաշտոնավարման ժամկետից), չի կարող նշանակվել Վճռաբեկ դատարանի որևէ պալատի նախագահ:

2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2–4-րդ կետերով ամրագրված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

2 հունիսի 2023 թվականի

ՍԴՈ-1691

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան