Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.11.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3003/02/17

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3003/02/17

Նախագահող դատավոր՝  Գ. Խանդանյան

Դատավորներ՝

 Հ. Ենոքյան

 Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Դանիելյանի ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Դանիելյանի ընդդեմ «Սարմէ Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տիգրան Դանիելյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 13.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) 23.03.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան, դատավորներ` Ա. Սմբատյան, Ա. Պետրոսյան) 17.07.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2018 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 15.07.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.11.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.07.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Տիգրան Դանիելյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումը և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետը, 347-րդ, 352-րդ, 408-րդ հոդվածները, 437-րդ հոդվածի 1-ին, 4-րդ կետը, 448-րդ, 877-րդ, 878-րդ, 880-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 13-րդ հոդվածները, 58-րդ և 59-րդ հոդվածների 1-ին մասերը, 66-րդ հոդվածի 2-րդ մասը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 12.03.2015 թվականից մինչև 28082015 թվականն ընկած ժամանակահատվածը Ընկերության տնօրենը կարող էր մի քանի անգամ փոխվել, ընդ որում՝ դրանցից մեկն էլ կարող էր հանդիսանալ հենց Սևան Սմբատյանը։ Հետևաբար միայն իրավաբանական անձի պետական գրանցման 12032015 թվականի թիվ 03Ա069697 վկայականի ներդիրի հիման վրա հնարավոր չէ միանշանակ և վստահորեն հատատված համարել, որ եթե 12032015 թվականի դրությամբ Արման Յավրյանն է եղել Ընկերության տնօրենը, ապա դրանից հետո ևս հենց վերջինս է շարունակել տնօրեն մնալ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Սմբատյանը չի հանդիսացել Ընկերության տնօրենը 28.08.2015 թվականի դրությամբ: Մինչդեռ, եթե Սմբատյանը չի հանդիսացել Ընկերության տնօրենն այդ ժամանակաշրջանում, ապա ինչպես է վերջինիս մոտ հայտնվել Ընկերության ձևաթուղթը և կնիքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով չի հիմնավորվել, որ համապատասխան դրամական միջոցները մուտք չեն եղել Ընկերության հաշվեհամարին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.11.2019 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 15.07.2019 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Դատարան ներկայացրած հայցով Տիգրան Դանիելյանը պահանջել է պատասխանողից բռնագանձել 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 13.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, ի հիմնավորումն որի՝ ներկայացրել է 28.08.2015 թվականին կազմված և որպես Ընկերության տնօրեն նշված Ս. Սմբատյանի կողմից ստորագրված, Ընկերության ձևաթղթով կազմված փաստաթուղթ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Տիգրան Դանիելյանը Ընկերությանն է հանձնել 8.000 ԱՄՆ դոլար` պահանջելու դեպքում 10 օրացուցային օրվա ընթացքում հետ վերադարձնելու պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 7):

2. Տիգրան Դանիելյանը 02.06.2017 թվականին գրություն է ուղղել պատասխանող Ընկերությանը, որով խնդրել է վերադարձնել իր կողմից Ընկերությանը տրված 8.000 ԱՄՆ դոլարը 10 օրացուցային օրվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 8):

3. Ի պատասխան նշված գրության՝ Ընկերությունը հայցվորին 15.06.2017 թվականին ուղղված համապատասխան գրությամբ հայտնել է հետևյալը. «Մեր կազմակերպությունը որևէ կարիք չի ունեցել երրորդ անձանցից որևէ դրամական միջոցներ ներգրավելու, Ձեր կողմից ներկայացված փաստաթուղթը ստորագրող անձը` Ս. Սմբատյանը 12.03.2015 թվականից չի հանդիսանում Ընկերության տնօրեն և չի զբաղեցրել որևէ այլ պաշտոն Ընկերությունում, ուստի նմանատիպ փաստաթուղթ տրամադրելը, առավել ևս՝ այն որպես տնօրեն ստորագրելը, այդ պահին նրա լիազորություններից ակնհայտ դուրս է եղել, պարզաբանումներ ստանալու նպատակով մենք փորձել ենք կապ հաստատել Ս. Սմբատյանի հետ սակայն ապարդյուն: (....)» (հատոր 1-ին, գ.թ. 9):

4. Պատասխանող Ընկերության կողմից դատարան է ներկայացվել «Բացատրություններ» վերտառությամբ փաստաթուղթ՝ հետևյալ բովանդակությամբ. «(…) Տիգրան Դանիելյանի հայցը զարմացրել է Ընկերության տնօրեն Ա. Յավրյանին և վերջինս հայտարարում է, որ հայցադիմումում բերված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, չեն ընդունվում հայցվորի կողմից և սույն հայցն ակնհայտ անհիմն է: (…) Մինչդեռ հայցվորը հաշվի չի առել, որ 12.03.2015 թվականից Սևան Սմբատյանն այլևս չի հանդիսացել Ընկերության տնօրեն, Ընկերությունում չի զբաղեցրել որևէ այլ պաշտոն և չէր կարող Ընկերության անունից քաղաքացիաիրավական որևէ գործարք իրականացնել: Ստացվում է, որ հայցվորն իր պահանջի հիմքում դրել է անհայտ ծագման ինչ-որ փաստաթուղթ, որի իսկությունը կասկած է հարուցում և չի կարող հիմք հանդիսանալ Տիգրան Դանիելյանի հանդեպ Ընկերության դրամական պարտավորություններ ունենալու հանգամանքը հաստատելու համար: Ընկերությունը հայցվոր Տիգրան Դանիելյանի հանդեպ որևէ չկատարված պարտավորություն չունի, որպիսի պայմաններում ներկայացված հայցապահանջն անհիմն է և ենթակա մերժման (…)» (հատոր 1-ին, գ.թ. 44):

5. Իրավաբանական անձի պետական գրանցման 12.03.2015 թվականի թիվ 03Ա069697 վկայականի ներդիրի համաձայն՝ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության արդյունքում 12.03.2015 թվականից Ընկերության տնօրեն է հանդիսանում Արման Յավրյանը (հատոր 2-րդ, գ.թ. 47):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Նույն կետի 2-րդ պարբերության համաձայն` փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն`պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին: Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածների վերլուծությանը` դիրքորոշում հայտնելով այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից: Փոխառության պայմանագրից բխող իրավահարաբերություններում փոխառուին իրավունք է վերապահված վիճարկելու փոխառության պայմանագիրն այն դեպքում, երբ նա ապացուցում է, որ փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Միաժամանակ անդրադառնալով ստացականի` որպես փոխառության պայմանագրի կնքումը հավաստող ապացույց լինելու հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստացականը պարտապանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով պարտապանն ընդունում է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ: Ստացական տալը պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններում էական է ոչ թե այն հանգամանքը, թե այդպիսի գործողությունն ում ներկայությամբ, կամ թե որտեղ է կատարվել, այլ այն փաստը, որ պարտապանը ընդունել է (ճանաչել է) իր պարտքը պարտատիրոջ հանդեպ: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ փոխառության հարաբերությունների բացակայության չապացուցված լինելու պայմաններում ստացականի առկայությունը պատասխանողի պարտավորությունը հայցվորի նկատմամբ անվիճելի է դարձնում, իսկ պարտավորության գումարը` բռնագանձման ենթակա (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին՝ որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից և անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին` արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս թիվ 3-81(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։

Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Արժանահավատ է այն ապացույցը, որը գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություն է բովանդակում: Ապացույցի արժանահավատության ստուգման և գնահատման չափորոշիչները տարբեր են` պայմանավորված հետազոտված ապացույցի տեսակով: Մասնավորապես` եթե վկայի ցուցմունքը գնահատելիս դատարանը, նախ և առաջ պետք է հաշվի առնի վկայի անձնական հատկանիշները (ունա՞կ է արդյոք նա ընկալել և վերարտադրել համապատասխան փաստը, ի՞նչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց հետ և այլն), ապա գրավոր ապացույցների պարագայում դատարանը, նախ և առաջ պետք է պարզի այդ ապացուցի համապատասխանությունը տվյալ տեսակի փաստաթղթերին ներկայացվող պահանջներին (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պարտադիր կերպով պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միևնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը։ Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից։

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով։

Այսպիսով, ապացույցների հավաստիության և փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված և հետազոտվող ապացույցների միջև առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները։ Պարզելով ապացույցների արժանահավատությունը՝ դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, բացահայտում է ձեռք բերված և հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նաև գործով հավաքված ապացույցների լրիվությունը (տե'ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով 27.11.2015 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը (տե՛ս թիվ ԼԴ/0898/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, արձանագրել է նաև, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ գործն ըստ էության լուծող դատական ակտով Դատարանը պարտավոր է պատճառաբանել յուրաքանչյուր հայցապահանջի բավարարման կամ մերժման վերաբերյալ իր եզրահանգումը, ինչը պետք է հիմնված լինի միայն արժանահավատ ապացույցների վրա: Դատարանը չի կարող բավարարել հայցապահանջը, եթե այն հիմնավորող որևէ իրավական կամ փաստական հանգամանք առկա չէ, իսկ գումարի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջը կարող է ամբողջությամբ բավարարվել միայն այն դեպքում, երբ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով քննվող գործի ապացույցները, հանգում է այն եզրակացության, որ հայցվորի կողմից մատնանշված բռնագանձման ենթակա գումարի չափը հիմնավոր է (տե՛ս թիվ ԵԿԴ/0807/02/10 քաղաքացիական գործով 28.11.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` դատարան ներկայացրած հայցով Տիգրան Դանիելյանը պահանջել է պատասխանողից բռնագանձել 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 13.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, ի հիմնավորումն որի՝ ներկայացրել է 28.08.2015 թվականին կազմված և որպես Ընկերության տնօրեն նշված Ս. Սմբատյանի կողմից ստորագրված, Ընկերության ձևաթղթով կազմված փաստաթուղթ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Տիգրան Դանիելյանը Ընկերությանն է հանձնել 8.000 ԱՄՆ դոլար` պահանջելու դեպքում 10 օրացուցային օրվա ընթացքում հետ վերադարձնելու պայմանով:

Հայցվոր Տիգրան Դանիելյանը 02.06.2017 թվականին գրություն է ուղղել պատասխանող Ընկերությանը, որով խնդրել է վերադարձնել իր կողմից Ընկերությանը տրված 8.000 ԱՄՆ դոլարը 10 օրացուցային օրվա ընթացքում:

Ի պատասխան նշված գրության՝ Ընկերությունը հայցվորին 15.06.2017 թվականին ուղղված համապատասխան գրությամբ հայտնել է հետևյալը. «Մեր կազմակերպությունը որևէ կարիք չի ունեցել երրորդ անձանցից որևէ դրամական միջոցներ ներգրավելու, Ձեր կողմից ներկայացված փաստաթուղթը ստորագրող անձը` Ս. Սմբատյանը 12.03.2015 թվականից չի հանդիսանում Ընկերության տնօրեն և չի զբաղեցրել որևէ այլ պաշտոն Ընկերությունում, ուստի նմանատիպ փաստաթուղթ տրամադրելը, առավել ևս՝ այն որպես տնօրեն ստորագրելը, այդ պահին նրա լիազորություններից ակնհայտ դուրս է եղել, պարզաբանումներ ստանալու նպատակով մենք փորձել ենք կապ հաստատել Ս. Սմբատյանի հետ սակայն ապարդյուն: (....)»:

Պատասխանող Ընկերության կողմից դատարան է ներկայացվել «Բացատրություններ» վերտառությամբ փաստաթուղթ՝ հետևյալ բովանդակությամբ. «... Տիգրան Դանիելյանի հայցը զարմացրել է Ընկերության տնօրեն Ա. Յավրյանին և վերջինս հայտարարում է, որ հայցադիմումում բերված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, չեն ընդունվում հայցվորի կողմից և սույն հայցն ակնհայտ անհիմն է: (…) Մինչդեռ հայցվորը հաշվի չի առել, որ 12.03.2015 թվականից Սևան Սմբատյանն այլևս չի հանդիսացել Ընկերության տնօրեն, Ընկերությունում չի զբաղեցրել որևէ այլ պաշտոն և չէր կարող Ընկերության անունից քաղաքացիաիրավական որևէ գործարք իրականացնել: Ստացվում է, որ հայցվորն իր պահանջի հիմքում դրել է անհայտ ծագման ինչ-որ փաստաթուղթ, որի իսկությունը կասկած է հարուցում և չի կարող հիմք հանդիսանալ Տիգրան Դանիելյանի հանդեպ Ընկերության դրամական պարտավորություններ ունենալու հանգամանքը հաստատելու համար: Ընկերությունը հայցվոր Տիգրան Դանիելյանի հանդեպ որևէ չկատարված պարտավորություն չունի, որպիսի պայմաններում ներկայացված հայցապահանջն անհիմն է և ենթակա մերժման (…)»:

Իրավաբանական անձի պետական գրանցման 12.03.2015 թվականի թիվ 03Ա069697 վկայականի ներդիրի համաձայն՝ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության արդյունքում 12.03.2015 թվականից Ընկերության տնօրեն է հանդիսանում Արման Յավրյանը:

Սույն գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 23.03.2018 թվականի վճռով հայցը բավարարել է և պատճառաբանել, որ գնահատելով Տիգրան Դանիելյանի և Ընկերության միջև ձևավորված իրավահարաբերությունները` հաստատված է համարում, որ կողմերի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է Տիգրան Դանիելյանից վերցված 8.000 ԱՄՆ դոլար գումարը պահանջվելու դեպքում 10 օրացուցային օրվա ընթացքում հետ վերադարձնել: Պարտավորագրով ստանձնած պարտավորությունն Ընկերությունը չի կատարել, ուստի պետք է վճարի կուտակված պարտքը: Ինչ վերաբերում է պատասխանողի այն պնդմանը, թե 28.08.2015 թվականի փաստաթուղթը ստորագրվել է մի անձի կողմից, ով 12.03.2015 թվականից չի հանդիսանում պատասխանող Ընկերության տնօրենը, ապա Դատարանը հարկ է համարել նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ նույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 17.07.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է` պատճառաբանելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, հայցի հիմքում դրված փաստաթղթի արժանահավատությանն անդրադառնալիս, պետք է գնահատման առարկա դարձներ այն հարցը, թե արդյոք ներկայացված ապացույցը հավաստի տեղեկություններ է պարունակել կողմերի միջև փոխառության իրավահարաբերությունների վերաբերյալ և ինքնին կարող էր բավարար և արժանահավատ հիմք հանդիսանալ կողմերի միջև փոխառության պայմանագրից բխող պարտավորությունների առկայության վերաբերյալ վերջնական եզրահանգում կատարելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ նշված հարցի մասով անհրաժեշտ է պարզաբանել, թե արդյոք առկա են եղել որոշակի հիմքեր, որոնք կարող էին հերքել այդ փաստաթղթում պարունակվող տեղեկատվության ճշմարտացիությունը և որոնցով կարող էր հիմնավորվել այդ փաստաթղթում պարունակվող տեղեկատվության վերաբերյալ գործում հակասական տեղեկությունների առկայության փաստը:

Անդրադառնալով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նյութաիրավական և դատավարական փաստերի համակցությանը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ հիմնավորվում է այն հանգամանքը, որ պատասխանող Ընկերությունը հայտնել է առարկություններ, որոնք կասկածի տակ են դրել համապատասխան փաստաթղթի արժանահավատությունը և ձեռնարկել է որոշակի միջոցներ իր առարկությունները հիմնավորելու համար` մասնավորապես ներկայացրել է գործով վկա հրավիրելու և ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություններ, որոնք, սակայն, մերժվել են:

Այսպիսով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ նշված փաստերի համակցությամբ հիմնավորվում է, որ գործի քննության ընթացքում առկա են եղել որոշակի հիմքեր, որոնք կարող էին բավարար հանդիսանալ համապատասխան փաստաթղթում առկա տեղեկությունների ճշմարտացիության հարցը կասկածի տակ դնելու և դրանց վերաբերյալ հակասական տեղեկությունների առկայությունը հիմնավորելու համար:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եզրահանգել է, որ պատասխանող կողմի համապատասխան առարկությունների և դատավարական գործողությունների պայմաններում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, պարտավոր լինելով հայցի հիմքում դրված համապատասխան ապացույցը գնահատել նաև դրա արժանահավատության և բավարարության տեսանկյունից, որևէ կերպ չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել համապատասխան ապացույցի արժանահավատությունը և չի հիմնավորել գործում առկա ապացույցների բավարար համակցության առկայությունը, որը կարող էր հնարավորություն տալ վերջնական եզրահանգում կատարել գործի համար էական նշանակություն ունեցող` փոխառության պայմանագրից բխող պարտավորությունների առկայության վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը բավարարելիս հայցի հիմքում դրված` 28.08.2015 թվականին կազմված և որպես Ընկերության տնօրեն նշված անձ` Ս. Սմբատյանի կողմից ստորագրված փաստաթուղթը գնահատման առարկա չի դարձրել արժանահավատության և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ գործի քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը, անձանց արդար դատաքննության իրավունքն առավելագույնս ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն՝ ամբողջ ծավալով:

Դատարանը 15.07.2019 թվականի վճռով բավարարել է հայցը և պատճառաբանել, որ «(…) գործի փաստերը համադրելով, հաստատված է համարում, որ ներկայացված ապացույցը՝ պատասխանողի տարբերանշանով ձևաթուղթը, հավաստի տեղեկություններ է պարունակում կողմերի միջև փոխառության իրավահարաբերությունների վերաբերյալ և ինքնին հիմք է հանդիսանում կողմերի միջև փոխառության պայմանագրից բխող պարտավորությունների առկայության վերաբերյալ (…)»:

Վերաքննիչ դատարանը 28.11.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է` պատճառաբանելով, որ գործի նոր քննության արդյունքում Դատարանը հայցի հիմքում դրված՝ 28.08.2015 թվականին կազմված և որպես Ընկերության տնօրեն նշված անձ Ս. Սմբատյանի կողմից ստորագրված փաստաթուղթը գնահատման առարկա չի դարձրել արժանահավատության և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից՝ անտեսելով այնպիսի փաստական տվյալներ, ինչպիսիք են այն, որ պատասխան գրությամբ պատասխանող Ընկերությունը հայտնել է համապատասխան փաստաթուղթը ստորագրած անձ Սևան Սմբատյանի՝ 12.03.2015 թվականից պատասխանող Ընկերության տնօրեն չհանդիսանալու և այդ Ընկերությունում որևէ այլ պաշտոն չզբաղեցնելու, հետևաբար՝ նման փաստաթուղթ տրամադրելը և այն որպես տնօրեն ստորագրելը այդ պահին նրա լիազորություններից դուրս լինելու մասին, այն, որ Ընկերության կանոնադրությունում տեղի է ունեցել գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն, ինչի արդյունքում 12.03.2015 թվականից Ընկերության տնօրեն է հանդիսացել Արման Յավրյանը, ինչը հավաստվում է իրավաբանական անձի պետական գրանցման 12.03.2015 թվականի թիվ 03Ա069697 վկայականի ներդիրով:

Համադրելով գործով ձեռք բերված՝ 28.08.2015 թվականին կազմված և Ընկերության տնօրեն նշված Ս. Սմբատյանի կողմից ստորագրված, Ընկերության ձևաթղթով կազմված փաստաթուղթը գործում առկա այլ, մասնավորապես՝ իրավաբանական անձի պետական գրանցման 12.03.2015 թվականի թիվ 03Ա069697 վկայականի ներդիրի հետ, որից հստակ երևում է, որ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության արդյունքում 12.03.2015 թվականից Ընկերության տնօրեն է հանդիսանում Արման Յավրյանը, և գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց հետազոտելով նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության տեսանկյունից, ապա, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, Վերաքննիչ դատարանը գործի փաստերի լույսի ներքո եզրահանգել է, որ 28.08.2015 թվականին 8.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ կնքված իր բնույթով փոխառության պայմանագիրը կազմվել է Ընկերության տնօրենի անունից հանդես եկող Սևան Սմբատյանի և Տիգրան Դանիելյանի միջև, մինչդեռ 12.03.2015 թվականից Ընկերության տնօրեն է հանդիսացել ոչ թե Սևան Սմբատյանը, այլ Արման Յավրյանը: Այսինքն` վերոնշյալ փաստաթուղթը ստորագրելու պահին Ընկերության անունից հանդես գալու Սևան Սմբատյանի՝ ի պաշտոնե լիազորությունը բացակայել է, ինչը նշանակում է, որ պայմանագրային հարաբերություններ են առաջացել ըստ էության ոչ թե Ընկերության ու Տիգրան Դանիելյանի միջև, այլ վերջինիս և Սևան Սմբատյանի միջև:

Նման եզրահանգման գալիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում այն փաստական տվյալը, որ 12.03.2015 թվականից Սևան Սմբատյանը չի հանդիսացել Ընկերության տնօրեն, որպիսի փաստն անտեսվել է Դատարանի կողմից, սակայն, որպիսի փաստը բավարար է՝ հերքելու 28.08.2015 թվականի փաստաթղթում բովանդակվող տեղեկատվության ճշմարտությունն ու նշվածի հիմքով փոխառության պայմանագրից բխող Ընկերության՝ հայցվորին ունեցած պարտավորության առկայության հանգամանքը:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այս պայմաններում նշված ապացույցը դիտարկվում է որպես ոչ վերաբերելի, քանի որ տնօրեն չհանդիսացող անձի ստորագրած փաստաթուղթը չի կարող վերաբերել այդ Ընկերությանը:

Մինչդեռ սույն գործի փաստական հանգամանքների վերլուծության և վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի լուծման էական նշանակություն ունեցող փաստն այն է, թե արդյոք Տիգրան Դանիելյանի և Ընկերության միջև առաջացել են փոխառության իրավահարաբերություններ:

Սույն գործով Տիգրան Դանիելյանը, որպես Ընկերությանը փոխառությամբ գումար տալու ապացույց, դատարան է ներկայացրել 28.08.2015 թվականին կազմված և որպես Ընկերության տնօրեն նշված Ս. Սմբատյանի կողմից ստորագրված, Ընկերության ձևաթղթով կազմված փաստաթուղթ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Տիգրան Դանիելյանը Ընկերությանն է հանձնել 8.000 ԱՄՆ դոլար` պահանջելու դեպքում 10 օրացուցային օրվա ընթացքում հետ վերադարձնելու պայմանով: Իր հերթին, Ընկերությունը, ի դեմս տնօրեն Արման Յավրյանի, վիճարկել է վերոհիշյալ գրավոր ապացույցի իսկությունը՝ պատճառաբանելով, որ 12.03.2015 թվականից Սևան Սմբատյանն այլևս չի հանդիսացել Ընկերության տնօրեն, Ընկերությունում չի զբաղեցրել որևէ այլ պաշտոն և չէր կարող Ընկերության անունից քաղաքացիաիրավական որևէ գործարք իրականացնել: Ի հավաստումն իր կողմից վկայակոչված փաստի, Ընկերությունը, ի դեմս տնօրեն Արման Յավրյանի, ներկայացրել է իրավաբանական անձի պետական գրանցման 12.03.2015 թվականի թիվ 03Ա069697 վկայականի ներդիրի պատճենը, որի համաձայն՝ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության արդյունքում 12.03.2015 թվականից Ընկերության տնօրեն է հանդիսանում Արման Յավրյանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Ընկերության կողմից ներկայացված վերոհիշյալ ապացույցը բավարար է համարել հերքելու համար այն փաստը, որ Ընկերությունը Տիգրան Դանիելյանից փոխառությամբ գումար է վերցրել՝ նկատի ունենալով, որ ստացականը ստորագրած անձը 12.03.2015 թվականից այլևս չի հանդիսացել Ընկերության տնօրեն: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավաբանական անձի պետական գրանցման 12.03.2015 թվականի թիվ 03Ա069697 վկայականի ներդիրի պատճենը բավարար չէ հերքելու համար 28.08.2015 թվականին կազմված փաստաթղթի իսկությունը, քանի որ այն հանգամանքը, որ 12.03.2015 թվականին տեղի է ունեցել Ընկերության տնօրենի փոփոխություն, դեռևս բավարար չէ պնդելու, որ 12.03.2015 թվականից 28.08.2015 թվականն ընկած ժամանակահատվածում տնօրենի փոփոխություն այլևս տեղի չի ունեցել: Ուստի նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն պարզելու, թե ստացականը ստորագրվելու պահին՝ 28.08.2015 թվականին, ով է հանդիսացել Ընկերության տնօրենը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 28.11.2019 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

26.11.2021 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/3003/02/17 քաղաքացիական գործով 26.11.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 26.11.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Դանիելյանի (ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.11.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Դանիելյանի ընդդեմ «Սարմէ Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշվել է՝ վճռաբեկ բողոքը բավարարել է բեկանել է Վերաքննիչ դատարանի 28.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս, Ստեփան Միքայելյանս և Նախշուն Տավարացյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործը հարուցվել է Տիգրան Դանիելյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պատասխանողից բռնագանձել 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 13.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, ի հիմնավորումն որի՝ ներկայացրել է 28.08.2015 թվականին կազմված և որպես Ընկերության տնօրեն նշված Ս. Սմբատյանի կողմից ստորագրված, Ընկերության ձևաթղթով կազմված փաստաթուղթ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Տիգրան Դանիելյանը Ընկերությանն է հանձնել 8.000 ԱՄՆ դոլար` պահանջելու դեպքում 10 օրացուցային օրվա ընթացքում հետ վերադարձնելու պայմանով:

Հայցվոր Տիգրան Դանիելյանը 02.06.2017 թվականին գրություն է ուղղել պատասխանող Ընկերությանը, որով խնդրել է վերադարձնել իր կողմից Ընկերությանը տրված 8.000 ԱՄՆ դոլարը 10 օրացուցային օրվա ընթացքում:

Ի պատասխան նշված գրության՝ Ընկերությունը հայցվորին 15.06.2017 թվականին ուղղված համապատասխան գրությամբ հայտնել է հետևյալը. «Մեր կազմակերպությունը որևէ կարիք չի ունեցել երրորդ անձանցից որևէ դրամական միջոցներ ներգրավելու, Ձեր կողմից ներկայացված փաստաթուղթը ստորագրող անձը` Ս. Սմբատյանը 12.03.2015 թվականից չի հանդիսանում Ընկերության տնօրեն և չի զբաղեցրել որևէ այլ պաշտոն Ընկերությունում, ուստի նմանատիպ փաստաթուղթ տրամադրելը, առավել ևս՝ այն որպես տնօրեն ստորագրելը, այդ պահին նրա լիազորություններից ակնհայտ դուրս է եղել, պարզաբանումներ ստանալու նպատակով մենք փորձել ենք կապ հաստատել Ս. Սմբատյանի հետ սակայն ապարդյուն: (....)»:

Պատասխանող Ընկերության կողմից դատարան է ներկայացվել «Բացատրություններ» վերտառությամբ փաստաթուղթ՝ հետևյալ բովանդակությամբ. «... Տիգրան Դանիելյանի հայցը զարմացրել է Ընկերության տնօրեն Ա. Յավրյանին և վերջինս հայտարարում է, որ հայցադիմումում բերված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, չեն ընդունվում հայցվորի կողմից և սույն հայցն ակնհայտ անհիմն է: (…) Մինչդեռ հայցվորը հաշվի չի առել, որ 12.03.2015 թվականից Սևան Սմբատյանն այլևս չի հանդիսացել Ընկերության տնօրեն, Ընկերությունում չի զբաղեցրել որևէ այլ պաշտոն և չէր կարող Ընկերության անունից քաղաքացիաիրավական որևէ գործարք իրականացնել: Ստացվում է, որ հայցվորն իր պահանջի հիմքում դրել է անհայտ ծագման ինչ-որ փաստաթուղթ, որի իսկությունը կասկած է հարուցում և չի կարող հիմք հանդիսանալ Տիգրան Դանիելյանի հանդեպ Ընկերության դրամական պարտավորություններ ունենալու հանգամանքը հաստատելու համար: Ընկերությունը հայցվոր Տիգրան Դանիելյանի հանդեպ ուրևէ չկատարված պարտավորություն չունի, որպիսի պայմաններում ներկայացված հայցապահանջն անհիմն է և ենթակա մերժման (…)»:

Իրավաբանական անձի պետական գրանցման 12.03.2015 թվականի թիվ 03Ա069697 վկայականի ներդիրի համաձայն՝ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության արդյունքում 12.03.2015 թվականից Ընկերության տնօրեն է հանդիսանում Արման Յավրյանը:

Սույն գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) 23.03.2018 թվականի վճռով հայցը բավարարել է և պատճառաբանել, որ գնահատելով Տիգրան Դանիելյանի և Ընկերության միջև ձևավորված իրավահարաբերությունները` հաստատված է համարում, որ կողմերի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է Տիգրան Դանիելյանից վերցված 8.000 ԱՄՆ դոլար գումարը պահանջվելու դեպքում 10 օրացուցային օրվա ընթացքում հետ վերադարձնել: Պարտավորագրով ստանձնած պարտավորությունն Ընկերությունը չի կատարել, ուստի պետք է վճարի կուտակված պարտքը: Ինչ վերաբերում է պատասխանողի այն պնդմանը, թե 28.08.2015 թվականի փաստաթուղթը ստորագրվել է մի անձի կողմից, ով 12.03.2015 թվականից չի հանդիսանում պատասխանող Ընկերության տնօրենը, ապա Դատարանը հարկ է համարել նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ նույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան, դատավորներ՝ Ա. Սմբատյան, Ա. Պետրոսյան) 17.07.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է` պատճառաբանելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, հայցի հիմքում դրված փաստաթղթի արժանահավատությանն անդրադառնալիս, պետք է գնահատման առարկա դարձներ այն հարցը, թե արդյոք ներկայացված ապացույցը հավաստի տեղեկություններ է պարունակել կողմերի միջև փոխառության իրավահարաբերությունների վերաբերյալ և ինքնին կարող էր բավարար և արժանահավատ հիմք հանդիսանալ կողմերի միջև փոխառության պայմանագրից բխող պարտավորությունների առկայության վերաբերյալ վերջնական եզրահանգում կատարելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ նշված հարցի մասով անհրաժեշտ է պարզաբանել, թե արդյոք առկա են եղել որոշակի հիմքեր, որոնք կարող էին հերքել այդ փաստաթղթում պարունակվող տեղեկատվության ճշմարտացիությունը և որոնցով կարող էր հիմնավորվել այդ փաստաթղթում պարունակվող տեղեկատվության վերաբերյալ գործում հակասական տեղեկությունների առկայության փաստը:

Անդրադառնալով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նյութաիրավական և դատավարական փաստերի համակցությանը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ հիմնավորվում է այն հանգամանքը, որ պատասխանող Ընկերությունը հայտնել է առարկություններ, որոնք կասկածի տակ են դրել համապատասխան փաստաթղթի արժանահավատությունը և ձեռնարկել է որոշակի միջոցներ իր առարկությունները հիմնավորելու համար` մասնավորապես ներկայացրել է գործով վկա հրավիրելու և ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություններ, որոնք, սակայն, մերժվել են:

Այսպիսով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ նշված փաստերի համակցությամբ հիմնավորվում է, որ գործի քննության ընթացքում առկա են եղել որոշակի հիմքեր, որոնք կարող էին բավարար հանդիսանալ համապատասխան փաստաթղթում առկա տեղեկությունների ճշմարտացիության հարցը կասկածի տակ դնելու և դրանց վերաբերյալ հակասական տեղեկությունների առկայությունը հիմնավորելու համար:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եզրահանգել է, որ պատասխանող կողմի համապատասխան առարկությունների և դատավարական գործողությունների պայմաններում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, պարտավոր լինելով հայցի հիմքում դրված համապատասխան ապացույցը գնահատել նաև դրա արժանահավատության և բավարարության տեսանկյունից, որևէ կերպ չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել համապատասխան ապացույցի արժանահավատությունը և չի հիմնավորել գործում առկա ապացույցների բավարար համակցության առկայությունը, որը կարող էր հնարավորություն տալ վերջնական եզրահանգում կատարել գործի համար էական նշանակություն ունեցող` փոխառության պայմանագրից բխող պարտավորությունների առկայության վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը բավարարելիս հայցի հիմքում դրված` 28.08.2015 թվականին կազմված և որպես Ընկերության տնօրեն նշված անձ` Ս. Սմբատյանի կողմից ստորագրված փաստաթուղթը գնահատման առարկա չի դարձրել արժանահավատության և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ գործի քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը, անձանց արդար դատաքննության իրավունքն առավելագույնս ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն՝ ամբողջ ծավալով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան) 15.07.2019 թվականի վճռով բավարարել է հայցը և պատճառաբանել, որ «(…) գործի փաստերը համադրելով, հաստատված է համարում, որ ներկայացված ապացույցը՝ պատասխանողի տարբերանշանով ձևաթուղթը, հավաստի տեղեկություններ է պարունակում կողմերի միջև փոխառության իրավահարաբերությունների վերաբերյալ և ինքնին հիմք է հանդիսանում կողմերի միջև փոխառության պայմանագրից բխող պարտավորությունների առկայության վերաբերյալ (…)»:

Վերաքննիչ դատարանը 28.11.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է` պատճառաբանելով, որ գործի նոր քննության արդյունքում Դատարանը հայցի հիմքում դրված՝ 28.08.2015 թվականին կազմված և որպես Ընկերության տնօրեն նշված անձ Սևան Սմբատյանի կողմից ստորագրված փաստաթուղթը գնահատման առարկա չի դարձրել արժանահավատության և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից՝ անտեսելով այնպիսի փաստական տվյալներ, ինչպիսիք են այն, որ պատասխան գրությամբ պատասխանող Ընկերությունը հայտնել է համապատասխան փաստաթուղթը ստորագրած անձ Սևան Սմբատյանի՝ 12.03.2015 թվականից պատասխանող Ընկերության տնօրեն չհանդիսանալու և այդ Ընկերությունում որևէ այլ պաշտոն չզբաղեցնելու, հետևաբար՝ նման փաստաթուղթ տրամադրելը և այն որպես տնօրեն ստորագրելը այդ պահին նրա լիազորություններից դուրս լինելու մասին, այն, որ Ընկերության կանոնադրությունում տեղի է ունեցել գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն, ինչի արդյունքում 12.03.2015 թվականից Ընկերության տնօրեն է հանդիսացել Արման Յավրյանը, ինչը հավաստվում է իրավաբանական անձի պետական գրանցման 12.03.2015 թվականի թիվ 03Ա069697 վկայականի ներդիրով:

Համադրելով գործով ձեռք բերված՝ 28.08.2015 թվականին կազմված և Ընկերության տնօրեն նշված Սևան Սմբատյանի կողմից ստորագրված, Ընկերության ձևաթղթով կազմված փաստաթուղթը գործում առկա այլ, մասնավորապես՝ իրավաբանական անձի պետական գրանցման 12.03.2015 թվականի թիվ 03Ա069697 վկայականի ներդիրի հետ, որից հստակ երևում է, որ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության արդյունքում 12.03.2015 թվականից Ընկերության տնօրեն է հանդիսանում Արման Յավրյանը, և գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց հետազոտելով նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության տեսանկյունից, ապա, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, Վերաքննիչ դատարանը գործի փաստերի լույսի ներքո եզրահանգել է, որ 28.08.2015 թվականին 8.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ կնքված իր բնույթով փոխառության պայմանագիրը կազմվել է Ընկերության տնօրենի անունից հանդես եկող Սևան Սմբատյանի և Տիգրան Դանիելյանի միջև, մինչդեռ 12.03.2015 թվականից Ընկերության տնօրեն է հանդիսացել ոչ թե Սևան Սմբատյանը, այլ Արման Յավրյանը: Այսինքն` վերոնշյալ փաստաթուղթը ստորագրելու պահին Ընկերության անունից հանդես գալու Սևան Սմբատյանի՝ ի պաշտոնե լիազորությունը բացակայել է, ինչը նշանակում է, որ պայմանագրային հարաբերություններ են առաջացել ըստ էության ոչ թե Ընկերության ու Տիգրան Դանիելյանի միջև, այլ վերջինիս և Սևան Սմբատյանի միջև:

Նման եզրահանգման գալիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում այն փաստական տվյալը, որ 12.03.2015 թվականից Սևան Սմբատյանը չի հանդիսացել Ընկերության տնօրեն, որպիսի փաստն անտեսվել է Դատարանի կողմից, սակայն, որպիսի փաստը բավարար է՝ հերքելու 28.08.2015 թվականի փաստաթղթում բովանդակվող տեղեկատվության ճշմարտությունն ու նշվածի հիմքով փոխառության պայմանագրից բխող Ընկերության՝ հայցվորին ունեցած պարտավորության առկայության հանգամանքը:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այս պայմաններում նշված ապացույցը դիտարկվում է որպես ոչ վերաբերելի, քանի որ տնօրեն չհանդիսացող անձի ստորագրած փաստաթուղթը չի կարող վերաբերել այդ Ընկերությանը:

 

Վճռաբեկ դատարանը որոշել է՝ վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 28.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

 Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման, Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունը, 878-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, 347-րդ հոդվածը, 880-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունը, նույն հոդվածի 3-րդ կետը, 424-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, ստացականի` որպես փոխառության պայմանագրի կնքումը հավաստող ապացույց լինելու վերաբերյալ, ինչպես նաև գործով ձեռք բերված ապացույցների հավաստիության և փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման առանձնահատկությունների, ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևության, այդ ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության, արժանահավատության, և դատական ակտի պատճառաբանված լինելու վերաբերյալ թիվ ԵՔԴ/0916/02/08, թիվ ԵԱՔԴ/1688/02/08, թիվ ԵՄԴ/0232/02/08, թիվ 3-81(ՏԴ), թիվ ԵՇԴ/1342/02/11, թիվ ԼԴ/0898/02/13, թիվ ԵԱՔԴ/0483/02/15, թիվ ԵԿԴ/0807/02/10 քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 29.07.2011 թվականի, 01.07.2011 թվականի, 17.04.2009 թվականի, 29.02.2008 թվականի, 18.07.2014 թվականի, 27.11.2015 թվականի, 22.07.2016 թվականի, 28.11.2014 թվականի որոշումներով, ինչպես նաև թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով 27.11.2015 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ արձանագրելով, որ «(...) Սույն գործով Տիգրան Դանիելյանը, որպես Ընկերությանը փոխառությամբ գումար տալու ապացույց, դատարան է ներկայացրել 28.08.2015 թվականին կազմված և որպես Ընկերության տնօրեն նշված Ս. Սմբատյանի կողմից ստորագրված, Ընկերության ձևաթղթով կազմված փաստաթուղթ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Տիգրան Դանիելյանը Ընկերությանն է հանձնել 8.000 ԱՄՆ դոլար` պահանջելու դեպքում 10 օրացուցային օրվա ընթացքում հետ վերադարձնելու պայմանով: Իր հերթին, Ընկերությունը, ի դեմս տնօրեն Արման Յավրյանի, վիճարկել է վերոհիշյալ գրավոր ապացույցի իսկությունը՝ պատճառաբանելով, որ 12.03.2015 թվականից Սևան Սմբատյանն այլևս չի հանդիսացել Ընկերության տնօրեն, Ընկերությունում չի զբաղեցրել որևէ այլ պաշտոն և չէր կարող Ընկերության անունից քաղաքացիաիրավական որևէ գործարք իրականացնել: Ի հավաստումն իր կողմից վկայակոչված փաստի, Ընկերությունը, ի դեմս տնօրեն Արման Յավրյանի, ներկայացրել է իրավաբանական անձի պետական գրանցման 12.03.2015 թվականի թիվ 03Ա069697 վկայականի ներդիրի պատճենը, որի համաձայն՝ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության արդյունքում 12.03.2015 թվականից Ընկերության տնօրեն է հանդիսանում Արման Յավրյանը:

(...) Վերաքննիչ դատարանը Ընկերության կողմից ներկայացված վերոհիշյալ ապացույցը բավարար է համարել հերքելու համար այն փաստը, որ Ընկերությունը Տիգրան Դանիելյանից փոխառությամբ գումար է վերցրել՝ նկատի ունենալով, որ ստացականը ստորագրած անձը 12.03.2015 թվականից այլևս չի հանդիսացել Ընկերության տնօրեն: Մինչդեռ (...) իրավաբանական անձի պետական գրանցման 12.03.2015 թվականի թիվ 03Ա069697 վկայականի ներդիրի պատճենը բավարար չէ հերքելու համար 28.08.2015 թվականին կազմված փաստաթղթի իսկությունը, քանի որ այն հանգամանքը, որ 12.03.2015 թվականին տեղի է ունեցել Ընկերության տնօրենի փոփոխություն, դեռևս բավարար չէ պնդելու, որ 12.03.2015 թվականից 28.08.2015 թվականն ընկած ժամանակահատվածում տնօրենի փոփոխություն այլևս տեղի չի ունեցել: Ուստի (...) սույն գործով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն պարզելու, թե ստացականը ստորագրվելու պահին՝ 28.08.2015 թվականին, ով է հանդիսացել Ընկերության տնօրենը»:

 

Սույն գործով Ընկերությունը գործի քննության ընթացքում վիճարկել է այն փաստը, որ 28.08.2015 թվականի փաստաթուղթը ստորագրելու դրությամբ Սևան Սմբատյանը չի հանդիսացել Ընկերության տնօրեն:

Ավելին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 17.07.2018 թվականի որոշմամբ բեկանելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2018 թվականի վճիռը, որպես գործի նոր քննության ծավալ արձանագրել է հետևյալը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանը հայցադիմումը բավարարելիս հայցի հիմքում դրված` 28.08.2015 թվականին կազմված և որպես «Սարմէ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն նշված անձ` Ս.Սմբատյանի կողմից ստորագրված փաստաթուղթը գնահատման առարկա չի դարձրել արժանահավատության և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը, անձանց արդար դատաքննության իրավունքն առավելագույնս ապահովելու նպատակով սույն գործով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն՝ ամբողջ ծավալով»:

Գործի նոր քննության ժամանակ Ընկերության ներկայացուցչի կողմից Դատարան է ներկայացվել Սևան Սմբատյանին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն՝ խնդրելով վերջինիս հարցաքննել 28.08.2015 թվականին Ընկերության բլանկով կասկածելի փաստաթուղթը կազմելու և Ընկերության կնիքով հաստատելու փաստի վերաբերյալ (հատոր 2-րդ, գթ. 22): Դատաքննության ընթացքում, սակայն, Ընկերության ներկայացուցիչը չի պնդել վկա հրավիրելու միջնորդությունը (տե՛ս, 01.07.2019 թվականի դատական նիստի արձանագրությունը և Դատարանի վճիռը):

Փաստորեն, Ընկերությունն իր իսկ կողմից վիճարկված այն փաստը, որ 28.08.2015 թվականի փաստաթուղթը ստորագրելու դրությամբ Սևան Սմբատյանը չի հանդիսացել Ընկերության տնօրեն գործի նոր քննության ժամանակ փորձել է հաստատել վկայի ցուցմունքով, սակայն գործի քննության ընթացքում չի պնդել վկա հրավիրելու միջնորդությունը: Այսինքն՝ Ընկերությունն իր գործողություններով ընդունել է նշված փաստն ապացուցելու պարտականություն ունենալու հանգամանքը, սակայն զրկված չլինելով այդ փաստը հաստատող թույլատրելի և վերաբերելի ապացույց ներկայացնելու իրական (ռեալ) հնարավորությունից, դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ 28.08.2015 թվականի փաստաթուղթը ստորագրելու դրությամբ Սևան Սմբատյանը չի հանդիսացել Ընկերության տնօրեն:

Այսպիսով, վիճելի փաստը հաստատելու նպատակով միջնորդելով Սևան Սմբատյանին հրավիրել որպես վկա, Ընկերության ներկայացուցիչը, սակայն, գործի քննության ընթացքում չի պնդել միջնորդությունը, ըստ էության, հրաժարվելով իր առարկությունների հիմքում ընկած և վիճելի հանդիսացող փաստն ապացուցելու միակ հնարավորությունից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն անտեսելով վերոգրյալ փաստը, հերթական անգամ, որպես գործի նոր քննության ծավալ է նշել այն հարցի պարզումը, թե ստացականը ստորագրվելու պահին՝ 28.08.2015 թվականին, ով է հանդիսացել Ընկերության տնօրենը:

Նման պայմաններում գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելով և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելով խախտվում է ոչ միայն հայցվորի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունքը, այլ նաև մրցակցության սկզբունքը, քանի որ Վճռաբեկ դատարանի որոշման արդյունքում հնարավոր է դառնում շարունակել դեռևս 2017 թվականից հարուցված գործի քննությունը ու դատավարության մասնակիցներից մեկի համար ապահովել նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորություն այն պարագայում, երբ կողմերին ընձեռնված են եղել իրենց պնդումներն ու առարկությունները հիմնավորող ապացույցներ ներկայացնելու իրական (ռեալ) հնարավորություններ: Այնինչ, Ընկերությունը ոչ միայն չի ներկայացրել Վճռաբեկ դատարանի կողմից վկայակոչված պարզման ենթակա փաստը հաստատող թույլատրելի և վերաբերելի ապացույցներ՝ զրկված չլինելով դրանք ներկայացնելու իրական հնարավորությունից, այլ նաև չի պնդել այդ փաստը հաստատելու նպատակով Սևան Սմբատյանին որպես վկա հրավիրելու իր միջնորդությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ տվյալ դեպքում բացակայում է սույն գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտությունը, ուստի կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, որպիսի պարագայում նաև Վճռաբեկ դատարանի որոշմամբ պետք է լուծվի դատական ծախսերիբաշխման, այդ թվում փաստաբանի վարձատրության հարցը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բողոք բերող անձի կողմից ներկայացվել է դիմում (հատոր 2-րդ, գ.թ.41), որով խնդրել է դատական ծախսերին անդրադառնալիս դրանց մեջ ներառել հայցվորի կողմից վճարված պետական տուրքը և փաստաբանի վարձատրության գումարը:

 

Դատավոր

Ռ. Հակոբյան

Դատավոր

Գ. Հակոբյան

Դատավոր

Ս. Միքայելյան

Դատավոր

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան