ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2021 թվականի N 744-Ն
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ է, որը սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների (ըստ տարիքային խմբերի) զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, նրանց ներկայացվող վերջնարդյունքները, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման վերջնարդյունքի ապահովման հիմքերը:
2. Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված մոտեցումն է:
3. Չափորոշիչը ներառում է՝
1) ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները.
2) երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը.
3) երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը.
4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառական և երեխայակենտրոն միջավայրի չափանիշները, որոնք հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.
5) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի անվտանգ միջավայրի և աղետներին պատրաստվածության չափանիշները:
4. Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը. հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը:
5. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի իրականացումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
6. Ըստ չափորոշչի, մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների (բաժինների) ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:
II. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Կարողունակությունները նախադպրոցական տարիքի երեխաների կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, հմտությունների, արժեքների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևեր են։ Նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունները ձևավորվում են ուսուցման և դաստիարակության կազմակերպման միջոցով:
8. Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքները նկարագրում են, թե ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա վեց տարեկան երեխան։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
9. Նախադպրոցական կրթության կարողունակություններն են՝
1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն՝
երեխան տիրապետում է գրական հայերենին, հաղորդակցվում տարբեր իրավիճակներում և միջավայրերում, դրսևորում խոսքային և ոչ խոսքային ակտիվություն՝ մասնակցություն ունենալով հասարակական կյանքին։ Ընդունակ է ճանաչել բանավոր ներկայացվող երևույթները, ըմբռնել, նկարագրել, մեկնաբանել դրանք, ներկայացնել բացատրություններ։ Երեխան ունակ է կողմնորոշվել լեզվական միավորներում՝ հնչյուն, բառ, նախադասություն, ունի տարրական պատկերացումներ վանկի, հնչյունի և տառի մասին, ինքնուրույն ձևակերպում է սեփական մտքերը՝ ազատ և կապակցված արտահայտելով կարծիք, վերաբերմունք որևէ երևույթի մասին։ Այլ մարդկանց հետ հաղորդակցության մեջ պատկերացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը և մեծահասակների օգնությամբ կիրառում դրանք.
2) ճանաչողական և մոտիվացիոն կարողունակություն՝
երեխան, իր տարիքին համապատասխան, ընդունակ է պատճառահետևանքային կապեր տեսնել երևույթների, իրադարձությունների միջև, ճանաչել առարկաների և օբյեկտների կապերը, հարաբերությունները, նոր խնդիրներ լուծել: Դրսևորում է ակտիվություն, հետաքրքրասիրություն, ճանաչողական հետաքրքրություն աշխարհի, առարկաների և երևույթների, ինչպես նաև հարաբերությունների կառուցման հանդեպ: Երեխան հաճույքով (ակտիվ) ներգրավվում է գործունեության տարբեր ձևերի, մտավոր տարբեր գործողությունների, նոր բացահայտումների մեջ.
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն՝
երեխան ճանաչում է իր արտաքին առանձնահատկությունները, ձեռք է բերում սեռադերային պատկերացումներ: Երեխան ունի պատկերացում սեփական հնարավորությունների մասին, վստահություն սեփական ուժերի և կարողությունների հանդեպ: Ընդունակ է ինքնակազմակերպվելու, դրսևորում է ինքնուրույնություն և ինքնասպասարկման հմտություններ: Գործողություններում դրսևորում է նպատակաուղղվածություն և կենտրոնացվածություն: Երեխան ճանաչում է սեփական և այլոց հույզերը, կարողանում է կառավարել սեփական հույզերը: Ճանաչում է մեծահասակների և հասակակիցների փոխհարաբերություններում սահմանված վարքային կանոնները և դրսևորում է սոցիալապես ընդունված նորմերին համապատասխան վարք: Շփման մեջ նախաձեռնող և կառուցողական է, դրսևորում է ընկերակցելու, համագործակցելու հմտություններ.
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն՝
նախադպրոցական տարիքում երեխան տիրապետում է բարեվարքության և սոցիալական արդարության պարզագույն կանոններին. դրսևորում է հարգանք և հոգատարություն շրջապատի հանդեպ, գնահատում է արարքների բարոյական ուղղվածությունը: Ճանաչում է հայրենիքը, Հայաստանի խորհրդանիշները (դրոշ, զինանշան, օրհներգ), դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ: Ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների մասին.
5) թվային և մեդիա կարողունակություն՝
երեխան ունի տարրական պատկերացումներ մեդիայի վերաբերյալ, կողմնորոշվում է մեդիա բազմազանության մեջ, մեծահասակի աջակցությամբ գնահատում է ներկայացված տեղեկատվությունը, այն համադրում սեփական պատկերացումներին՝ դրսևորելով քննադատական և ընտրողական մոտեցում։ Երեխան կարողանում է օգտվել մեդիա տարրական գործիքներից՝ միևնույն ժամանակ հասկանալով դրանց կիրառման հնարավոր վտանգները և այդ հարցում սեփական պատասխանատվությունը։ Երեխան դրսևորում է առարկաների, երևույթների մոդելավորման և ստեղծագործական կարողություններ, տարբերում է իրական և վիրտուալ աշխարհները, հասկանում դրանց տարբերությունները.
6) մշակութային կարողունակություն՝
երեխան կարողանում է գնահատել գեղեցիկը, ճանաչում և վերլուծում է հանրահայտ հայ և արտասահմանյան մանկագիրների գեղարվեստական ստեղծագործությունները, ճանաչում է ազգային և համաշխարհային մշակութային նմուշների ինքնատիպությունը: Դրսևորում է ընդգծված հետաքրքրություն գեղարվեստական գործունեության հանդեպ, ունակ է երաժշտության, կերպարվեստային գործունեության տարբեր տեսակների, ազգային տոների ու ավանդույթների միջոցով արտահայտելու սեփական հույզերը, զգացմունքներն ու տպավորությունները.
7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն՝
երեխան կարողանում է կատարել պարզ մաթեմատիկական գործողություններ, համեմատում, հետազոտում է առարկաները և երևույթները, գտնում է տարբեր խնդիրների լուծումներ, ճանաչում է թվանշանները, տիրապետում է նախաթվային և թվային հասկացություններին. երեխան կարողանում է որոշել առարկաների քանակը, համեմատել դրանք ըստ մեծության, չափի, ձևի և գույնի, տարբերակել մասը և ամբողջը, երկրաչափական պատկերներն ըստ հատկանիշների: Կարողանում է առարկաները տարբերակել նաև ըստ նյութի: Ցուցաբերում է հետաքրքրություն սարքավորումների հանդեպ, կարողանում է ծանոթ տեխնիկական հանգույցներից կառուցել նոր համադրություններ.
8) տնտեսական կարողունակություն՝
երեխան կարողանում է համարժեք ճանաչել և վերլուծել մեծերի աշխատանքը և դրանից ստացված արդյունքները: Գիտի տարբեր մասնագիտությունների անվանումներ և դրանց առանձնահատկությունները: Ցուցաբերում է տնտեսական պարզ հասկացությունների իմացություն, գիտի իր հետ առնչվող առարկաների ձեռքբերման եղանակները, կիրառում է տնտեսական պարզ բառապաշար: Երեխան հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների միասնականությունն ու փոխկապակցվածությունը: Ճանաչում է բնության երևույթները, գիտի բնության առանձին երևույթների վտանգների, դրանցից պաշտպանվելու մասին, անվտանգ վարքագիծ է դրսևորում բնության առանձին երևույթների՝ կայծակի, ամպրոպի, կարկուտի, անձրևի, մառախուղի ժամանակ: Ունի տարրական պատկերացումներ շրջակա միջավայրի և դրա պահպանման վերաբերյալ: Կարողանում է նկարագրել մարդու և տնտեսության ազդեցությունը բնության վրա: Հասկանում է շրջակա միջավայրի պահպանման գործում սեփական դերը, նշանակությունը և մասնակցում է այդ գործընթացում.
9) ֆիզիկական կուլտուրայի կարողունակություն՝
երեխան պատկերացում ունի ֆիզիկական վարժությունների առողջարարական նշանակության, առողջ սննդի, առողջ ապրելակերպի վարման հիմնական կանոնների՝ օրգանիզմի կոփման, օրվա ռեժիմի, հիգիենիկ կանոնների, ճիշտ կեցվածքի պահպանման մասին: Ընկալում է ֆիզիկական վարժությունների ճիշտ կատարման ձևը, ճանաչում և տարբերում է ամառային և ձմեռային մարզաձևերը: Ընդհանուր պատկերացում ունի շարժողական ընդունակությունների, տարածված մարզաձևերի, մարզագույքի, սպորտային հանդերձանքի մասին, ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկներին: Երեխան ընդունակ է ճիշտ կատարելու մարմնամարզական, աթլետիկական վարժություններ, տարաբնույթ շարժողական գործողություններ շարժախաղերում, մարզախաղերում, շարժողական ակտիվության այլ ձևերում: Դրսևորում է անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածություն և պահպանում է առողջ ապրելակերպի վարման կանոնները։ Երեխան ինքնուրույն կատարում է նմանողական շարժումներ, ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանձին, զույգերով, մարզագույքով: Վարժությունների կատարման ընթացքում, շարժախաղերում, թիմային խաղերում դրսևորում է ինքնուրույնություն, կարգապահություն, կամք, պատասխանատվություն, համագործակցություն, վճռականություն, փոխօգնություն, ընկերասիրություն, նախաձեռնողականություն:
10. Շարժողական ոլորտում նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներն են.
1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ (մինչև 1 տարեկան)՝
ա. երեխան ինքնուրույն կամ մեծի օգնությամբ կարողանում է սողալ, սողալով մագլցել ոչ բարձր առարկաների վրա և իջնել, կքանստել ու կանգնել,
բ. կարողանում է նստել առանց հենվելու և բռնվելու որևէ առարկայից,
գ. կարողանում է կանգնած դրությունից թեքվել և ուղղվել առանց ոտքերը շարժելու,
դ. սկսում է ինքնուրույն քայլել, ոչ բարձր առարկայի վրայից անցնել դեպի մյուսը,
ե. կարողանում է ձեռքերով հենարանից բռնած բարձրանալ և իջնել աստիճանի և բլրակի վրայից,
զ. կարողանում է քայլել մեծի ցույց տված ուղղությամբ, քայլել գլորած առարկայի հետևից,
է. կարողանում է ակտիվ գործողություններ կատարել առարկաներով որոշակի արդյունքի համար` մեկ առարկան դասավորել մյուսի մեջ, բացել և փակել արկղի կափարիչը, օղակն անցկացնել ձողի վրա և հանել, նետել առարկաներ,
ը. կատարում է պարային պարզ շարժումներ ուրախ, առույգ և հանգիստ նվագակցությամբ,
թ. դրական է արձագանքում մերսմանը, կոփման միջոցառումներին,
ժ. վերցնում է մեծի ձեռքից կամ գլխավերևում կախված խաղալիքը, կատարում տարբեր շարժումներ.
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-ից մինչև 2 տարեկան)`
ա. երեխան ինքնուրույն կամ մեծի օգնությամբ կարողանում է քայլել առաջադրված ուղղությամբ, բարձրանալ աստիճաններով և իջնել, սողանցել,
բ. կարողանում է անցնել հատակին դրված ոչ բարձր առարկայի վրայով,
գ. կարողանում է քայլել ոչ բարձր, թեք տեղադրված տախտակի վրայով,
դ. կարողանում է գնդակը գլորել որոշակի ուղղությամբ և քայլել գնդակի հետևից,
ե. կարողանում է կատարել մեծի կողմից ցուցադրված ընդհանուր զարգացնող պարզ վարժություններ.
զ. կարողանում է խաղալ շարժախաղեր պարզ շարժողական գործողություններով,
է. կատարում է պարային պարզ շարժումներ նվագակցությամբ, ը. դրական է արձագանքում կոփման միջոցառումներին,
թ. շարժողական գործողությունների ժամանակ դրսևորում է ինքնուրույնություն.
3) կրտսեր առաջին խումբ (2-ից մինչև 3 տարեկան)՝
ա. երեխան ինքնուրույն կամ մեծի օգնությամբ կարողանում է կատարել պարզ մարմնամարզական, աթլետիկական վարժություններ` փոփոխելով շարժման ուղղությունը, ելման դիրքը,
բ. կարողանում է կատարել ընդհանուր զարգացնող և հավասարակշռության պարզ վարժություններ,
գ. կարողանում է խաղալ` կիրառելով քայլք, վազք, ցատկեր, նետումներ, սողանցումներ, տարածության մեջ կողմնորոշվելով շարժախաղեր՝ դրսևորելով անհրաժեշտ շարժողական ընդունակություններ,
դ. կարողանում է նստել, կանգնել, քայլել ջրի մեջ,
ե. մեծի ուղղորդմամբ պահպանում է մաքրության և օրվա ռեժիմի հիմնական պահանջները,
զ. ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է ինքնուրույնություն, կարգապահություն, ընկերասիրություն.
4) կրտսեր երկրորդ խումբ (3-ից մինչև 4 տարեկան)`
ա. երեխան կարողանում է կատարել և զուգակցել հիմնական շարժողական գործողությունները,
բ. կարողանում է խաղալ շարժախաղեր (վազքով, ցատկերով, նետումներով, սողանցումով, մագլցումով) առանց առարկայի և առարկաներով,
գ. կարողանում է վարել եռանիվ հեծանիվ, ինքնագնաց, սահել սահնակով,
դ. ջրում կատարում է լողի տարրերով պարզ վարժություններ,
ե. կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,
զ. կարողանում է կատարել ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխարգելման վարժություններ,
է. կատարում է պարզ զուգակցումներով պարային շարժումներ,
ը. պահպանում է հիգիենայի հիմնական պահանջները,
թ. ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է ակտիվություն, համագործակցություն, կարգապահություն,
ժ. գիտի շարժախաղերի և մարզաձևերի անվանումներ.
5) միջին խումբ (4-ից մինչև 5 տարեկան)`
ա. երեխան կարողանում է ճիշտ կատարել և զուգակցել հիմնական շարժողական գործողությունները,
բ. խաղում է շարժախաղեր՝ հիմնական շարժողական գործողություններով, մասնակցում է մարզախաղերի տարրերով փոխանցումավազքերին՝ դրսևորելով անհրաժեշտ շարժողական ակտիվություն,
գ. տիրապետում է սպորտային վարժություններին` սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, եռանիվ և երկանիվ հեծանիվ,
դ. ջրում կատարում է ոտքերի և ձեռքերի շարժումներ, խաղում է ջրային խաղեր,
ե. կատարում է կեցվածքի շեղման, հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ,
զ. կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին ու ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,
է. կատարում է պարզ պարային շարժումներ և դրանց զուգակցումներ,
ը. ինքնուրույն կատարում է տարբեր բնույթի ֆիզիկական վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,
թ. ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է կարգապահություն, ակտիվություն, ընկերասիրություն, համագործակցություն, բարեկիրթ վարքագիծ և հարգանք,
ժ. գիտի ամառային և ձմեռային մարզաձևեր, ճանաչում է հայ անվանի մազիկներին.
6) ավագ խումբ (5-ից մինչև 6 տարեկան)`
ա. երեխան կարողանում է ճիշտ կատարել հիմնական շարժողական գործողությունները (քայլք, վազք, ցատկեր, նետումներ, մագլցում, սողանցում) տարբեր պայմաններում,
բ. ինքնուրույն կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին և ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,
գ. խաղում է տարբեր ուղղվածության շարժախաղեր և մարզախաղեր, զուգորդում դրանց բնորոշ շարժողական գործողությունները` դրսևորելով անհրաժեշտ շարժողական ընդունակություններ,
դ. տարբեր պայմաններում կատարում է սպորտային վարժություններ՝ սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, երկանիվ հեծանիվ, դրսևորելով անհրաժեշտ շարժողական կարողություններ և հմտություններ,
ե. խաղում է ջրային խաղեր, ազատ ոճով լողում է 5-10 մ,
զ. կատարում է ճիշտ կեցվածքի ձևավորման և հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,
է. կատարում է պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն և ռիթմոպլաստիկ շարժողական կարողություն,
ը. օրվա ռեժիմի ընթացքում կատարում է նմանողական շարժումներ և ընդհանուր զարգացնող վարժություններ,
թ. ինքնուրույն կամ մեծի օգնությամբ կատարում է առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն, ֆիզկուլտ-դադար, տնային հանձնարարություններ,
ժ. ինքնուրույն կատարում է առարկաներով ֆիզիկական վարժություններ (գնդակ, ցատկապարան, օղ, մարմնամարզական փայտ),
ժա. կարողանում է վարել հեծանիվ, ինքնագնաց, սահել սահնակով և դահուկներով,
ժբ. կիրառում է կոփման միջոցներ, պահպանում է օրվա ռեժիմը, դրսևորում է շարժողական ակտիվություն,
ժգ. ֆիզիկական ակտիվության բոլոր ձևերում դրսևորում է կարգապահություն, աշխատասիրություն, ազնվություն, ընկերասիրություն, փոխօգնություն, կամք, պատասխանատվություն, նախաձեռնություն, վճռականություն,
ժդ. գիտի օլիմպիական խաղերի ծագման և խորհրդանիշների մասին,
ժե. պատկերացում ունի օրգանիզմի վրա ֆիզիկական վարժությունների և սպորտի դրական ներգործության մասին։
11. Խոսքի և հաղորդակցության ոլորտում նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներն են.
1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ`
ա. երեխան կատարում է մեծերի հետ հաղորդակցվելու փորձեր,
բ. արձագանքում է իրեն ուղղված խոսքին համապատասխան վարքային դրսևորումներով,
գ. արտաբերում է միավանկ և նույն վանկից կազմված բառեր.
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝
ա. երեխան հասկանում է իրեն ուղղված խոսքը և արձագանքում դրան խոսքային և ոչ խոսքային միջոցներով,
բ. բառը վերագրում է կոնկրետ առարկայի, գործողության,
գ. մեկ բառով անվանում է որևէ հատկանիշով նման առարկաները,
դ. ներգրավվում է խոսքային, հաղորդակցական տարբեր իրավիճակներում,
ե. հաղորդակցման ընթացքում արտահայտում է սեփական ցանկություններն ու պահանջները՝ կազմելով 2-3 բառից բաղկացած նախադասություններ.
3) կրտսեր առաջին խումբ՝
ա. երեխան խոսքային և ոչ խոսքային միջոցներով արտահայտում է իր մտքերը, կարծիքը, զգացողություններն ու պահանջները,
բ. պատասխանում է իրեն ուղղված պարզ հարցերին, միևնույն ժամանակ կազմում հարցեր «ո՞վ», «ի՞նչ» բառերով,
գ. մաքուր է արտաբերում առաջարկված պարզ բառերի հնչյունները.
դ. ընկալում է առարկաների խմբերն ընդհանրացնող բառերի իմաստը և դրանք կիրառում իր խոսքում,
ե. մաքուր է արտաբերում հայերենի հնչյունները.
4) կրտսեր երկրորդ խումբ՝
ա. երեխան ընկալում է ուրիշի բանավոր խոսքը և տալիս համարժեք պատասխաններ,
բ. տարբերում է հնչարտասանությամբ նման բառերը (տուն շուն և այլն),
գ. ընկալում է բառի նշանակությունը, դրսևորում բառակազմության տարրական կարողություններ՝ բառերին ավելացնելով «փոքրացնող» վերջածանցներ (փիսիկ, շնիկ),
դ. ինքնուրույն ձևակերպում և արտահայտում է սեփական մտքերը՝ նախադասություններում բառերը կիրառելով ճիշտ հաջորդականությամբ,
ե. կազմում է հարցեր՝ կիրառելով «ո՞վ», «ի՞նչ», «որտե՞ղ», «ե՞րբ», «ինչու՞» բառերը,
զ. ընկալում է ներկայացված նկարի բովանդակությունը և վերարտադրում այն.
է. իրավիճակից ելնելով՝ իրականացնում է հաղորդակցում մեծահասակների և հասակակիցների հետ.
5) միջին խումբ՝
ա. երեխան ընկալում և վերարտադրում է լսած փոքրիկ պատմությունները,
բ. նկարագրում է առարկաները, երևույթները, դրանց միջև եղած պարզագույն կապերը. ակտիվ խոսքում կիրառում այնպիսի բառեր, որոնք արտահայտող առարկաներն ու երևույթները երեխայի անձնական փորձում չեն եղել,
գ. նկարների օգնությամբ կազմում է փոքրիկ պատմություններ, ամբողջացնում կիսատ թողնված միտքը,
դ. պատմում է սեփական փորձառության մասին,
ե. խոսքն արտահայտում է տարբեր արտահայտչամիջոցներով՝ փոխելով ձայնի ուժգնությունը, տեմպը, օգտվում է խոսքային դադարներից,
զ. քերականորեն ճիշտ է կազմում նախադասությունները՝ կիրառելով կապական միջոցներ,
է. դրսևորում է հետաքրքրություն գրքերի նկատմամբ, արտահայտում գրական ստեղծագործություն լսելու ցանկություն,
ը. հաղորդակցման ընթացքում ոչ միայն արտահայտում է սեփական վերաբերմունքը որևէ երևույթի նկատմամբ, այլև դրսևորում է դիմացինին լսելու կարողություն,
թ. տարբերում է հաղորդակցության անմիջական և միջնորդավորված ձևերը, պատկերացնում է տեխնոլոգիաների դերը հաղորդակցության մեջ.
6) ավագ խումբ՝
ա. երեխան հորինում և կապակցված ներկայացնում է փոքրիկ պատմություններ, նկարագրում և բացատրում է որևէ երևույթ,
բ. մտքերն արտահայտում է տրամաբանական հաջորդականությամբ՝ կիրառելով հոմանիշ, հականիշ բառեր,
գ. ընկալում է ներկայացված պատմության կառուցվածքը՝ տարբերելով սկիզբը, ընթացքը և ավարտը,
դ. տրված բառում տարբերում է առանձին հնչյուններ, դրանցով կազմում նոր բառեր, ընկալում է բառի վանկերը, վանկատում այն,
ե. ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների,
զ. հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների միասնականությունը և փոխկապակցվածությունը, ունի տարրական պատկերացումներ կենդանական աշխարհի և անկենդան բնության մասին,
է. ճանաչում է հայերենի տառերը, արտաբերում ձայնավոր և բաղաձայն հնչյունները,
ը. դրսևորում է հետաքրքրություն գրավոր խոսքի և ընթերցանության նկատմամբ,
թ. նախաձեռնում է հաղորդակցում մեծերի ու հասակակիցների հետ, հաղորդակցման ընթացքում գնահատում է ոչ միայն իր, այլև դիմացինի խոսքը՝ շտկելով սխալ արտաբերած հնչյունը, բառը կամ նախադասությունը,
ժ. հարցեր է տալիս մեդիայում լսած բովանդակության մասին, քննարկում է դրա նպատակը:
12. Իմացական ոլորտում նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներն են.
1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝
ա. երեխան, ինքնուրույն տեղաշարժվելով տարածության մեջ, ծանոթանում է իրեն շրջապատող առարկայական աշխարհին,
բ. առարկաներով կատարում է հարաբերակցված գործողություններ,
գ. ճանաչում է իրեն ծանոթ դեմքեր, առարկաներ.
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝
ա. երեխան ուսումնասիրում և համեմատում է առարկաները,
բ. հետաքրքրություն է ցուցաբերում նոր առարկաների նկատմամբ,
գ. հասկանում է առարկայական գործողությունների և իրադարձությունների հաջորդականությունը, դրանց միջև գոյություն ունեցող կապերը,
դ. ծանոթ առարկաներով կատարում է ֆունկցիոնալ գործողություններ, հետաքրքրություն է դրսևորում մեծահասակների գործողությունների նկատմամբ.
3) կրտսեր առաջին խումբ՝
ա. երեխան դասակարգում է առարկաներն ըստ կոնկրետ հատկանիշի,
բ. ուսումնասիրում է շրջապատող միջավայրը, փորձում է հարցերի միջոցով բավարարել իր հետաքրքրությունները,
գ. ունի առարկաների մեծության, չափի, ձևի և քանակի մասին տարրական պատկերացումներ, ճանաչում է հիմնական գույները, երկրաչափական պարզ պատկերները,
դ. մեկ առարկան փոխարինում է այլ առարկաներով, հասկանում դրանց նշանակությունը,
ե. ունի տարրական պատկերացումներ իր և իր ընտանիքի մասին,
զ. առանձնացնում է իրեն մյուսներից, դրսևորում է համառություն ցանկություններում և գործողություններում.
4) կրտսեր երկրորդ խումբ՝
ա. երեխան մտապահում և վերարտադրում է ներկայացվող որոշակի տեղեկատվությունը,
բ. կողմնորոշվում է տարածության և ժամանակի մեջ,
գ. նկարագրում է առարկաների, երևույթների առանձին կողմերը,
դ. ունի առարկաների մեծության, չափի, ձևի և քանակի վերաբերյալ որոշակի պատկերացումներ, ճանաչում է գույները, երկրաչափական պատկերները,
ե. հասկանում է երևույթների միջև պատճառահետևանքային պարզագույն կապերը,
զ. դրսևորում է հասակակիցների հետ համատեղ գործելու ցանկություն, մտավոր ակտիվություն, հանդես է գալիս նախաձեռնողի դերում,
է. կենտրոնացնում է ուշադրությունն առաջադրանքի, խաղի կանոնների պահպանման վրա,
ը. դրսևորում է տարբեր նյութերով աշխատելու տարրական հմտություններ,
թ. տարբերում է մասնագիտությունները, դրանց հիմնական գործառույթները,
ժ. ունի տարրական պատկերացումներ ինչպես հայկական, այնպես էլ այլ ազգերի մշակութային տարրերի մասին.
5) միջին խումբ՝
ա. երեխան ցուցաբերում է հաշվի, թվերի, քանակի իմացություն, թվաբանական պարզ խնդիրներ լուծելու կարողություն,
բ. մասնակցում է համատեղ կազմակերպվող աշխատանքներին և ավարտին հասցնում առաջադրանքը,
գ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է իմացական ակտիվություն, երևակայություն, կարծիք հայտնելու կարողություն,
դ. ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների,
ե. հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների միասնականությունը և փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ կենդանական աշխարհի և անկենդան բնության մասին, կարևորում է մարդու աշխատանքը, դրա արդյունքները,
զ. ճանաչում է փոխադրամիջոցները, գիտի դրանց դերը մարդու կյանքում,
է. ունի տարրական պատկերացումներ ազգերի մշակութային առանձնահատկությունների մասին,
ը. մեծահասակների օգնությամբ կողմնորոշվում է տեղեկատվության բազմազանության մեջ և կատարում նպատակամետ ընտրություն.
6) ավագ խումբ՝
ա. երեխան վերլուծում է երևույթների պատճառահետևանքային կապերը, ներկայացնում է իր պատկերացումներն ու վերաբերմունքը,
բ. նկարագրում և մեկնաբանում է շրջապատող միջավայրում ընթացող երևույթները, սեփական որոշումներն ու գործողությունները,
գ. առաջադրանքներ կատարելիս դրսևորում է ճանաչողական հետաքրքրություն և ստեղծագործականություն,
դ. մոդելավորում է առարկաները, հեքիաթի հերոսներին, բնության երևույթները պայմանական նշաններով, առանձին պատկերներով, տարբերում է ճանապարհային երթևեկության պարզ նշանները,
ե. ունի պատկերացումներ տնտեսական պարզ հասկացությունների, ազգային և այլ ազգերի մշակութային առանձնահատկությունների, հայրենի երկրի մասին.
զ. դրսևորում է քննադատական վերաբերմունք ներկայացվող նյութի նկատմամբ, կողմնորոշվելով տեղեկատվության բազմազանության մեջ, կատարում է գրագետ ընտրություն, կատարում է հետևություններ և այդ առնչությամբ արտահայտում իր կարծիքը,
է. դրսևորում է մեդիա և թվային գրագիտություն, նշում է իրական և մեդիա միջավայրերի տարբերությունները՝ մեդիայից ստացված տեղեկատվությունը համադրելով իրական կյանքին,
ը. հասկանում է մեդիա գործիքների կիրառության բազմազանությունը, մեծահասակի աջակցությամբ հստակ նպատակով կարողանում է կիրառել դրանք կրթական և խաղային միջավայրում:
13. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտում նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներն են.
1) վաղ տարիքի առաջին խումբ՝
ա. երեխան արձագանքում է ծանոթ մարդկանց հուզական դրսևորումներին,
բ. արձագանքում է արտաքին աշխարհից եկող ազդակներին հուզականությամբ,
գ. արձագանքում է իր անվանը, հետաքրքրություն է ցուցաբերում սեփական մարմնի հանդեպ, ուսումնասիրում է շրջապատող առարկաներն ու խաղալիքները, մարդկանց դեմքերը,
դ. ձգտում է ինքնուրույնության գործողություններում.
2) վաղ տարիքի երկրորդ խումբ՝
ա. երեխան սկսում է տարբերակված արձագանքել աշխարհին, նրա գործողություններն ունեն հուզական երանգավորում,
բ. արտահայտում է իր հույզերն ու զգացողությունները շարժումներով, երգի և պարի միջոցով,
գ. դրսևորում է դրական վերաբերմունք մարդկանց նկատմամբ, շփվում է ծանոթ մեծահասակների և հարազատների հետ,
դ. մեծահասակների հետ շփվելիս ուշադիր լսում և կատարում է նրանց պարզ առաջարկությունները,
ե. ցուցաբերում է հետաքրքրություն սեփական անձի նկատմամբ, ուսումնասիրում է իր արտաքին տեսքը, մարմնի մասերը, գիտի անունը.
3) կրտսեր առաջին խումբ՝
ա. երեխան ճանաչում է հիմնական հույզերը, համարժեք արձագանքում է դիմացինի հուզական դրսևորումներին,
բ. դրսևորում է իրավիճակին համապատասխան սոցիալական հույզեր՝ զարմանք, ուրախություն, տխրություն, ամաչկոտություն,
գ. շփվում է ծանոթ մեծահասակների հետ, նրանց խոսքին արձագանքում է հույզերով և պարզ խոսքային արտաբերումներով,
դ. մեծահասակների հետ համատեղ գործունեության ընթացքում փորձում է կառավարել իր հույզերը և կատարել սոցիալական վարքի պարզ պահանջներն ու բարեկիրթ վարվեցողության կանոնները՝ մեծահասակների խնդրանքով կամ միջամտությամբ,
ե. հասակակիցների հետ շփվելիս դրսևորում է հուզական հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն,
զ. գիտի ծնողների և ընտանիքի անդամների անունները, ճանաչում է իրեն պատկանող իրերն ու խաղալիքները.
4) կրտսեր երկրորդ խումբ՝
ա. երեխան կարողանում է ներկայացնել իր ցանկություններն ու հետաքրքրությունները, դրսևորում է իրավիճակին համապատասխանող հուզականություն,
բ. սոցիալական հույզերի միջոցով արտահայտում է իր վերաբերմունքը շրջապատող աշխարհին,
գ. հասակակիցների հետ հաղորդակցման դժվարությունները փորձում է լուծել մեծահասակների օգնությամբ, հասակակիցների հետ հարաբերություններում ձգտում է համառությամբ առաջ տանել սեփական ցանկություններն ու պահանջները,
դ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում ջանքեր է գործադրում սեփական վարքն ու հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ձգտում է հաճոյանալ մեծահասակներին,
ե. կողմնորոշվում է սոցիալական միջավայրում, հարաբերություններում փորձում է պահպանել սոցիալական վարքի պահանջներն ու բարեկիրթ վարվեցողության կանոնները,
զ. գիտի իր սեռը, ունի պատկերացումներ իր և ուրիշների մասին, սիրում է պատմել իր հաջողությունների մասին.
5) միջին խումբ՝
ա. երեխան տարբերակում է շրջապատող մարդկանց հուզական վիճակն ու զգացմունքները, համադրում է իր և մյուսների ցանկությունները,
բ. հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում դրսևորում է ընդգծված վերաբերմունք, ընկալում է մարդկանց տրամադրվածությունն իր նկատմամբ, փորձում է դրսևորել հանդուրժողականություն, օգնության ձեռք մեկնելու, ապրումակցելու կարողություններ,
գ. մեծահասակների հետ շփվելիս պահպանում է բարեվարքության նորմերը, հասակակիցների հետ հաղորդակցվելիս դրսևորում է համատեղ գործելու պատրաստակամություն,
դ. խմբային աշխատանքներում և խաղերում դրսևորում է համատեղ գործելու պատրաստակամություն, համագործակցելու ցանկություն, ակտիվ մասնակցում է մեծահասակների և հասակակիցների նախաձեռնություններին,
ե. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ընդհանուր նպատակին միտված անձնային հատկություններ և սոցիալական կարողություններ՝ իր և ընկերների ցանկություններն ու գործողությունները համադրելու կարողություն, սեփական վարքը կարգավորելու փորձեր, համբերատարություն, ընկերոջը հասկանալու և աջակցելու պատրաստակամություն,
զ. ուսումնասիրում է իր անձի, ընտանիքի անդամների, շրջապատող մարդկանց առանձնահատկությունները, ցուցաբերում է հստակ վերաբերմունք ընտանիքում կամ մանկապարտեզում կատարվող իրադարձություններին,
է. դրսևորում է սեփական հույզերի ու գործողությունների, մտքերի և վերաբերմունքի մասին խոսելու պատրաստակամություն.
6) ավագ խումբ՝
ա. երեխան արտահայտում է իր հույզերն ու զգացմունքները բառերով և հաղորդակցման ոչ բառային ձևերով,
բ. տարբերակում և վերլուծում է իր ցանկություններն ու նախասիրությունները, կարողանում է ընտրել, հիմնավորել և բարձրաձայնել ընտրությունը,
գ. հասկանում և ընդունում է ընկերների հույզերն ու զգացմունքները, ցանկություններն ու նախասիրությունները,
դ. հարաբերություններում դրսևորում է սոցիալական զգացմունքներ, վերահսկում և կառավարում է իր հուզականությունը, կարողանում է հուզական մակարդակում կանխատեսել գործունեության արդյունքները,
ե. կառուցում է փոխվստահելի, գործընկերային հարաբերություններ մեծահասակների և հասակակիցների հետ, պահպանում է բարեվարքության կանոնները,
զ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ապրումակցման, համագործակցության և ինքնակառավարման հմտություններ,
է. ընկերների հետ հարաբերություններում դրսևորում է բարոյակամային հատկություններ և ինքնագնահատման տարրական հմտություններ,
ը. ունի սուբյեկտիվ վերաբերմունք արտաքին աշխարհի հանդեպ, ինքնավերլուծության է ենթարկում սեփական վարքագիծն ու անձնային հատկությունները,
թ. ընդունում է մարդկանց միջև եղած տարբերությունները, ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների, հասարակական արդարության պարզագույն կանոնների և արժանապատիվ կեցության մասին, դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ:
14. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներն են.
1) վաղ տարիքի առաջին խումբ՝
ա. երեխան արձագանքում է հիգիենիկ միջոցառումներին և խնամք ենթադրող իրավիճակներին,
բ. արձագանքում է մեծահասակների նախազգուշացումներին՝ որոշակի գործողությունների վտանգավորության մասին,
գ. դրսևորում է ինքնասպասարկման պարզագույն կարողություններ՝ փորձում է ինքնուրույն խմել բաժակից, ձգելով քաշում և հանում է հագուստը.
2) վաղ տարիքի երկրորդ խումբ՝
ա. երեխան մեծահասակի ուղղորդմամբ դրսևորում է ինքնասպասարկման որոշ կարողություններ,
բ. մեծահասակի օգնությամբ հետևում է հիգիենայի և անվտանգության տարրական կանոններին, լվանում է ձեռքերը, մաքրում է ատամները,
գ. փորձում է խուսափել իր կենսական փորձից բխող վտանգներից.
3) կրտսեր առաջին խումբ՝
ա. երեխան դրսևորում է ինքնասպասարկման որոշ կարողություններ,
բ. մեծահասակի հսկողությամբ պահպանում է հիգիենայի կանոնները,
գ. մեծահասակի ուղղորդմամբ սկսում է հետևել անվտանգության տարրական կանոններին, լվանում է ձեռքերը, մաքրում է ատամները,
դ. մեծահասակների ուղղորդմամբ զգուշավորություն է ցուցաբերում՝ խուսափելով վտանգներից տարբեր իրադրություններում և վայրերում.
4) կրտսեր երկրորդ խումբ՝
ա. երեխան դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, հետևում և պահպանում է անձնական հիգիենայի հիմնական կանոնները,
բ. մեծահասակի ուղղորդմամբ սկսում է գիտակցել առողջության պահպանման ու առողջապահպան միջոցառումների անհրաժեշտությունը,
գ. դրսևորում է առողջ ապրելակերպի տարրական սովորություններ, նախընտրում է առողջ և օգտակար սնունդը,
դ. բարձրաձայնում է կամ վարքով ցույց է տալիս իրեն անհանգստացնող առողջական խնդրի մասին,
ե. հետևում է անվտանգության հիմնական կանոններին՝ մեծահասակի հիշեցումով.
5) միջին խումբ՝
ա. երեխան դրսևորում է անձնական հիգիենայի կանոնների պահպանման կարողություններ և ինքնասպասարկման հմտություններ,
բ. պահպանում է օրվա ռեժիմը և հիգիենայի հիմնական պահանջները,
գ. գիտի առողջության պահպանման հիմնական կանոնները, տարբերակում է առողջ և անառողջ սնունդը, պատկերացնում է օգտակար և վնասակար սովորությունների հետևանքները, դրսևորում է բացասական վերաբերմունք վնասակար սովորությունների հանդեպ,
դ. կարողանում է նկարագրել իր և մյուսների առողջական վիճակը, բացատրել հիվանդության հիմնական ախտանիշներն ու հնարավոր պատճառները,
ե. հասկանում է սեփական անձի, վարքի և կենսագործունեության անվտանգության հիմնական կանոնները և հաճախ առանց հիշեցման հետևում է դրանց,
զ. ծանոթ է անվտանգության կանոններին տանը, մանկապարտեզում, փողոցում, այլ վայրերում և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց,
է. ծանոթ է երթևեկության հիմնական կանոններին և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց,
ը. ունի տարրական գիտելիքներ ֆիզիկական ակտիվության և մարմնի կոփման կարևորության մասին.
6) ավագ խումբ՝
ա. երեխան դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն պահպանում է անձնական հիգիենայի կանոնները,
բ. ընտրում է հագուստի, սանրվածքի իր տարբերակը,
գ. ունի տարրական պատկերացումներ առողջ սննդակարգի, հանգստի վերաբերյալ,
դ. դրսևորում է ֆիզիկական ակտիվության կարողություններ, ներկայացնում է առողջության և կյանքի համար հնարավոր վտանգները, դրանց հաղթահարման ուղիներն ու միջոցները,
գ. ունի տարրական գիտելիքներ աղետների և դրանց հետևանքների մասին,
դ. հետևում է երթևեկության հիմնական կանոններին,
զ. ունի տարրական գիտելիքներ վնասակար սովորությունների հետևանքների մասին,
է. բացատրում է շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը,
ը. հիմնավորում է տանը, միջավայրում, փողոցում անվտանգության կանոններին հետևելու անհրաժեշտությունը,
թ. հասկանում է բժշկի մոտ այցի անհրաժեշտությունը, ունի պարզ պատկերացումներ համավարակների և դրանցից պաշտպանվելու մասին,
ժ. ունի տարրական պատկերացումներ թվային անվտանգության կանոնների մասին, գիտակցում է սեփական պատասխանատվությունը դրանց հետևելու գործում:
III. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
15. Նախադպրոցական կրթության բովանդակությունը պայմանավորված է նախադպրոցական տարիքային բոլոր փուլերի զարգացման անհատական առանձնահատկություններով:
16. Նախադպրոցական կրթության բովանդակությունը կազմում են նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված` ընկալման, ըմբռնման ու յուրացման համար նախատեսված գիտելիքները, կարողությունները, հմտությունները և տարրական բարոյական արժեքային հարաբերությունները:
17. Նախադպրոցական տարիքի երեխաների կրթության բովանդակությունը հիմնականում ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`
1) շարժողական ոլորտ.
2) խոսքի և հաղորդակցական ոլորտ.
3) հուզական, սոցիալ-անձնային ոլորտ.
4) իմացական ոլորտ.
5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտ:
18. Կրթության բովանդակության` չափորոշչով սահմանված հասանելի մակարդակը ապահովվում է կրթության բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմամբ` երեխաների զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան կազմված, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված Նախադպրոցական կրթական ծրագրի համաձայն:
19. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նախադպրոցական կրթական ծրագրերի կատարումը ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է:
20. Նախադպրոցական կրթական ծրագիրը հիմք է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կրթական գործունեության համապատասխանության օբյեկտիվ գնահատականի համար:
21. Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիրը նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված, տարիքային առանձնահատկություններին համապատասխան` ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակության, կրթության կազմակերպման ձևերի, կիրառվող մեթոդաբանության, տեխնոլոգիաների ամբողջություն է, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
22. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունների ու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի, երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմամբ՝ այդ տարիքի երեխաների առանձնահատկություններին, զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան:
23. Նախադպրոցական կրթական ծրագիրը սահմանում է յուրաքանչյուր տարիքային խմբի կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, կանոնակարգային պահերը, ուսումնական տարվա սկիզբը, ավարտը, հիմնական ուղղություններին հատկացվող շաբաթական և տարեկան պարապմունքների քանակը, սաների շաբաթական բեռնվածության առավելագույն քանակը, ակնկալվող արդյունքներն ըստ զարգացման ոլորտների, գործունեության ձևերի:
24. Նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է զարգացման հետևյալ հիմնական բնագավառներով (ուղղություններով)՝
1) խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողական զարգացում.
2) հուզակամային և սոցիալ-անձնային զարգացում.
3) շարժողական և ֆիզիկական զարգացում.
4) աշխարհաճանաչման ինքնուրույնության, ստեղծագործական ունակությունների և հնարամտության զարգացում.
5) բարոյական, ազգային, էկոլոգիական, իրավական և սեռային գիտակցության և մտածելակերպի զարգացում՝ արժեքային հիմունքների փոխանցմամբ:
25. Նախադպրոցական կրթական ծրագրի հիման վրա մշակվում և հաստատվում են նախադպրոցական կրթության իրականացման, այդ թվում` այլընտրանքային օրինակելի կրթական ծրագրեր և պլաններ` ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկներ:
26. Նախադպրոցական կրթական ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1) համապատասխանությունը նախադպրոցական կրթության չափորոշչին.
2) կրթության աշխարհիկ բնույթը.
3) երեխաների և մեծահասակների փոխգործունեության անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը.
4) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը.
5) նախադպրոցական կրթության բովանդակության մեջ երեխայի խոսքի, տրամաբանության, ֆիզիկական, մտավոր, գեղարվեստական զարգացման, իրավունքներին և պարտականություններին, բնագիտության հիմունքներին ծանոթացման ներառումը:
27. Կրթական ծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն`
1) հետաքրքրասիրության զարգացմանը` որպես նախադպրոցականի ճանաչողական (իմացական) ակտիվության գործոնի.
2) երեխայի ընդունակությունների զարգացմանը.
3) ստեղծագործական երևակայության զարգացմանը.
4) հաղորդակցական հմտությունների ձևավորմանը:
28. Կրթական ծրագրերը պետք է ապահովեն`
1) երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը, ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացումը, յուրաքանչյուր երեխայի հուզական բարվոքությունը.
2) երեխայի անձի, նրա ստեղծագործական ունակությունների զարգացման համար միջավայրի և պայմանների ստեղծումը.
3) համամարդկային արժեքներին, օրինականության գաղափարին հաղորդակցումը, շփումը.
4) ընտանիքի հետ համագործակցությունը՝ երեխայի լիարժեք զարգացման գործում:
29. Կրթական ծրագրերը պետք է նախատեսեն երեխայի կյանքի կազմակերպման 3 ձև`
1) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.
2) խաղային գործունեության տեսակներ.
3) օրվա ընթացքում երեխայի ազատ ժամանակի տնօրինում:
30. Կրթական ծրագրերը պետք է ներառեն երեխաների անհատական և համատեղ գործունեության օպտիմալ համադրումը, նրանց տարիքին առանձնահատուկ գործունեության տեսակների հաշվառմամբ:
31. Երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը և հարաբերակցությունը փոխկապակցված են կրթության բովանդակության, երեխայի տարիքային առանձնահատկությունների և անհատական հնարավորությունների, ուսուցման ձևերի և մեթոդների, հաստատության աշխատանքային ռեժիմի հետ:
32. Ուսումնական և խաղային բեռնվածության հարաբերակցությունում գերակշռում է խաղայինը. ռեժիմային բոլոր պահերն ուղեկցվում են տարբեր խաղերով և խաղային մեթոդներով:
33. Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ընթացքի գնահատումն իրականացվում է մանկավարժների կողմից շարունակական դիտարկման, փաստագրման և անհատական թղթապանակների վարման միջոցով:
34. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում մինչև 1 տարեկան երեխաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներն են (զարգացնող միջավայր, անվտանգության ապահովում, առողջության պահպանում)՝
1) խմբասենյակի տարածքում (այսուհետ` տարածք) առկա են մանեժներ կամ այլ սարքավորումներ, որոնք ապահովում են երեխաների անվտանգությունը.
2) տարածքում առկա է փափուկ հատակ` չորեքթաթ շարժվող երեխաների համար.
3) տարածքում առկա են սարքավորումներ, միջոցներ` երեխաների նստակյաց խաղերի համար.
4) տարածքում առկա են սարքավորումներ, միջոցներ` երեխաների հենաշարժողական ակտիվության համար` ճոճանակ, ճոճաթոռ, շարժաթոռ.
5) տարածքում առկա են գունեղ նկարներ, խաղալիքներ` ինքնուրույն և մեծերի հետ գործունեության ընթացքում կիրառելու համար.
6) տարածքում առկա են երեխաների ձեռքի շարժումներն ու գործողությունները խթանող խաղալիքներ և պարագաներ.
7) խմբում առկա են սյուժետային խաղալիքներ (մանկական կահույք, սպասք, տիկնիկներ, մեքենաներ, կենդանիներ և այլն).
8) առկա են մանկական երաժշտական գործիքներ, ձայնային հնչեղությամբ խաղալիքներ.
9) առկա են նկարազարդ, կտորից գրքեր, գունավոր մատիտներ.
10) առկա են նվագարկիչ, ձայնարկիչ, այլ տեխնիկական միջոցներ:
35. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում 1-ից մինչև 3 տարեկան երեխաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներն են`
1) խմբասենյակում առկա են խաղային պարագաներ երեխաների ճանաչողական զարգացման համար` խճանկար, «մատրյոշկա» տիկնիկներ, բուրգ, երկրաչափական տարբեր անցքերով աղյուսիկներ, բազմագույն խորանարդիկներ, գնդակներ, փոքրիկ մեքենաներ, գրքեր գունեղ նկարներով.
2) առկա են երեխաների սյուժետային խաղերի համար նյութեր. տիկնիկներ, տարբեր չափերի կենդանիներ, տիկնիկների հագուստ, խաղալիք կահույք, տարբեր ձևերի և գույների կառուցողական նյութեր, խաղալիք-հեռախոսներ, խորանարդիկներ, փայտիկներ և այլն.
3) առկա են խաղային նյութեր և սարքավորումներ` երեխաների երաժշտական ունակությունների զարգացման համար.
4) առկա են նյութեր և սարքավորումներ` երեխաների ստեղծագործական գործունեության համար. ալբոմներ, թղթեր, վրձիններ, մատիտներ, ֆլոմաստերներ, պլաստիլին և այլն.
5) բոլոր նյութերը հասու և մատչելի են երեխաներին` աշխատելու համար. մատիտները սրված են, ֆլոմաստերները` թարմ, վրձինները` մաքուր.
6) առկա են խաղալիքներ` զբոսանքների ժամանակ խաղալու համար. փոքրիկ դույլեր, կաղապարներ, բահեր և այլն.
7) առկա են խաղեր և սարքավորումներ` քայլքի և այլ շարժումների համար.
8) տարածքում առկա է երեխաների համատեղ խաղերի համար առանձնացված հատված.
9) բոլոր խաղալիքները, նյութերը երեխաների համար հասանելի են.
10) տարածքը զարդարված է գունեղ նկարներով, ծաղիկներով, բույսերով.
11) խմբասենյակում առկա են դիդակտիկ նյութեր` երեխաների զգայարանների, մանր մկանների համակարգի և սյուժետային խաղերի զարգացման համար.
12) խմբասենյակում և դրանից դուրս ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող երեխաների համար. հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ:
36. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում 3-ից մինչև 6 տարեկան երեխաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներն են`
1) հաստատությունում առկա են՝ սարքավորումներ և դիդակտիկ միջոցներ երեխաների համակողմանի զարգացման համար.
2) տեսալսողական միջոցներ.
3) ալբոմներ, գեղարվեստական գրականություն և այլ նյութեր երեխաների տպավորությունները հարստացնելու համար.
4) ստեղծված են պայմաններ մարդու, պատմության, մշակույթի մասին երեխաների պատկերացումների զարգացման համար. խմբասենյակում առկա են`
դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, նկարների հավաքածուներ), տարբեր սյուժետային խաղային հավաքածուներ, լեգոներ և խաղալիքներ` տարաբնույթ գործունեության ժամանակ երեխաների զարգացման համար.
5) խաղեր երեխաների ինտելեկտուալ զարգացման համար (դոմինո, շաշկի, շախմատ և այլն).
6) խաղալիքներ և սարքավորումներ սենսորային զարգացման համար.
7) դիտողական, նկարազարդ նյութեր.
8) պայմաններ երեխաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.
9) պայմաններ երեխաների առողջության պահպանման և ամրապնդման համար.
10) բժշկական սարքավորումներ երեխաների բուժկանխարգելիչ միջոցառումների համար.
11) հատուկ տարածքներ երեխաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.
12) ստեղծված են խելամիտ ֆիզիկական հարմարեցումներ երեխաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.
13) ստեղծված են պայմաններ երեխաների գեղարվեստագեղագիտական զարգացման համար.
14) տարածքի գեղագիտական ձևավորումներ` ուղղված երեխաների գեղարվեստական զարգացմանը (նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, երեխաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն).
15) ստեղծված են պայմաններ երեխաների թատերական գործունեության զարգացման համար.
16) կան օժանդակ հարմարություններ թատերական գործունեության կազմակերպման համար.
17) առկա են թատրոնների տարաբնույթ տեսակներ (ստվերային, ստվարաթղթային, սեղանային և այլն).
18) առկա են թատերական բեմականացումների համար ատրիբուտներ.
19) ստեղծված են պայմաններ երեխաների երաժշտական գործունեության համար.
20) առկա է երաժշտական դահլիճ.
21) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր՝ տեղադրված համապատասխան զարգացման կենտրոնում.
22) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների կառուցողական գործունեության զարգացման համար.
23) խմբասենյակներում առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տիպի կոնստրուկտորներ, մոզաիկաներ, կտրվածքներով նկարներ, բնական նյութեր՝ տեղադրված համապատասխան զարգացման կենտրոնում.
24) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների էկոլոգիական կրթության համար. առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.
25) հաստատությունում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր), ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).
26) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).
27) հաստատությունում առկա են ազգային պատմությունն ու մշակույթը նկարագրող պաստառներ.
28) հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).
29) առկա են ազգային, ժողովրդական կենցաղի առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.
30) առկա է մանկական գեղարվեստական գրականություն.
31) խմբասենյակում առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, բակում ստեղծված են պայմաններ երթևեկության կանոնները կիրառելու համար.
32) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների ֆիզիկական զարգացման համար. առկա է մարզադահլիճ, դեկորատիվ կամ իսկական լողավազան, ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք.
33) խմբասենյակում առկա են նյութեր և սարքավորումներ երեխաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց. ավազի, արևային ժամացույց և այլն)՝ տեղադրված համապատասխան զարգացման կենտրոնում.
34) համակարգչի առկայություն՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.
35) առկա են նյութեր և սարքավորումներ երեխաների փորձարարական աշխատանքների ցուցադրման համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).
36) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների խոսքի զարգացման համար.
37) առկա է մանկական գրադարան.
38) առկա են առանձին տարածքներ օտար լեզուների ուսուցման համար.
39) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար.
40) առկա են նկարների հավաքածուներ և սեղանային տպագիր խաղեր՝ խոսքի զարգացմանն ուղղված.
41) առկա է առանձին տարածք խաղերի համար.
42) բակում, հողամասում առկա են խաղային սարքավորումներ.
43) հաստատությունում առկա են խաղեր և խաղալիքներ տարբեր տեսակի խաղերի համար. սյուժետադերային, շարժուն, մարզական, դիդակտիկ և այլն.
44) խմբասենյակում առկա են նյութեր, որոնք կարող են հիմք ծառայել` որպես փոխարինող առարկաներ օգտագործելու համար.
45) խմբասենյակում և դրանից դուրս ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող երեխաների համար. հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.
46) նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող սարքերը, սարքավորումները, խաղալիքներն ու նյութերը պետք է համապատասխանեն տարիքին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N 857 հրամանի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 278-Ն որոշման պահանջներին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2021 թվական: