ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2021 թվականի N 875-Լ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-954-29.04.2021ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-954-29.04.2021-ՏՏԳԲ011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Նախևառաջ, հարկ ենք համարում անդրադառնալ նախագծի հիմնավորմանը: Այսպես, առաջարկվող կարգավորումների ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ Հայաստանի համայնքների բնակչության կողմից ամենաշատ բարձրացվող դժգոհություններից են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ապօրինի ծառահատումները: Ծառահատումները հաճախ իրականացվում են սեփականաշնորհված կանաչ տարածքներում, որոնք նախկինում ծառայել են որպես ընդհանուր օգտագործման տարածքներ:
Թեև ակնառու են լինում համայնքի բնակչության իրավունքների խախտումները՝ ծառահատման հետևանքով էկոհամակարգային ծառայություններից զրկվելու առումով, այդուհանդերձ, օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման դեպքում էլ որևէ կերպ չի ապահովվում օրենքի նախագծի հիմնավորմամբ նկարագրված ակնկալվող արդյունքը, այն է՝ բնակչության կողմից էկոհամակարգային ծառայություններից օգտվելու իրավունքի պաշտպանվածության ապահովումը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ նախագծով ակնկալվում է համայնքի ավագանու կողմից սահմանել կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոններ, անկախ նրանից թե ով է տվյալ տարածքի սեփականատերը, որի արդյունքում էլ կերաշխավորվի այդ տարածքների կողմից ապահովվող էկոհամակարգային ծառայություններից օգտվելու բնակչության իրավունքը:
Այս կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է սեփականատիրոջ սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն, սակայն այն կարող է իրականացվել միայն մեկ նպատակի համար, այն է՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հետևաբար, նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումն ուղղակիորեն առնչվում է անձի սեփականության իրավունքի բաղադրատարր հանդիսացող սեփական հայեցողությամբ սեփականությունն օգտագործելու իրավազորության սահմանափակման հետ, գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները բավարար չափով հիմնավորված չեն:
Բացի դրանից, համայնքի վարչական սահմաններում ընդգրկված են լինում նաև պետական սեփականություն հանդիսացող անտառներ և բնության հատուկ պահպանվող տարածքներ, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ ենթաօրենսդրական ակտերով արդեն իսկ սահմանված են վերջիններիս պահպանման և օգտագործման կանոնները, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված չէ «կանաչ տարածքներ» հասկացությունը (որի բովանդակությունից պարզ կլիներ, որ «կանաչ տարածքներ» հասկացության մեջ ներառված չեն, օրինակ, պետական սեփականություն հանդիսացող անտառները և բնության հատուկ պահպանվող տարածքները), ուստի, կարծում ենք, որ նախագծի ընդունման պարագայում կարող է ստացվել այնպես, որ ավագանին պետք է սահմանի նաև պետական սեփականություն հանդիսացող անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների համար պահպանման և օգտագործման կանոններ, որոնք արդեն իսկ սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական այլ ակտերով:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նպատակահարմար չէ։