ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 532-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Խ-483-20.02.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 9 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-483-20.02.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «նախագծով նախատեսված լրացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորմամբ, որի համաձայն՝ ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները: Սակայն իրավունքների ինքնուրույն իրականացման համար պարտադիր է անձի գործունակ լինելը: Գործունակության ձեռքբերման ընդհանուր կանոնից նախատեսված բացառությունն առ այն, որ այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից, բխում է Ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասից:
Բացի այդ նշվում է նաև, որ Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանվում է ամուսնության ավելի ցածր տարիքի հնարավորություն, մասնավորապես՝ անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:
Վերոգրյալի կապակցությամբ նախագծի հեղինակները գտնում են, որ գործող իրավակարգավորումը հնարավորություն չի տալիս նրանց գործունակ ճանաչել և ծնողական իրավունքներն ինքնուրույն իրականացնելու հնարավորություն չի նախատեսում, հետևաբար Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածով նախատեսված կարգավորման գործնական կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտ է Քաղաքացիական օրենսգրքում նախատեսել անչափահասներին գործունակ ճանաչելու ևս մեկ հնարավոր եղանակ:»:
Այս առումով անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրավական կարգավորումները, այսպես՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝
1. Քաղաքացու գործունակությունն իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունն է (քաղաքացիական գործունակություն), որը լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:
2. /…/
3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:
Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝
1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Վերոգրյալ կարգավորումների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ նշված օրենքների ընդհանուր կանոնի համաձայն՝ քաղաքացիական գործունակության ձեռքբերման, ինչպես նաև ամուսնության կնքման համար անհրաժեշտ պահանջ է համարվում քաղաքացու տասնութ տարեկան դառնալու հանգամանքը:
Հարկ է նշել նաև, որ Ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված է, որ ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաև նրանց մայրությունը և (կամ) հայրությունը որոշելիս ծնողներն ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները: Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ և ամուսնության համար տարիքը, և լրիվ գործունակություն ձեռք բերելու տարիքը տասնութ տարեկանն է, ուստի Քաղաքացիական օրենսգրքի և Ընտանեկան օրենսգրքի հիշյալ կարգավորումների մեջ որևէ հակասություն առկա չէ:
Բացի այդ Ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված է, որ մինչև անչափահաս ծնողների ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որը անչափահաս ծնողների հետ համատեղ կիրականացնի այդ երեխայի դաստիարակությունը:
Վերոնշյալ կարգավորումից բխում է, որ մինչև ամուսնության տարիքի հասնելը (տասնութ տարեկան դառնալը) անչափահաս ծնողների երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ:
Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: