Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴԱՈ-168
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.26/26(1581).1 Հոդ.339.1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 9-ի ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունված աշխատակարգում կատարել հետևյալ լրացումները.

1. Սահմանադրական դատարանի աշխատակարգը 180-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

«180.1. Սահմանադրական արդարադատության ոլորտում, ինչպես նաև ժողովրդավարական և իրավական պետության ամրապնդման գործում նշանակալի ավանդի, նվիրումի համար Սահմանադրական դատարանի նախագահը՝ խորհրդակցելով Սահմանադրական դատարանի դատավորների հետ, կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց պարգևատրել Սահմանադրական դատարանի մեդալով: Սահմանադրական դատարանի մեդալի հետ միաժամանակ տրվում է նաև մեդալի վկայական:

180.2. Սահմանադրական դատարանի մեդալի և դրա վկայականի նկարագրությունը սահմանվում է սույն աշխատակարգի 4-րդ հավելվածով»:

2. Սույն աշխատակարգը լրացնել 4-րդ հավելվածով՝ համաձայն հավելվածի:

 

Հավելված

Սահմանադրական դատարանի

2019 թվականի դեկտեմբերի 20-ի

ՍԴԱՈ-168 աշխատակարգային որոշման

 

«Հավելված 4

Սահմանադրական դատարանի

2018 թվականի հուլիսի 9-ի ՍԴԱՈ-1-Ն

որոշմամբ ընդունված Սահմանադրական

դատարանի աշխատակարգի

 

Սահմանադրական դատարանի մեդալի և դրա վկայականի նկարագրությունը

 

1. Սահմանադրական դատարանի մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և սկավառակից: Սկավառակը կապօղակների միջոցով կապվում է կախիչին:

2. Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև՝ պաստառապատված Հայաստանի Հանրապետության դրոշը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն հավասար հորիզոնական շերտեր ունեցող ժապավենով:

3. Մեդալի սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդա Թեմիսը՝ ժապավենով փակված աչքերով (որպես անաչառության խորհրդանիշ), մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ Սահմանադրություն: Սկավառակի վերևի մասում առկա է «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ» մակագրությունը, իսկ հակառակ երեսին նշվում է «THE CONSTITUTIONAL COURT OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, մակագրության տակ՝ մեդալի համարը:

4. Սկավառակը պատրաստված է արույրի համաձուլվածքից, ոսկեպատ է, արտադրվում է դրոշմման եղանակով:

5. Հոբելյանական մեդալի սկավառակի տրամագիծը 32 մմ է, ունի սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված նկարագիրը՝ Ֆեմիդա Թեմիսի պատկերի կողքին պարունակելով նաև հոբելյանը խորհրդանշող թիվ, իսկ թվի ներքևի հատվածում՝ ձիթենու ճյուղ:

6. Մեդալների վկայականները բացված վիճակում ունեն 140 մմ լայնություն և 200 մմ երկարություն: Վկայականի ներդիրները երկլեզու են՝ հայերեն և անգլերեն, և լրացվում են՝ հիմք ընդունելով համապատասխան մեդալի տվյալները»:

 

ՁԵՎ N 1

Սահմանադրական դատարանի մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_20940

 

ՁԵՎ N 2

 

Սահմանադրական դատարանի հոբելյանական մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_20941

 

ՁԵՎ N 3

 

Սահմանադրական դատարանի մեդալի վկայականի

Ներմուծեք նկարագրությունը_20942

 

Սահմանադրական դատարանի
նախագահ

Հ. Թովմասյան

 

20 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴԱՈ-168

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան