Գլխավոր տեղեկություն
Համար
N 1212-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.18/62(1337) Հոդ.970
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1212-Ն

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 20.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթին մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական ու տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները և փաթեթների պատրաստման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 6
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1212-Ն որոշման

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթին մասնակցության հայտերին (այսուհետ` հայտ), մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական ու տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման ընթացակարգը:

2. Հայտեր ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մրցույթի մասին ծանուցումը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև նախարարության www.minenergy.am պաշտոնական կայքում ու www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ մրցույթն սկսվելուց առնվազն 45 օր առաջ:

3. Մրցույթի մասնակից է համարվում այն անձը, որը մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված ժամկետում` սահմանված կարգով նախարարություն է ներկայացրել հայտ:

4. Հայտը մասնակցի կողմից ներկայացվում է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:

5. Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը:

6. Հայտերի գրանցման գրանցամատյանում նշվում են`

1) հաշվառման հերթական համարը, օրը, ամիսը, տարեթիվը և ժամը.

2) մրցույթի ծածկագիրը.

3) հայտատուի անվանումը, հասցեն, էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը:

7. Հայտին կից մրցույթի մասին հայտարարության ցանկով նախատեսված փաստաթղթերը (թղթային կամ էլեկտրոնային կրիչով) ներկայացվում են փակ ծրարով` մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ առձեռն կամ պատվիրված նամակով՝

1) ծրարում ներառված փաստաթղթերը պետք է նշագրված լինեն և կազմված՝ բնօրինակից ու մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից: Փաստաթղթերի վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը.

2) ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները՝

ա. մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտը ներկայացնելու վայրը (հասցեն),

բ. «Չբացել՝ մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը,

գ. մրցույթի ծածկագիրը,

դ. հայտատուի անվանումը, հասցեն, էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը:

8. Լիազոր մարմինը հայտն ընդունելուց հետո անմիջապես մրցույթի մասնակցին առձեռն տալիս է կամ վերջինիս փոստային կամ էլեկտրոնային հասցեին ուղարկում է տեղեկանք մրցույթի հայտն ընդունելու մասին:

9. Սույն կարգի պահանջներին չհամապատասխանող հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերին կից ծրարն առանց բացվելու մերժվում է և վերադարձվում է ներկայացնողին:

10. Մրցույթի մասնակիցը, մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Հայտի փոփոխությունը կատարվում է հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

11. Հայտերի բացման նիստի օրը նշանակվում է հայտերի ընդունման վերջին օրը` եթե այլ ժամկետ չի սահմանված մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ:

12. Մրցույթին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N 439-Ն որոշման համաձայն հատուկ թույլտվություն ստացած իրավաբանական անձինք:

13. Մինչև մրցույթի կայացման մասին հայտարարություն տալը նախարարությունը պատրաստում է մրցութային փաթեթը, որը ներառում է՝

1) հայտարարության տեքստը, որում նշվում են`

ա. մրցույթի առարկան,

բ. մրցույթի անցկացման վայրը, օրն ու ժամը,

գ. մրցույթի կազմակերպչի անվանումը,

դ. փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը,

ե. մրցույթին մասնակցության համար հայտատուի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

զ. մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը,

է. հայտերի բացման նիստի օրը,

ը. մրցույթի ծածկագիրը.

2) ընդերքի տեղամասի երկրաբանական և աշխարհագրական նկարագրությունը.

3) ընդերքի տեղամասի կոորդինատները.

4) տեղեկություն նախկինում կատարված աշխատանքների մասին.

5) տեղեկություն ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողատարածքների սեփականատերերի և կնքված հողօգտագործման նախնական պայմանագրերի վերաբերյալ։

14. Սույն կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ պահանջվող փաստաթղթերն են`

1) պետական գրանցման վկայականի պատճենը կամ պետական գրանցման համարը.

2) ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության առաջարկվող ծրագիրը.

3) տեղեկություն նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման, միջազգային փորձի, նախատեսվող ներդրումների ծավալի, իրականացվելիք աշխատանքների ժամկետների, ստեղծվելիք աշխատատեղերի թվի վերաբերյալ.

4) տեղեկություն աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ.

5) տեղեկություն ֆինանսական և տեխնիկական կարողությունների մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման պահանջներին համապատասխան:

15. Հայտին կից ներկայացված փաստաթղթերում վրիպակների կամ բացթողումների հայտնաբերման դեպքում, մրցութային հանձնաժողովի որոշմամբ, մինչև տվյալ մրցույթի անցկացման օրը հայտատուին տրամադրվում է ժամանակ` նշված վրիպակները կամ թերությունները՝ մինչև մրցույթի անցկացման օրը վերացնելու կամ ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակներն ինքնուրույն ուղղելու համար։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան