Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.03.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.02/78(1258) Հոդ.1032
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.03.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0137/01/14

ՍԴ/0137/01/14

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

Դատավորներ`  

Մ. Պետրոսյան

Ա. Պետրոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

ե. դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ  
  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

2016 թվականի մարտի 30-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Լևոն Արմենակի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի ապրիլի 4-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում թիվ 41106613 քրեական գործի նյութերով հարուցվել է թիվ 41105114 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և առանձնացվել առանձին վարույթում:

2014 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ Լ. Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Լ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2014 թվականի օգոստոսի 11-ին Լ.Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճռով Լ. Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Լ. Պետրոսյանն ազատվել է նշանակված պատժից: Լ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:

3. Պաշտպան Հ. Դավթյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մայիսի 12-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճիռը և Լ. Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է և քրեական գործի վարույթը կարճել է` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Լ. Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, աշխատելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ և հանդիսանալով պաշտոնատար անձ, դիտավորությամբ կատարել է գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և պետության օրինական շահերին պատճառել են էական` 7.350.000 ՀՀ դրամ վնաս:

Այսպես.

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանական տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա, իսկ իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` իրավախախտողի կողմից 10-օրյա ժամկետում, բանկային համակարգի միջոցով ՀՀ պետական բյուջե վնասի հատուցման գումարն ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` տեսչական մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:

2012 թվականի հունվարի 11-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ թափուկատարի վթարի հետևանքով 1465 քառակուսի մետր հողատարածք աղտոտվելու կապակցությամբ 2012 թվականի հունվարի 12-ին կազմվել է իրավախտման արձանագրություն և կատարվել պատճառված վնասի հաշվարկ, որի համաձայն` 1465 քառակուսի մետր հողատարածքի աղտոտման հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 14.650.000 ՀՀ դրամ վնաս:

2012 թվականի փետրվարի 6-ին Լ. Պետրոսյանը «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ տնօրենին կից գրությամբ ուղարկել է վերը նշված արձանագրությունը և հաշվարկը` մեկամսյա ժամկետում 14.650.000 ՀՀ դրամ գումարը պետական բյուջե վճարելու պահանջով, նախազգուշացնելով չվճարելու դեպքում գումարի բռնագանձումն իրականացնել դատական կարգով: Մինչդեռ շուրջ երկու ամիս անց` 2012 թվականի ապրիլի 25-ին ընկերության տնօրենից ստացել է շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկի ընկերության կողմից կատարված տարբերակը և դուրս գալով «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, ընդունել է այն` համաձայնելով պետական բյուջե վնասի միայն մի մասը` 7.300.000 ՀՀ դրամը վճարելու առաջարկին` ակնհայտորեն դուրս գալով օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական` 7.350.000 ՀՀ դրամ վնաս: Հետագայում Լևոն Պետրոսյանի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել վնասի չվճարված մասը` 7.350.000 ՀՀ դրամ գումարն ընկերությունից բռնագանձելու ուղղությամբ»:

6. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի պետին ուղղված 2014 հունիսի 5-ի գրությամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ Ա. Ավագյանը հայտնել է, որ օրենքով սահմանված կարգով կազմված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության պոչատարի խողովակաշարի վրա տեղի ունեցած վթարի արդյունքում հասցված վնասի հաշվարկում փոփոխություն կատարելու նպատակով վերադասին դիմելու կամ վնասի հաշվարկում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնություն տալու որևէ նորմ, կարգ կամ ընթացակարգ ՀՀ իրավական ակտերով նախատեսված չէ (տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթ 132):

7. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 29-ի դատական նիստի ժամանակ Լ. Պետրոսյանի պաշտպանը միջնորդել է հետաձգել դատական նիստը ամբաստանյալ Լ. Պետրոսյանի` տեսչության պետին ուղղված 2012 թվականի հունվարի 13-ի զեկուցագիրը և 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 3.8.10/Ն գրության շարժը հավաստող գրավոր փաստաթուղթը ձեռք բերելու համար: Հետագա երկու` 2014 թվականի հոկտեմբերի 1-ի և 10-ի դատական նիստերը հետաձգվել են պաշտպանի, ապա` ամբաստանյալի չներկայանալու պատճառներով (տե'ս Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 29-ի, հոկտեմբերի 1-ի և 10-ի դատական նիստերի արձանագրությունները):

2014 թվականի հոկտեմբերի 20-ի դատական նիստի ժամանակ պաշտպանը միջնորդել է քրեական գործով վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել։ Իր միջնորդությունը պաշտպանը, ի թիվս այլոց, հիմնավորել է նրանով, որ Լ. Պետրոսյանը գործել է վերադասի ցուցումով։ Պաշտպանի միջնորդության կապակցությամբ մեղադրողը հայտարարել է, որ քրեական գործում չկա որևէ ապացույց այն մասին, որ Լ. Պետրոսյանը ընկերության կողմից առաջարկվող վերահաշվարկի մասին գրավոր զեկուցել է տեսչության պետին, իսկ վերջինս տվել է իր գրավոր համաձայնությունը (տե'ս Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 20-ի դատական նիստի արձանագրությունը):

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ դատական վիճաբանությունների փուլում պաշտպանը և ամբաստանյալն իրենց ճառերում հիշատակել են գրավոր փաստաթղթերի մասին, որոնք հիմնավորում են, որ Լ. Պետրոսյանը գործել է վերադասի ցուցումով։ Նույն նիստի ժամանակ մեղադրողը ռեպլիկի կարգով հանդես է եկել հայտարարությամբ, որ նշված հանգամանքները հաստատող` պաշտպանի և ամբաստանյալի նշած գրավոր ապացույցները դատաքննության ընթացքում չեն հետազոտվել, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` իրենց ճառերում կողմերն իրավունք չունեն հիմնվել այնպիսի ապացույցների վրա, որոնք չեն հետազոտվել դատաքննության ժամանակ: Նախագահող դատավորը փաստել է, որ նախորդ դատական նիստերի ժամանակ ևս պաշտպանության կողմը վկայակոչել է նշված փաստաթղթերը, սակայն այդպես էլ դրանք չի ներկայացրել։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նշված փաստաթղթերը վերաբերում են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների, որոնք դեռևս չեն պարզվել, իսկ ամբաստանյալն էլ իր անմեղությունը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու պարտականություն չունի` Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել դատաքննությունը վերսկսելու և կոնկրետ հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, մասնավորապես` վկաներ հրավիրելու մասին։ Պաշտպանն Առաջին ատյանի դատարանի որոշման առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որ դատաքննությունը վերսկսելու պարագայում վերջինս համապատասխան գրավոր փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն կունենա։ Նույն նիստի ժամանակ նախագահողի այն հարցին, թե կոնկրետ ով է Լ. Պետրոսյանին ցուցում տվել ընկերության վերահաշվարկի առաջարկվող տարբերակն ընդունելու մասին, Լ. Պետրոսյանը պատասխանել է, որ ոչ մեկն իրեն նման ցուցում չի տվել, և որ ինքը որևէ գրավոր ապացույց կամ այն ներկայացնելու ցանկություն չունի։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել դատական նիստը հետաձգելու, Ա. Ավագյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին (տե'ս Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 27-ի դատական նիստի արձանագրությունը)։

2014 թվականի նոյեմբերի 18-ի և նոյեմբերի 28-ի դատական նիստերին Ա. Ավագյանը առողջական վիճակի պատճառով չի ներկայացել, և Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել դատական նիստը հետաձգելու և վկայի մասնակցությունն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու մասին (տե'ս Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 18-ի և նոյեմբերի 28-ի դատական նիստերի արձանագրությունները)։

2014 թվականի դեկտեմբերի 9-ի դատական նիստին Ա. Ավագյանը դարձյալ չի ներկայացել, սակայն ուղարկել է ստացիոնար բուժման մեջ գտնվելու մասին համապատասխան տեղեկանք։ Ա. Ավագյանը գրավոր խնդրել է նաև հիմք ընդունել իր կողմից նախաքննության մարմնին ներկայացված գրությունը, և ևս մեկ անգամ նշել, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության պոչատարի խողովակաշարի վրա տեղի ունեցած վթարի արդյունքում հասցված վնասի հաշվարկի վերաբերյալ արձանագրությունը կամ հասցված վնասի չափը որևէ փոփոխության չի ենթարկվել (տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթ 130): Առաջին ատյանի դատարանը, լսելով կողմերի կարծիքը և հաշվի առնելով, որ պաշտպանը և ամբաստանյալը չեն առարկում, որոշում է կայացրել վկային չհրավիրելու և քրեական գործում առկա գրությունը հիմք ընդունելու մասին։ Նույն նիստի ժամանակ դատական վիճաբանությունների փուլում պաշտպանը հայտնել է, որ նշված ապացույցների բացակայությունը նախաքննության մարմնի կողմից գործի հանգամանքների ոչ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու արդյունք է (տե'ս Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 9-ի դատական նիստի արձանագրությունը):

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում պաշտպանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու Լ. Պետրոսյանի` տեսչության պետին ուղղված 2012 թվականի հունվարի 13-ի զեկուցագիրը և 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 3.8.10/Ն գրությունը, միջնորդել է այն ընդունել` հաշվի առնելով, որ այն ստանալու հնարավորություն դատավճիռ կայացնելուց հետո է ընձեռվել: Բողոքին պաշտպանը կցել է նաև զեկուցագրի և գրության շարժը փաստող քաղվածքներ «Մալբրի» համակարգից (տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 165 և 167):

8.1. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և քրեական գործը Վերաքննիչ դատարանի դատական նիստում քննության նշանակելու մասին 2015 թվականի հունվարի 20-ի որոշման մեջ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «[Վ]երաքննիչ բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով չեն ներկայացվել նոր նյութեր կամ միջնորդություններ, ուստի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պետք է վերանայել գործում եղած ապացույցներով: Վերաքննիչ դատարանում գործը պետք է քննել Վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով» (տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթ 181):

8.2. Վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ, մասնավորապես` 2015 թվականի մարտի 17-ի դատական նիստի ընթացքում Վերաքննիչ դատարանը, բավարարելով պաշտպանության կողմի միջնորդությունը, որոշում է կայացրել դատական նիստը հետաձգելու մասին` ՀՀ բնապահպանության նախարարությունից քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագիրը պահանջելու համար (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 235):

9. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 12-ի դատական նիստի ժամանակ Հ. Դավթյանը միջնորդել է որպես ապացույց գործին կցել և հետազոտել Լ. Պետրոսյանի` տեսչության պետին ուղղված 2012 թվականի հունվարի 13-ի զեկուցագիրը և 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 3.8.10/Ն գրությունը, դրանց շարժը փաստող` «Մալբրի» համակարգից քաղվածքները: Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու այդ ապացույցները, քանի որ Առաջին ատյանի դատարանը վերջին դատական նիստի ժամանակ մերժել է նշված ապացույցները ձեռք բերելու համար դատական նիստը հետաձգելու իր միջնորդությունը: Մեղադրողն առարկել է նոր ապացույցներ հետազոտելու միջնորդության դեմ` նշելով, որ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ պաշտպանության կողմին բազմիցս հնարավորություն է տրվել ներկայացնել այդ նյութերը, դեռ ավելին, նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալը հայտարարել է, որ ինքը որևէ գրավոր ապացույց կամ այն ներկայացնելու ցանկություն չունի։

Լսելով կողմերի կարծիքը` Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել տեսչության պետին ուղղված 2012 թվականի հունվարի 13-ի զեկուցագիրը և 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 3.8.10/Ն գրությունը, դրանց շարժը փաստող` «Մալբրի» համակարգից քաղվածքները ճանաչել այլ փաստաթուղթ, կցել քրեական գործին և դրանք քննարկման առարկա դարձնելու համար անցնել վերաքննության կարգի: Ապա ճշգրտելով, որ կողմերը ներկայացված նոր ապացույցների վերաբերյալ միջնորդություններ չունեն` Վերաքննիչ դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին (տե'ս Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 12-ի դատական նիստի արձանագրությունը):

10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում փաստել է.«(…) 13.01.2012թ. զեկուցագրով Սյունիքի ՏԲ պետ Լ. Պետրոսյանը հայտնել է, որ «2012թ. հունվարի 12-ին ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի մի քանի բնակչից այն մասին, որ «Դինգո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ թափուկատարը վթարվել է և պոչանքները արտահոսել են շրջակա միջավայր: Բաժնի պետի տեղակալ Ա. Հովակիմյանը և պետ. տեսուչ Վ. Մարտիրոսյանը պաշտոնատար աշխատակիցների հետ տեղանքում կատարել են ուսումնասիրություն, չափագրել արդյունաբերական պոչանքներով աղտոտված տարածքի մակերեսը և կազմել արձանագրություն»: Զեկուցագրին կից ներկայացվել է «ԴԳՄՔ» ՓԲԸ թափուկատարի վթարի հետևանքով արտահոսած արդյունաբերական թափոններով հողի վերին շերտի աղտոտման մասին» 12.01.2012թ. կազմված արձանագրությունը:

Բնապահպանական պետական տեսչության պետ Ա. Ավագյանին 26.04.2012թ. ուղղված 23.8.10/ն-86 զեկուցագրով Սյունիքի տարածքային բաժնի պետ Լ. Պետրոսյանը հայտնել է հետևյալը. «Կից ներկայացնում եմ «ԴԳՄՔ» ՓԲԸ-ի հունվարի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկի ընկերության կողմից ընդունված տարբերակը: Խնդրում եմ Ձեզ տալ ցուցում հաշվարկի ընդունման և հետագա ընթացքի վերաբերյալ»: Զեկուցագրին կից ներկայացվել է 2012թ. հունվարի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկի «ԴԳՄՔ» ՓԲԸ-ի կողմից ընդունված տարբերակը:

Վերոնշյալ զեկուցագրի շրջադարձին առկա` «Mulberri» համակարգից կատարված քաղվածքից երևում է, որ «ԴԳՄՔ» ՓԲԸ-ն հունվարի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկի ընկերության կողմից ընդունված տարբերակը Սյունիքի ՏԲ պետ Լ. Պետրոսյանի կողմից ուղարկվել է բնապահպանական պետական տեսչության ղեկավարության հաստատմանը: Այդ նույն օրը` 26.04.2012թ. տեսչության ղեկավարությունը համաձայնություն է տվել հաշվարկի ներկայացված տարբերակին և միաժամանակ ընկերությանը հանձնարարվել է 720 մ քառ. աղտոտված հողատարածքը նույնպես մաքրել թափված խույսից:

(…)

Ինչպես երևում է գործում եղած և լրացուցիչ ներկայացված ապացույցներից /մասնավորապես` 26.04.2012թ. Ա. Ավագյանին ուղարկված զեկուցագրից/ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լ. Պետրոսյանը 2012թ. ապրիլի 25-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ տնօրենից ստանալով շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկի ընկերության կողմից կատարված տարբերակը, ոչ թե ընդունել է այն` համաձայնելով պետական բյուջե վնասի միայն մի մասը 7.300.000 ՀՀ դրամը վճարելու առաջարկին, այլ համապատասխան զեկուցագրով 26.04.2012թ. այն ներկայացրել է ԲՊՏ պետին` խնդրելով տալ ցուցում հաշվարկի ընդունման և հետագա ընթացքի վերաբերյալ: Նույն օրը ԲՊՏ ղեկավարությունը տվել է համաձայնությունը ընկերության կողմից կատարված տարբերակին, այդ մասին տեղեկացվել է Սյունիքի տարածքային բաժնի պետ Լ. Պետրոսյանը և վերջինս 27.04.2012թ. «ԴԳՄՔ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ի. Գարկովին ուղղված գրությամբ հայտնել է, որ. «Ձեր կողմից 25.04.2012թ. թիվ 116 գրությամբ ներկայացված հաշվարկը, 7.300.000 ՀՀ դրամի չափով, ընդունվել է բնապահպանական պետական տեսչության կողմից և նշված գումարը պետք է փոխանցվի պետ. բյուջե` 900005024063 հաշվին: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 720 քառ. մետր աղտոտված հողատարածքը, սեղմ ժամկետում, անհրաժեշտ է մաքրել թափված ապարախյուսից և տարածքը բերել նախկին տեսքի»:

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնավորված չէ Լ. Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, նկատի ունենալով, որ վերջինս հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ և հանդիսանալով պաշտոնատար անձ, դիտավորությամբ չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից: Լ. Պետրոսյանը ինքնուրույն որոշում չի կայացրել շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկի ընկերության կողմից կատարված տարբերակն ընդունելու վերաբերյալ, այլ այդ մասին զեկուցել է ԲՊՏ ղեկավարությանը, և վերջինիս դիրքորոշումը փոխանցել է ընկերությանը, որը չի կարող գնահատվել որպես իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություն: Այսինքն, Լ. Պետրոսյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը:

Բացի այդ, Լ. Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու պահին` 2014թ. հուլիսի 17-ին առկա չի եղել նաև պետության օրինական շահերին պատճառված վնաս, քանի որ շրջակա միջավայրին վնաս պատճառած ընկերության կողմից մինչև այդ արդեն իսկ ՀՀ պետական բյուջե է վճարվել վնասի հատուցման գումարը` 7.350.000 ՀՀ դրամը:

Ինչ վերաբերվում է Լ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի այն մասին, որի համաձայն` «…հետագայում Լևոն Պետրոսյանի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել վնասի չվճարված մասը` 7.350.000 ՀՀ դրամ գումարը ընկերությունից բռնագանձելու ուղղությամբ», ապա այն նույնպես հիմնավորված չէ (…):

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լ. Պետրոսյանի կողմից վնասի չվճարված մասը` 7.350.000 ՀՀ դրամը ընկերությունից բռնագանձելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը պայմանավորված է եղել նրանով, որ ԲՊՏ ղեկավարությունը համաձայնվել է վնասի հաշվարկի ընկերության ներկայացրած տարբերակին, և ինքը ինքնուրույն` առանց տեսչության պետի լիազորության շրջակա միջավայրին պատճառած վնասի հատուցման վերաբերյալ դատական մարմիններ հայց չէր կարող ներկայացնել» (տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 270-271):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանը, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելով, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, ստորադաս դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածը, ինչի արդյունքում հանգել է ոչ իրավաչափ եզրակացության, որ մեղադրյալ Լ. Պետրոսյանի արարքում բացակայում են հանցակազմի հատկանիշները: Վերլուծելով «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը` բողոքաբերը փաստարկել է, որ բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանական տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա, իսկ վնասի հատուցման այլ կարգ, այդ թվում` վերահաշվարկ, նոր հաշվարկ գոյություն չունի, և տեսչական մարմինը պարտավոր է վնասի հատուցումը կատարել արդեն իսկ կազմված արձանագրության և դրա անբաժանելի մասը կազմող վնասի հաշվարկի հիման վրա:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Լ. Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու պահին` 2014 թվականի հուլիսի 17-ին, առկա չի եղել պետությանը պատճառված վնաս, քանի որ շրջակա միջավայրին վնաս պատճառած ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե է վճարվել վնասի հատուցման գումարը` 7.350.000 ՀՀ դրամը, բողոքաբերը փաստարկել է, որ մեղադրանք առաջադրելու պահին ոչ թե վնաս առկա չի եղել, այլ պատճառված վնասը հատուցված է եղել, ինչն ինքնին ամբաստանյալին մեղսագրված արարքի քրեաիրավական որակման հարցում որևէ նշանակություն չէր կարող ունենալ:

12. Անդրադառնալով ստորադաս դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտումներին` բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, ի սկզբանե ունենալով բողոքին կից ներկայացված նոր նյութեր, որոշում է կայացրել բողոքի քննությունը վճռաբեկության կարգով իրականացնելու մասին, սակայն ոչ միայն կատարել է նշված փաստաթղթերի հետազոտություն, այլև սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել ՀՀ բնապահպանական պետական տեսչությունից Սյունիքի տարածքային բաժնի պետի պաշտոնի անձնագիրը պահանջելու և գործին կցելու մասին: Դրանից հետո միայն Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել գործի քննության վճռաբեկության կարգից վերաքննության կարգին անցնելու մասին: Բացի այդ, պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքին կցված փաստաթղթերը Վերաքննիչ դատարանն ընդունել, մինչև վճռաբեկության կարգից վերաքննության կարգի անցնելը հետազոտել և որպես այլ փաստաթուղթ ապացույց է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ: Վերաքննիչ բողոքին կից պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը Վերաքննիչ դատարանը ճանաչել է ապացույց այն հիմնավորմամբ, որ Առաջին ատյանի դատարանն անհիմն մերժել է նշված փաստաթղթերը ստանալու համար ժամանակ տրամադրելու պաշտպանական կողմի միջնորդությունը, մինչդեռ Առաջին ատյանի դատարանում գրեթե բոլոր դատական նիստերի ժամանակ ամբաստանյալին առաջարկվել է դատարան ներկայացնել վերադասին զեկուցագիր ներկայացնելը հավաստող փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են: Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարան ներկայացված` Լ. Պետրոսյանի` 2012 թվականի հունվարի 13-ի և 2012 թվականի ապրիլի 26-ի զեկուցագրերի` «Mulberri» համակարգից կատարված քաղվածքները որպես ապացույց ճանաչելով` Վերաքննիչ դատարանը միջոցներ չի ձեռնարկել պարզելու, թե արդյոք ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից Լ. Պետրոսյանին տրվել է հանձնարարություն, թե ոչ, եթե այո, ապա կոնկրետ ում կողմից, երբ, ինչ իրավական ակտերի հիման վրա և ինչ հանձնարարություն է տրվել: Իսկ ներկայացված փաստաթղթերը, բողոքաբերի կարծիքով, ընդամենը փաստում են ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետի և դրա կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող Սյունիքի տարածքային բաժնի միջև փաստաթղթերի շրջանառության ընթացքը, որևէ պաշտոնական հավաստում, ստորագրություն չեն պարունակում, և ի վերջո, քրեական գործում առկա չէ որևէ ուղղակի ապացույց առ այն, որ Լ. Պետրոսյանի վերադասը հանձնարարություն է տվել ընդունելու ընկերության կողմից 14.650.000 ՀՀ դրամի փոխարեն 7.300.000 ՀՀ դրամ գանձելու առաջարկված հաշվարկի տարբերակը կամ ընկերությանը «փոխանցելու» տեսչության դիրքորոշումը: Բողոքաբերի պնդմամբ նույն քաղվածքների ուսումնասիրությունից պարզ չէ, թե որ պաշտոնատար անձն է կոնկրետ հանձնարարությունը տվել: Դատական ակտ կայացնելու համար առանցքային նշանակություն ունեցող վերոհիշյալ հանգամանքները պարզելու ուղղությամբ Վերաքննիչ դատարանի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել բնապահպանական պետական տեսչության պետ Ա. Ավագյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու ուղղությամբ: Վերոհիշյալ հակասությունների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը, բողոքաբերի պնդմամբ, ենթադրությունների հիման վրա հաստատված է համարել, որ տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետն ընդամենը կատարել է վերադաս մարմնի` ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետի հանձնարարությունը:

13. Ըստ բողոքաբերի` եթե անգամ Լ. Պետրոսյանը ինքնուրույն որևէ որոշում չի կայացրել և կատարել է վերադասի հանձնարարությունը, ապա այս դեպքում նույնպես նա, ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ենթակա չէր քրեական պատասխանատվությունից ազատման, քանի որ «ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով»:

14. Բողոքաբերի պնդմամբ բողոքարկվող դատական ակտը նաև հակասում է Վճռաբեկ դատարանի` Սիլվա Խաչատրյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԱՐԴ/0089/01/12 որոշմանը, համաձայն որի` երբ դատարանի կողմից փաստական հանգամանքները պարզելու նպատակով կատարվել է ապացույցների հետազոտում, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում չի կարող կայացվել. այդ դեպքում դատական ակտով պետք է փաստվի և հռչակվի անձի անմեղությունը` ապահովելու համար նրա ամբողջական ռեաբիլիտացումը հասարակության աչքերում:

15. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 9-ի դատական ակտին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանում գործի քննության կարգի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

 

I. Վճռաբեկության կարգով գործի քննության իրականացումը.

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի կողմից պահպանվել է արդյոք գործի քննությունը վճռաբեկության կարգով իրականացնելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգը:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Բացառիկ դեպքերում կողմերն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանների հիմքերը հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր նյութեր կամ միջնորդելու դատարան կանչել իրենց նշած վկային կամ փորձագետին, նշանակելու փորձաքննություն, եթե նրանք հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու այդ նյութերը, կանչելու վկային կամ փորձագետին, ինչպես նաև առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն`

«1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

2. Բացառությամբ սույն օրենսգրքի 45.1 գլխի կանոններով քննված գործերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում` նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է սույն գլխում շարադրված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով»:

Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգի առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ. Հախնազարյանի գործով որոշման մեջ` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը.«(…) [Վ]երաքննիչ դատարանում գործերի քննությունը կարող է իրականացվել կա՛մ վերաքննության կարգով (քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ գլխի կանոններով) կա՛մ վճռաբեկության կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կանոններով):

(…) Վերաքննիչ դատարանը կարող է գործը քննել վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով միայն այն դեպքում, երբ`

ա) դատական նիստ նշանակելու մասին որոշման մեջ նշել է այդ մասին և հիշյալ որոշումը պատշաճ կարգով ուղարկվել է դատավարության մասնակիցներին,

բ) վերաքննիչ բողոք կամ բողոքի պատասխան ներկայացրած կողմը նոր նյութեր չի ներկայացրել և չի միջնորդել հավաքելու կամ հետազոտելու նոր ապացույցներ, կամ վերաքննիչ դատարանն այն համոզման է եկել, որ կողմը, միջնորդելով գործին կցել նոր նյութեր, կամ դատարան կանչել իր նշած վկային կամ փորձագետին կամ նշանակել փորձաքննություն, չի հիմնավորել, որ առաջին ատյանի դատարանում օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կատարելու վերոնշյալ գործողությունները, կամ որ դրանց կատարման վերաբերյալ միջնորդությունները առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել են անհիմն: (…)» (տե'ս Վճռաբեկ դատարանի` Գևորգ Հախնազարյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0219/01/08 որոշման 11-րդ և 19-րդ կետերը):

19. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք կամ բողոքի պատասխան ներկայացրած կողմը նոր նյութեր է ներկայացնում կամ միջնորդում է հավաքելու կամ հետազոտելու նոր ապացույցներ, ապա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, արձանագրելով այդ փաստը, կարող է գործի քննությունն իրականացնել վճռաբեկության` քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կանոններով, եթե պատճառաբանված կերպով գալիս է այն համոզման, որ կողմը, նոր նյութեր կամ միջնորդություններ ներկայացնելով, չի հիմնավորել, որ առաջին ատյանի դատարանում օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կատարելու այդ գործողությունները, կամ որ դրանց կատարման վերաբերյալ միջնորդություններն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել են անհիմն: Իսկ արդեն վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը իրավասու չէ իրականացնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կանոններով չնախատեսված գործողություն, այդ թվում` այնպիսի գործողություն, որն ուղղված է նոր նյութ ձեռք բերելուն:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոքին պաշտպանը կցել է տեսչության պետին ուղղված 2012 թվականի հունվարի 13-ի զեկուցագիրը և 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 3.8.10/Ն գրությունը, դրանց շարժը փաստող քաղվածքները «Մալբրի» համակարգից, որոնք իր պնդմամբ Առաջին ատյանի դատարանում ներկայացնելու հնարավորություն չի ունեցել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատական նիստ նշանակելու որոշման մեջ արձանագրել է, որ բողոքին կից նոր նյութեր կամ միջնորդություններ չեն ներկայացվել և որոշել է գործի քննությունն իրականացնել վճռաբեկության կարգով (տե՛ս սույն որոշման 8.1.-րդ կետը): Ընդ որում, վճռաբեկության կարգով գործի քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը իրականացրել է նոր նյութ ձեռք բերելուն ուղղված գործողություն, իսկ հետագայում անցել է վերաքննության կարգով քննությանը` հիմնավոր համարելով վերաքննիչ բողոքին կից ներկայացված նույն ապացույցները հետազոտելու միջնորդությունը (տե՛ս սույն որոշման 8.2.-րդ և 9-րդ կետերը):

21. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալների նկատմամբ կիրառելով Գ. Հախնազարյանի վերաբերյալ որոշմամբ, ինչպես նաև սույն որոշման 19-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի պահպանել գործի քննությունը վճռաբեկության կարգով իրականացնելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգը:

 

II. Գործի քննության վճռաբեկության կարգից անցումը վերաքննության կարգին.

22. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը, գործի քննության վճռաբեկության կարգից անցում կատարելով վերաքննության կարգին, պահպանել է արդյոք դրա համար անհրաժեշտ իրավական ընթացակարգը:

23. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից գործի քննության վերաքննության կարգից վճռաբեկության կարգին կամ հակառակը` վճռաբեկության կարգից վերաքննության կարգին անցում կատարելու իրավական հարցերին Վճռաբեկ դատարանը անդրադարձել է Գ. Հախնազարյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` արտահայտելով հետևյալ դիրքորոշումը.«[Ե]թե վերաքննիչ դատարանը գործը դատական քննության նշանակելու մասին որոշման մեջ չի նշել վճռաբեկության կարգով գործը քննելու իր մտադրության մասին, ապա այլևս չի կարող բողոքի քննության ժամանակ փոխել այդ որոշումը և գործը քննել վճռաբեկ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով: Սակայն, եթե վերաքննիչ դատարանը որոշել է գործը քննել վճռաբեկ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով, ապա գործի քննության ժամանակ կարող է փոխել որոշումը և գործը քննել վերաքննիչ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով, եթե օբյեկտիվորեն առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերը (տե'ս Վճռաբեկ դատարանի` Գևորգ Հախնազարյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0219/01/08 որոշման 19-րդ կետը):

23.1. Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ի տարբերություն գործի քննության վերաքննության կարգից վճռաբեկության կարգին անցում կատարելուն` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասու է գործը դատական քննության նշանակելու մասին որոշման մեջ այն վճռաբեկության կարգով քննելու մասին նշում կատարելուց հետո փոխել այդ որոշումը և գործը քննել վերաքննության կարգով, եթե հիմնավոր է համարում կողմի այն պարզաբանումները, որ նոր նյութեր կամ նոր ապացույցներ հավաքելու կամ հետազոտելու միջնորդություններ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացնելը պայմանավորված է նրանով, որ դրանք առաջին ատյանի դատարան ներկայացնելու օբյեկտիվ հնարավորությունը բացակայել է կամ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն մերժվել է:

24. Զարգացնելով Գ. Հախնազարյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից գործի քննության վճռաբեկության կարգից վերաքննության կարգին անցում կատարելու համար անհրաժեշտ պայմանն այն է, որ նոր նյութ, ինչպես նաև նոր ապացույց հավաքելու կամ հետազոտելու միջնորդությունը առաջին ատյանի դատարան կողմի չներկայացնելը պայմանավորված լինի օբյեկտիվ, անձի կամքից անկախ պատճառներով: Այլ կերպ` կողմը պետք է մատնանշի այդպիսիք առաջին ատյանի դատարան չներկայացնելու պատճառները, ընդ որում, հիմնավորի, որ դրանք առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ անարգել կամ ողջամիտ ջանքերի գործադրման արդյունքում էլ չէին կարող ներկայացվել: Դա, մասնավորապես, վերաբերում է այն դեպքերին, երբ`

- առաջին ատյանի դատարանն անհիմն հրաժարվել է նոր նյութն ընդունելուց և հետազոտելուց կամ անհիմն մերժել կողմի` նոր ապացույց հավաքելու միջնորդությունը,

- առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ այդ նյութն օբյեկտիվորեն առկա է եղել, սակայն այն ներկայացնելու որևէ հնարավորություն անձը չի ունեցել,

- առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ այդ նյութն օբյեկտիվորեն առկա չի եղել և առաջացել է գործի քննության ավարտից հետո: Ընդ որում, առաջին ատյանի դատարանում գործի քննության ավարտից հետո առաջացած նոր նյութի ընդունելիության հարցը լուծելիս վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առնի այն, թե արդյոք անձի կողմից համապատասխան կամահայտնություն դրսևորվելու և ջանքեր գործադրվելու դեպքում այդ նյութն օբյեկտիվորեն չէր կարող ի հայտ գալ ավելի վաղ: Եթե դա օբյեկտիվորեն չէր կարող ի հայտ գալ ավելի վաղ (որևէ կերպ կախված չէր այն ներկայացնող անձի կամահայտնությունից և ջանքերից), ապա վերաքննիչ դատարանը պետք է ընդունի այն: Եթե դա կարող էր ի հայտ գալ ավելի վաղ (ավելի վաղ ի հայտ գալը կախված էր այն ներկայացնող անձի կամահայտնությունից և ջանքերից), ապա վերաքննիչ դատարանը չպետք է ընդունի այն:

25. Այսպիսով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը չի կարող գործի քննության վճռաբեկության կարգից անցում կատարել վերաքննության կարգին, եթե պարզվում է, որ կողմն առաջին ատյանի դատարանում դրսևորել է ոչ բարեխիղճ վարքագիծ և ունենալով իրական հնարավորություն` չի ներկայացրել համապատասխան նյութը կամ հանդես չի եկել համապատասխան միջնորդությամբ` հետապնդելով ոչ իրավաչափ, օրինակ, գործի քննությունը ձգձգելու նպատակ։ Ուստի գործի քննության կարգը փոխելիս վերաքննիչ դատարանը պետք է նախ և առաջ պարզի վերոգրյալ գործողությունները առաջին ատյանի դատարանում կատարված չլինելու պատճառները, այդ պատճառներին տա իրավական գնահատական, գնահատի դրանց` հարգելի կամ ոչ հարգելի լինելը: Եթե պատճառները ճանաչվում են ոչ հարգելի, ապա վերաքննիչ դատարանը պետք է շարունակի գործի` վճռաբեկության կարգով քննության իրականացումը, իսկ հարգելի ճանաչվելու դեպքում վերաքննիչ դատարանն իրավասու է անցում կատարել գործի` վերաքննության կարգով քննության իրականացմանը: Ընդ որում, դա դեռևս չի բացառում, որ, օրինակ, ներկայացված նոր նյութն ապացույց ճանաչվելուց և հետազոտվելուց հետո դատական ակտ կայացնելիս գնահատվի թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության չափանիշներին ոչ համապատասխան:

26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ 2014 թվականի սեպտեմբերի 29-ի դատական նիստի ժամանակ Լ. Պետրոսյանի պաշտպանը միջնորդել է հետաձգել դատական նիստը ամբաստանյալի` տեսչության պետին ուղղված գրության և զեկուցագրի շարժը հավաստող գրավոր փաստաթուղթ ձեռք բերելու համար: Հետագա երկու` 2014 թվականի հոկտեմբերի 1-ի և 10-ի դատական նիստերը հետաձգվել են պաշտպանի, ապա` ամբաստանյալի չներկայանալու պատճառներով: 2014 թվականի հոկտեմբերի 20-ի դատական նիստի ժամանակ պաշտպանը միջնորդել է քրեական գործով վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` իր միջնորդությունը, ի թիվս այլոց, հիմնավորելով նրանով, որ Լ. Պետրոսյանը գործել է վերադասի ցուցումով։ Պաշտպանի սույն միջնորդության կապակցությամբ մեղադրողը հայտարարել է, որ քրեական գործում առկա չէ այդ մասին վկայող որևէ ապացույց: 2014 թվականի հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ դատական վիճաբանությունների փուլում պաշտպանը և ամբաստանյալն իրենց ճառերում հիշատակել են գրավոր փաստաթղթերի մասին, որոնք հիմնավորում են, որ Լ. Պետրոսյանը գործել է վերադասի ցուցումով։ Իսկ նախագահող դատավորը փաստել է, որ նախորդ դատական նիստերի ժամանակ ևս պաշտպանության կողմը վկայակոչել է նշված փաստաթղթերը, սակայն այդպես էլ դրանք չի ներկայացրել։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նշված փաստաթղթերը վերաբերում են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների, որոնք դեռևս չեն պարզվել, իսկ ամբաստանյալն էլ իր անմեղությունը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու պարտականություն չունի` Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 5-րդ մասով, որոշում է կայացրել դատաքննությունը վերսկսելու և կոնկրետ հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, մասնավորապես` վկաներ հրավիրելու մասին։ Պաշտպանն Առաջին ատյանի դատարանի որոշման առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որ դատաքննությունը վերսկսելու պարագայում վերջինս համապատասխան գրավոր փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն կունենա։ Նույն նիստի ժամանակ նախագահողի այն հարցին, թե կոնկրետ ով է Լ. Պետրոսյանին ցուցում տվել ընկերության վերահաշվարկի առաջարկվող տարբերակն ընդունելու մասին, Լ. Պետրոսյանը պատասխանել է, որ ոչ մեկն իրեն նման ցուցում չի տվել, և որ ինքը որևէ գրավոր ապացույց կամ այն ներկայացնելու ցանկություն չունի։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել դատական նիստը հետաձգելու, Ա. Ավագյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին։ Սակայն դրանից հետո Ա. Ավագյանը որևէ դատական նիստի չի ներկայացել և չի հարցաքննվել: Ավելին, 2014 թվականի դեկտեմբերի 9-ի դատական նիստին չներկայանալով` Ա. Ավագյանը գրավոր խնդրել է հիմք ընդունել իր կողմից նախաննության մարմնին ներկայացված գրությունը և ևս մեկ անգամ հայտնել է, որ ընկերության կողմից պատճառված վնասի հաշվարկի վերաբերյալ արձանագրությունը կամ հասցված վնասի չափը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Առաջին ատյանի դատարանը, լսելով կողմերի կարծիքը և հաշվի առնելով, որ պաշտպանը և ամբաստանյալը չեն առարկում, որոշում է կայացրել վկային չհրավիրելու և քրեական գործում առկա գրությունը հիմք ընդունելու մասին։ Պաշտպանը հայտնել է, որ նշված ապացույցների բացակայությունը նախաքննության մարմնի կողմից գործի հանգամանքների ոչ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու արդյունք է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։

Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 12-ի դատական նիստի ժամանակ պաշտպանը միջնորդել է որպես ապացույց գործին կցել և հետազոտել Լ. Պետրոսյանի` տեսչության պետին ուղղված 2012 թվականի հունվարի 13-ի զեկուցագիրը և 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 3.8.10/Ն գրությունը, դրանց շարժը փաստող` «Մալբրի» համակարգից քաղվածքները: Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու այդ փաստաթղթերը, քանի որ Առաջին ատյանի դատարանը վերջին դատական նիստի ժամանակ մերժել է նշված ապացույցները ձեռք բերելու համար դատական նիստը հետաձգելու իր միջնորդությունը: Լսելով կողմերի կարծիքը` Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել տեսչության պետին ուղղված 2012 թվականի հունվարի 13-ի զեկուցագիրը և 2012 թվականի ապրիլի թիվ 26-ի 3.8.10/Ն գրությունը, դրանց շարժը փաստող` «Մալբրի» համակարգից քաղվածքները ճանաչել այլ փաստաթուղթ, կցել քրեական գործին և դրանք քննարկման առարկա դարձնելու համար անցնել վերաքննության կարգի (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

27. Սույն որոշման 23-25-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ ամբաստանյալը և նրա պաշտպանը Առաջին ատյանի դատարանում հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու համապատասխան գրավոր փաստաթղթերը, պատշաճ քննության առարկա չի դարձրել դրանք` Առաջին ատյանի դատարան չներկայացնելու պատճառները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ պաշտպանության կողմը, ունենալով այդ նյութերը ներկայացնելու համապատասխան հնարավորություն, չի դրսևորել բարեխիղճ վարքագիծ և դրանք չի ներկայացրել (տե՛ս սույն որոշման 26-րդ կետը): Ուստի այս պայմաններում պաշտպանության կողմի այն պարզաբանումը, որ վերջինս հնարավորություն չի ունեցել Առաջին ատյանի դատարան ներկայացնելու այդ փաստաթղթերը, քանի որ դատարանը մերժել է իր համապատասխան միջնորդությունը, չի կարող հիմնավոր համարվել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքները, համապատասխան փաստաթղթերը Առաջին ատյանի դատարան չներկայացնելու պատճառներին չի տվել համարժեք իրավական գնահատական, ինչի արդյունքում կայացրել է ոչ իրավաչափ որոշում գործի քննության վճռաբեկության կարգից վերաքննության կարգին անցում կատարելու մասին:

28. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, գործի քննության վճռաբեկության կարգից անցում կատարելով վերաքննության կարգին, չի պահպանել դրա համար անհրաժեշտ իրավական ընթացակարգը:

29. Սույն գործի նյութերի համադրված վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարան են ներկայացվել Լ. Պետրոսյանի անմեղության մասին առերևույթ վկայող գրավոր փաստաթղթեր (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Այդ փաստական տվյալների համատեքստում քննարկելով սույն որոշման 21-րդ և 28-րդ կետերում արձանագրված քրեադատավարական խախտումների բնույթը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերոգրյալ խախտումներն հիմք չեն Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշյալ խախտումներն իրենց բնույթով այնպիսին չեն, որ հիմք ծառայեն ստորադաս դատարանի դատական ակտի բեկանմանը` դրանով իսկ զրկելով Լ. Պետրոսյանին իր հնարավոր անմեղությունն ապացուցելու հնարավորությունից, ինչը ոչ միայն կհանգեցնի վերջինիս դատական պաշտպանության իրավունքի ոչ համաչափ սահմանափակմանը, այլև կչեզոքացնի իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի` նրա իրավունքը:

Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի վերանայման քրեադատավարական մեխանիզմը կարող է իրապես արդյունավետ ճանաչվել և ապահովել անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը միայն այն դեպքում, երբ օժտված լինի արդար դատական քննության հիմնարար երաշխիքներով:

 

III. Վերաքննիչ դատարանի կողմից ապացույցների գնահատման կարգը պահպանելը.

30. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցն այն է, թե Վերաքննիչ դատարանի կողմից պահպանվել է արդյոք լրացուցիչ ներկայացված ապացույցներն արժանահավատության տեսանկյունից գնահատելու կարգը:

31. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

Վերոհիշյալ նորմերի վերլուծության համատեքստում անդրադառնալով ապացույցների արժանահավատության գնահատմանը` Վճռաբեկ դատարանը Ա. Ավագյանի և Վ. Սահակյանի գործով որոշման մեջ ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը.«(…) Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում: Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.

ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ` փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),

բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ` վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),

գ) ապացուցողական տեղեկությունը ձեռք բերելու միջոցը,

դ) ապացույցի բովանդակությունը կազմող տեղեկությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը,

ե) նույն տեղեկության ստացումն այլ աղբյուրից:

Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ` բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում: Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները:

Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա (…)» (տե'ս Արարատ Ավագայանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.3-րդ կետը):

32. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանում ապացույցների հետազոտումը սահմանափակվել է կողմերի դիրքորոշումը ճշգրտելով: Այսպես, լրացուցիչ ներկայացված ապացույցների` Լ. Պետրոսյանի` տեսչության պետին ուղղված 2012 թվականի հունվարի 13-ի զեկուցագրի, 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 3.8.10/Ն գրության և դրանց շարժը փաստող` «Մալբրի» համակարգից քաղվածքների հիման վրա Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Լ. Պետրոսյանը, ստանալով շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկի` ընկերության կողմից կատարված տարբերակը, ոչ թե ընդունել է այն, այլ համապատասխան զեկուցագրով ներկայացրել է բնապահպանության պետական տեսչության պետին` խնդրելով տալ ցուցում հաշվարկի ընդունման և հետագա ընթացքի վերաբերյալ: Նույն օրը տեսչության ղեկավարությունը համաձայնություն է տվել հաշվարկի` ընկերության կողմից կատարված տարբերակին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Լ. Պետրոսյանը գործել է վերադասի ցուցումով, արժանահավատ ապացույց համարելով 2012 թվականի հունվարի 13-ի զեկուցագիրը, 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 3.8.10/Ն գրությունը և դրանց շարժը փաստող` «Մալբրի» համակարգից քաղվածքները, անտեսել և պատշաճ քննության առարկա չի դարձրել այն, որ քրեական գործի նյութերում առկա է այլ փաստաթուղթ ճանաչված Ա. Ավագյանի` նախաքննության մարմնին ուղղված 2014 թվականի հունիսի 5-ի գրությունը, ինչպես նաև Առաջին ատյանի դատարան ներկայացված գրությունն այն մասին, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության պոչատարի խողովակաշարի վրա տեղի ունեցած վթարի արդյունքում հասցված վնասի հաշվարկի վերաբերյալ արձանագրությունը կամ հասցված վնասի չափը որևէ փոփոխության չի ենթարկվել:

33. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 31-րդ կետում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը լրացուցիչ ներկայացված ապացույցների արժանահավատությունը գնահատելու համար դրանց բովանդակությունը համադրված վերլուծության չի ենթարկել քրեական գործում առկա այլ ապացույցների հետ: Այսպես, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել լրացուցիչ ներկայացված ապացույցների և քրեական գործում առկա համապատասխան գրությունների միջև գոյություն ունեցող առերևույթ հակասությանը, չի պարզել դրա պատճառները, մասնավորապես` միջոցներ չի ձեռնարկել Ա. Ավագյանին հարցաքննելու ուղղությամբ, ով կարող էր այդ հարցերը պարզաբանելու համար անհրաժեշտ տեղեկություններ հայտնել:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն փաստարկին, որ 2012 թվականի հունվարի 13-ի զեկուցագրի և 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 3.8.10/Ն գրության շարժը փաստող` «Մալբրի» համակարգից քաղվածքները որևէ պաշտոնական հավաստում, ստորագրություն չեն պարունակում, և դրանց ուսումնասիրությունից պարզ չէ, թե կոնկրետ ում կողմից և կոնկրետ ինչ հանձնարարություն է տրվել (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

33.1. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի պահպանվել լրացուցիչ ներկայացված ապացույցներն արժանահավատության տեսանկյունից գնահատելու կարգը:

34. Ամփոփելով սույն որոշման 17-33.1.-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտումներ, մասնավորապես` խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ, 382-րդ, 390-րդ հոդվածների պահանջները: Միևնույն ժամանակ հաշվի առնելով սույն որոշման 29-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ, 390-րդ հոդվածների խախտումները սույն գործով հիմք չեն ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից ապացույցների գնահատման կարգը չպահպանելուն, ապա նշված խախտումն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու հիմք է:

35. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Արդարացման դատավճիռը, գործը կարճելու մասին կամ մեղադրյալի օգտին կայացրած այլ որոշումը չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման շարժառիթով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների գնահատման կարգի առնչությամբ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումները կասկածի տակ են առնում ամբաստանյալ Լ. Պետրոսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում: Ուստի նկատի ունենալով նշյալը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարան լրացուցիչ ներկայացված ապացույցներն Առաջին ատյանի դատարանի կողմից չեն վերլուծվել, չեն գնահատվել և քրեական գործում եղած մյուս ապացույցների հետ չեն համադրվել, բացի այդ, դրանց հիման վրա ի հայտ եկած առերևույթ հակասությունը պարզաբանելու համար հնարավոր է նոր ապացույցներ ձեռք բերելու և հետազոտելու անհրաժեշտություն առաջանա` Վճռաբեկ դատարանն արդար դատաքննության իրավունքի երաշխավորման տեսանկյունից` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հնարավորությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է համարում բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 13-րդ կետում բարձրացրած փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա կապակցությամբ Առաջին ատյանի դատարանը գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում պետք է հանգի համապատասխան եզրահանգման գործի նոր քննության ընթացքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի` սույն որոշման 14-րդ կետում շարադրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտմանն անդրադառնալն առարկայազուրկ է:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկներին, որ սույն գործով թույլ են տրվել նաև նյութական իրավունքի խախտումներ (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), ապա դրանց հնարավոր կլինի անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Լևոն Արմենակի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճիռը և Լևոն Արմենակի Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան