Գլխավոր տեղեկություն
Համար
N 1380-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.12.2015-24.02.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.25/41(216) Հոդ.958
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.07.2023

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2002 թվականի N 1380-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 28.06.12 N 798-Ն)

 

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

(որոշումը խմբ. 28.06.12 N 798-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

օգոստոսի 22-ի N 1380-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի հետևյալ օբյեկտների՝ վայրի կենդանիների (ողնաշարավոր և անողնաշարավոր) տեսակների և դրանց արգասիքների (այսուհետ՝ բնական կենդանական պաշարներ)՝ գյուղատնտեսական (սելեկցիա) ու արդյունագործական նպատակներով օգտագործման (որսորդություն, ձկնորսություն և հավաք) մասին պայմանագրեր կնքելու հետ կապված հարաբերությունները:

2. Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով բնական կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագիր) կնքելու համար հիմք են բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների պետական հաշվառման տվյալները՝ հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:

 

II. ԲՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

3. Բնական կենդանական պաշար օգտագործել ցանկացողները (այսուհետ՝ հայտատու) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն (այսուհետ՝ լիազորված մարմին) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) հայտ պայմանագիր կնքելու մասին.

2) օգտագործման ենթակա տարածքը տնօրինողի գրավոր համաձայնությունը:

3.1. Հայտը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

(3.1-ին կետը լրաց. 24.12.15 N 1521-Ն)

4. Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:

(4-րդ կետը փոփ. 24.12.15 N 1521-Ն)

4.1. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և, փաստաթղթերը թերի լինելու դեպքում, այս ժամկետում պատշաճ կերպով տեղեկացնում է հայտ ներկայացրած անձին` երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազոր մարմնի մատնանշած թերությունները: Լիազոր մարմնի կողմից հայտի քննարկման ընթացքը կասեցվում է մինչև հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունների վերացումը:

(4.1-ին կետը լրաց. 24.12.15 N 1521-Ն)

5. Հայտի մերժման հիմք են`

1) հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տվյալների առկայությունը.

2) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակի համար սահմանված չափաքանակների սպառումը կամ վայրի կենդանու տեսակի համար նախատեսված չափաքանակից ավելի ներկայացնելը.

3) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակը Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված լինելը:

5.1. Լիազոր մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո պատշաճ կերպով ծանուցում է դիմում ներկայացրած անձին` նշելով մերժման հիմքերը:

(5.1-ին կետը լրաց. 24.12.15 N 1521-Ն)

6. Բնական կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրի և հայտի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:

7. Պայմանագրում նշվում են օգտագործողի տվյալները, օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը, չափերը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, բնական կենդանական պաշարների տեսակը, քանակը, բնօգտագործման վճարի չափը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու հիմքերը:

8. Պայմանագիրը կնքվում է 3 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ տարածքը տնօրինողի, իսկ երրորդը՝ լիազորված մարմնի մոտ: Պայմանագրի մեկ օրինակը տարածքը տնօրինողին տրամադրում է օգտագործողը:

(հավելվածը փոփ. 18.08.11 N 1182-Ն, խմբ. 28.06.12 N 798-Ն, լրաց., փոփ. 24.12.15 N 1521-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան