Գլխավոր տեղեկություն
Համար
N 775-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.08.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.13/43(1056) Հոդ.724
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2014 թվականի N 775-Ն

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ` ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ՊԼԱՆ-ՍԽԵՄԱՆԵՐԻ, ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների, պլան-սխեմաների, կենսագործունեության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 7

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 10-ի N 775-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ` ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ՊԼԱՆ-ՍԽԵՄԱՆԵՐԻ, ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտակարգ իրավիճակների, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների, պլան-սխեմաների, կենսագործունեության ապահովման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) զանգվածային տեղաշարժված բնակչություն` ռազմական գործողությունների, արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց ծագման հետևանքով` Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող և (կամ) Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց և (կամ) փախստականների հարկադրված տեղաշարժ իրենց մշտական կամ ժամանակավոր բնակության վայրերից.

2) զանգվածային տեղաշարժված բնակչության կենսագործունեության ապահովում` միջոցառումների համալիր` ուղղված արտակարգ իրավիճակների գոտիներում, բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիներում ու տեղաբաշխման վայրերում մարդկանց կյանքի և առողջության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ստեղծմանն ու պահպանմանը` արտակարգ իրավիճակների պայմանների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 824-Ն որոշմամբ սահմանված նորմերին և նորմատիվներին համապատասխան.

3) զանգվածային տեղաշարժված բնակչության տեղաբաշխում՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած մարդկանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բնակչության որոշ հատվածի, այդ թվում՝ փախստականների կազմակերպված բնակեցում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ կենսաապահովման համար նախապես պատրաստված այլ անվտանգ վայրերում:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ` ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

3. Զանգվածային տեղաշարժված բնակչությունը, այդ թվում` փախստականները, կարող են իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադառնալ հետիոտն, շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով՝ ավտոշարասյուներով, երկաթուղային շարժակազմերով, ջրային և օդային տրանսպորտով:

4. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների վերադարձի համար տրամադրվող տրանսպորտային միջոցները հատկացնում և վառելիքաքսուքային նյութերն ապահովում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` համաձայն համապատասխան տարահանող հանձնաժողովների ներկայացրած հայտերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

III. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ` ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

5. Անվտանգ վայրերում գտնվող զանգվածային տեղաշարժված բնակչության, ինչպես նաև փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Տարահանող հանձնաժողովները զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի միջոցառումներն սկսելու մասին տեղեկացնում են լիազորված մարմնին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև բնակչությանը, այդ թվում` փախստականներին:

 

IV. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ` ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆ-ՍԽԵՄԱՆ

 

7. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձը կազմակերպում և բազմակողմանի կենսաապահովումն իրականացնում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները` տարահանող հանձնաժողովների միջոցով, որոնք ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ և 22-րդ կետերի համաձայն:

8. Տարահանող հանձնաժողովները նախապես որոշում և զանգվածային տեղաշարժի միջոցառումներին մասնակցող կազմակերպություններին տեղեկացնում են ընդունող հավաքակայանների գտնվելու վայրերի մասին:

9. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը կազմակերպում է տարահանման պլանով նախատեսված թվով տրանսպորտային միջոցների տրամադրման գործընթացը և համակարգում տվյալ տարածքում կապի վերականգնման աշխատանքները:

10. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի համար տրամադրվում են տրանսպորտային միջոցներ՝ մինչև Հայաստանի Հանրապետության սահմանային կետեր:

11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իր իրավասության սահմաններում իրականացնում է տվյալ բնակավայրերի էներգամատակարարման վերականգնման աշխատանքները` նախարարության ոլորտում գործող համապատասխան ընկերություններում առկա տեխնիկական կանոնակարգերի համաձայն:

 

V. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ` ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուժերն իրականացնում են զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի երթուղիներում հասարակական կարգի, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանության միջոցառումները:

13. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների` իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի միջոցառումների իրականացումն ապահովվում է հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության ծառայությունների միջոցով:

14. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների կենսագործունեության միջոցառումների իրականացումը, իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի ժամանակ, ապահովվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 824-Ն որոշման:

15. Արտակարգ իրավիճակների հետևանքով վնասված բնակարանային ֆոնդի բնակիչների բնակարանային պահանջարկը բավարարում, վնասված և պահպանված բնակարանային ֆոնդի վնասվածության աստիճանը գնահատում ու գույքագրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

16. Անօթևան մնացած ընտանիքների, ինչպես նաև բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծումը, մասնավորապես, անօթևան մնացած ընտանիքների համար` բնակարանների գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրումը կամ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) բնակարանի (բնակելի տան) հատկացումը, իսկ վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչների համար` այդ բնակելի տների վերականգնման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան