Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.26/8(1021) Հոդ.117
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4109/05/10

2013 թ. 

Վարչական գործ թիվ ՎԴ/4109/05/10

Նախագահող դատավոր՝  Գ. Ղարիբյան

Դատավորներ` Ա. Աբովյան

                    Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արեն-Մեկ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.08.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Արեն-Մեկ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)՝ 18.09.2010 թվականի թիվ 2329514 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 18.09.2010 թվականի թիվ 2329514 ստուգման ակտը (այսուհետ՝ Ստուգման ակտ)։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Հակոբյան) 06.08.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.12.2011 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վարչական դատարանի 06.08.2011 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան)13.03.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.08.2013 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 13.03.2013 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի «գ» կետը, 34-րդ հոդվածը:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ Տեսչության կողմից ստուգումն իրականացնելիս թույլ են տրվել օրենսդրությամբ սահմանված մի շարք խախտումներ: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Տեսչությունը չի ապացուցել այն հանգամանքը, որ 16քմ մակերեսով տարածքը չի նշվել Ընկերության կողմից ներկայացված հայտարարության մեջ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.03.2013 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերությունը Երևանի Կիևյան թիվ 15 հասցեում իրականացնում է հանրային սննդի ոլորտում գործունեություն, որի համար Տեսչություն է ներկայացրել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն` 2010 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների համար 46քմ մակերեսի համար (հատոր 1-ին, գ.թ. 28):

2) Տեսչության պետի 17.09.2010 թվականի թիվ 2329514 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում (ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջան` 01.06.1995 թվականից մինչև ստուգման ավարտ), ինչպես նաև վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգում (ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջան` 28.12.2007 թվականից մինչև ստուգման ավարտ): Ստուգման արդյունքում 18.09.2010 թվականին կազմվել է թիվ 2329514 ստուգման ակտը, որով Ընկերությանը հաստատագրված վճարների գծով առաջադրվել է 265.000 ՀՀ դրամի պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 21-23):

3) Ստուգման ակտի 3-րդ կետով արձանագրվել է, որ «…կազմակերպությունը ք. Երևան, Կիևյան թիվ 15 հասցեում իրականացրել է հանրային սննդի գործունեություն, որի համար ՀՏ է ներկայացրել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն հուլիս-դեկտեմբեր ամիսների համար 46քմ։ Միաժամանակ պարզվեց, որ կազմակերպությունը ՀՏ ներկայացրած ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հայտարարության մեջ չի ներառել 16քմ տարածք, որով խախտվել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը։ Նույն օրենքի 34-րդ, 35-րդ, 36-րդ հոդվածների համաձայն` կազմակերպության մոտ տեղի է ունենում ուղղիչ գործակցի փոփոխություն նախկին 0,75 փոխարեն 1 (50քմ ավելի դեպքում) և հաշվարկվում է հաստատագրված վճարի գումար` 124.000 ՀՀ դրամ` մեկ ամսվա համար (62,2քմ x 2000 x 1)։ Այսպիսով ենթակա է վճարման բյուջե պակաս վճարված հաստատագրված վճարի գումար` 165.000 ՀՀ դրամ (3 ամիս (62,2քմ x 2000 x 1) -(46,2քմ x 2000 x 0,75) )։ Ինչպես նաև համաձայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ կետի` տուգանք` պակաս հաշվարկված հաստատագրված վճարի 50% -ի չափով` 82.500 ՀՀ դրամ (165.000 x 50%)։ Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի` հաշվարկվում է տուգանք` 11.000 ՀՀ դրամ` հուլիս-օգոստոս ամիսների համար։ Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` հաշվարկվում է տույժ` 2.000 ՀՀ դրամ։ Այսպիսով ենթակա է պետական բյուջե գանձնման հաստատագրված վճար` 265.000 ՀՀ դրամ» (հատոր 1-ին, գ.թ. 20-23):

4) Համաձայն թիվ 2506673 սեփականության իրավունքի վկայականի «Շենքի հատակագիծը» բաժնում նշված հատակագծի՝ Երևանի Կիևյան փողոցի 15-րդ շենքի թիվ 35 շինության թիվ 6, 7, 10 և 1 սենյակների ընդհանուր մակերեսը կազմում է 64,1քմ, այդ թվում թիվ 6, 7, 10 սենյակների մակերեսը կազմում է 29,6քմ, թիվ 1 սենյակի մակերեսը՝ 34,5քմ։ Ընկերության կողմից Տեսչություն է ներկայացվել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն 46քմ մակերեսի վերաբերյալ, որն իր մեջ ներառել է թիվ 6, 7, 10 սենյակների մակերեսներն ամբողջությամբ և թիվ 1 սենյակի մի մասը` 16,4քմ մակերեսով» (հատոր 1-ին, գ.թ. 17-19):

5) Ստուգման ակտում նշված և հայտարարության մեջ չներառված 16քմ մակերեսով տարածքը կազմում է Ընկերության կողմից վարձակալված բնակելի տարածքի թիվ 1 սենյակի (ըստ սեփականության իրավունքի գրանցման վկայականի 34,5քմ մակերես) մի մասը, որից Ընկերությունը որպես սպասարկման սրահ օգտագործում է 16,8քմ մակերեսը, մնացած` 12,3 և 9 քմ մակերեսներով տարածքները, համապատասխանաբար ընդգրկում են բարի տարածքը և միջանցքը, որով հաճախորդները ելք ու մուտք են գործում մյուս սենյակներ (հատոր 1-ին, գ.թ. 17-19, 65-67):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել հաստատագրված վճարների մասին օրենսդրության մեջ կիրառվող՝ «սպասարկման սրահ» հասկացության բովանդակությունը:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «գ» ենթակետի համաձայն` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը հանդիսանում է հաստատագրված վճարով հարկվող գործունեություն:

Վերոնշյալ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի իմաստով`

ա) հանրային սննդի ոլորտում գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը.

բ) խոհարարական արտադրանք է համարվում կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսաֆաբրիկատների համախումբը.

գ) հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը.

դ) բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:

 Նույն օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողներ են համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք…, իսկ 34-րդ հոդվածը սահմանում է, որ հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի հիմքով ընդունված` ««Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգչական նամակը հաստատելու մասին» ՀՀ հարկային տեսչության 30.12.1998 թվականի թիվ 01/60 հրամանի 4.2 կետի 1-ին պարբերության համաձայն` հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը, քառակուսի մետրերով արտահայտված, պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված, հատուկ կահավորված այն տարածքն է, որը ներառում է սպառողների կողմից պատրաստի խոհարարական արտադրանքի սպառման և հանրային սննդի գործունեության իրականացման վայրում նրանց ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածքները (մասնավորապես` բեմահարթակների, պարահրապարակների, առանձնասենյակների և այլն):

Վերոնշյալ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը հանդիսանում է հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, իսկ հանրային սննդի ոլորտում գործունեություն է համարվում խոհարարական պատրաստի արտադրանքի` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսաֆաբրիկատների սպառման և իրացման կազմակերպումը համապատասխան տարածքում` հանրային սննդի սպասարկման սրահում: Մասնավորապես` հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով, իսկ հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով արտահայտված, պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված, հատուկ կահավորված այն տարածքն է, որը ներառում է սպառողների կողմից պատրաստի խոհարարական արտադրանքի սպառում և կազմակերպում, ինչպես նաև նրանց ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածքները` բեմահարթակներ, պարահրապարակներ, առանձնասենյակներ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը գործունեություն է իրականացրել հանրային սննդի ոլորտում և հանդիսացել է հաստատագրված վճար վճարող, որի համար Տեսչություն է ներկայացրել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն 2010 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների համար` 46քմ մակերեսի չափով: Տեսչության պետի 17.09.2010 թվականի թիվ 2329514 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում, որի արդյունքում 18.09.2010 թվականին կազմվել է թիվ 2329514 ստուգման ակտը, համաձայն որի` Ընկերությանը հաստատագրված վճարների գծով առաջադրվել է 265.000 ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Մասնավորապես` Ստուգման ակտում նշվել է, որ Ընկերության կողմից ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հայտարարության մեջ չի ներառվել 16քմ մակերեսով տարածքը, որով խախտվել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, դրա հիման վրա էլ հաշվարկել է պակաս վճարված հաստատագրված վճարի գումարը, տուգանքները և տույժերը:

Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ Ստուգման ակտով արձանագրված 16քմ մակերեսով տարածքը, որը չի ներառվել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության մեջ, հանդիսանում է վերը նշված հասցեում գործող հանրային սննդի օբյեկտի թիվ 1 տարածքի մի մասը՝ ընդգրկելով բարի և միջանցքի տարածքը, որտեղից մուտք է բացվում սեփականության իրավունքի գրանցման վկայականում ներառված հատակագծով նշված թիվ 6, 7, 10 սենյակները։ Տվյալ դեպքում Դատարանի գնահատմամբ թիվ 1 սենյակի` բարի համար օգտագործվող տարածքը և միջանցքը չեն կարող դիտվել հանրային սննդի սպասարկման սրահ և համարվել հաստատագրված վճարով հարկվող օբյեկտ, քանի որ այն չի համարվում օրենքով սահմանված պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածք: Մասնավորապես` բարի սեղանի առջև տեղադրված չեն աթոռներ, իսկ միջանցքում հնարավոր չէ իրացնել պատրաստի խոհարարական արտադրանք, քանի որ չկան տեղադրված սեղաններ և աթոռներ, հնարավոր չէ դիտել որպես ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածք, քանի որ այնտեղ տեղադրված չէ բեմահարթակ կամ չի կարող ծառայել որպես պարահրապարակ։ Վարչական մարմինը չի հիմնավորել, որ ակտով արձանագրված, հայտարարության մեջ չնշված 16քմ մակերեսով տարածքում Ընկերությունը խոհարարական արտադրանքի իրացում է կազմակերպել, այսինքն` իրականացրել է հանրային սննդի ոլորտում գործունեություն, որպիսի պարագայում միայն Ընկերությանը կարող էր վերագրվել ակտով արձանագրված խախտումը և առաջադրվել 265.000 ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։

Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարելիս իր պատճառաբանությունների հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերության կողմից վարձակալվել է 131,5քմ ընդհանուր մակերեսով տարածք, որը բաժանված էր առանձին սրահների։ Ընկերության կողմից Տեսչություն է ներկայացվել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն` նշված շինության թիվ 6, 7, 10 սենյակների և թիվ 1 սենյակի տարածքի մի մասի` ընդհանուր 46քմ մակերեսի վերաբերյալ, որն իր մեջ ներառել է թիվ 6, 7, 10 սենյակներն ամբողջությամբ և թիվ 1 սենյակից 18,5քմ մակերեսը, և հայտարարության մեջ չի ընդգրկվել թիվ 1 սենյակից 16քմ մակերեսով տարածքը։ Նշված 16քմ մակերեսով տարածքում տեղադրված են բազմոցներ և սեղաններ, սրահի մնացած մասով ելակետային տվյալների հայտարարություն չի ներկայացվել այն չօգտագործելու պատճառաբանությամբ։ Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով գործով հավաքված ապացույցները, ներկայացված լուսանկարները, գտել է, որ նշված տարածքն Ընկերությունը պետք է ընդգրկեր Տեսչություն ներկայացված հայտարարության մեջ, քանի որ այն հանդիսանում է սպասարկման սրահ` տարածք, որտեղ կազմակերպվում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացումը և սպառումը: Հետևաբար առկա չեն հիմքեր ստուգման ակտն անվավեր ճանաչելու համար:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ բողոքարկվող որոշման մեջ առկա չէ որևէ իրավական հիմնավորում խնդրո առարկա 16քմ մակերեսով տարածքի՝ սպասարկման սրահ հանդիսանալու վերաբերյալ այն պայմաններում, երբ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` հանրային սննդի սպասարկման սրահն իրենից ներկայացնում է հատուկ կահավորված այնպիսի տարածք, որն անմիջականորեն նախատեսված է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար: Իսկ սույն գործով Ստուգման ակտում նշված 16քմ մակերեսով տարածքն իր մեջ ներառում է բարի և միջանցքի տարածքները, որոնք ունեն սահմանափակ նպատակային նշանակություն և նախատեսված չեն պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար: Տվյալ դեպքում բարը բարմենի աշխատավայրն է, այն հարմարեցված չէ սննդատեսակ իրացնելու և սպառելու համար, քանի որ բացակայում են հաճախորդների համար նախատեսված աթոռները, իսկ ինչ վերաբերում է այլ սենյակներ մուտքի և ելքի համար նախատեսված տարածքին` միջանցքին, ապա օրենքի իմաստով այն նույնպես չի կարող համարվել սպասարկման սրահ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ խնդրո առարկա 16քմ մակերեսով վերոնշյալ տարածքը, անմիջականորեն նախատեսված չլինելով արտադրանքի իրացման և սպառման համար, հաստատագրված վճարով հարկման օբյեկտ չէ, և ըստ այդմ Ընկերության կողմից նշված տարածքը ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության մեջ չներառելը եղել է իրավաչափ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, որևէ կերպ չի պատճառաբանել իր այն համոզմունքի ձևավորումը, թե որ ապացույցների գնահատումից և հետազոտությունից է հաստատել այն փաստը, որ բարի և միջանցքի տարածքները հանդիսանում են սպասարկման սրահ, քանի որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ բարի և միջանցքի տարածքներն օրենքի իմաստով կարող են համարվել սպասարկման սրահ` տարածք, որտեղ կազմակերպվում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացում և սպառում, ինչպես նաև այն, որ այնտեղ տեղադրված է բեմահարթակ, կամ այն կարող է ծառայել որպես պարահրապարակ, որպիսի հանգամանքների ապացուցման բեռն էլ կրում էր սույն գործով վարչական մարմինը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.08.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 13.03.2013 թվականի վճռին։

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունից հօգուտ «Արեն-Մեկ» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
    Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան