ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԿԴ/0666/10/11 |
Գործ թիվ ԵԿԴ/0666/10/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ | ||
դատախազ |
Կ. Բատիկյանի |
2012 թվականի հունիսի 8-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման դեմ դատախազ Կ.Բատիկյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2011 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Վ.Ասատրյանի որոշմամբ Արմեն Վոլոդյայի Սահակյանի ստացած հրազենային թափանցող վնասվածքի փաստի առթիվ հարուցվել է թիվ 10117611 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի 2011 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ Վահագն Հրաչիկի Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2011 թվականի հոկտեմբերի 24-ին Վ.Խաչատրյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, 2011 թվականի հոկտեմբերի 25-ին նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել:
2011 թվականի հոկտեմբերի 28-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վ.Մուրադյանը թիվ 10117611 քրեական գործն ընդունել է վարույթ:
2. 2011 թվականի նոյեմբերի 11-ին ավագ քննիչ Վ.Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով թույլատրել ստանալ երեք վկաների կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները, աբոնենտների տվյալները, ինչպես նաև ըստ ալեհավաքային կայանների` այդ հեռախոսահամարներով հեռախոսասարքերի շարժը, կայանների` այդ թվում Երևանի Պուշկինի 50 հասցեի հասցեում գտնվող կայանի, տեղակայման վերաբերյալ տեղեկատվությունը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը մերժվել է:
3. Երևան քաղաքի դատախազի տեղակալ Կ.Բատիկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 9-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերոգրյալ որոշման դեմ դատախազ Կ.Բատիկյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. «Հեռախոսային միացումները վերծանելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» ավագ քննիչ Վ.Մուրադյանի 2011 թվականի նոյեմբերի 11-ի միջնորդության համաձայն՝ «2011 թվականի հուլիսի 4-ին, ժամը 00.10-ին Երևան քաղաքի 3-րդ կլինիկական հիվանդանոց բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Հալաբյան 44-րդ շենքի 21-րդ բնակարանի բնակիչ Արման Վոլոդյայի Սահակյանը՝ ստորին շրթունքի պատռված թափանցող վերքով, կտրիչ ստորին ատամների տրավմատիկ բացակայությամբ, լեզվի ենթալեզվային շրջանի հրազենային վնասվածքներով: (…) Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արման Սահակյանը իրականում Արմեն Գագիկի Սարգսյանն է, (…): Միաժամանակ պարզվել է, որ գործով վկա Վ.Սարգսյանը ցուցմունքներ է տվել, որ 2011 թվականի հուլիսի 3-ին իր որդին՝ Գագիկ Սարգսյանը, եկել է տուն ծեծված վիճակում, սակայն իրեն ոչինչ չի պատմել: Ինքն այդ մասին հայտնել է ամուսնուն՝ Արմեն Սարգսյանին, որը տեսնելով որդուն ծեծված վիճակում՝ դուրս է եկել բնակարանից: Որոշ ժամանակ անց իր բնակարանի պատուհանից տեսել է իրենց շենքի բակում կանգնած սև գույնի «Տոյոտա» և սպիտակ գույնի «Տոյոտա ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ: Այնուհետև տեսել է, որ «Տոյոտա ջիպ» ավտոմեքենայից իջել են 3 հոգի, որոնցից մեկի ձեռքում եղել է ատրճանակ: Նրանցից մեկը հայհոյել է ամուսնուն, իսկ մյուսը՝ ատրճանակով կրակել ամուսնու ուղղությամբ:
Այնուհետև, Վ.Սարգսյանն իրեն ճանաչման ներկայացված լուսանկարներում պատկերված անձանցից ճանաչել է Վ.Խաչատրյանին և հայտնել, որ դա այն անձն է, ով կրակել է իր ամուսնու վրա:
2011 թվականի օգոստոսի 20-ին որոշում է կայացվել Վ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին (…) : Նույն օրը վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2011 թվականի հոկտեմբերի 24-ին Վ.Խաչատրյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել:
Առաջադրված մեղադրանքում Վ.Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ հանդիսանում է «Նաիրի ինշուրանս» ՍՊԸ-ի բաժնետեր և խորհրդի անդամ: 2011 թվականի հունվարին «Տոյոտա-Երևան» խանութ սրահից ապառիկով գնել է «Տոյոտա Պրադո» ջիպ մակնիշի, սպիտակ գույնի (…) ավտոմեքենան, որը վարում է ինքը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իր ընկերներն ու աշխատակիցները: Հայտնել է, որ 2011 թվականի հուլիսի 3-ին, ժամը 17-ից գտնվել է Երևանի Պուշկինի փողոցի 50 հասցեում գտնվող «Նաիրի ինշուրանս» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում և մասնակցել գործնական քննարկման: Այնտեղ է մնացել մինչև ժամը 00.30-ը, այնուհետև՝ գնացել է տուն: Նշված օրը գրասենյակ է այցելել իր ընկեր Էդուարդ Հակոբյանն ու խնդրել իրենից իր նշված մեքենան: Ինքը չի մերժել և Է.Հակոբյանին է հանձնել ավտոմեքենան: Մի քանի օր անց, կոնկրետ օրը չի հիշում, Է.Հակոբյանը բերել է մեքենան և առանց իր հետ հանդիպելու՝ կանգնեցրել Պուշկինի 50 հասցեում գտնվող գրասենյակի բակում՝ բանալիները թողնելով գրասենյակում: Նշել է նաև, որ իրեն պատկանող բջջային հեռախոսը, որի մեջ տեղադրված է եղել 098-500005 հեռախոսահամարը, այդ ամբողջ ընթացքում եղել է ավտոմեքենայի մեջ: Հայտնել է նաև, որ ինքը Երևանի Բագրատունյաց փողոցի 26 շենքի բակում տեղի ունեցած դեպքին մասնակից չի եղել և տեղյակ չի կատարվածի մասին:
Վ.Խաչատրյանի այլուրեքությունն ստուգելու նպատակով հարցաքննվել են «Նաիրի ինշուրանս» ՍՊԸ-ի աշխատակիցներ Դ.Բաղդասարյանը, Հ.Եղիազարյանը և Տ.Գավուրմաջյանը, որոնք ցուցմունքներ են տվել այն մասին, որ 2011 թվականի հուլիսի 3-ին, ժամը 17-ի սահմաններից գտնվել են նշված գրասենյակում և Վ.Խաչատրյանի ղեկավարությամբ անցկացրել են գործնական քննարկում:
Վարույթն իրականացնող մարմնի մոտ առկա է հիմնավոր կասկած, որ բոլոր այն վկաները, որոնք այս կամ այն կերպ հաստատել են Վ.Խաչատրյանի այլուրեքությունը՝ վարույթն իրականացնող մարմնին իրականությունը չեն հայտնում, քանզի մի շարք փաստեր խոսում են հակառակի մասին, որ Վ.Խաչատրյանը գտնվել է դեպքի վայրում և անմիջականորեն մասնակցություն ունեցել կատարվածին: (…)»:
Քննիչը «Հեռախոսային միացումները վերծանելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» 2011 թվականի նոյեմբերի 11-ի միջնորդությունը հարուցելիս ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածով (տե՛ս նյութեր, էջեր 2-4):
6. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «Դատարանը իրավական վերլուծության ենթարկելով վերը նշված [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ, 239-րդ, 241-րդ] հոդվածները և փաստելով, որ ավագ քննիչ Վ.Մուրադյանը պնդեց, որ ներկայացված միջնորդությունը չի վերաբերում հեռախոսային խոսակցությունների լսմանն ու ձայնագրառմանը, գտնում է, որ վերը նշված միջնորդությունը չի կարող լուծվել ՀՀ քրեական դատավարության 241-րդ հոդվածով սահմանված կանոններով: Միաժամանակ, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասում նշված «այլ հաղորդումներ» իրավական ձևակերպման տակ պետք է հասկանալ ինչպես հեռախոսային խոսակցությունների վերծանումները, այնպես էլ դրանց հետ կապված մյուս տեղեկությունները, որոնք նույն հոդվածի համաձայն կարող են վերահսկվել միայն այն դեպքում, երբ վերաբերվում և պատկանում են կասկածյալին կամ մեղադրյալին, մինչդեռ քննիչի միջնորդության մեջ նշված՝ վերահսկման ենթակա հեռախոսահամարները պատկանում են վկաներին, ովքեր զրկված չեն իրենց հեռախոսահամարով կայացված հեռախոսազանգերի վերծանումներն ստանալու և քննիչին տրամադրելու հնարավորությունից: Քննիչ Վ.Մուրադյանի կողմից դատարանին որևէ հիմնավորում չներկայացվեց այն մասին, որ վկաները հրաժարվել են իրենց կողմից օգտագործված և միջնորդության մեջ նշված հեռախոսահամարի հեռախոսազանգերի վերծանումներն ստանալուց և վարույթն իրականացնող մարմնին տրամադրելուց: Ինչ վերաբերում է քննիչի այն պատճառաբանությանը, որ իր կողմից վկաներին չի առաջարկվել տրամադրել վերը նշված վերծանումները, քանի որ նրանք իրավունք ունեն դրանք չտրամադրելու, ապա նշված պատճառաբանությունը բավարար հիմնավորում չէ ներկայացված միջնորդությունը բավարարելու համար» (տե՛ս նյութեր, էջեր 41-42):
7. Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ՝ նշելով հետևյալը. «[Առաջին ատյանի] դատարանի եզրահանգումները՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի հիշյալ միջնորդությունը մերժելու վերաբերյալ, հիմնավոր են, դրանք բխում են ինչպես գործի փաստական հանգամանքներից և տվյալներից, այնպես էլ գործող օրենսդրության պահանջներից: (…) Դատարանը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի միջնորդության մեջ նշված և դատարանում հայտնած փաստարկների քննարկմամբ կայացրել է հիմնավորված որոշում և նման պայմաններում դատախազի վերաքննիչ բողոքում նշված, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում՝ դատաքննության ժամանակ հայտնած փաստարկները հիմք չեն կարող դառնալ դատարանի որոշումը բեկանելու և վարույթն իրականացնող մարմնին թույլատրելու ստանալ վկաներ Դ.Բաղդասարյանին պատկանող 096-000097, Հ.Եղիազարյանին պատկանող 093-433976 և Տ.Գավուրմաջյանին պատկանող 093-711771 հեռախոսահամարների 2011թ. հուլիսի 3-ի մուտքային և ելքային վերծանումները, աբոնենտների տվյալները, նշված հեռախոսահամարների հեռախոսասարքերի շարժը՝ ըստ ալեհավաքային կայանների, նկատի ունենալով նաև, որ դատարանի որոշումը բխում է դրանում մատնանշված իրավադրույթների բովանդակությունից: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ [դատական ակտը] օրինական է, հիմնավորված և պատճառաբանված» (տե՛ս նյութեր, էջեր 65-66):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոքաբերը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
9. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, առանց նշելու, թե ինչ հիմքերով է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը համարում ճիշտ, իսկ վերաքննիչ բողոքում բերված եզրահանգումները՝ անհիմն, առանց պատճառաբանությունների, Առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ և 241-րդ հոդվածների առնչությամբ կատարված վերլուծությունները համարել է իրավացի և որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին:
Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանը, 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ և 241-րդ հոդվածները, յուրովի է մեկնաբանել օրենքը և եզրակացություն արել այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածում նշված՝ «այլ հաղորդումներ» ձևակերպման տակ պետք է հասկանալ ինչպես հեռախոսային խոսակցությունների վերծանումները, այնպես էլ դրանց հետ կապված տեղեկությունները, որոնք կարող են վերահսկվել միայն այն դեպքում, երբ վերաբերում և պատկանում են կասկածյալին կամ մեղադրյալին: Ընդ որում՝ դատարանն իր նման եզրահանգումը չի պատճառաբանել և չի մեկնաբանել, մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի բովանդակությունը մեկնաբանելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի տեսանկյունից, ակնհայտ է, որ այն վերաբերում է միայն նամակագրության վերահսկմանը և ոչ մի կերպ չի կարող նույնացվել հեռախոսային խոսակցությունների վերծանումների և դրանց հետ կապված մյուս տեղեկությունների հետ: Այնինչ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածը կարգավորում է հեռախոսային խոսակցությունները լսելու ընթացակարգը, որը վերաբերում է կոնկրետ հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունները և դրա հետ կապված այլ տեղեկությունները վերահսկելուն: Այսինքն՝ օրենսդիրը տվյալ իրավիճակի համար նախատեսել է հատուկ նորմ, որով և ղեկավարվել է վարույթն իրականացնող մարմինը՝ համապատասխան միջնորդություն ներկայացնելով:
Բողոքի հեղինակը նշել է նաև, որ քրեական գործերի քննության ընթացքում բազմիցս պատահում են այնպիսի իրավիճակներ, երբ հանցագործության բացահայտման միակ հնարավորությունն անմիջականորեն կապված է վկայի, տուժողի կամ հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց հեռախոսահամարների մուտքային և ելքային վերծանումներում առկա տեղեկությունների հետ: Քիչ չեն նաև այդ դեպքերը, երբ դատարանները բավարարել են վկաների և տուժողների կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային վերծանումներն ստանալու վերաբերյալ՝ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունները: Այսինքն, առաջին ատյանի դատարանների կողմից վերոգրյալ քրեադատավարական նորմերը մեկնաբանվում և կիրառվում են տարբեր կերպ, ուստի այս պայմաններում էական նշանակություն կարող է ունենալ Վճռաբեկ դատարանի որոշումը:
10. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նամակագրության և հեռախոսային խոսակցությունների գաղտնիության սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածում նշված «այլ հաղորդումներ» ձևակերպման տակ պետք է հասկանալ ինչպես հեռախոսային խոսակցությունների վերծանումները, այնպես էլ դրանց հետ կապված տեղեկությունները:
12. ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ « (…) Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»:
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդու և քաղաքացու՝ Սահամանդրության 23-րդ (….) [հոդվածով] ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար (….)»:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք: 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կյանքի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը: Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:»
13. Վերոգրյալ սահմանադրական, կոնվենցիոն և օրենսդրական իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքը անձի՝ ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված կարևոր իրավունքներից է, որը պետք է պաշտպանվի կամայական և անօրինական միջամտությունից: Ընդ որում՝ այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով և միայն իրավաչափ հիմքերի՝ պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտության դեպքում: Ըստ այդմ էլ, անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքի երաշխիք է հանդիսանում այդ իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի կիրառումը: Վերջինիս իմաստով՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշման հիման վրա:
14. Քրեական դատավարությունում հաղորդակցությունների` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության և անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման հիմքերը և կարգը նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ և 241-րդ հոդվածներով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝
«1. Երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի կամ մեղադրյալի ուղարկած կամ նրանց կողմից ստացվող նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներում (այսուհետ` նամակագրություն) կարող են պարունակվել գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, քննիչը կարող է պատճառաբանված որոշում կայացնել, որում պարունակվում է միջնորդություն դատարանին` նշված անձանց նամակագրությունը վերահսկելու համար:
(….)
3. Նամակագրությանը, որի վրա կարող է կալանք դրվել, մասնավորապես, վերաբերում են հետևյալ օբյեկտները` նամակները, հեռագրերը, ռադիոգրերը, փոստածանրոցները (բանդերոլները), ծանրոցները, փոստային բեռնամփոփները (կոնտեյներները), փոխանցումները, ֆաքսով և էլեկտրոնային փոստով հաղորդումները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի համաձայն՝
«1. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լսում և ձայնագրառում:
2. Խոսակցությունների լսման և ձայնագրառման անհրաժեշտության մասին քննիչը կայացնում է` դատարանին միջնորդություն հարուցելու մասին պատճառաբանված որոշում, որում նշվում են` քրեական գործը և հիմքերը, որոնցով պետք է կատարվի համապատասխան քննչական գործողությունը, այն անձանց ազգանունը, անունը, որոնց խոսակցությունները ենթակա են լսման, լսման ժամկետը, հիմնարկը, որին հանձնարարվում է խոսակցությունների լսման և ձայնագրառման տեխնիկական իրականացումը: Որոշումը ուղարկվում է դատարան: (….)»:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածը վերաբերում է նամակագրության վերահսկմանը: Ընդ որում՝ օրենսդիրը «նամակագրություն, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներ» եզրույթներն ընդհանրացրել է մեկ՝ «նամակագրություն» եզրույթով՝ սահմանելով, որ կալանք կարող է դրվել նամակագրության հետևյալ օբյեկտների վրա` նամակներ, հեռագրեր, ռադիոգրեր, փոստածանրոցներ (բանդերոլներ), ծանրոցներ, փոստային բեռնամփոփներ (կոնտեյներներ), փոխանցումներ, ֆաքսով և էլեկտրոնային փոստով հաղորդումներ: Այսպիսով, այլ հաղորդումները նամակագրության բաղադրատարր են և ներառված են նշված օբյեկտների շրջանակում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածը վերաբերում է հեռախոսային խոսակցությունները վերահսկելուն: Ընդ որում՝ վերահսկողության առարկան հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում առկա տեղեկատվությունն է, որն ամրագրվում է այդ տեղեկատվության լսման կամ ձայնագրառման միջոցով: Այսինքն, վերոգրյալ հոդվածով կանոնակարգվում են հեռախոսային և կապի այլ միջոցների վերահսկողության հետ կապված բոլոր հարցերը:
Վերոգրյալ հոդվածների համեմատական վերլուծությունից երևում է նաև, որ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի, որը նախատեսում է, որ վերահսկման ենթակա է միայն մեղադրյալի և կասկածյալի նամակագրությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածը հնարավորություն է տալիս վերոնշյալներից բացի վերահսկել նաև հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց հեռախոսային խոսակցությունները: Այդ անձանց շարքին կարող են դասվել տուժողը և վկաները:
15. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «1. Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները. (….)
11) նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում.
12) հեռախոսային խոսակցությունների վերահսկում.(….)»:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, այդ թվում` հեռապատճենի (ֆաքսի) վերահսկումը` տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց, փոխանցվող նամակների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, այդ թվում` դրանց բովանդակության հետազոտումն է և դրանց արդյունքների ամրագրումը, ինչպես նաև նամակի, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներն ուղարկող անձի նույնացումը նրա ձեռագրի միջոցով կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ»:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է, որը նշանակում է`
1) հեռախոսային ֆիքսված ցանցի դեպքում`
ա. հեռախոսային խոսակցության ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը,
բ. հեռախոսահամարի պարզումը,
գ. տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,
(….)
2) բջջային հեռախոսային ցանցի դեպքում`
ա. հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) և ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձևով ամրագրումը,
բ. հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը, հեռախոսահամարը, տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը. (…):
3) ինտերնետային հաղորդակցության, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և ինտերնետի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում հաղորդման ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը, ինչպես նաև տվյալները, որոնց միջոցով կարող են պարզվել`
ա. ինտերնետային ցանցին միանալու և ցանցից դուրս գալու աշխարհագրական վայրը, օրը, ժամը և տևողությունը, ներառյալ` IP (ինտերնետ պրոտոկոլի) հասցեն,
բ. ինտերնետն օգտագործողի կամ բաժանորդի անունը և անհատականացման տվյալները (սser ID),
գ. հեռախոսի համարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, ինտերնետային հասցեն, ինտերնետային հեռախոսային զանգն ստացողի անունը կամ այդ անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել նրա ինքնությունը»:
Շարադրված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դրանք նույնպես վերաբերում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված` նամակագրության և հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքի սահմանափակմանը: Ընդ որում` վերոգրյալ օրենքի 25-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ նամակագրության վերահսկում է համարվում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, այդ թվում` հեռապատճենի (ֆաքսի) վերահսկումը, փոխանցվող նամակների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, այդ թվում` դրանց բովանդակության հետազոտումը և դրանց արդյունքների ամրագրումը, ինչպես նաև նամակի, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներն ուղարկող անձի նույնացումը՝ նրա ձեռագրի միջոցով կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածում, ինչպես նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածում օգտագործված «նամակագրություն» եզրույթի բովանդակային իմաստը նույն է. երկու դեպքում էլ վերահսկման առարկա են հանդիսանում նամակագրությունը, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները: Հետևաբար, «այլ հաղորդումները» ենթակա են վերահսկման որպես նամակագրության բաղադրատարր՝ նամակագրության վերահսկման համար սահմանված կարգով:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի իմաստով՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հեռախոսային խոսակցությունների, այդ թվում՝ ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է: Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը տարանջատել է հեռախոսային ֆիքսված ցանցի և բջջային հեռախոսային ցանցի, ինտերնետային հաղորդակցության՝ ներառյալ ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և ինտերնետի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների վերահսկումը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հեռախոսային ֆիքսված ցանցի վերահսկումը ենթադրում է՝ հեռախոսային խոսակցության ձայնագրումը, հեռախոսահամարի պարզումը, տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունները հավաքելը և (կամ) ամրագրելը: Բջջային հեռախոսային ցանցի դեպքում վերահսկումը ենթադրում է՝ հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) և ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձևով ամրագրումը, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը, հեռախոսահամարը, տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները հավաքելը և (կամ) ամրագրելը: Այսպիսով, ֆիքսված և բջջային հեռախոսահամարներով հեռախոսային խոսակցությունների ժամանակը, տևողությունը, տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունների ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը հեռախոսային խոսակցությունների վերահսկման բաղադրատարր են, հետևաբար դրանց նկատմամբ ենթակա են կիրառման հեռախոսային խոսակցությունները վերահսկելու կարգավորումները:
17. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, ի համեմատ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի, կոնկրետացրել է հեռախոսային խոսակցությունների վերահսկման առարկաները, դրանք են՝ հեռախոսահամարը, բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցության ժամանակահատվածի, տևողության, հաղորդակցվողների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունը, հեռախոսային խոսակցությունների և ինտերնետային հաղորդակցության բովանդակությունը: Այլ խոսքով՝ հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները, բաժանորդի անհատական տվյալները և հեռախոսասարքերի շարժի (ըստ ալեհավաքային կայանների) վերաբերյալ տեղեկությունը` հեռախոսային խոսակցությունների վերահսկման բաղադրատարր են, և դրանց վերահսկումը պետք է իրականացվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածով սահմանված կարգով:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածը և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ սույն որոշման 15-17-րդ կետերում շարադրված և վերլուծված հոդվածների համակարգային գնահատման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածում («Հեռախոսային խոսակցությունների վերահսկում») առկա կարգավորումները բխում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի բովանդակությունից և կոչված են ապահովելու դրա իրավաչափ իրացումը:
19. Սույն որոշման 12-18-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նամակագրության և հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացակարգերը հստակ տարանջատված են: Նամակագրության վերահսկումն ընդգրկում է նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, այդ թվում՝ հեռապատճենի (ֆաքսի) վերահսկումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 3-րդ մասում շարադրված օբյեկտների շրջանակում: Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը ներառում է ֆիքսված հեռախոսային ցանցի, բջջային հեռախոսային ցանցի և ինտերնետային հաղորդակցության վերահսկումը, որի մաս են կազմում նաև հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները, բաժանորդի անհատական տվյալների և հեռախոսասարքերի շարժի պարզումը:
20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քննիչը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածով, միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով ստանալ վկաների կարգավիճակ ունեցող անձանց բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները, աբոնենտների տվյալները, ինչպես նաև ըստ ալեհավաքային կայանների` նշված հեռախոսահամարների հեռախոսասարքերի շարժը, կայանների տեղակայման վերաբերյալ տեղեկատվությունը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը մերժել է, պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասում նշված «այլ հաղորդումներ» իրավական ձևակերպման տակ պետք է հասկանալ ինչպես հեռախոսային խոսակցությունների վերծանումները, այնպես էլ դրանց հետ կապված մյուս տեղեկությունները, որոնք կարող են վերահսկվել միայն այն դեպքում, երբ վերաբերում և պատկանում են կասկածյալին և մեղադրյալին, մինչդեռ քննիչի միջնորդության մեջ նշված` վերահսկման ենթակա հեռախոսահամարները պատկանում են վկաներին, որոնք զրկված չեն իրենց հեռախոսահամարներով կայացված հեռախոսազանգերի վերծանումները ստանալուց և վարույթն իրականացնող մարմնին տրամադրելուց (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ` գտնելով, որ դատարանի կողմից կայացվել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
21. Սույն որոշման 12-19-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 20-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ճիշտ չեն մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ և 241-րդ հոդվածները, որի արդյունքում կիրառել են քրեադատավարական այն դրույթը, որը կիրառման ենթակա չէր: Քննիչի միջնորդությունը վերաբերել է հեռախոսային խոսակցությունների վերահսկմանը, մինչդեռ ստորադաս դատարաններն այն քննելիս և լուծելիս ղեկավարվել են նամակագրության վերահսկողության բաղադրատարր հանդիսացող՝ «այլ հաղորդումների» վերահսկման ընթացակարգով, ինչի արդյունքում կայացրել են չհիմնավորված որոշում: Մինչդեռ, միջնորդության բավարարման կամ մերժման հարցը ստորադաս դատարանները պետք է լուծեին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի կարգավորումների շրջանակում:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածում նշված «այլ հաղորդումներ» ձևակերպման տակ պետք է հասկանալ ինչպես հեռախոսային խոսակցությունների վերծանումները, այնպես էլ դրանց հետ կապված տեղեկությունները:
22. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը: Թույլ տրված խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի, վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան |