ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵԿԴ/0106/01/08
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ | |
Հ. Ասատրյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ ներկայացուցիչ |
Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ |
2012 թվականի մարտի 30-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 7-ի որոշման դեմ Աշոտ Սարգսի Մանուկյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի վճռաբեկ բողոքի հիման վրա՝ նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը:
2008 թվականի մարտի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը:
2008 թվականի մարտի 2-ին թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով:
2008 թվականի մարտի 4-ին Աշոտ Սարգսի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
2008 թվականի հունիսի 10-ին թիվ 62202608 քրեական գործից անջատվել են Ա.Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, և անջատված մասով նախաքննությունը շարունակվել է 62212308 համարով:
2008 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Ա.Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով:
2008 թվականի հունիսի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ բավարարվել է անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու և Ա.Մանուկյանին նոր մեղադրանք առաջադրելու համար դատաքննությունը մեկ ամսով հետաձգելու վերաբերյալ մեղադրողի նույն օրվա միջնորդությունը:
2008 թվականի հուլիսի 30-ին Ա.Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ Ա.Մանուկյանի վերաբերյալ գործն ըստ առարկայական ընդդատության ուղարկվել է Երևանի քրեական դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճռով Ա.Մանուկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչվել է անպարտ և արդարացվել է: Ա.Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով:
4. Ա.Մանուկյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը՝ Վերաքննիչ դատարանը 2009 թվականի մարտի 10-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռը:
5. 2009 թվականի ապրիլի 10-ին Ա.Մանուկյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է բերել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 10-ի որոշման դեմ, որը Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 19-ի որոշմամբ վերադարձվել է:
6. 2010 թվականի ապրիլի 30-ին Ա.Մանուկյանի ներկայացուցիչները վճռաբեկ բողոք են բերել՝ խնդրելով նոր հանգամանքի՝ ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-872 որոշման հիման վրա վերանայել Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 19-ի որոշումը:
Ա.Մանուկյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 7-ի որոշմամբ վերադարձվել է:
7. Քաղաքացիներ Ս.Ասատրյանի և Ա.Մանուկյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թվականի փետրվարի 25-ին որոշում է կայացրել:
Ելնելով այն բանից, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 7-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար, Ա.Մանուկյանի ներկայացուցիչները 2012 թվականի հունվարի 30-ին բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Վճռաբեկ դատարանը 2012 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
8. ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-872 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերի դրույթներն այդ որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Նույն որոշման 2-րդ կետով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր են ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները:
9. Վճռաբեկ դատարանը 2010 թվականի հունիսի 7-ի որոշմամբ արձանագրել է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը հակասահմանադրական է ճանաչել: Ինչպես երևում է «Քաղաքացի Աշոտ Մանուկյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» 2010 թվականի ապրիլի 2-ին կայացված որոշումից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Նույն որոշման 2-րդ կետով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր են ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները:
Նկատի ունենալով, որ Ա.Մանուկյանի նկատմամբ կիրառված օրենքը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրությանը հակասող և անվավեր չեն ճանաչվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ կետի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264–րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներին համապատասխան ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. ապրիլի 2-ի որոշումը նոր հանգամանքի հիման վրա Վճռաբեկ դատարանի դատական ակտը վերանայելու հիմք չէ»:
10. ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, իսկ 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակության մասով, համաձայն որի` ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից տարբերվող մեկնաբանությամբ օրենքի (իրավական այլ նորմի) կիրառման արդյունքում անձանց խախտված իրավունքները դատական բողոքարկման շրջանակներում, նոր հանգամանքներով գործը վերանայելու միջոցով վերականգնելու հնարավորություն չի ընձեռում, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 18-րդ, 19-րդ և 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)` որոշման հրապարակման պահին ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի անբարենպաստ հետևանքներ անձանց իրավունքների պաշտպանության հարցի համալիր լուծման ու անհրաժեշտ իրավական անվտանգության երաշխավորման առումով, ՀՀ սահմանադրական դատարանն այդ դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2011 թվականի նոյեմբերի 1-ը:
Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոքաբերները փաստարկել են, որ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 7-ի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնված դատական ակտով խախտվել է Ա.Մանուկյանի՝ արդար դատաքննության, այդ թվում` դատարանի մատչելիության իրավունքը:
Գտնելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի իմաստով նոր հանգամանք է՝ բողոք բերած անձինք խնդրել են հարուցել Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 7-ի որոշման վերանայման վարույթ, բեկանել այդ որոշումը, վարույթ ընդունել և քննել Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 19-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին 2010 թվականի ապրիլի 28-ի վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հետևյալն է` ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշումն արդյո՞ք Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 7-ի դատական ակտը վերանայելու հիմք է:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ»:
Մեջբերված քրեադատավարական դրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել Ա.Հարությունյանի վերաբերյալ որոշման մեջ: Նշված որոշման համաձայն՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմի կառուցվածքից բխում է, որ ժամանակի մեջ քրեական դատավարական օրենքի ներգործությունը սահմանող կանոնը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք ընթանում են հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ և կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:
(…)
Իսկ դատարանում գործի քննությունը սկսում է այն պահից, երբ անձը համապատասխան դատավարական փաստաթուղթը (բողոքը, միջնորդագիրը) ներկայացնում է դատարան (տե՛ս Աշոտ Հարությունյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-111/07 որոշումը):
14. ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ 943 որոշման հիման վրա` 2011 թվականի նոյեմբերի 21-ին փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում: Փոփոխության արդյունքում վերոնշյալ դրույթը շարադրվել է հետևյալ կերպ. «Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են [այն դեպքում, երբ] Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ»:
Սույն գործով Ա.Մանուկյանի ներկայացուցիչները 2012 թվականի հունվարի 30-ին նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը 2012 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին:
15. Սույն որոշման նախորդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտը Վճռաբեկ դատարանում վերանայելու ժամանակ Վճռաբեկ դատարանը պետք է ղեկավարվի 2011 թվականի նոյեմբերի 21-ին փոփոխված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, քանի որ Վճռաբեկ բողոքը ներկայացնելու ժամանակ արդեն իսկ գործում էր հիշյալ նորմը:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վճռաբեկ դատարանը 2010 թվականի հունիսի 7-ի որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի ապրիլի 2-ի որոշումից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Նույն որոշումից երևում է, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր են ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները:
Նկատի ունենալով, որ Ա.Մանուկյանի նկատմամբ կիրառված օրենքը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրությանը հակասող և անվավեր չեն ճանաչվել՝ Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի ապրիլի 2-ի որոշումը Վճռաբեկ դատարանի դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու հիմք չէ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, իսկ 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 18-րդ 19-րդ և 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
Վերոնշյալ որոշումից երևում է, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2011 թվականի նոյեմբերի 1-ը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 7-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար՝ Վճռաբեկ դատարանը 2012 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
17. ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-872 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերի դրույթներն այդ որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-872 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի ուսումնասիրությունից երևում է, որ դրանում բացահայտված չէ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը և չի գտել, որ այդ դրույթները կիրառվել են այլ մեկնաբանությամբ: Այսպես` ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-872 որոշման եզրափակիչ մասում ամրագրված է. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»:
18. Սույն որոշման 13-15-րդ և 17-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 16-րդ կետում մեջբերված հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշումը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 7-ի դատական ակտը վերանայելու հիմք չէ:
19. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ, 4261-րդ, 4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 7-ի որոշման դեմ Աշոտ Սարգսի Մանուկյանի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի և Ա. Ղազարյանի վճռաբեկ բողոքի հիման վրա՝ նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով վճռաբեկ բողոքը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
|
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |