ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2012 թվականի N 716-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 210-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր արատներ ունեցող երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումն է:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան 0-18 տարեկան հաշմանդամ երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնողական աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, նյութական ու կենցաղային պահանջմունքների բավարարումը, խնամքի և դաստիարակության ապահովումը, ուսուցման և բժշկական օգնության կազմակերպումն է:»:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 13 Երևան |