ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2012 թվականի N 692-Ն
ՄԻՆՉԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մինչև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 692-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԻՆՉԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մինչև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի կիրառման իմաստով մինչև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա`
1) պաշտոնային դրույքաչափային աշխատավարձը որոշվում է գործատուի կողմից 2012 թվականի աշխատած լրիվ (ամբողջական) ամիսների ընթացքում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) և այդ աշխատավարձի ստացման լրիվ (ամբողջական) ամիսների թվի հարաբերությամբ.
2) ժամային կամ գործավարձային դրույքաչափերի հիման վրա հաշվարկվող աշխատավարձը որոշվում է գործատուի կողմից 2012 թվականի ընթացքում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) և այդ աշխատավարձի ստացման համար վարձու աշխատողի կողմից ծախսված ժամերի թվի կամ այդ աշխատավարձի ստացման համար վարձու աշխատողի կողմից կատարված աշխատանքի միավորների թվի հարաբերությամբ:
3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված հաշվարկները կատարելիս` աշխատավարձում չներառվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով (տնաշխատների հետ, համատեղությամբ, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով), սեզոնային) և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի շրջանակներում հետևյալ վճարումները (վարձատրությունը)`
1) լրացուցիչ վարձատրությունը` ներառյալ`
ա. արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,
բ. գիշերային աշխատանքի վարձատրությունը,
գ. ոչ աշխատանքային (հանգստյան, տոնական, հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,
դ. լրավճարները, հավելավճարները (այդ թվում` դասային և հատուկ կոչումների, գիտական աստիճանների համար) և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),
ե. աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները,
զ. պարապուրդի ժամանակ վճարումը,
է. օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,
ը. լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,
թ. առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր չէ և պայմանավորված չէ աշխատանքի բնույթով),
ժ. աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում տեղափոխման համար նախապատրաստվելու և նոր վայրում տեղավորվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը.
2) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդային գումարները.
3) նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը.
4) հեղինակային վարձատրությունը (բացառությամբ ռոյալթիների):
4. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողին հարկումից հետո`
1) յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձը (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը և սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) չպետք է պակաս լինի ինչպես սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` մինչև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձից, այնպես էլ 2012 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձից (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները).
2) յուրաքանչյուր ժամի կամ աշխատանքի յուրաքանչյուր միավորի համար վճարման ենթակա աշխատավարձը (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը և սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) չպետք է պակաս լինի ինչպես սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված` մինչև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձից, այնպես էլ 2012 թվականի ընթացքում աշխատած վերջին ժամի կամ կատարած աշխատանքի վերջին միավորի համար վճարման ենթակա աշխատավարձից (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |