«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2006 թվականի N 955-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սահմանված կարգով հաստատել և 2006 թվականի սեպտեմբերի 1-ից գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը ենթակա է պարտադիր կիրառման Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց, գնահատողների, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների կողմից և համարվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան գնահատման ստանդարտ:
(2-րդ կետը փոփ., լրաց. 22.03.12 N 336-Ն)
3. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` համաձայն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի` նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պարտադիր գնահատման դեպքերում` անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրել իրենց պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկից:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման «բ» կետից և որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգի վերնագրից հանել «Անշարժ գույքի գնահատում» բառերը.
բ) ուժը կորցրած ճանաչել սույն կետի «ա» ենթակետում նշված կարգի «II. «Անշարժ գույքի գնահատում» գործունեությունը» գլուխը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|